Home / Opinion  / Alik Hakobyan  / Անկայուն գարունը…

Անկայուն գարունը…

Alik Hakobyan

 

Երբ նոր էի եկել Քվեբեկ ու ինձ ասում էին, որ շատ մարդիկ չեն հարմարվել եղանակի հետ ու վերադարձել են իրենց երկիր, այնքան էլ լավ չէի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Իրականում դժվար էր պատկերացնել, քանի որ ես Քվեբեկ էի ժամանել հուլիսի սկզբին, երբ եղանակը հիասքանչ էր: Աշունը եւս շատ գեղեցիկ էր Քվեբեկում, երբ հատկապես գնում էիր Մոնրեալից մի փոքր հյուսիս. Քվեբեկը քո առջեւ բացվում էր անկրկնելի բնապատկերով ու զարմանահրաշ աշնանային գույներով: Ձմեռը տանելի էր, ցուրտ էր անխոս, բայց այն ցուրտը չէր, որը կարող էր ստիպել հեռանալ Կանադայից: Չորրորդ եղանակն եմ հիմա ապրում Քվեբեկում՝ գարունը, որը, թրեւս, ամենաանկայունն է մինչեւ այս պահն իմ ապրած չորս եղանակներից: Գարունը, որպես այդպիսին, Քվեբեկում կարելի է ասել դեռ չի էլ եկել, ու իմ տպավորությամբ մի քանի օրից մի անգամից ամառը կգա: Գարնան սկիզբը չափազանց ձնառատ էր, իսկ հետոն չափազանց անձրեւոտ: Եղանակի հետ կապված մարդկանց դժգոհությունները մի փոքր հասկացա, երբ մայիսի 8-ին դարձյալ ձյուն տեղաց Մոնրեալում: Ճիշտ է՝ այն չափազանց կարճատեւ էր, սակայն ամեն դեպքում ձյուն էր: Մենք սովոր չենք, որ մայիսին ձյուն գա, մայիսին սովորաբար Երեւանում բավական տաք է լինում, ու հետեւաբար քվեբեկյան գարունն, իսկապես, հարմարվել է պահանջում: Չնայած տեղացած կարճատեւ ձյունն իրականում ամենամեծ խնդիրը չէր այս գարնանը: Այս տարի տեղումները չափազանց առատ են, եւ դրանք դարձել են գետերի վարարման պատճառ: Ջրհեղեղից տուժել են շատերը, մարդիկ ստիպված էին լքել իրենց բնակավայրը, քանի որ գետերի մակարդակն անդադար բարձրանում էր, եւ դրանք դուրս էին գալիս հունից ու հեղեղում ճանապարհներն ու տները: Իրավիճակն այնքան էր սրվել, որ նույնիսկ կանադական բանակը միացավ քաղաքացիական ուժերին՝ տարերքին դիմակայելու համար: Շատ Քվեբեկցիներ ասում էին, որ գետերի նման վարարումն աննախադեպ է, եւ իրենք չեն հիշում նման իրավիճակ:

 

…Չեմ կարող ասել, գուցե շատերի համար իսկապես նոր եղանակին հարմարվելը դժվար է, այնքան դժվար, որ մարդիկ որոշում են հեռանալ: Ինձ համար անձամբ հարմարվելու որեւէ դժվարություն չկա, չկա, սակայն, մի քանի պատճառով. նախ իմ տրամադրությունն ու տրամադրվածությունը որեւէ կերպ կախված չէ եղանակից, ու ես դժվարություն ունեմ ընկալելու այն մարդկանց, որոնց տրամադրությունը փոփոխվում է ըստ եղանակի: Երկրորդ, ես չափազանց շատ եմ սիրում անձրեւային եղանակ՝ լինի գարնանը թե աշնանը: Երրորդ, մշտապես չեմ սիրել շատ շոգ եղանակը, իսկ այդ իմաստով Քվեբեկը հինալի վայր է. այստեղ ամռանը շատ շոգ չէ:

 

…Մի խոսքով, Քվեբեկում կլիման իսկապես բավական տարբեր է հայաստանյան կլիմայից, ու եթե ձեր տրամադրությունն ու կյանքի նկատմամբ սպասումներն ուղիղ համեմատական են եղանակային պայմաններին, խորհուրդ կտամ այս ուղղությամբ եւս մտածել, երբ նախագծում եք ձեր կյանքը որեւէ նոր երկրում՝ հատկապես Կանադայում շարունակելու ծրագիրը: Կանադան աշխարհի ամենացուրտ ու խոնավ երկրներից մեկն է:

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments