Home / Opinion  / Alik Hakobyan  / Կյանքն առանց թիկնապահի…

Կյանքն առանց թիկնապահի…

Alik Hakobyan

 

Քաղաքացու անվտանգությունը կարևոր ցուցիչ է ցանկացած երկրի համար, անվտանգություն ապահովողների նկատմամբ վստահությունն՝ ուղիղ համեմատական այդ անվտանգության մակարդակին: Ես մշտապես հպարտացել եմ, որ Երևանն ամենաանվտանգ քաղաքներից մեկն է, մշտապես ասել եմ իմ արտասահմանցի ընկերներին, որ գալով Երեւան՝ օրվա ցանկացած պահի կարող եք անհոգ զբոսնել Երևանում, ու որևէ բան ձեր անվտանգությանը չի սպառնա: Այսօր էլ անկեղծորեն նույն խորհուրդն եմ տալիս բոլորին, ու այս իմաստով դարձյալ համարում, որ Երևանն աշխարհի ամենալավ քաղաքներից մեկը լինելուց բացի նաև աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է, սակայն դա, ցավոք, բավարար չէ քաղաքացու անվտանգության աստիճանը չափելու ու գնահատելու համար: Այս իմաստով, իրականում, Երևանն ավելի անվտանգ է զբոսաշրջիկի համար, որը քաղաքին տալու կամ քաղաքից վերցնելու մեծ բան առանձնապես չունի, քան երևանցու համար: Այս պատկերն իմ մտահորիզոնում առավել հստակ ուրվագծվեց, երբ հասկացա, թե ինչ է նշանակում անվտանգությունն օրինակ Մոնրեալում կամ Քվեբեկի որևէ այլ քաղաքում: Այդ անվտանգությունը ոչ թե զուտ վիճակագրություն է, ըստ որի հանցավորության մակարդակը չափազանց ցածր է Քվեբեկում, և ոչ էլ ուղղակի վերացական հասկացություն: Այն շոշափելի է ու առարկայական, նկատելի թե միջանձնային շփումների մակարդակում, թե պետություն-հասարակություն հարաբերություններում: Ամենևին չեմ ուզում որևէ բան իդիալականացնել, բայց միևնությունն է ինձ համար իդիալական է, երբ աշխարհի գերհզոր պետություններից մեկի՝ Կանադայի վարչապետն առանց թիկնազորի ու շքախմբի կարող է շրջել Մոնրեալի մետրոյում: Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ Հայաստանի վարչապետներից որևէ մեկն ուղղակի դուրս գա մայրաքաղաքի մետրոյում կամ որևէ այլ հանրային վայրում շրջելու: Ընդ որում հաշվի առնենք, որ մինչև սահմանադրական բարեփոխումների լրիվ ուժի մեջ մտնելը Կանադայի վարչապետն իրականում հավասարազոր է Հայաստանի նախագահին, ըստ գործառույթների: Ուրեմն պետք է փորձենք հիշել մի դեպք, երբ Հայաստանի որեւէ նախագահ հայտնվել է որևէ հանրային վայրում՝ առանց շքախմբերի, թիկազորի, առանց երթևեկությունը կաթվածահար անելու: Ես իմ գիտակցական կյանքում նման բան չեմ տեսել: Երևանում նույնիսկ Երևանի քաղաքապետն առանց թիկնազորի չի շրջում, առանց թիկնազորի չեն շրջում նախարարները, ոտիկանապետն ու էլի շատ մեծ ու փոքր չինովնիկներ: Ներեցե՛ք, բայց իմ համոզմամբ սա անվտանգության ցուցիչ է: Իմ կարծիքով, թվարկածս մարդիկ չեն վստահում իրենց քաղաքի անվտանգությանը, նրանք քաղաքն անվտանգ չեն համարում, հակառակ դեպքում ինչի՞ համար են անվտանգույթան աշխատակիցները: Մոնրեալի քաղաքապետի հետևից ընթացող ավտոշարասյուն երբևէ չես կարող տեսնել, երբ նա գնում է քաղաքի այս կամ այն հատվածում որևէ հանդիպման, նա ուղղակի կատարում է իր աշխատանքը, և թիկնազորի խնդիր պարզապես չկա, նա իրեն ապահով է զգում իր ղեկավարած քաղաքում: Ես համոզված եմ, որ այդ անվտանգության նկատմամբ անվստահությունը Երևանում բնավ էլ անձերով չէ պայմանավորված, այն հասարակական ընկալման հետևանք է՝ արմատացած թե՛ իշխանավորների, թե՛ շարքային քաղաքացիների մոտ: Երևանում մարդիկ նույնիսկ չեն էլ մտածում, որ օրինակ քաղաքապետն առանց թիկանապահների կարող է շրջել քաղաքում…բա անհարմար չէ՞…քաղաքապետն էլ թիկնապահ չունենա…Եթե Երևանն անվտանգ քաղաք է, ապա ինչո՞ւ են պաշտոնյաներն անվտանգության աշխատակիցներով շրջապատված, եթե շրջապատված են, ուրեմն ինչ-որ վտանգ կա, եթե վտանգ կա, ուրեմն վտանգված են նաև շարքային քաղաքացիները…Սա պարզ տրամաբանություն է, ուրեմն բոլորը Երևանում պետք է շրջեն թիկանապահով…Այ այստեղ սկսում եմ հասկանալ իմ գործընկերներից մեկին, որը ժամանակին, գուցե  նաև հիմա չգիտեմ, ամենուր շրջում էր թիկնապահի ուղեկցությամբ…

 

…Երևանում շարքային քաղաքացիները ոստիկաններին չեն վստահում, ոստիկանը շարքային քաղաքացու համար պոտենցիալ վտանգ է, և բոլորը խուսափում են նրանց հետ որևէ կերպ առնչվելուց…Ոստիկանը Երևանում ամենակարող է, նա տեր է…նա կարող է առանց դատարանի վճռի խուզարկել լրագրողի բնակարանը, փորձել բերման ենթարկել դեռևս անձեռնմխելի պատգամավորին, քաղաքացու հետ խոսել ՛՛դու՛՛-ով, ՛՛՛արա՛՛-ով…Մոնրեալում նույնիսկ ոստիկաններն են ժպտում, այստեղ ոստիկանին համարում են օգնության պոտենցիալ աղբյուր, անվտանգության երաշխավոր, այստեղ ոստիկաները հասկանում են, որ իրենց աշխատավարձը քաղաքացիների հարկերից է գոյանում, և որ իրենք ոչ թե տեր են, այլ ծառայող…Ինձ համար սրանք անվտանգության ցուցանիշներ են…գիտեմ շատերը գուցե բարձրաձայն չհամաձայնեն ասածներիս հետ, բայց վստահ եմ, որ մտքում շատ ավելի շատերը կկիսեն մտահոգույթուններս, որոնք ավելի ակնառու են դառնում համեմատության մեջ…

 

…Ես շարունակելու եմ բոլոր ընկերներիս խորհուրդ տալ անպայման այցելել Երևան՝ աշխարհի ամենալավ քաղաքաներից մեկը…Նրանց համար վստահ եմ՝ Երևանն ամենանվտանգ քաղաքներից մեկն է լինելու, նրանք հասցնելու են միայն հիանալ Երևանի ջերմությամբ, նրանք քաղաքի անվտանգությունը ստվերող շքախմբերը չեն էլ նկատելու, քանի որ նրանց համար իրականում մեկ է, թե որ պաշտոնյան ինչ շարասյունով ու ուր է սլանում, դա երեւանցիների, դա հայերի հոգսն է…Գուցե հոգս էլ չէ, չգիտեմ…Ամեն դեպքում ինձ համար կյանքն առանց թիկնազորային շարասյուների ավելի գրավիչ է ու հաճելի, իսկ քաղաքն՝ առավել անվտանգ…

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments