Home / Canadahye  / Մարդն ու բնությունը՝ ներդաշնակ կազմավորումից մինչև մահ. Կանադահայ նկարիչ Կարեն Պետրոսյանի ցուցահանդեսը Երևանում

Մարդն ու բնությունը՝ ներդաշնակ կազմավորումից մինչև մահ. Կանադահայ նկարիչ Կարեն Պետրոսյանի ցուցահանդեսը Երևանում

Karen petrosyan nk

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան, Մոնրեալ (Նորանոր) _Արևմտյան ու Արևելյան Հայաստանները՝ խոշոր մասշտաբներով առանձնանում են Երևանի Գեղագիտական կենտրոնում ներկայացված աշխատանքներից. Պատմական ու ներկայիս Հայաստաններից ստացված բնապատկերների միջև սիմվոլիկ կապ կա՝ միասնական լինելու գաղափարով. «Այդ հարցը ինձ շատ է հուզում, հավանաբար մի օր դա  մի նոր պրոեկտ կլինի»,-ասում է մոնրեալահայ նկարիչ-քանդակագործ Կարեն Պետրոսյանը:

 

20170714_201104«2009-ին եղել եմ Կիլիկիայում, տպավորված շատ այդ տեղանքներից, և տեխնոլոգիան, կատարման ձևը ևս յուրահատուկ է, իսկ Արևելյան Հայաստանից ներկայացրել եմ Կարմրաշեն գյուղը, ոչ թե յուրահատուկ, այլ պարզապես Հայաստանի բնության մի մաս»,-պատմում է արվեստագետը:

 

Մյուս գործերում մարդն է իր էությամբ լսողություն դարձած, ով հետևում է բնության ձայներին՝ ներդաշնակ ապրելով բնության հետ. Արհեստականությունը երկար գոյատևել չի կարող. Այս գաղափարն է վեր հանել կանադահայ նկարիչ Կարեն Պետրոսյանն իր ստեղծագործությունների հերթական՝ «Մտորումներ» շարքում: Սա Հայաստանում նրա երրորդ ցուցահանդեսն է:

 

Արվեստագետն, ով ծնվել ու երկար տարիներ ապրել է Հայաստանում, 30 տարի առաջ՝ 1987թ-ին է ընտանիքի հետ տեղափոխվել Մոնրեալ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Կանադայում զբաղվել է միայն արվեստով, ինչպես ինքն է ասում, դժվար է, բայց արվեստագետը պայքարի մեջ է աշխարհի ցանկացած վայրում էլ, սա էլ իր ընտրած ճանապարհն է, որը հաջողվում է հաղթահարել՝ շնորհիվ նվիրված աշխատանքի ու տաղանդի:

 

ԱՄԵՆՕՐՅԱ ԱՊՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՐՑԵՐԸ

«Արվեստագետն իր ներաշխարհն է արտացոլում, ինչ ծնվում է, տրվում է քննադատներին, իմ ամենօրյա ապրումներն են, ամենօրյա հարցերն են, որոնց պատասխանները փորձում եմ գտնել, և դա արտահայտվում է տեսողական ձևով, այսինքն՝ վիզուալ արվեստի ձևով, լինեն նկարներ կամ քանդակներ»,-ներկայացնում է Պետրոսյանը:

 

Այստեղ մարդ-բնություն հարաբերություններն են ու շեշտված առանցքը դա է, թե բնությունն  ինչպես է ազդում մարդու կազմավորման վրա

 

20170714_194508

Իսկ հարցերն այս աշխատանքներում վերաբերում են մարդու և բնության հարաբերություններին: «Այս ցուցահանդեսի կորիզը մարդու կազմավորման գաղափարի մեջ է, որովհետև այստեղ մարդ-բնություն հարաբերություններն են ու շեշտված առանցքը դա է, թե բնությունն  ինչպես է ազդում մարդու կազմավորման վրա: Ինչպես կարելի է առանց բնության, անհնար է, կարող ենք արհեստական ապրել մեկ օր, երկու օր, այլապես անհնար է, պետք է հաշտ ապրես բնության հետ ու կարողանաս լսել բնությանը, և այդ ամենը փոխադարձ է գալիս»,-ասում էարվեստագետը:

 

Յուրաքանչյուր գաղափար նա արտահայտում է ինչպես նկարի, այլև քանդակի տեսքով: Այս ցուցահանդեսում էլ ներկայացված են արվեստի երկու ուղղություններն էլ:

 

Գործեր կան, որոնց վրա աշխատում եմ 70-ականներից ու դեռ աշխատում եմ

 

«Երբ որ աշխատում եմ, մի ամբողջ շարք է ստեղծվում, որոնք թեմատիկ կապված են, մեկ առանցքի վրա են, դա կարող է կարճ տևել, կարող է տարիներ տևել, ու երբ առիթը լինում է, ցուցադրում եմ, գործեր կան, որոնց վրա աշխատում եմ 70-ականներից ու դեռ աշխատում եմ: Ցուցադրությունն ինչ-որ տեղ սիմվոլիկ ավարտ է տվյալ շարքի»,-նշում է նկարիչը:

 

ԱՊՐԵԼՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

20170714_194710Որպեսզի աշխարհայացքն ընդարձակ լինի, բարձրացվող հարցերը՝ բազմազան, իսկ աշխատանքները՝ մարդկանց հուզող տարբեր թեմաների մասին, նաև պետք է ապրելու  կամ ժամանակավոր գտնվելու աշխարհագրությունը փոփոխվի, համոզված է արվեստագետը: Հենց այս մղումով է, որ նա տարվա մի մասը Հայաստանում է անցկացնում, մի մասը՝ Կանադայում, տպավորությունները միախառնվում են, ծնում նոր ստեղծագործություններ:

 

Հայրենիքի զգացողությունը միայն այստեղ ապրելով չէ, այստեղ մարդիկ կան, որոնք ապրում են Հայաստանում, և դժվար է ասել, որ հայ են

 

Հայրենիքից 30 տարի առաջ հեռացած լինելով՝ երբևէ օտարացած չի զգացել. «Հայրենիքի զգացողությունը միայն այստեղ ապրելով չէ, այստեղ մարդիկ կան, որոնք ապրում են Հայաստանում, և դժվար է ասել, որ հայ են, ես որ տարիներ առաջ մեկնել եմ այս երկրից, ինձ համար ամենացավալի հարցերից մեկն է, որ երկիրը դատարկվում է, նաև չեմ մեղադրում ոչ մեկին, ամեն մարդ իր խնդիրներն ունի»,-կարծում է մոնրեալահայը նկարիչը:

 

Արդյոք մի բան պետք է փոխվի, շատ բան պետք է փոխվի, մարդիկ պետք է հնարավորություն ունենալ աշխատել ապրելու համար

 

Չի մեղադրում, որովհետևե տեսնում է խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, բայց  դրանք շատ են, իսկ լուծման ուղիները՝ դեռևս անտեսանելի: «Արդյոք մի բան պետք է փոխվի, շատ բան պետք է փոխվի, մարդիկ պետք է հնարավորություն ունենալ աշխատել ապրելու համար, մի ամբողջ ցանց է մեկը մյուսի հետ կապված, և պետք է հասկանալ, թե ինչպես պետք է պատասխանատուները մտածեն և ճիշտ քայլեր մշակեն»:

 

Անկախ դրանից, ինչպես ինքն է կապը պահպանում Հայաստանի հետ, այնպես էլ իր զավակները, որոնք չի բացառում, որ վերադառնան և հաստատվեն Հայաստանում. «Եթե իրենք որոշեն, որ այստեղ պիտի ապրեն, շատ ուրախ կլինեմ, նրանք պետք է միշտ ազատ լինեն, ճամփորդելու, գնալու տեսնելու, երկար կամ կարճ ժամանակով ապրելու»:

 

Իր վերադարձն էլ չի բացառում, և գոհ է, որ հիմա էլ հնարավորություն ունի հաճախ այցելելու հայրենիքը, որը ևս, վստահ է, որ նրան կարող էր տալ միայն արվեստով ապրելու հնարավորությունը, ինչպես դա ձեռք է բերել Կանադայում:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments