Home / Canadahye  / «Մեզ հակադրվող կողմը համերաշխության տանգոն պարել չուզեր». Սևակ Հակոբյանը՝ 95-ամյա ՌԱԿ-ի վերամիավորման մասին

«Մեզ հակադրվող կողմը համերաշխության տանգոն պարել չուզեր». Սևակ Հակոբյանը՝ 95-ամյա ՌԱԿ-ի վերամիավորման մասին

Sevak Hakobyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Բեյրութ (Նորանոր) – Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցությունն օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի ՌԱԿ (Հայաստան)-ին կոչ էր անում հանդես չգալ 95-ամյա կուսակցության անունից, իսկ պետական, քաղաքական, զանգվածային լրատվության միջոցների և այլ կառույցներին հորդորում էր ՝ որպես ավանդական ՌԱԿ կուսակցություն, ընդունել աշխարհասփյուռ ՌԱԿ-ը, որի ատենապետը, հիշեցնենք, Սերխիո Նահապետյանն է՝ Արգենտինայից, իսկ ատենադպիրը՝ Սևակ Հակոբյանը՝ Բեյրութից:

 

Այս հարցի վերաբերյալ Noranor.ca-ն վերջերս զրուցել էր ՌԱԿ (Հայաստան)-ի ղեկավար անդամների՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի և ԱՄՆ-ի ու Կանադայի Թեքեյան Մշակութային միության կենտրոնական վարչության փոխատենապետ ամերիկաբնակ Երվանդ Ազատյանի հետ՝ խոստանալով առաջիկայում ներկայացնել նաև մյուս կողմի տեսակետը:

 

Հետևաբար ներկայացնում ենք մեր զրույցը ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենադպիր (քարտուղար), ՌԱԿ-ի օրգան՝ Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ:

 

ՆՈՐԱՆՈՐ – Պարոն Հակոբյան, ի՞նչը ստիպեց նման հայտարարությունով հանդես գալ:

 

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ Այս հայտարարությունը անսահման հորդորներու և իմաստազուրկ բանակցություններու անել իրավիճակին արդյունքն էր: Անիկա արագ հակադարձություն մը չէր անշուշտ՝ այլևս անհանդուրժելի դարձած այն վիճակին, որ մեր հայտարարութան մեջ նշված խումբ մը անձերը վերջերս ստեղծեցին 95-ամյա մեր կուսակցության մեջ՝ոտնակոխ ընելով ՌԱԿ-ի ավանդակարգ կանոնագրին սրբությունները՝ արհեստականորեն սարքված, այսպես կոչված, ժողովներե բխած հերյուրածո և ինքնակոչ մարմիններով և տիտղոսներով:

 

ՌԱԿ ավանդապահական կարգով 27-րդ Ընդհանուր Պատգամավորական Ժողովեն բխած Կենտրոնական Վարչությունը՝ հիմնվելով իր լիազորություններուն ու պարտավորություններուն վրա՝ միաձայնությամբ այս հայտարարության բովանդակության որոշումին հանգեցավ երկար քննարկումներու և արժևորումներու լույսին տակ, որովհետև այլևս պետք էր միանգամ ընդմիշտ վերջ տալ այդ խմբակին սարքած հանրային կարծիքը շփոթեցնելու միտող խաղին:

 

ՆՈՐԱՆՈՐ Դրա վրա ազդեցություն չունեցա՞ն համապետական ընտրություններում ՌԱԿ (Հայաստան)ի առաջադրման փորձն ու դրան հետևած  գործընթացները:

 

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ Ընտրություններուն առաջադրվելու փորձը կուսակցության մեջ երկար ատեն գոյություն ունեցող հարցերուն ստեղծած թարախակալած ուռուցքին պայթելուն պատճառ հանդիսացող իրադարձությունն էր, ուր մինչև այդ օրը տեղական կուսակցություն խաղացող ՌԱԿ-ի անունը շահագործող հայաստանյան կուսակցություն մը փորձեց ընտրական դաշինքի մը մեջ մտնել՝ ինքզինք ծախելով իբրև աշխարհասփյուռ ՌԱԿ:

 

Պարզաբանեմ: Ոչ մեկուն գաղտնիք է այլևս, թե ՌԱԿ-ը իր լավագույն վիճակին մեջ չէր վերջին 2 տասնամյակներուն: Պատճառը, դժբախտաբար, անձնական հարցեր էին, քան՝ գաղափարական տարբերությունը: Կար կուսակցությունը գլխավորող երեց սերունդ մը, որ դժբախտաբար չկրցավ մարսել սերնդափոխության իբրև արդյունք՝ ղեկավարության մեջ կատարված փոփոխությունը, որ 1995թ-ին, համեմատաբար ավելի երիտասարդ ատենապետ մը և իր գործակիցները կրցած էր հասցնել կուսակցության առաջնորդի պաշտոնին:

 

Այս երեց խումբն ավելի քան քսան տարի պայքար մղեց օրինական ղեկավարության դեմ, որ, անցնելով զանազան հանգրվաններե, հաշտություններե, ապա դարձյալ պառակտումներե, «հայաստանակենտրոն կուսակցություն» պիտակի գյուտով մը փորձեց շրջել սեղանը՝ ապավինելով ու ֆինանսավորելով Հայաստանի մեջ ՌԱԿ-ի անունը շահագործող կուսակցություն մը:

 

Ինչ կվերաբերի «հայաստանակենտրոն ՌԱԿ» դրվածքին, ձեզի դարձյալ կվստահեցնեմ, որ այդ անունը պարզապես բարձրաշռինդ պատրանք է: Չկա նման բան: Կա որպես Հայաստանի ավելի քան 70 կուսակցություններու շարքին արձանագրված կուսակցություն մը, որ պարագաներու բերմամբ Հայաստանի մեջ  բռնագրաված է մեր կուսակցութեան անունն ու խորհրդանշանները։ Սփյուռքի հայ ավանդական երեք կուսակցություններեն մին հանդիսացող 95-ամյա ՌԱԿ-ը ոչ մեկ կապ ունի Հայաստանի այդ կուսակցության հետ:

 

ՆՈՐԱՆՈՐ – Օրեր առաջ Երվանդ Ազատյանի հետ ունեցած մեր հարցազրույցում վերջինս, ինչպես նաև Հակոբ Ավետիքյանը դարձյալ վստահեցրին, որ իրենք են 95-ամյա ՌԱԿի իրական հետևորդը, և իրենց է պատկանում ՌԱԿի անունով հանդես գալու իրավունքը: Դեռևս որքա՞ն է, ըստ Ձեզ, շարունակվելու նման գործելաոճը երկու կողմերի միջև, երբ յուրաքանչյուրը պնդում է իր ճշմարտացիությունը:

 

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ – Որևէ մեկը կրնա այս արևին տակ տեղ մը, օրինակ,  հայտարարել, թե Մեծն Բրիտանիո թագավորության օրինական գահաժառանգը ինքն է: Ասիկա կրնա՞ նշանակել, որ տվյալ  ցնորամիտը հանրության կողմե պետք է ընկալվի իբրև Մեծն Բրիտանիո ապագա թագավորը…

 

Հարցը պատմական ավանդակարգով առաջացող օրինականության մը փաստն է: Հայոց վերջին հարյուրամյա պատմությունը, ինչպես նաև մեր կուսակցության ավանդապահ կարգը, ցույց կու տա, թե ՌԱԿ ներկայի Կենտրոնական Վարչությունն ընտրված է անցյալ տարվա մայիսին՝ ՌԱԿ-ի ավանդական կարգով գումարված իր 27-րդ Ընդհանուր Պատգամավորական Ժողովի ընթացքին: Ժողով մը,  որ պատմականորեն գումարվեցավ Երևանի մեջ:

 

Այս ավանդակարգ օրինականությունն է, որ հարգված է հայրենի պետության, թե ազգային այլ հաստատություններու կողմե: Ահավասիկ այս ավանդակարգ օրինականությամբ է, որ մեր կուսակցության ներկա ատենապետը՝ Սերխիո Նահապետյանը, օրերս Հայաստան կը գտնվի՝ մասնակցելու Երևանի մեջ կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձության խորհուրդի նիստին՝ իբրև ՌԱԿ-ի ներկայացուցիչ-անդամ: Նույնն է պարագան Հայրենի պետության նմանօրինակ բոլոր ներկայացուցչական մակարդակի մարմիններու թե համաժողովներու, ուր Հայրենի պետությունը կհարգե ու կճանչնա աշխարհասփյուռ ՌԱԿ-ի մեկ ու միակ Կենտրոնական Վարչությունը, իբրև ղեկավար մարմին՝ Սփյուռքի ավանդական երեք կուսակցություններեն՝ ՌԱԿ օրինական ղեկավարություն:

 

ՆՈՐԱՆՈՐ – Արդյո՞ք լավագույն ելքը չի լինի երկու կողմերի միջև համերաշխության հաստատումն ու դրանով կուսակցության հանդեպ հասարակության կողմից վստահությունն ու հավատի վերականգնումը: Դուք դա հավանական համարո՞ւմ եք:

 

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ – Տեսականորեն անշուշտ ճիշտ եք՝ լավագույնը այդ է։ Սակայն, ինչպես արևմտյան  քաղաքական հիմքով ասացվածքը կըսե. «Տանգոն երկու անձերով կպարեն»: Ըստ մեր փորձին՝ մեզի հակադրվող կողմը համերաշխության տանգոն պարել չուզեր: Շա՜տ փորձեցինք: Մեր փորձը, դժբախտաբար, չի քաջալերեր հավիտենականորեն նույնը փորձել: Իմ կարծիքով հակադիր կողմը լուծում չէ, որ կուզե: Իրականության մեջ, ես անձնապես դժվարություն ունիմ հասկնալու, թե քանի մը անգամ կողմեր փոխած այդ կողմը այլամերժությունե, անձնական վիրավորանքներե կամ նվաստացումի փորձերե ու ցեխարձակումներե բացի ի՞նչ կուզե: Ես ոչ մեկ անձնական ցեխարձակում կամ վարկաբեկում որևէ անձի հանդեպ չեմ գործածե, այլ միայն անոնց գործելաձևին և այլամերժ ու անհստակ նպատակներուն քննադատությունն է:

 

Դուք իրավացի եք, դժբախտաբար, երբ կխոսիք կուսակցության հանդեպ ստեղծված վստահության պակասին և հավատքի կորուստին մասին:  Տեղին է հաստատել, սակայն, որ այս ժխտական իրավիճակին ստեղծման  պատասխանատուն  ՌԱԿ-ի ներկայի օրինական ղեկավարությունը չէ, որ ժառանգեց այն, ինչ որ ստեղծեցին այն միևնույն մարդիկ, որոնք տակավին ղեկավարության հակադրվող խմբակին պարագլուխներն են:

 

Իրենց պատմության մեջ ավելի կամ նվազ տարողությամբ նմանօրինակ կուսակցական պառակտումներ ապրած են բոլոր կուսակցությունները: Սակայն կուսակցության մը ավանդական հիմնական հունն է, որ շարունակած է իր երթը մինչ մյուս հոսանքները, ժամանակ մը հոսելով հանդերձ, թափած են պատմության աղբանոցին գիրկը:

 

ՆՈՐԱՆՈՐ – Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում շատերն են համոզմունք հայտնում, որ ՌԱԿը թույլ է, և քաղաքական հզոր ուժ համարում են Դաշնակցությանը, միևնույն ժամանակ համոզմունք կա, որ ամբողջ Սփյուռքը դաշնակցական է: Սա ինչի՞ մասին է խոսում, ինչպե՞ս կմեկնաբանեք:

 

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ – Մենք գիտենք, որ ՀՅԴ-ն համեմատաբար բավականին կազմակերպված, օրինապահ և կարգապահ կազմակերպություն մըն է, բան մը, որ իրեն արդարորեն իրավունք կու տա իբրև ամենահզորը ներկայանալու: Սակայն, ինչպես մենք, նաև ՀՅԴ-ն, չեմ կարծեր, որ ներքնապես կբաժնե այն համոզմունքը, որ ամբողջ Սփյուռքը դաշնակցական է: Սփյուռքի քաղաքական միտքը և հայապահպանումի հսկա գործը պատմականորեն կազմակերպած են Սփյուռքի ավանդական երեք քաղաքական կուսակցությունները՝ առանձին-առանձին, հաճախ  նաև միասնաբար: Սփյուռքի մեծամասնությունը մանավանդ երիտասարադությունը, կարելի է ըսել, անկուսակցական է, մինչ Սփյուռքը զորավոր է իր երեք կուսակցություններու միատեղ գոյությամբ և համերաշխ ու միակամ գործունեությամբ, ինչպես կհաստատե ներկայի իրականությունը:

 

Մենք չենք հանդուրժեր Սփյուռքի մեր քույր կուսակցություններեն որևէ մեկուն տկարացումը և կհավատանք, որ նույնանման մոտեցում ունին նաև անոնք: Կմնա հստակորեն ըսել, որ մեզի հակադիր խումբը միշտ ալ սնանած է ու կշարունակե սնանիլ միջկուսակցական և եկեղեցական խնդիրներով ու հակադրություններով և կապրի չարահիշատակ «պաղ պատերազմի» նոսթալժի մը, ինչպես իրենց՝ մեր դեմ ուղղած քննադատությունները, հարցազրույցներն ու գրությունները կվկայեն: Բան մը, որ այսօր ըստ մեզի կվտանգե Սփյուռքի անդորրությունը ու կրնա ծառայել միայն Հայ ժողովուրդի թշնամիին:

 

ՆՈՐԱՆՈՐ – ՌԱԿի գլխավոր դերն այսօր քաղաքական դաշտում ո՞րն է:

 

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ – ՌԱԿ-ը իր ներկա ղեկավարությամբ մինչ կփորձե վերականգնել և վերատիրանալ ու ավելի ևս արժևորել իր անցյալի փառքը, Սփյուռքը համերաշխ և միակամ պահելու և հայրենիքին անսակարկ ծառայելու հանձնառու կմնա: Այս մեկը կհաստատե իր հիմնական դավանանքի մեջ հիշված իր քաղաքական նպատակը՝ իրականացնել ամբողջական ազատագրությունը հայուն սեփական հայրենիքին՝ իր պատմական սահմաններուն մեջ և զայն օժտել անկախ և անբաժան կազմով և հանրապետական ռամկավարական կառավարությամբ, որ ամենալայն պատեհությունը տա հայ ժողովուրդին՝ վայելելու լիակատար ազատություն, ինչպես նաև՝ ցեղային զարգացման և ազգային գիտակցության պահանջներուն համեմատ՝ ապրելու և զարգանալու անկաշկանդ իրավունք:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments