Home / Opinion  / Alik Hakobyan  / Վճարի՛ր հարկերդ և քնի՛ր հանգիստ…

Վճարի՛ր հարկերդ և քնի՛ր հանգիստ…

Alik Hakobyan

 

Այս կյանքում կա ընդամենը երկու բան, որոնցից խուսափել հնարավոր չէ՝ մահը եւ հարկերը: Ասվածը ճշմարտություն է հյուսիսային Ամերիկայի գրեթե ցանկացած բնակչի համար:  Եթե ուզում ես հանգիստ ապրել, ուրեմն պետք է ժամանակին վճարես բոլոր հարկերդ:  

 

Քվեբեկի հարկային քաղաքականությունն անուղղակիորեն նպաստում է պատասխանատու քաղաքացի ձևավորելուն: Խոսքը հարկային բեռի մասին չէ, այլ հարկային պատասխանատվության ու հաշվետվողականության մասին: Այստեղ բոլորն անխտիր՝ թե՛ ձեռնարակատերերը, թե՛ անհատ ձեռներեցները ու թե՛ ուղղակի շարքային քաղաքացիները պարտավոր են տարին մեկ անգամ պետությանը հարկային հայտարարագիր ներկայացնել: Հայտարարագրում քաղաքացին պարտավոր է ներկայացնել իր բոլոր եկամուտները եւ կատարել դրանցից բխող բոլոր հարկային պարտավորությունները: Իրականում դա բավական լուրջ հաշվապահություն է, եւ շատերը դիմում են պրոֆեսիոնալ հաշվապահի օգնությանը: Ես նույնպես այս տարի օգտվել եմ հաշվապահի ծառայությունից իմ հարկային հայտարարագիրը լրացնելու եւ կառավարությանը ներկայացնելու համար: Այս տարի հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի մեկն էր: Համակարգը չափազանց հետաքրքիր է գործում: Եկամուտ թաքցնելը եթե տեսականորեն հնարավոր է, ապա գործնականում գրեթե բացառվում է:

 

Փորձեմ նկարագրել միայն, թե ինչպես է գործընթացն իրականցվում ֆիզիկական անձանց դեպքում: Տարեսկզբին բոլոր այն ընկերությունները, որոտեղ դու աշխատել ես եւ որտեղից եկամուտ ես ստացել, քեզ նամակով ուղարկում են քո եկամուտների մասին պաշտոնական փաստաթղթերը: Եթե ուսանող ես եղել ու կրթաթոշակ ստացել, ապա փաստաթուղթ կստանաս կրթական հաստատությունից: Այս բոլոր փաստաթղթերի հիման վրա կազմվում է քո հարկային հայտարարագիրը եւ որոշվում արդյո՞ք վճարել ես բոլոր հարկերդ, կամ գուցե քիչ կամ շատ ես վճարել: Եթե պարզվում է, որ քիչ ես վճարել, ուրեմն համապատասխան գումարը վճարում ես պետական բյուջե, իսկ եթե հակառակը՝ պարզվում է, որ շատ ես վճարել, ապա պետությունը քեզ վերադարձնում է քո ավել վճարած գումարը: Մեխանիզմը գործում է շատ պարզ ու արդար: Իսկ ինչպե՞ս կարող ես շատ կամ քիչ վճարած լինել: Եկամուտիդ մասին վկայող փաստաթղթերից բացի ստանում ես նաև փաստաթղթեր ծախսերիդ վերաբերյալ՝ հատկապես այն ծախսերիդ, որոնք պահնաջվել են երեխայիդ խնամքի կամ ուսմանդ նպատակով: Օրինակ՝ ես նման փաստաթուղթ ստացա տղայիս մանկապարտեզից, եւ ըստ այդ փաստաթղթի՝ պարզվեց, որ ես պետութույնից ավելի շատ գումար եմ ստացել մանկապարտեզին վճարելու համար, քան վճարել եմ, ուստի ստիպված էի որոշակի գումար հետ վերադարձնել պետական բյուջե: Ի դեպ, տղայիս մանկապարտեզի վարձի 75 տոկոսը պետությունն ինձ հետ է վերադարձնում, իսկ մանկապարտեզն այստեղ թանկ հաճույք է. մեկ օրվա վարձը 38 դոլար է: Եվ այսպես, համադրվում են բոլոր թվերը՝ եկամուտներ, ծախսեր ու հարկեր, ու բոլորը վճարում են իրենց հարկերն ու քնում հանգիստ: Ի դեպ հարկերի մասին. Քվեբեկում հարկերը բավական բարձր են, սակայն դրանք փոխվում են՝ ըստ եկամուտի չափի. այսինքն՝ ավելի շատ եկամուտ ստացող մարդն ավելի շատ հարկ է վճարում, դրան հակառակ՝ նվազ եկամուտ ունեցողներն ընդհանրապես ազատվում են հարկային պարտավորություններից, իսկ նվազ եկամուտն այստեղ համարվում է տարեկան 11,000 դոլարի շեմը չգերազանցող եկամուտը, այսինքն նույնն է, թե Հայաստանում ամսական 325,212 դրամ եկամուտ ունեցող մարդն ազատվի հարկերից: Հարկերը Քվեբեկում երբեմն կարող են 30%-ից բարձր լինել, բայց մարդիկ չեն տրտնջում, քանի որ դրա դիմաց պետությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական ծրագրեր. բուժծառայությունն ամբողջովին անվճար է Քվեբեկում, երեխաները մինչեւ 18 տարեկանը գումար են ստանում ինչպես Կանադայի դաշնային կառավարության, այնպես էլ Քվեբեկի կառավարության կողմից, որն ամսական կարող է հասնել մինչեւ 533 դոլարի՝ մեկ երեխայի հաշվով ու բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք ուղղված են քաղաքացու բարեկեցությանը… Այդ իսկ պատճառով քվեբեկցիները սովորել են արդեն թե՛ բարձր հարկերին եւ թե՛ հարկային պարտավորություններին…Մարտ, ապրիլ ամիսներն ամենածանր ամիսներն են քվեբեկյան հաշվապահների համար: Նրանք օգնում են մարդկանց ժամանակին վճարել բոլոր հարկերը, որպեսզի նրանք  կարողանան հանգիստ քնել մինչեւ հաջորդ տարվա հարկային հայտարարագրի ժամկետը…

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments