Home / Canadahye  / Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը կարծում է, որ իրավունքների պաշտպանության մասին խոսելով՝ հայ ժողովուրդը ոչ թե ողորմություն է խնդրում, այլ արդարություն է պահանջում

Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը կարծում է, որ իրավունքների պաշտպանության մասին խոսելով՝ հայ ժողովուրդը ոչ թե ողորմություն է խնդրում, այլ արդարություն է պահանջում

papken-tcharian-5

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _ Կանադայի հայ համայնքը Մոնրեալում և Տորոնտոյում անցած հանգստյան օրերին, երբ նշվում էր նաև Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը, մասնակցեց երկու քայլարշավների, որոնց միավորում էին մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանությունների կանխարգելման, անկախության ու վերածնունդի գաղափարները:

 

Մայիսի 28-ին կայացած քայլերթը Հանրապետության տոնի առիթով էր, իսկ մինչ այդ՝ մայիսի 27-ին, Մոնրեալում կայացած քայլերթով աշխարհին մարդու իրավունքների պաշտպանության ուղերձն էր հղվում, այս օրերին նույն ուղերձը, սակայն մարդասիրության հստակ օրինակների միջոցով տարածվում էր «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցով, որը կայացավ Հայաստանում:

 

Կանադայում կայացած միջոցառումներին կանադական իշխանությունների ներկայացուցիչների հետ հայ ժողովրդին առաջնորդել են պետական ու հոգևոր այրերը, նրանց թվում էր նաև Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը, ով կարծում է, որ իրենք պետք է լինեն առաջին քայլողները, որպեսզի իրենց հետևից տանեն նաև հոտը: Այս հարցերի շուրջ Noranor.ca-ն զրուցել է թեմի առաջնորդի հետ:

 


 

ՆՈՐԱՆՈՐ – Բաբկեն Սրբազան, ինչո՞վ էր առանձնանում այս տարվա քայլերթը, ի՞ նչ ուղերձներ ու կոչեր հնչեցին, որոնք հետագայում կարող են ոճրագործությունների կանխարգելմանը նպաստել:

 

ԲԱԲԿԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉԱՐՅԱՆ –  Այս քայլարշավը մարդկային իրավանց պաշտպանության և ցեղասպանություններու կանխարգելման քայլարշավ էր, որին մասնակցեցին նաև այլ ժողովուրդներ, այլ փոքրամասնություններու ներկայացուցիչներ՝ ասորի, ռուանդայի և մյուս բոլոր Ցեղասպանություններու ենթարկված ազգերու ներկայացուցիչներ, մասնակցեց Մոնրեալի քաղաքապետը և նահանգային նախարարներ, բարձրաստիճան պետական ներկայացուցիչներ, եկեղեցականներ, բնականաբար գլխավոր կազմակերպողը Հայ Դատն էր և հայկական եկեղեցիներն ու կազմակերպությունները:

 

Նպատակն էր ցույց տալ, որ մարդկային իրավանց պաշտպանությունը որքան կարևոր է այսօր աշխարհի մեջ, և անոր համար պետք է պայքարիլ, չպետք է ոտնակոխել մարկային իրավունքները, որպեսզի աշխարհը գիտնա, թե կատարված Ցեղասպանությունները ճանչնալը և հատուցելը որքան կարևոր է, որպեսզի վաղը նորեն չկրկնվեն: Եվ խոսք առնողները, կըլլային հայ թե կանադացի, շեշտեցին նաև, որ  Հայոց և մյուս Ցեղասպանությունները պետք է ընդունել և ճանչնալ: Բնականորեն մենք դեռևս այդ վայրկյանին ոչինչ չիրագործեցինք, բայց ձայն մը լսելի դարձավ, և հաճախակի պետք է այդ ձայնը լսելի դարձնենք, որպեսզի անոնք, որոնք ընդունած են, ճանչցած են, շնորհակալ լինենք, իսկ ովքեր չեն ճանչցած ինչ-ինչ շահերեն ելնելով, պետք է ճանչնալ, որպեսզի մենք թույլ չտանք, որպեսզի այլ Ցեղասպանություններ լինեն:

 

ՆՈՐԱՆՈՐ – Դուք՝ որպես հայոց թեմի առաջնորդ, ի՞նչ պարտավորություն ու պատասխանատվություն եք զգում Ձեր վրա, և Ձեր անմիջական մասնակցությունը քայլարշավին ի՞նչ ազդեցություն ունեցավ հայ համայնքի վրա:

 

 

ԲԱԲԿԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉԱՐՅԱՆ –  Երբ առաջնորդներ, հովիվներ, միություններու, պատկան մարմիններու ներկայացուցիչներ կոչ կուղղեն ժողովրդին մասնակցելու, նախ իրենք պետք է մասնակցին, այսինքն՝ նախ ես պետք է մասնակցիմ և բնականաբար պետք է առաջին քայլողը ըլլամ, որ ժողովուրդը քալե իմ հետևից նույն խոսքը բարձրաձայնելու:

 

Բոլորս ալ պարտավորություններ ունինք, ամեն մեկ հայ իր պարտավորությունն ունի, պատանին՝ իր, տարեցը՝ իր, մշակույթի գործիչն ու պետական գործիը՝ իրենց պարտականությունն ունեն: Համալսարանավարտ երիտասարդներ ունինք, որոնք այս կամ այն պաշտոնները՝ որպես արժանիք կստանան և պետք է ծառտայեցնեն ի շահ իրենց դատին, իրենց ժողովրդին, իրենց իրավունքներին: Այսօր մենք որևէ մեկեն այլևս ողորմություն չենք պահանջե, այլ արդարություն կպահանջենք:

 

ՆՈՐԱՆՈՐ – Ստացվում է, որ Հայոց Ցեղասպանության ժառանգները զոհի կարգավիճակից դուրս են գալիս՝ կոչեր հնչեցնելով մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրության ուղերձներ հղելով՝ եթե հաշվի առնենք նաև Ավրորա մրցանակաբաշխությունը, որը ևս նույնատիպ գաղափարի տարածման կարևոր օրինակ էր, համաձա՞յն եք այս մոտեցման հետ, և մեկ դար անց հայ ժողովրդի մեջ այս հոգեբանական փոփոխությունն ինչպե՞ս կգնահատեք:

 

ԲԱԲԿԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉԱՐՅԱՆ – Ապրիլ 24-ի օրերին, երբ մենք միշտ կբարձրացնենք Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հատուցման խնդիրը, ադիկա փոփոխության ենթարկված չէ, այդ պահանջատիրական պայքարը պետք է շարունակվի, սակայն անոր կողքին այսօր ֆիլմեր կպատրաստվին, նման ձեռնարկներ կկատարվին՝ ցույց տալու երախտագիտության զգացումը, մարդկային, մարդասիրական վերաբերմունքը, մարդկային իրավանց պաշտպանությունը, որոնք այսօր որքան կարևոր են, և բնականորեն փոփոխության չեն ենթարկած, այս անկյունեն ալ կմոտենանք խնդիրներին, որպեսզի նաև աշխարհը այսօր գիտակցի, որ նման վերաբերմունք ճիշտ չէ, մարդկային իրավունքները օգտագործելու, Ցեղասպանությունները կրկնելու…

 

Տակավին կտեսնենք՝ Ծաղկազարդին Եգիպտոսի եկեղեցվո մեջ երկու պայթյուններ եղան, քանի մը օր առաջ Եգիպտոսեն խումբ մը ուխտագնացության կերթա, և ահաբեկիչները կհարձակվին, և բավական մեծ զոհեր և վիրավորներ կըլլան, տակավին ամեն տեղ կշարունակվի մարդկային իրավունքի ոտնակոխումը և գազանաբարո վերաբերմունքը, այս է, կարևոր է նաև այս անկյունեն դիտել և շեշտել, թե որքան կարևոր է մարդու իրավունքներու պաշտպանությունը և կանխարգելումը, պետք է աշխարհը արթուն ըլլա:

 

 

ՆՈՐԱՆՈՐ – Իսկ ի՞նչ նշանակություն ունեցավ Առաջին Հանրապետության հռչակումը, համաձա՞յն եք պնդմանը, թե եթե չլիներ առաջին Հանրապետությունը, չէին լինի երկրորդն ու նաև երրորդը:

 

ԲԱԲԿԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉԱՐՅԱՆ – Ես կհավատամ դրան, որովհետև մեր ժողովուրդը, երբ սև-մութ ամպեր իր երկնակամարին վրա կերևար, հատկապես Հայոց ցեղասպանության մեծ դժբախտությունը ունեցավ, դիմացը Արևելահայաստանի մեջ դարձյալ սով կար, խավար օրեր կային, այս բոլորը հայ ժողովրդին հուսահատության կառաջնորդեին, սակայն այն ոգին, որ Հայկեն գուկար, Արտաշեսեն գուկար, Դավիթ Բեկեն գուկար, այդ ոգին հարություն առավ, և այս անգամ նոր հերոսներու ՝ Արամներու, Գարեգիններու, Նժդեհներու մեջ արթնցավ և նորեն բնականորեն իբրև դրսևորում մեր ժողովուրդն իր գոյությունը վտանգող առաջխաղացքը կասեցուց, ոչ ըսավ թշնամիին և իր ազատության համար իր պայքարը մղեց, և իր անկախ Հանրապետությունը ստեղծեց, երկար չտևեց, բայց հիմք դարձավ և այդ ոգին շարունակվեցավ մինչև Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, ու այսօր նաև Ղարաբաղ կշարունակվի, այդ ոգին է, որ մեզ կառաջնորդե հետևյալին, որ մենք տերն ենք մեր արժանապատվության, և Սարդարապատին պատին վրա շատ գեղեցիկ կերպով գրված է, որ մեր ժողովուրդը թեկուզ մի օր չէ ապրած մեռնելու համար, այլ պայքարած է, տառապած է, նույնիսկ իր կյանքը զոհաբերած է պայքարելու սուրին դեմ իր գոյությունից հաղթական երթը շարունակելու համար:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments