Home / Opinion  / Alik Hakobyan  / Հայկական դուդուկի հնչյուններն օվկիանոսից այն կողմ…

Հայկական դուդուկի հնչյուններն օվկիանոսից այն կողմ…

Alik Hakobyan Mi pokhek Alike 1200x800

 

…Մոնրեալում հաստատվելուցս 11 ամիս անց, այս շաբաթ առաջին անգամ ճանապարհորդության էի մեկնել Կանադայից դուրս…Ի դեպ, կանադացիները շատ են սիրում ճանապարհորդել, ճիշտ է՝ զիջում են չինացիներին ու ճապոնացիներին, բայց միեւնույնն է, գրեթե ցանկացած միջին վիճակագրական կանադացի տարվա մեջ գոնե մեկ անգամ մեկնում է հանգստի…Կանադացիների հիմնական նախընտրելի ուղղությունը հարավն է…Կարծում եմ այդ նախընտրությունը չափազանց տրամաբանական է՝ հաշվի առնելով Կանադայի բնակլիմայական պայմանները… (անկեղծ ասած վերջին օրերին տաք էր Մոնրեալում, բայց շաբաթվա վերջը դարձյալ խոստանում է անձրեւառատ ու զով լինել)…Կանադացիները հարավ մեկնում են հիմնականում ձմռանը՝ գոնե մեկ շաբաթ արեւ վայելելու ու հետագա ցրտին դիմակայելու համար էներգիայով զինվելու համար…Դեպի հարավ հանգստի մեկնելը բնավ էլ ճոխ շռայլություն չէ ու հասանելի է միջին խավի ցանկացած ներկայացուցչի… …Իհարկե տարվա ընթացքում անհրաժեշտ է կուտակել հանգստի մեկ կամ երկու շաբաթը լիաթոք վայելելու համար, բայց կուտակելու հնարավորություն տրված է գրեթե յուրաքանչյուրին:

 

…Ի դեպ, ինձ համար մի մեծ նորություն բացահայտեցի այս ճանապարհորդությանը մեկնելիս…Իր ամբողջ խորությամբ ինձ համար ընկալելի դարձավ, թե ինչ ասել է մարդու ազատ տեղաշարժվելու իրավունք… Երբ օդանավով մեկնում ես Մոնրեալից, այսինքն հատում ես Կանադայի պետական սահմանը, որեւէ մեկը չի ստուգում քո անձնագիրը, որեւէ մեկը քո անձնագրում կնիք չի դնում փաստելու համար, որ դու լքել ես  երկիրը,  ավելին՝ եթե դու Կանադայի քաղաքացի ես կամ մշտական բնակիչ, որեւէ մեկը որեւէ կնիքով չի ամրագրում նաեւ քո երկիր մուտք գործելու հանգամանքը, կնիք դնում են միայն օտարերկրյա անձնագրերի մեջ…Կանադացիները ազատորեն լքում են իրենց երկիրն ու վարադառնում այն ժամանակ, երբ ցանկանում են՝ առանց պետական սահմանը հատելու մասին վկայող կնիքների…Որեւէ մեկը ոստիկանական հայացքով չի զննում ու քննում քեզ, ուղղակի նայում են անձնագրիդ ու մաղթում բարի գալուստ…

 

…Եվ այսպես, թեեւ քվեբեկցիները հիմնականում ձմռանն են մեկնում դեպի հարավ, ես հանգամանքների բերումով հարավ մեկնեցի ամռանը…Դոմինիկյան Հանրապետությունում էի…Համեմատելու շատ բան անկեղծ ասած չունեի, քանի որ իմ տեսած միակ հարավային երկիրը Եգիպտոսն էր, սակայն Եգիպտոսի հետ համեմատելու եզրեր Դոմինիկյան Հանրապետությունն իրականում չունի…Այստեղ ամեն բան շատ ավելի որակյալ է՝ թե՛ ծառայությունների, թե՛ հյուրանոցների ու թե՛ սննդի որակի իմաստով…Կարմիր ու Կարիբյան ծովերը թերեւս համեմատելի են, սակայն իսպանախոս դոմինիկացիներն առավել ջերմ ու հյուրընկալ են…Սա իհարկե իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն ու իմ անձնական փորձառությունն է, որը կարող է բնավ չհամընկնել որեւէ այլ կարծիքի ու փորձառության հետ…Դոմինիկյան Հանրապետության հինալի ծովափերից, շքեղ արմավենիներից ու իսպանացիների ջերմությունուց առավել, սակայն, ինձ տպավորեց իմ առաջին ճաշը հյուրանոցի ռեստորանում…Երբեք մտքովս չէր կարող անցնել, որ տանից այդքան հեռու, Ատլանտյան օվկիանոսի ու Կարիբյան ծովի արանքում ծվարած կղզու վրա մի օր ճաշելիս լսելու եմ հայկական դուդուկի մեղեդին…Առաջին հնչյուները լսելիս ինձ մի պահ թվաց, որ ականջներս խաբում են, որ ուղղակի ենթագիտակցությանս մեջ է ծիրանափողի թովիչ մեղեդին, բայց չէ…Դոմինիկյան Հանրապետության հյուրանոցներից մեկի ռեստորանն է, ուր հավաքված են աշխարհի ամենատարբեր անկյուններից եկած մարդիկ, բայց այնտեղ հնչում է իմ դուդուկը…Անկեղծ ասած հիմա բառեր չեմ կարողանում գտնել ապրումներս փոխանցելու համար, բայց դրանք ապրումներ էին, որոնք վստահաբար ինձ ուղեկցելու են աբողջ կյանքում… Ֆրանսիախոս ընկերներիս պատմեցի դուդուկի մասին, ու կրկին համոզվեցի, որ դուդուկը կարող է հուզել ցանկացած մեկին՝ անկախ ազգությունից, բայց դուդուկը գեներով զգալու մենաշնորհը տրված է միայն մեզ… Դոմինիկյան Հանրապետությունից ինձ հետ Քվեբեկ բերած ամենամեծ տպավորություններս դարձան հայկական դուդուկի հենց այդ հնչյունները…

 

…Ու նորից համոզվեցի՝ մենք ամենուր ենք, ամենուր ենք մեր տեսակով, մեր մշակույթով ու մեր առանձնահատկություններով…ու հինալի է, որ մենք տարբեր ենք, որ դուդուկի մի քանի հնչյուններն ուղղակի կարող են մեկ ակնթարթում տակնուվրա անել մեր ամբողջ ներաշխարհը, ու որ մեր կողքին նստած օտարերկրացին երբեք ու երբեք չի հասկանա, թե ինչու եւ ինչպես…

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments