Home / Opinion  / Alik Hakobyan  / Կակաչներից մինչեւ ժողովրդավարություն…

Կակաչներից մինչեւ ժողովրդավարություն…

Alik Hakobyan

Կակաչները Կանադայում հեղափոխության խորհրդանիշ չեն, բայց կանադական կակաչներն ինձ համար զուգորդվեցին ժողովրդավարության հետ. ոչ այն պատճառով, որ դրանք ուղիղ կապ ունեն ժողովրդավարական արժեքների հետ, այլ որ Կանադայի մայրաքաղաք Օտավայում անցկացվող կակաչների ամենամյա փառատոնի օրերին ես այցելեցի մայրաքաղաք ու եղա Օտավայի խորհրդարանական բլրի վրա, որը հանդիսանում է կանադական պառլամենտարիզմի ու ժողովրդավարության խորհրդանիշը:

 

Բայց նախ կակաչների ամենամյա փառատոնի մասին: Փառատոնն անցկացվում է մայսին, Օտավայում, 1952 թվականից սկսած: Ի նշան կանադա-հոլանդական բարեկամության Նիդերլանդները յուրաքանչյուր տարի կակաչներ է նվիրում կանադական մայրաքաղաքին, եւ Օտավան ծածկվում է մոտ կես միլիոն կակաչներով: Դրանք միանման կակաչներ չեն, կանադական մայրաքաղաքը ողողվում է մոտ 100 տեսակի կակաչներով:

 

Ի դեպ, կակաչների փառատոնը հիմնադրվել է ծագումով հայ կանադացի լուսանկարիչ Մալակ Քարշի նախաձեռնությամբ: Փառատոնի օրերին Կանադայի տարբեր քաղաքաներից մարդիկ գալիս են մայրաքաղաք` զմայլվելու հիասքանչ կակաչներով: Սա կանադացիների ամենասիրած ու ամենասպասված փառատոններից մեկն է:

 

Ինձ համար կակաչների փառատոնն իսկապես տպավորիչ էր, բայց հազարագույն կակաչներից առավել մայրաքաղաք Օտավայում ինձ գրավեց կանադական պառլամենտը: Խորհրդարանի շենքը տպավորիչ կառույց է՝ հիասքանչ ճարտարապետական լուծումներով, թվագրված 1859 թվականով: Ճարտարապետությունից առավել, սակայն, ինձ հիացրեց այն հանգամանքը, որ խորհրդարանի շենքը բնավ շրջապատված չէ մեծ ու բարձր պարիսպներով, շենքի մոտակայքում չկան հսկիչ անցակետեր, խորհրդարանի պուրակը բաց է բոլորի առջեւ, բոլորի համար: Մարդիկ զբոսնում են, լուսանկարվում, պառկում խոտերի մեջ, հանգստանում: Առաջին հայացքից զարմանալի է թվում. ինչպե՞ս կարող է երկրի գլխավոր քաղաքական կառույցն այդքան բաց ու հասանելի լինել: Իսկ ո՞ւր են ոստիկանները, պարեկապահակային խմբերը, ուր են դարպասները, ուր են ճաղերը. դրանք ուղղակի չկան: Սա ինձ համար պառլամենտական մշակույթի ու ժողովրդավարության ցուցիչ է:

Parliament Building East Block in Ottawa

Առաջին հայացքից իհարկե տարօրինակ է, քանի որ ես Հայաստանում սովորել եմ խորհրդարանը տեսնել ճաղերից այն կողմ: Ես առիթ ունեցել եմ ներսում լինելու, բայց շատ ու շատ քաղաքացիներ պառլամենտի շենքը տեսել են ճաղերի մյուս կողմից միայն: Եթե ես չեմ սխալվում, Հայաստանում Ազգային ժողովի շենքի բակը մարդկանց հասանելի է դառնում միայն հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այն էլ մի քանի ժամով: Օտավայում պառլամենտի բակը բոլորինն է, այստեղ մարդիկ հանգիստ կարող են ժամանակ անցկացնել, էլ չեմ ասում, որ նրանք հանգիստ կարող են հայտնվել նաեւ շենքի ներսում ու զբոսավարի ուղեկցությամբ ծանոթանալ շենքի պատմությանը, ներկա գտնվել նիստերին: Հասկանալի է, որ եթե շենքն է այդքան հասանելի, ուրեմն հասնաելի են նաեւ շենքում աշխատող ազգընտիրները: Մարդիկ հեշտությամբ կարող են տեսնել նրանց ու հարցեր ուղղել, պարզապես զրուցել:

Դարձյալ եթե չեմ սխալվում, մի ժամանակ Հայաստանում կար այդպիսի մի դրական ծրագիր, որը խորհրդարանի դիմացի այգին պետք է հասանելի դարձներ հանրությանը, բայց այդ ծրագիրն այդպես էլ միս ու արյուն չստացավ: Հավատացնում եմ՝ մի ուրիշ զգացողություն է, երբ հասկանում ես, որ երկրի գլխավոր քաղաքական կառույցն այդքան հասանելի է ցանկացած մեկին, սա ակամայից վստահություն է ներշնչում նաեւ այդ կառույցի աշխատանքի նկատմամբ:

 

Վերջին տասն ամիսների ընթացքում սա իմ առաջին այցն էր Քվեբեկից դուրս, ու այն չափազանց տպավորիչ էր: Օտավան շատ գեղեցիկ քաղաք է, մեկ անգամ այցելելով չես կարող վայելել քաղաքի ամբողջ հմայքն ու գեղեցկությունը, բայց պառլամենտական բլրի վրա հայտնվելով, լիովին կարող ես զգալ, թե ինչ արժեքներ են այս երկրի կառավարման հիմքում…Այստեղ պառլամենտարիզմը, պառլամենտական կառավարումը, ժողովրդավարությունը վերացական հասկացություններ չեն, ասածիս վկայությունները շատ են, ու մեկն էլ Կանադայի խորհրդարանն է՝ իր հյուրընկալությամբ…

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

 

Ձեր կարծիքը

Comments