Home / Armenia  / Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ հարցեր է առաջ քաշում, մեկնաբանություն էլ չունեմ. Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում ՀՀ դեսպան նշանակվելու առիթով հնչած մեղադրանքների մասին

Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ հարցեր է առաջ քաշում, մեկնաբանություն էլ չունեմ. Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում ՀՀ դեսպան նշանակվելու առիթով հնչած մեղադրանքների մասին

Alik Arzumanyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշանակվեց Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր  դեսպանի պաշտոնում: Այս փաստը թերևս ենթադրությունների ու կասկածների որևէ առիթ չտար, եթե 5-րդ գումարման Ազգային ժողովում աշխատելու տարիներին Արզումանյանը քննադատությունների մեծ ալիք չուղղեր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ու նրա աշխատակազմին:

 

Ինչ վերաբերում էր Արզումանյանի դիվանագիտական հմտություններին, որևէ մեկն այն կասկածի չի ենթարկում, նա բավականին հարուստ փորձ ունի  մասնագետների բնորոշմամբ՝ պրոֆեսիոնալ դիվանագետ է: Ալեքսանդր Արզումանյանը եղել է ՀՀՇ լրատվական կենտրոնի տնօրեն, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում:

 

Խնդիրը նրա ընդդիմադիր կեցվածքն էր՝ ուղղված մասնավորապես Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին, որի ենթակայության տակ ներկայում աշխատելու է: Սա է առիթ տվել քննարկումների ու մեղադրանքների, առաջ քաշել հարցեր. որոնց թվում այնպիսի ենթադրություններ են, ինչպիսին, օրինակ, Արզումանյանի կողմից իշխանությունների տված առաջադրանքի կատարումը:

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Noranor.ca-ն այս հարցով դիմեց նորանշանակ դեսպանին՝ խնդրելով անդրադառնալ տվյալ մեղադրանքներին ու հարցերին, որոնց ի պատասխան՝ Արզումանյանը հակիրճ նշեց միայն. «Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ հարցեր է առաջ քաշում, մեծ հաշվով մեկնաբանություն էլ չունեմ»:

 

Նա որևէ հարցի վերաբերյալ հիմա մեկնաբանություն տալ չի ցանկանում, նշում է միայն, որ իր դիվանագիտական գիտելիքներն ու արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակը թույլ են տալիս պատկերացում կազմել այն կարևոր առաքելության մասին, որը ստանձնել է, ինչ վերաբերում է մյուս հարցերին, չի էլ փորձում անդրադառնալ, նշում է.

 

Այս պահին իմ նոր առաքելությունը դեռ չեմ ստանձնել, երբ որ կստանձնեմ, գուցե զրուցենք

 

«Ես իմ աշխատանքը լավ պատկերացնում եմ, կզանգեք, հարցեր կունենամ, կմեկնաբանեմ, այս պահին իմ նոր առաքելությունը դեռ չեմ ստանձնել, երբ որ կստանձնեմ, գուցե զրուցենք, լավ է, որ հարցեր կան, ժամանակը կգա, ձեր հարցերին կպատասխանեմ»:

 

ՉԻՋԵՑՆԵԼ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻ

Այս առնչությամբ հայաստանյան դիվանագետներից ոմանք ևս զերծ մնացին մեկնաբանություններից, իսկ խորհրդարանի ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միայն դրական է գնահատում Արզումանյանի նշանակումը՝ վստահ լինելով, որ նա պրոֆեսիոնալ մասնագետ է և կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը:

 

«Միշտ էլ պետք է քննադատել այնտեղ, որտեղ կարիք կա քննադատելու, բայց որտեղ կա իսկապես աշխատելու դաշտ, կարծում եմ, որ ինքնանպատակ քննադատությունը ոչինչ չի տալու, հաշվի է առնվել Արզումանյանի թե արտգործնախարար աշխատած տարիների փորձը, թե դիվանագիտական փորձը, և այն, ինչի մեջ մեղադրում են, չեմ կարծում, որ ցանկացած հարաբերություն կարելի է իջեցնել «ռազբորկաների» մակարդակի»,-ասաց Զոհրաբյանը:

 

Արդյո՞ք սա կնշանակի, որ նույն հաջողությամբ դեսպանները կարող են նշանակվել, օրինակ, Վարդան Օսկանյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը

 

Նա վստահ է, որ այս դեպքում անտեղի են մեղադրանքները, նորանշանակ դեպսանը եղել է նախկին արտաքին գործերի նախարար, սա ինքնին արդարացնում է նրա նշանակումը նոր պաշտոնում, իսկ արդյո՞ք սա կնշանակի, որ նույն հաջողությամբ դեսպանները կարող են նշանակվել, օրինակ, Վարդան Օսկանյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

«Երկուսն էլ պրոֆեսիոնալ լուրջ դիվանագետներ են, բայց ես ոչ հանրապետության  նախագահն եմ, ոչ էլ ԱԳՆ-ն եմ, որ իմ ծրագրերում իրենց դիվանագետ առաջադրելու օրակարգ լինի»,-նշում է նախկին ընդդիմադիր գործընկերոջ պաշտոն ստանալու հանգամանքից գոհ բհկ-ական պատգամավորը:

 

ԱՄԵՆԱՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Արզումանյանի հենց այդ քննադատություններն են, որոնք այսօր կարող են օգուտ բերել հայ-դանիական հարաբերություններին, կարծում է նրա նախկին պատգամավոր-գործընկերը «Ժառանգություն» խմբակցությունից: Թևան Պողոսյանը համոզված է, որ նա ամենաճիշտ ընտրված դեսպաններից մեկն է, ու այս առիթով քննադատություններն ավելորդ է համարում:

 

Իր ազդեցությունը կարող է դառնալ օրինակելի, որը շատ դեսպաններ օրինակ կվերցնեն նրանից

 

«Ուրախ եմ, որ վերջին մի շարք դեսպանների նշանակումից հետո, այդպիսի մարդ են նշանակել, որը պրոֆեսիոնալ է իր գործում, պատկերացնում եմ դրական շարժ, ու իր ազդեցությունը կարող է դառնալ օրինակելի, որը շատ դեսպաններ օրինակ կվերցնեն նրանից»,-կարծում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահը:

 

ԱԺ-ում 5 տարի աշխատելով Արզումանյանի հետ՝ նրա մեջ չի նկատել որակներ, որոնք այսօր կասկածի տակ կարող են դնել նրա գործելաոճի ազնվությունը, հետևաբար կարծում է՝ մեղադրելը անհիմնա է համարում՝ հավելելով. «Նույն խմբակցությունում աշխատանք ենք ունեցել, ես չեմ նկատել, որ ինքը երբեևէ այդպիսի վարքագիծ ցուցաբերի, հատկապես իր պրոֆեսիոնալ դաշտի մեջ: Ես որպես ՀՀ քաղաքացի Թևան Պողոսյան իմ կարծիքն եմ հայտնում և համոզված եմ, որ պարոն Արզումանյանը ամեն ինչ կանի, որ նոր շունչ տա դիվանագիտական կորպուսի աշխատանքների մեջ, և դրանով կնպաստի իր կողմից քննադատված համակարգում բարեփոխումներ բերելուն»:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments