Home / Canadahye  / Կանադայի Հայ Դատի հանձնախումբն ակնկալում է, որ Կանադան Ադրբեջանին կհորդորի ընդունել Արցախի ժողովրդի իրավունքն իր հողի նկատմամբ

Կանադայի Հայ Դատի հանձնախումբն ակնկալում է, որ Կանադան Ադրբեջանին կհորդորի ընդունել Արցախի ժողովրդի իրավունքն իր հողի նկատմամբ

Shahen Mirakian

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Ադրբեջանի կողմից պատերազմական կամ դրան միտված սադրիչ գործողությունները խոշոր պետությունների կողմից գրեթե նույն արձագանքներն է ստանում, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունների ժամանակ երկրները խաղաղության ու հանդուրժողականության կոչեր են հնչեցնում երկու կողմին էլ՝ անտեսելով հանգամանքը, որ դրանք սկսվում կամ հրահրվում են Ադրբեջանի կողմից:

 

Սա է պատճառը, որ Կանադայում Հայ դատի հանձնախումբը ջանքեր չի խնայում այս երկրի իշխանություններին իրավիճակը պարզելու համար: Վերջին օրերին, երբ կրկին Մինսկի խումբը տարածաշրջանում էր, իսկ դրանից հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց իր գործողություններն ընդդեմ Հայաստանի, Հայ Դատի հանձնախումբը նամակով դիմեց Կանադայի Արտաքին գործերի նախարարությանն ու կառավարության անդամներին Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունները դատապարտելու կոչով:

 

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը հարձակողական գործողություններն ակտիվացնում է, Հայ դատի հանձնախումբը հայտարարություններ է անում կամ նամակով դիմում երկրի ղեկավարներին: Սրանք եթե ոչ պարտադիր, ապա գոնե անհրաժեշտություն են այն դեպքում, երբ հայտնի է, թե ադրբեջանական քարոզչությունն ինչպես է իր դերը խաղում տարբեր երկրներում իշխանություններին խնդրի էությունից շեղելու համար: Noranor.caն այս մասին զրուցել է Կանադայի շրջանային Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանի հետ: Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ջանքերը երկու նպատակ են հետապնդում:

 

ՃԻՇՏ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Առաջինը՝ տեղյակ պահել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերի մասին, երկրորդը, որ դրա հետ անմիջական կապ ունի, ճիշտ կողմնորոշում տալ երկրի իշխանություններին: Մինչդեռ, ըստ Միրաքյանի, նրանց վերաբերմունքը վկայում է այն մասին, որ ճիշտ պատկերացում չունեն ղարաբաղյան հակամարտության մասին:

 

Ձև մը կփնտրեն, որ նորեն վերսկսին պատերազմը և կարենան ըսել, որ ասիկա հայերու հանցանքն է

 

«Կանադայի կեցվածքը մինչև այսօր էլ՝ նույնիսկ Քառօրյա պատերազմի ատեն միշտ եղած է այն, որ միշտ կըսե, որ պետք է դադրին աս տեսակի դեպքերը, բայց չի ըսե, թե որուն հանցանքն է, Մանավանդ վերջերս, երբ դեպքերը տեղի ունեցան, այդ ամենավերջին դեպքերի մասին ալ պիտի գրենք: Այն հատվածը, որտեղ զինվորները սպանվեցան, գիտենք, որ Արցախի ԱԺ նախագահն ու Պաշտպանության բանակի ամենաբարձր սպաներն այցելած էին և ազերիները ասիկա տեսած էին, այդ պատճառով հոն հարձակված էին, պատճառ կա, ձև մը կփնտրեն, որ նորեն վերսկսին պատերազմը և կարենան ըսել, որ ասիկա հայերու հանցանքն է»,-ներկայացնում է Միրաքյանը:

 

Այս իրավիճակին լավ ծանոթ են կանադահայերը, սակայն երկրի իշխանությունները խորամուխ չեն եղել խնդրի էության մեջ, առաջնորդվել են միայն ադրբեջանցի գործիչների կամ նրանց կողմից վարձված անձանց տեղեկություններով:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱԴԱՅԻ ՎՐԱ

Ադրբեջանի գաղութն ակտիվորեն իր գործն անում է: Թե իրականում ինչ մաս է կազմում ադրբեջանական համայնքը Կանադայում, Միրաքյանին հայտնի չէ, սակայն հստակ է, որ նրանք ակտիվ ազդեցություն են ունենում:

 

Տեղեր կան, որ երբ կխոսիս քաղաքական դեմքի մը հետ, կտեսնես, որ արդեն Ադրբեջանեն կամ Թուրքիայեն մեկը խոսել է այս հարցին շուրջ իր հետ

 

«Գիտենք, որ Ադրբեջանը ունի դիվանագետներ կառավարության վրա, գիտենք, որ ընկերությունները ունեն հարաբերություններ կանադական ընկերություններու հետ, կարևոր  առևտրական հարաբերություններ, և գիտենք, թե թուրք և ազերի գաղութը ազդեցություն ունի կարգ մը կանադական դեմքերու վրա, և Ադրբեջանի նախկին դեսպանը, որ հիմա հոս չէ, բավական ջանք է թափե, որ ուրիշ իսլամական գաղութներու հետ ստեղծվեր հարաբերություններ և Արցախյան հարցը հասցներ իսլամական հարցի մը: Տեղեր կան, որ երբ կխոսիս քաղաքական դեմքի մը հետ, կտեսնես, որ արդեն Ադրբեջանեն կամ Թուրքիայեն մեկը խոսել է այս հարցին շուրջ իր հետ»,-ներկայացնում է կանադահայ պաշտոնյան:

 

Այս հանգամանքը բավական դժվարացնում է հայկական կողմի աշխատանքը, բայց անհնար չի դարձնում: Միրաքյանը նշում է, թե ինչի է ձգտում հայկական կողմը՝ ամեն անգամ նման կերպ կանադական իշխանություններին հասու դարձնելով իրավիճակին:

 

Ամենեն կարևորը, որ Կանադայի կառավարությունը ամեն միջոցներով ըսե Ադրբեջանին, թե Արցախի ժողովուրդը իրավունք ունի իր հողին վրա ապրելու ապահով ձևով. աս է մեր սպասելիքը

 

«Արցախի անկախությունը ճանչնալը մեծ քայլ մըն է, բայց նույնիսկ պստիկ քայլ մը չեն ուզե ըներ. Մեզի համար ամենե կարևոր հարցն է հիմա, որ Կանադան ըսե՝ այո, հայ ժողովուրդին պիտի անցնի անկախությունը, ճանչնա, թե Արցախը հայկական հող է, ամենեն կարևորը, որ Կանադայի կառավարությունը ամեն միջոցներով ըսե Ադրբեջանին, թե Արցախի ժողովուրդը իրավունք ունի իր հողին վրա ապրելու ապահով ձևով. աս է մեր սպասելիքը»,-ներկայացնում է Կանադայի շրջանային Հայ Դատի հանձնախմբի նախագահը:

 

Այն տեղեկությունները, որ ստանում է կանադահայ համայնքը անկողմնակալ լրատվամիջոցների միջոցով, հնարավորություն են տալիս գաղափար կազմել Ադրբեջանի կողմից սահմանին ստեղծած իրավիճակի մասին: Ըստ այդմ՝ Միրաքյանը եզրահանգում է հետևյալին, որ Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է իրականացնում ոչ միայն այլ երկրների ղեկավարների, այլև սեփական ժողովրդի շրջանում: Օրինակ է բերում.

 

Ադրբեջանի կառավարությունը, մանավանդ Ալիևի ընտանիքը կտեսնե, թե իր ժողովուրդը հոգնած է, այս կառավարությունեն դժգոհ է, կջանան բան մը ստեղծել, որ ըսեն, թե արտաքին թշնամին կհարձակի, ոչ թե իրենց գեշությունն է

 

«Կարծես ազերիները կջանան ստեղծել վիճակ մը շրջաններուն մեջ, որ հայերը ալ չեն կրնար ադ սահմաններուն վրա բնակիլ, կջանան Արցախի ժողովուրդը իրենց երկրեն հանել, գյուղերը դարձնել վտանգավոր, ինչպես ըրած են Հայաստանի սահմանի վրա: Արցախի մեջ, որ ժողովուրդը շատ ավելի պատրաստ է ապրելու այդ վտանգի տակ, տեղ մը կհասնի, որ ալ չեն կրնար դիմանալ, վերջն ալ պիտի հարձակին, որ հողերը առնեն, ու Ադրբեջանի կառավարությունը, մանավանդ Ալիևի ընտանիքը կտեսնե, թե իր ժողովուրդը հոգնած է, այս կառավարությունեն դժգոհ է, կջանան բան մը ստեղծել, որ ըսեն, թե արտաքին թշնամին կհարձակի, ոչ թե իրենց գեշությունն է»,-համոզված է կանադահայ գործիչը:

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Իսկ հակահայ քարոզչությունը հասավ այնտեղ, որ նաև փորձեցին հայերին սադրանքների միջոցով ընգրկել, այսպես կոչված, «Խաղաղության հարթակում», որը նախաձեռնել էր Ադրբեջանում բնակվող ու այս երկրի կողմից ֆինանսավորվող Վահան Մարտիրոսյանը 2016թ-ին, որի նպատակն իբր խաղաղության հաստատումն էր: Մարտիրոսյանի կողմից Խաղաղության հարթակում ներքաշված անձնաց թվում հնչում էր նաև կանադահայ ժանետ հակոբյանի անունը, ով հրապարակախոս է, տնտեսագետ, երեք գրքերի հեղինակ, վերջին տարիներին է տեղափոխվել Կանադա:

 

Այս գնով խաղաղություն հարկավոր չէ, խաղաղության չի կարելի հասնել նաև զիջումների գնով, վստահ է Շահեն Միրաքյանը: Նրա կարծիքով՝ խաղաղության նախապայմանները պետք է թելադրի Արցախի ժողովուրդը, որի հետո միայն կարող են բանակցել կողմերը, մանրամասնում է.

 

Միակ ձևը, որ խաղաղություն պիտի ըլլա, որ համաշխարհային ձևով ճանչվի Արցախի ժողովուրդի իրավունքը հողի նկատմամբ

 

«Չի կրնա ըլլալ, որ Արցախի  ժողովրդի ձայնը լսելի չըլլա, երբ որ Հայաստանի կամ Ադրբեջանի կառավարությունը կջանան իրար հետ դաշինք ստորագրել, շիտակ ուղին խաղաղության համար ադ չէ, որ մեկ կողմը կջանա տիրապետել մյուսին, զենքի ուժով պիտի չըլլա, միակ ձևը, որ խաղաղություն պիտի ըլլա, որ համաշխարհային ձևով ճանչվի Արցախի ժողովուրդի իրավունքը հողի նկատմամբ, և երբ այն կըլլա, հետո միայն երկու կամ երեք կողմը իրարու հետ հաշտվին և խաղաղության մեջ ապրին»:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments