Home / Opinion  / Alik Hakobyan  / Դրականի ու բացասականի հնգյակը…

Դրականի ու բացասականի հնգյակը…

Alik Hakobyan Mi pokhek Alike 1200x800

 

Շուտով կլրանա մեկ տարի, որ բնակվում  եմ Քվեբեկում: Անցնող  մեկ տարին ինձ համար բացահայտումների տարի էր: Փորձում էի հասկանալ քվեբեկյան իրականության առանձնահատկությունները, զուգահեռներ անցկացնել հայկական իրականության հետ, ինձ համար գծել դրականի ու բացասականի սահմանը: Մեկ տարին, իսկապես, բավական ժամանակ է նոր երկրի նիստի ու կացի մասին որոշակի պատկերացում կազմելու եւ թացն ու չորն իրարից զատելու համար: Այսօր փորձել եմ առանձնացնել հնգական դրական ու բացասական երեւույթ, որոնք ինձ համար ակնառու են եղել անցնող մեկ տարվա ընթացքում…

 

5 երեւույթ, որ ինձ զարմացրել են դրականորեն

 

  1. Մաքուր օդը

Օդը շատ մաքուր է Մոնրեալում: Ես չեմ խոսում օդի մաքրության մասին Մոնրեալից դուրս, քանի որ Քվեբեկն անտառանյութի հսկայական պաշար ունի, ու բնական է, որ  ֆոտոսինթեզի պակաս չկա, բայց օդը զարմանալիորեն մաքուր է նահանգի միակ մեգապոլիսում՝ Մոնրեալում, ուր երթեւեկում է ավելի շատ տրանսպորտային միջոց, քան Երեւանում, բայց որն ունի բնակչության գրեթե նույն թվաքանակը: Մոնրեալի տարբեր հատվածներում այգիներ են, այդ այգիները հայկական չափանիշներով անտառներ են, ու այդտեղից էլ Մոնրեալի մաքուր օդը՝ հաճելի ու միշտ զով:

 

  1. Կարմիր լույսի տակ աջ թեքվելու արգելքի բացակայությունը

 

Քվեբեկի ցանկացած քաղաքում՝ բացառությամբ Մոնրեալի, կարող ես աջ շրջադարձ կատարել կարմիր լույսի տակ, եթե չկա հատուկ արգելող նշան: Առաջին հայացքից թվում է, թե բոլորը վարորդներն օրինախախտ են, բայց արի ու տես, որ օրենքն ուղղակի չի ստիպում մարդկանց անիմաստ կանգառ կատարել այնտեղ, ուր դրա կարիքը չկա: Ի դեպ, այստեղ փողոցի երթեւեկությունը չի հսկվում մշտարթուն տեսախցիկներով, բայց դրանից երթեւեկության որակը չի տուժում:

 

  1. Մարդկանց հյուրընկալությունը

 

Քվեբեկում մարդիկ չափազանց հյուրընկալ են ու բաց այլ երկրներից եկած ու այլ մշակույթ կրող մարդկանց նկատմամբ: Անկախ հանգամանքից, թե որտեղ է աշխատում քվեբեկցին, ինչպիսի սոցիալական դիրք ունի, քեզ անկեղծ ժպիտով մաղթում է «բարի գալուստ», երբ իմանում է, որ նորեկ ես իր երկրում:

 

  1. Անձնագրի մեջ ելքի ու մուտքի կնիքի բացակայությունը

 

Երբ մարդիկ հատում են Քվեբեկի օդային սահմանը, գոյություն չունի անձնագրային վերահսկողություն: Որեւէ մեկը չի ստուգում անձը հաստատող փաստաթուղթ եւ որեւէ կնիք չի դնում անձնագրում նրա՝ երկրից դուրս գալու փաստն ամրագրելու համար: Ավելին՝ երբ կանադայի քաղաքացին կամ մշտական բնակության իրավունք ունեցողը վերադառնում է Քվեբեկ, այդ ժամանակ եւս չկա անձնագրային վերահսկողություն ու կնիք:

 

 

  1. Սոցիալական ծրագրերը

 

Քվեբեկը ոչ միայն հյուսիսային ամերիկայում, այլեւ ամբողջ աշխարհում հայտնի է իր սոցիալական ծրագրերով: Այստեղ ասում են, որ հարկերը բարձր են, սակայն ես կարծում եմ, որ դրանք բարձր են արդարացիորեն՝ հաշվի առնելով անվճար առողջապահությունը, երեխաներին տրվող ֆինանսական աջակցությունը, երեխաների կրթության ու զարգացման մեջ ներդրվող գումարների զգալի մասի վերադարձն ու շատ այլ սոցիալական ծրագրերը: Շատերը հումորով ասում են, որ Քվեբեկում նույնիսկ երբ չես աշխատում, կյանքիդ որակը դրանից չի տուժում, քանի որ դրա մասին հոգ է տանում պետությունը:

 

5 երեւույթ, որ ինձ զարմացրել են բացասականորեն

 

  1. Փողոցների վատ վիճակը

 

Փողոցների վիճակն այստեղ շատ անմխիթար է: Քվեբեկյան փողոցներում երբեմն կարող ես հանդիպել այնպիսի փոսերի, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմի պատկերներ են հիշեցնում: Ասում են՝ մեղավորը խստաշունչ ձմեռն է, սակայն գլխավոր մեղավորներից մեկը նաեւ համարում են կոռուպցիան:

 

  1. Անընդհատ շինարարությունը

 

Մոնրեալի փողոցներում, մասնավորապես կենտրոնում, անընդհատ շինարարություն է: Ճանապարհները մշտապես կիսաբաց կամ կիսափակ են: Տպավորություն է, թե այդ շինարարությունը երբեւէ չի ավարտվելու: Սա բավականին բարդացնում է երթեւեկությունը քաղաքում, իսկ պիկ ժամերին դառնում լուրջ խցանումների պատճառ, որոնց դիմակայելու համար ամուր նյարդեր են պետք:

 

  1. Տեղաբնիկների նկատմամբ դիսկրիմինացիան

 

Կանադական լրատվամիջոցներն առ այսօր քննարկում են տեղաբնիկների (աբորիգենների) նկատմամբ դիսկրիմինացիայի դեպքերը: Շատ տեղաբնիկ կանայք առ այսօր կարող են դառնալ բռնության զոհ, տեղաբնիկների կրթության իրավունքը նույնը չէ, ինչ կանադացիներինը, նրանք չեն օգտվում սոցիալական առավելություններից, ու շատ հաճախ նրանց արգելոցներում չկա հասանելի բուժծառայություն:

 

  1. Երկարատեւ ձմեռն ու ձնաբուքը

 

Քվեբեկեում գրեթե ութ ամիս ձմեռ է: Այն ձնառատ է ու ցրտաշունչ: Ձնաբքերը կարող են լինել կատաղի՝ կաթվածահար անելով երթեւեկությունը, հոսանքազրկելով տները, դառնալով մահվան պատճառ:

 

  1. Օտարերկրյա դիպլոմների նկատմամբ անվստահությունը

 

Քվեբեկում կասկածամտորեն են վերաբերվում օտարերկրյա դիպլոմներին, նույնիսկ եթե պետությունը հաստատում է դրանց  համապատասխանությունը: Օրինակ, այլ երկրից եկած բժիշկը որպեսզի Քվեբեկում բժիշկ աշխատի, պետք է ներդնի առնվազն 5 տարի՝ անցնելով դասընթացների ու քննությունների երկարատեւ ուղի: Դրանից հետո, երբ նրա փաստաթղթերի ամբողջ փաթեթը հաստատվի, գուցե նա կարողանա վերադառնալ իր մասնագիտությանը: Դրանով է պայմանավորված, որ նորեկների ճնշող մեծամասնությունը ավարտում է որեւէ քվեբեկյան կրթական հաստատություն:

 

Ցանկացած նոր երկրում հաստատվելիս պետք է նկատի ունենալ, որ դժվարություններն անխուսափելի են: Ես փորձեցի հավասարության նշան դնել դրական եւ բացասական երեւույթների միջեւ՝ ներկայացնելով յուրաքանչյուրից հնգական, բայց անկեղծ լինելու համար ուղղակի չեմ կարող չնշել, որ իմ մեկամյա փորձառությունն առավել աչքի է ընկել դրական քան բացասական երեւույթներով:

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments