Home / Armenia  / Արցախն՝ ավտորիտար պետություն դառնալու ճանապարհին. Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը՝ Բակո Սահակյանի իշխանության մասին

Արցախն՝ ավտորիտար պետություն դառնալու ճանապարհին. Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը՝ Բակո Սահակյանի իշխանության մասին

Hayk Khanumyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Ստեփանակերտ (Նորանոր) _ Արցախում Սահմանադրական փոփոխություններից հետո վաղն առաջին անգամ անցկացվելու են նախագահական ընտրություններ. Ըստ Մայր օրենքի փոփոխությունների՝ ԼՂ-ն անցել է նախագահական կառավարման համակարգի, մինչ այդ երկիրը կառաջնորդվի անցումային փուլի ռեժիմով, իսկ նախագահին կընտրի խորհրդարանը:

 

Ինչպես հայտնի է, այս ընտրություններում առաջադրվել է նախագահի երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, ով անկախ Սահմանադրության պահանջից, առաջադրվել է երրորդ անգամ, և ԱԺ «Շարժում-88» խմբակցության թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը:

 

Պայքար, ըստ էության, թեկնածուների միջև չկա, Աղաբեկյանն ինքն էլ ընդունում է, որ հաղթել չի կարող, քանի որ խորհրդարանի 33 պատգամավորներից 28-ը՝ այսինքն՝ երեք խմբակցությունները ներկայացնող պատգամավորներն իրենց ձայնը տալու են Բակո Սահակյանին:

 

Այս պարագայում արդյոք ձևական բնույթ չի կրում Աղաբեկյանի առաջադրումը, իսկ Բակո Սահակյանի պաշտոնավարման երրորդ ժամանակաշրջանը ի՞նչ կտա Արցախին, ի՞նչ է այս տարիների ընթացքում հաջողել կամ ձախողել Արցախի գործող նախագահը. Այս և այլ հարցերի շուրջ Noranor.ca-ն զրուցել է ԱԺ պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:

ԽԱԽՏԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Բակո Սահակյանի՝ իշխանության երկարաձգման ցանկությանը չխոչընդոտեց անգամ Սահմանադրությունը, ըստ այդմ՝ նախագահը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չուներ, բայց Սահակյանն առաջադրվեց, հիշեցնում է Խանումյանը, իրավիճակը նա բնորոշում է այսպես.

 

Ես կարծում եմ այն կշարունակվի նաև 2020թ. և դրանից հետո, ինչն Արցախի լավ բան չի կարող խոստանալ

 

«Տեղի ունեցող գործընթացը ես գնահատում եմ որպես Արցախում քաղաքական համակարգի ոչնչացում: Այն սկսվեց սահմանադրական փոփոխությունների գործընթացով և այսօր ընթանում է Բակո Սահակյանի իշխանության երկարաձգման գործընթացով: Ես կարծում եմ այն կշարունակվի նաև 2020թ. և դրանից հետո, ինչն Արցախի լավ բան չի կարող խոստանալ»:

 

Որ Բակո Սահակյանի իշխանությունը կշարունակվի նաև 2020թ-ից հետո, շատերն են համոզված, ինչպես օրինակ Հայաստանում, որտեղ Սերժ Սարգսյանը եթե մինչ սահմանադրական փոփոխությունները վստահեցնում էր, որ այլևս չի հավակնի իշխանության ղեկավարի պաշտոնին, այսօր արդեն ակնարկում է, որ չի բացառվում վարչապետի պաշտոն ստանձնելը:

 

ԸՆՏՐՎԵԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ

Արցախում ևս կան լուրջ խնդիրներ՝ ներքին և առավել ևս արտաքին, դրանք բարձրացնելու նպատակով է միայն առաջադրվել ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը՝ Աղաբեկյանը: «Թեկնածուն ինքն էլ գտնում է, որ ընտրվելու շանս չունի, ուղղակի առաջադրվել է այդ կարգավիճակով հանրությանը որոշակի ուղերձներ հղելու համար: Եթե նա այս ճանապարհն է ընտրել, կարծում եմ իրավունք չունենք դատափետելու: Մարդը հստակ հայտարարել է՝ ինչի համար է առաջադրվում, և որոշել է խնդիրներ բարձարցնել: Մենք ականջալուր կլինենք այդ խնդիրներին, քանզի խնդիրների ձևակերպումն էլ մեր այսօրվա Արցախում ինքնին խնդիր է»,-նշում է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը:

 

Աղաբեկյանը՝ որպես խնդիր, բարձրաձայնում է հատկապես Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցելու անհրաժեշտությունը, թե ինչ կփոխվի այդ պարագայում ԼՂ կարգավորման գործընթացում, պատգամավորը ոչ թե մեկնաբանում, այլ իր մոտեցումն է ներկայացնում. Արցախը պետք է դառնա գործոն:

 

Արցախյան խնդիրը լուծում ունի, եթե դրա շուրջ բանակցում ու պայմանավորվում են Ստեփանակերտն ու Բաքուն՝ առանց միջնորդների

 

«Արցախյան խնդիրը լուծում ունի, եթե դրա շուրջ բանակցում ու պայմանավորվում են Ստեփանակերտն ու Բաքուն՝ առանց միջնորդների: Պատերազմի ժամանակ նման փորձ եղել է, և արդյունքներ նույնպես եղել են, երբ Ստեփանակերտն ու Բաքուն անմիջականորեն լուծել հումանիտար բնույթի հարցեր: Այս սցենարը հնարավոր է, եթե ակտիվորեն աշխատենք Արցախի ճանաչման ուղղությամբ, և տեղի ունենա որոշակի երկրների կողմից Արցախի ճանաչում»,-կարծում է «Վերածնունդ» խմբակցության ղեկավարը:

 

ՍԱՀԱԿՅԱՆԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլյան պատերազմում ունեցած կորուստները վերահաստատեցին Բակո Սահակյանի ձախողումները, այդ շրջանում հայտնի դարձավ, որ հնարավոր էր կանխել այդ ամենը, ինչը չի արվել,  կարծում է քաղաքական գործիչը:

 

«2016թ. ապրիլին Արցախ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած էսկալացիան, տասնյակ զոհերը և կորցված դիրքերը նրա ամենամեծ փորձությունն էր: Ապրիլից հետո առաջնագծում տեղի ունեցած փոփոխությունները, տեխնոլոգիական վերազինումն ու ինժենարական աշխատանքները ցույց տվեցին, որ հասանելի միջոցներով հնարավոր է կանխել ապրիլը, ինչպես նաև թշնամու դիվերսիաններն ընդհանրապես, սակայն Բակո Սահակյանն այս առումով անգործության էր մատնվել՝ չկատարելով անհրաժեշտ քայլերը, չնայած դրա մասին Արցախի քաղաքական դաշտում խոսվում է առնվազն 2012թ-ից սկսած, թե ընդդիմության թե կառավարող ուժերի ներկայացուցիչների կողմից»,-նշեց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարը:

 

Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի գրեթե 100 տոկոսն այսօր արտադրվում է Արցախում: Կարծում եմ, սա վարչապետ Արայիկ Հարությունյանին ամենահաջողված ծրագիրն է եղել

 

Սակայն եղել են նաև հաջողված ծրագրեր, որոնցից ամենակարևորը Խանումյանը վերագրում է ոչ այնքան Բակո Սահակյանին, որքան Արցախի կառավարության ղեկավարին: «Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի գրեթե 100 տոկոսն այսօր արտադրվում է Արցախում: Կարծում եմ, սա վարչապետ Արայիկ Հարությունյանին ամենահաջողված ծրագիրն է եղել»,-ասում է նա:

 

Ի դեպ, Արայիկ Հարությունյանը ևս կարող էր հավակնել նախագահի պաշտոնին, սակայն նրա կուսակցությունը՝ «Ազատ հայրենիք»-ը, որը մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, չի առաջադրել նրա թեկնածությունը:

 

Կամ լավը կամ ոչինչ սկզբունքով խոսում են մահացածի մասին: Այնինչ, Արցախը շնչող օրգանիզմ է

 

Ի տարբերություն Հայաստանի, Արցախի ներքին խնդիրների մասին շատ ավելի քիչ է խոսվում, սովորության համաձայն կամ սկզբունքորեն հասարակությունը նախընտրում է Արցախի մասին կամ լավը խոսել կամ լռել, իսկ արդյոք սա չի վնասում հենց Արացխին, Խանումյանը նշում է. «Ինչպես նշում է իմ նախկին գործընկեր Գեղամ Բաղդասարյանը կամ լավը կամ ոչինչ սկզբունքով խոսում են մահացածի մասին: Այնինչ, Արցախը շնչող օրգանիզմ է: Արցախի խնդիրները հարկավոր է ձևակերպել, խոսել այդ խնդիրների մասին և լուծումներ փնտրել: Ինչքան շատ խոսվի, այնքան շատ լուծումներ կգտնենք: Հետևաբար, հատկապես այսօր, երբ Արցախն ընթանում է ավտորիտար պետություն դառնալու ճանապարհով, հարկավոր են նոր նախաձեռնություններ ներսից, Հայաստանից, Սփյուռքից՝ վեր հանելու արցախյան խնդիրները և լուծումներ փնտրելու դրանց ուղղությամբ»:

 

Իսկ դրանցից առաջնայիններից մեկն այն է, որ Արցախում տեղի է ունենում իշխանության և ռեսուրսների կենտրոնացում: Բակո Սահակյանի պաշտոնավարման երրորդ ժամկետով այդ գործընթացներն ավելի են սրվում:

 

Բակո Սահակյանի պաշտոնավարման երկարաձգումը բերելու է Արցախի թուլացմանը

 

«Թուլանում են տեղական իշխանությունները, աղքատանում են համայնքները, փոխարենն ամբողջ իշխանությունը կենտրոնանում է մի հոգու ձեռքում, գրեթե բոլոր միջոցները հավաքվում են պետական բյուջեում, որը ծախսվում է անարդյունավետ՝ ծառայելով մի քանի հոգու բիզնես շահերին: Այս գործընթացի շարունակությունը բերելու է հասարակության մեջ անարդարության աճին, ինչը սովորաբար արտահայտվում է արտագաղթով: Եթե ամփոփելու լինենք, ապա Բակո Սահակյանի պաշտոնավարման երկարաձգումը բերելու է Արցախի թուլացմանը»,-եզրափակում է հասարակական գործիչը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments