Home / Armenia  / Կանադայի հայոց թեմի առաջնորդին է ընդունել ՀՀ Սփյուռքի նախարարը

Կանադայի հայոց թեմի առաջնորդին է ընդունել ՀՀ Սփյուռքի նախարարը

babken

 

Երևան (Նորանոր) — ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն հունիսի 29-ին ընդունել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին: Այս մասին հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Բաբկեն Սրբազանի ազգասիրական, հայանպաստ գործունեությունը, համայնքը միավորելուն, հայապահպանությանն ուղղված նրա ջանքերը:

 

Սփյուռքի նախարարը Բաբկեն արքեպիսկոպոսին ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը, անդրադարձել  նոր ծրագրերին, «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովի կազմակերպական աշխատանքներին:

 

Բաբկեն Սրբազանը շնորհակալություն է հայտնել  ջերմ ընդունելության համար, ներկայացրել համայնքի հաջողությունները և նվաճումները:  Նա հպարտությամբ նշել է, որ Կանադայի հայկական համայնքի, կազմակերպությունների և դեսպանի ջանքերով Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, տեղադրվել է հայտնի կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին, որը  հայ ժողովրդի նվերն է Կանադայի ժողովրդին և խորհրդանշում է Կանադայի և Հայաստանի միջև ամուր բարեկամությունը: Սրբազանն անդրադարձել է նաև Մոնրեալում և Տորոնտոյում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված քայլարշավներին՝ Կանադայի հայ համայնքի մասնակցությանը, որոնց միավորում էին մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանությունների կանխարգելման, անկախության ու վերածնունդի գաղափարները:

 

«Մենք պետք է լինենք առաջին քայլողները, որպեսզի մեր հետևից տանենք նաև հոտը: Ստեղծել ենք Միացյալ հանձնախումբ՝ տոները միասնական կազմակերպելու, համայնքային խնդիրները միասին լուծելու համար». հավելել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը:

 

Քննարկվել են սփյուռքի համայնքները միավորելու, համահայկական առաջնահերթություններին մասնակցելու միասնական համակարգող մարմին ստեղծելու, Հայաստանի սահմանամերձ գյուղերի աջակցության կազմակերպմանն առնչվող հարցեր:

 

Ձեր կարծիքը

Comments