Home / Canadahye  / Տորոնտոբնակ հայ երգահան Արուս Գևորգյանի՝ ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի համար գրած օրհներգը հուզել է ոչ միայն կանադահայերին, այլև օտարազգիներին

Տորոնտոբնակ հայ երգահան Արուս Գևորգյանի՝ ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի համար գրած օրհներգը հուզել է ոչ միայն կանադահայերին, այլև օտարազգիներին

Arus Gevorgyan

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) – Երկու տարի շարունակ Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա դպրոցի պատերի ներսում Կանադայի ու Հայաստանի հիմներից հետո հնչում է դպրոցի օրհներգը: Հայկական կրթօջախի հիմնադիր-տնօրեն Մարգար Շարապխանյանը տարիներ առաջ էր գրել հիմնի խոսքերը՝ հույս ունենալով, որ կգա ժամանակ, երբ դրա համար նաև երաժշտություն կգրվի:  Նման առիթ ընձեռվեց միայն 2015թ-ին, երբ դպրոցի անձնակազմը լսեց 2012թ-ից Տորոնտոյում բնակվող հայ երգահան Արուս Գևորգյանի մասին:

 

Նրան խնդրեցին գրել երաժշտություն, որը կդառնա հայ սերունդ կրթող հաստատության խորհրդանիշներից մեկը. Օրհներգի խոսքերը ձեռք բերելուց հետո շատ կարճ ժամանակ անց երաժշտությունն արդեն պատրաստ էր:

 

Ինձ շատ լավ եմ զգում, երբ 600 աշակերտ ամեն օր, ամեն առավոտ Հայաստանի եւ Կանադայի հիմնից հետո երգում են վարժարանի հիմնը, որի հեղինակը հանդիսանում եմ ես

 

«Շատ լավ ստացվեց, շատ գեղեցիկ, ինձ շատ լավ եմ զգում, երբ 600 աշակերտ ամեն օր, ամեն առավոտ Հայաստանի եւ Կանադայի հիմնից հետո սիրով երգում են վարժարանի հիմնը, որի հեղինակը հանդիսանում եմ ես, շատ հաճելի է»,- Noranor-ին տված հարցազրույցում պատմում է Արուս Գևորգյանը:

 

Ստեղծագործությունից ոչ միայն հեղինակն է գոհ մնում, այլև դպրոցի անձնակազմը, երեխաներն ու բոլոր ունկնդիրները, ովքեր 2 տարի անց էլ շարունակում են իրենց երախտագիտությունը հայտնել հայ արվեստագետին: Դրա վկայությունն ընդամենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միոջացառման ժամանակ հեղինակին ուղղված երախտիքի խոսքն էր, որ հնչեցրեց դպրոցի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

 

 

Սա Արուս Գևորգյանի գրած առաջին երգը չէր, որ արժանացավ նման ուշադրության: Երիտասարդ արվեստագետը բեղուն ստեղծագործական ուղի է անցել նաև Հայաստանում, իսկ մինչ այդ ստացել հիմնավոր երաժշտական կրթություն: Դրան նպաստել է ինչպես  միջավայրը, որտեղ մեծացել է երաժիշտը, այնպես էլ ժառանգաբար փոխանցված երաժշտական տաղանդը:

 

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

Ապագա երաժիշտն արվեստագետներով է շրջապատված եղել ընտանիքում, շեփորահար հայրիկի, ջութակահար հորեղբոր, ռեժիսոր հորաքրոջ ու արվեստին կապված մյուս հարազատների մեջ մեծացող Արուսը կապվել է երաժշտությանը դեռ 4 տարեկանից, սկսել է հաճախել հայկական երաժշտական տասնամյա դպրոց: Երաժշտության հանդեպ սիրո ու տաղանդի շնորհիվ նա դեռ մանկուց բազմաթիվ համերգների է մասնակցել՝ հանդես գալով նաև որպես մենակատար:

 

Արդեն երրորդ դասարանից նրա մոտ ի հայտ են գալիս ստեղծագործական ունակությունները, իսկ 7-րդ դասարանում գրում է առաջին երգը, որը, սակայն, յուրացվում է այլ հեղինակի կողմից: Սա նրան հիասթափեցնում է, բայց չի ընկճում: Շարունակում է կրթությունը՝ ընդունվելով Ջազային, էստրադային արվեստի պետական քոլեջ:

 

Մի ընկեր ունեմ, միշտ ծիծաղելով ասում էր՝ ես ընդունվեցի որպես կոմպոզիտոր, դու դաշնակահար, ավարտելուց հետո ես սկսեցի նվագել ռեստորաններում, իսկ դու՝ ստեղծագործել

 

«Շատ  զարմանալի էր, որ այդ երեք տարիների ընթացքում ես չստեղծագործեցի, միայն դաշնամուրով էի տարված, մի ընկեր ունեմ, միշտ ծիծաղելով ասում էր՝ ես ընդունվեցի որպես կոմպոզիտոր, դու դաշնակահար, ավարտելուց հետո ես սկսեցի նվագել ռեստորաններում, իսկ դու՝ ստեղծագործել»,- պատմում է երաժիշտը:

 

ԻՐԱԿԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾՆՎԱԾ

Ընտրում է ստեղծագործական աշխարհը, որտեղ շատ ավելի ազատ էր ներքին զգացողություններն արտահայտելու, ապրումները երաժշտության լեզվով վերարտադրելու հարցում: Արդյունքում ծնվում են մի շարք գործեր, որոնք հնչում են հայկական նախագծերի, երաժշտական շոու-ծրագրերի ու ռադիոհեռուստատեսային հաղորդումների ժամանակ:

 

Նրա երգերից շատերը մանուկների ու երիտասարդների շուրթերին են, ինչպես օրինակ, Դո-ռե-մի մանկապատանեկան փառատոնի համար գրված «Իմ տիկնիկը», Արևիկ խմբի «Հեռացող մանկությունը», Ռուզաննա Զոհրաբյանի հետ համագործակցությունից ծնված «Ով է ասել» և բազմաթիվ այլ երգեր:

 

Արուս Գևորգյանի ստեղծագործությունները իրական զգացողությունների ծնունդ են, սիրում է, երբ նաև երգերի խոսքերն են իրական կյանքի պատմություններից ծնվում, իսկ արհեստածին երգերը, որոնք, այսպես կոչված, թիթեռի կյանք են ունենում, այս հեղինակի համար չեն:

 

Կարող եմ ամեն օր նստել և գրել 5 երգ, 10 երգ, բայց ես ինքս չեմ սիրի այդ երգերը, ինքս չեմ ախորժի լսել դրանք, որովհետև արհեստական կլինեն

 

«Ինձ համար երաժշտությունը զգացական երևույթ է և առաջանում է քո ապրած կյանքով, քո զգացմունքներով, ես կարող եմ ամեն օր նստել և գրել 5 երգ, 10 երգ, բայց ես ինքս չեմ ախորժի լսել այդ երգերը, որովհետև դրանք կլինեն արհեստական. բնականը այն է, ինչ ծնվում է քո զգացմունքներից»,- նշում է երգահանը:

 

Ստեղծագործում է այն ժամանակ, երբ կուտակված էներգիան արտահայտելու պահը հասունանում է, իսկ երգերը փորձում է հնարավորինս զերծ պահել այլ հեղինակների ազդեցություններից, թեև չի հերքում, որ մեծերի անցած ճանապարհը ցանկացած արվեստագետի համար օրինակելի դաս է դառնում:

 

«Ես իմ գործի նկատմամբ շատ բծախնդիր եմ. եւ երբ երգը ավարտին եմ հասցնում, միշտ իմ մտերիմ մարդկանց կարծիքը սիրում եմ լսել: Ես ստեղծագործել եմ այն, ինչ իմ ներսից եկել է, և երբեք չեմ փորձում նմանեցնել, որովհետեւ դա իմ արտահայտման միջոցն է»,- ներկայացնում է տորոնտոբնակ երգահանը:

 

Նույն կերպ նաև ՀՕՄ-ի ամենօրյա դպրոցի համար գրված հիմնն է զերծ պահել ազդեցություններից՝ դրան հաղորդելով ինքնատիպություն, միևնույն ժամանակ դուրս չգալով այս երաժշտական տվյալ ժանրին հատուկ շրջանակներից: Իսկ որ այն հաջողվել է, այդ մասին խոսում են գնահատականները: Հեղինակը օրինակներից մեկն է նշում.

 

«Իմ անգլերենի նախկին ուսուցիչ՝ Ժոզեֆը, ով արմատներով չինացի է՝ Կանադայում ծնված մեծացած, երբ որ լսեց վարժարանի օրհներգը, ասաց՝ (Արյունս երակներիս մեջ եռացրիր, Արուս). Ինձ համար դա շատ մեծ գնահատական էր, որ լինելով օտար, չհասկանալով օրհներգի խոսքերը՝ այն մեծ ազդեցություն էր թողել իր վրա, և ասում էր, որ (հաճախ անգլերենի դասի ժամերին կանադայի օրհներգից հետո դնում եմ քո գրած օրհներգը և լսել եմ տալիս օտարազգի ուսանողներին որոնք մեծ բավականությամբ են ունկնդրում այն)»:

 

Սա նրա օրհներգ գրելու առաջին փորձը չէր, մինչ այս ԱՄՆ-ում գտնվող King Cultural Production-ի առաջարկությամբ գրել է հիմն «Armenian Golden Star Award» փառատոնի համար, որով ամեն տարի եզրափակվում է մրցանակաբաշխությունը, որի համար 2008 թվականին արժանացավ հատուկ մրցանակի:

 

ՕՏԱՐԱԶԳԻՆԵՐԻՆ ՀԱՍՈՒ

Երաժշտությունը ազգություն ու լեզու չի ճանաչում, ասում է Արուս Գևորգյանը եւ ցանկանում է, որ իր երաժշտությունը նույնքան ընդունելի լինի օտարազգիների համար, որտեղ կփորձի նաև որպես հայ՝ ազգայինը պահպանել ու ներկայացնել լավագույնս:

 

«Ինձ համար կարևոր է ներկայացնել հայ երգը ճիշտ եւ գրագետ, որ ոչ միայն Հայաստանում լսեն, հայ մանուկները երգեն, այլև օտարազգի մանուկները, ինչու չէ, նաև հայկական ֆոլկի մեջ, եթե գործդ գեղեցիկ է ու պրոֆեսիոնալ, ցանկացած ազգի մարդ կգնահատի այն»,- վստահ է երգահանը:

 

Իր ստեղծագործությունների ամենանվիրված առաջին ունկնդիրներն էլ հայեցի դաստիարակվող երկու զավակներն են, որոնց մասին ջերմությամբ է խոսում՝ ասելով. «Երեխաներս սիրով հետևում են իմ երգերին, և երբ մեքնենան վարում եմ, այդ ընթացքում միշտ ասում են՝ մամա, քո երաժշտությունը դիր, լսենք»:

 

Նոր ու հավատարիմ ունկնդիրներ ձեռք բերելու համար Գևորգյանը ստեղծագործելու կամք ու ձիրք ունի, որը փորձելու է ներդնել նաև Կանադայում՝ համագործակցելով օտարազգի երաժիշտների հետ: Սա հայ երգահանի կարևոր նպատակներից մեկն է, որի ուղղությամբ քայլեր կձեռնարկի, երբ ուսումնասիրի կանադական շուկայի բոլոր պահանջները:

 

Մեկնելու է Հայաստան, որտեղից հույս ունի վերադառնալ նոր գաղափարներով ու նոր լիցքերով

 

«Ժամանակ առավ երկիրը ճանաչելը, հետաքրքրվեցի բավականին, էստեղ ուրիշ է համագործակցությունը, Հայաստանի նման չէ. Երգ եք ուզում, խնդրեմ ձեր երգը, եւ վճարվում ես: Այստեղ կոնտրակտ ես կապում ընկերությունների հետ, շատ մանրամասնելու հարցեր կան, որից հետո կտեսնեմ անելիքներս»,- ասում է հեղինակը, ով դեռ բազմաթիվ գործիքային անավարտ երաժշտություններ ունի, որոնք մտադիր է ավարտին հասցնել, իսկ դրա համար առաջիկայում կարևոր անելիք ունի. Մեկնելու է Հայաստան, որտեղից հույս ունի վերադառնալ նոր գաղափարներով ու նոր լիցքերով:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments