Home / Opinion  / Alik Hakobyan  / Առաջին հյուրս…

Առաջին հյուրս…

Alik Hakobyan

 

…Երբեք չեմ սիրել բաժանումը՝ անկախ նրանից, թե ում հետ եմ բաժանվում ու որքան ժամանակով: Հայրենիքից հեռու հաստատվելը սկսվում է նախեւառաջ մեծ բաժանումով…Բաժանվում ես հարազատներիցդ, ընկերներիցդ, քաղաքիցդ, անցյալիցդ, ինքդ քեզնից…Իմ ողջ գիտակցական կյանքում միշտ անասելի հուզմունք եմ ապրել, երբ տեսել եմ, թե մարդիկ ինչպես են միմյանց հրաժեշտ  տալիս օդանավակայանում…Բաժանման վայրկյանները մի ամբողջ դար են թվում, որոնք թանձրանում են մարդկանց հոգիներում ու բյուրեղանում աչքերում խեղդված արցունքների մեջ…Ճամփորդելու առիթներ շատ եմ ունեցել, սակայն հենց բաժանման այդ անտանելի վայրկյաններից խուսափելու համար մշտապես փորձել եմ օդանավակայանում ճանապարհող չունենալ…

 

…Այս շաբաթ դարձյալ ապրեցի բաժանման հոգեմաշ վայրկյանները…Մոնրեալից Երեւան էի ճանապարհում առաջին հյուրիս…Զարմուհիս էր ինձ հյուր եկել՝ իր հետ բերելով երեւանյան ջերմությունն ու հայրենիքիս այն պատառիկները, որոնց այնքան կարոտել էի…Հայրենիքը միայն հողն ու ջուրը չէ, հայրենիքը մարդիկ են, քո հիշողություններն են, քեզ մանկությունից ծանոթ համն ու բույրն են…Երբեւէ չէի պատկերացնի, որ այդքան կարոտած կլինեի այն սուրճը, որը միայն Հայաստանում էի խմել, ու որն այստեղ՝ արեւմուտքում, շատերին հայտնի է հենց հայկական սուրճ անունով…էլ չասեմ հայկական լավաշի, չրի ու ընդեղենի մասին…Որքան արեւ կար այդ ամենի մեջ… Ամենահետաքրքիրն այն է, որ երբ տանն ես, այնքան էլ չես արժեվորում ունեցածդ…հեռվում ամեն բան այլ կերպ ես ընկալում, ավելի սուր, ընդգծված…հեռվում հայրենիքի հետ կապված մանրուք չկա, ամեն բան կարեւոր է, ամեն բան հարազատ, ամեն բան ցանկալի…Սրանք զգացողություններ են, որ երբեք չես ապրի, եթե հայրենիքից հեռու չապրես…Մորաքրոջս աղջիկն իր հետ բերեց այդ ապրումները, բերեց ու օգնեց մի քիչ հագեցնել կարոտս, մինչեւ որ ես կգնամ…

 

…Հիանալի ժամանակ անցկացրեցինք միասին, այցելեցինք գեղեցիկ վայրեր, խոսեցինք, քննարկեցինք, համեմատեցինք, առանձնացրեցինք դրականն ու բացասականը, ու ես այդպես էլ չզգացի, թե ինչպես մեկ օրվա նման անցավ երեք շաբաթը, ու նորից հայտնվեցինք օդանավակայանում…Երեք շաբաթ առաջ հիանալի տրամադրությամբ էի այստեղ, եկել էի դիմավորելու, իսկ հիմա նորից ճանապարհում եմ ու նորից պետք է ապրեմ բաժանման այդ անտանելի վայրկյանները…բայց այլընտրանք չկա. որքան այդ պահն անտանելի է, նույնքան էլ անխուսափելի է…օդանավերը ըստ չվացուցակի  մեկնելու սովորություն ունեն, դրանց ընթացքը չես փոխի…Հրաժեշտ տվեցի Գայանեին, ու նա նորից իր հետ տարավ հայրենիքս…լավաշն արդեն վերջացել է, ճիշտ է մորաքրոջս ուղարկած սուրճը դեռ կա, բայց դա էլ կվերջանա…

 

…Նման հանդիպումներից հետո զգացողություններդ խիստ հակասական են, հեռվում ապրելուդ որոշումը՝ երերուն…բայց օրերը սահում են, ու դարձյալ դու սկսում ես ապրել քո ժամային գոտում, հարազատներդ՝ իրենց, ու դուք բոլորդ սպասում եք հաջորդ հանդիպմանը՝ ժամանակավորապես անտեսելով հերթական բաժանման անցանկալի ապրումները…

 

…Ի դեպ Մոնրեալում իմ առաջին աշխատանքը հենց օդանավակայանում էր…երկար չեմ աշխատել, ընդամենը երկու ամիս…ու ինձ համար նույնքան հոգեմաշ էր, երբ տեսնում էի, թե ինչպես էր ինձ համար օտար մայրը հրաժեշտ տալիս իր հարազատ զավակին…թերեւս հենց այդ ապրումներս էին պատճառը, որ շատ արագ հրաժեշտ տվեցի օդանավակայնի իմ աշխատանքին…ամեն մի արտասվող մոր ու զավակի հետ վերապրում էի հրաժեշտի իմ տառապանքը…

 

…Շուտով գնալու եմ իմ հարազատ Երեւանը, բայց դեռ չգնացած արդեն սարսափում եմ նորից հրաժեշտ տալու անխուսափելի վայրկյաններից…Չգիտեմ՝ արդյո՞ք մի օր կսովորեմ, թե ոչ…երեւի…մի օր…շա՜տ ուշ…երբ ինձ հրաժեշտ տվողների շարքում էլ չեն լինի այն մարդիկ, որոնք ամեն օր ապրում են ինձ հետ հանդիպման սպասումով, թեկուզեւ իմանալով, որ հերթական հրաժեշտն անխուսափելի է…

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments