Home / Canadahye  / Հայ-կանադական «Հզորացնենք Հայաստանը» ծրագրով վերանորոգվում է շիրակցի նկարչուհի-քանդակագործ Գոհար Պետրոսյանի արվեստանոցը. աղջիկը երազում է գյուղի երեխաների համար արվեստի ստուդիա հիմնել

Հայ-կանադական «Հզորացնենք Հայաստանը» ծրագրով վերանորոգվում է շիրակցի նկարչուհի-քանդակագործ Գոհար Պետրոսյանի արվեստանոցը. աղջիկը երազում է գյուղի երեխաների համար արվեստի ստուդիա հիմնել

Gohar Petrosyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Գյումրի, Տորոնտո (Նորանոր) _ Նկարիչ-քանդակագործ Գոհար Պետրոսյանն իր կյանքն ու գործունեությունը չի պատկերացնում Հայաստանից դուրս, Շիրակի մարզի Հացիկ գյուղում, համագյուղացի երեխաներով շրջապատված՝ նրանց է փոխանցում հմտությունները, որոնք ձեռք է բերել 3 տասնամյակների ընթացքում:

 

«Ուզում է անպայման գյուղում ունենալ իր արվեստի ստուդիան, որպեսզի կարողանա գյուղի երեխաներին կտրել առօրյա հոգսերից, լավ երեխաներ կան»,-պատմում է Գոհարի մայրը՝ տիկին Ժասմենան:

 

Գոհարը, ով մանկուց խոսքի ու լսողության հետ կապված դժվարություններ ունի, իր խոսքն արտահայտում է նկարների, քանդակների, կերամիկական աշխատանքների միջոցով: Երկրաշարժի ժամանակ նա երեք տարեկան էր, մայրն ասում է՝ դեռ պահպանել է այդ տարիների նկարները, որոնք ապագա նկարչուհու առաջին քայլերն են: Հետագայում աղջիկը հաճախում է Գյումրիի Գեղագիտական կենտրոն, ապա ավարտում Գեղարվեստի ակադեմիայի Գեղանկարի բաժինը, որից հետո էլ փորձում է իր երազանքի հիմքը դնել՝ արվեստանոց բացել ու աշխատել գյուղի երեխաների հետ:

 

ԸՆԹԱՑՔ ՏՐՎԵՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Պայմանները, որում աշխատում էր աղջիկը, բավարար չէին, ձմռան ամիսների ցրտաշունչ կլիմայի պատճառով առավել ևս աշխատանքը կանգ էր առնում, բայց Գոհարի ու սաների եռանդը չէր պակասում: Այս ամենն աննկատ չմնաց. Գյումրեցի նախաձեռնող երիտասարդները՝ Civil Voice հասարակական կազմակերպության Գյումրու գրասենյակի տնօրեն ու «Հզորացնենք Հայաստանը» հայ-կանադական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Վարդանյանի մտահղացմամբ որոշեցին ընթացք տալ Գոհարի նախաձեռնությանը:

 

Հարմարավետ միջավայր չկար, որպեսզի կարողանան միջավայրային աշխատել, մարդիկ հյուրընկալել, ինչպես նաև կարողանան ձմեռային ամիսներին աշխատել

 

«Գոհար Պետրոսյանի արվեստանոցում ի սկզբանե աշխատանքներ սկսվել էին, այսինքն՝ տեխնիկական առումով հարգեցած էր, բայց հարմարավետ միջավայր չկար, որպեսզի կարողանան միջավայրային աշխատել, մարդիկ հյուրընկալել, ինչպես նաև կարողանան ձմեռային ամիսներին աշխատել»,-պատմում է Արսեն Վարդանյանը, ով հարցով դիմել է կանադահայ ինժեներ Արազ Պողոսյանին: Արազի հետ Հայաստանում անցած տարիներին էլ ծրագրեր էին իրականացրել, բայց այս մեկն առանձնացավ իր ներդրման չափով:

 

ՕԳՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐԴՈՒՆ

Արազ Պողոսյանին մտահղացումը ոչ միայն հետաքրքրեց, այլև ինքն իրեն խոստացվավ ամեն գնով ապահովել երիտասարդ նկարչուհու աշխատանքային բարեկեցությունը՝ համոզված լինելով, որ նա հայրենանվեր գործ է կատարում, ու բոլորի պարտքն է նրա կողքին կանգնել:

 

Կարող է մյուս Այվազովսկին իր արվեստանոցից դուրս գա

 

«Օգնում ենք նրանց, ովքեր ձգտում են, Գոհարը հոյակապ մի անձնավորություն էր, առաջին պահից, որ հանդիպեցինք իրեն, պարզ դարձավ, որ այս մարդը պայքարող է, ու ինչու ենք օգնում այս մարդկանց, որովհետև իրենք են մեր երկրին օգնելու վերջիվերջո, Գոհարն է, որ մի բան է ներկայացնում իրենից, կարող է մյուս Այվազովսկին իր արվեստանոցից դուրս գա, երեխաներ են հաճախում, կարող է տաղանդավոր մեկը հենց Գոհարի մոտից սկսի աշխատել. Մենք էդ շանսը ուզում ենք տալ էդ երեխեքին, որոնք ուզում են պայքարել, առաջ գնալ, դրա համար օգնեցինք Գոհարին»,-նշեց Արազ Պողոսյանը:

 

«Հզորացնենք Հայաստան»-ը նախաձեռնությունը ստեղծվել է նրանց համար, ովքեր պայքարի ուժ ու ձգտում ունեն, չի օգնում նրանց, ովքեր սոցիալական խնդիրներ ունեն, բայց ոչ ձգտում: Գոհարի մայրը՝ տիկին Ժասմենն էլ զարմացել է ու ոգևորվել, երբ զգացել է, որ դստեր սկսած գործը նման ուշադրության է արժանանում:

 

ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

«Լրիվ պատահական Արսենը առաջարկեց, հետո Արազը կապվեց Գոհարիկի հետ, պայմանները նայեցին , Արազն ինքը եկավ, նախ դրամահավաք կազմակերպեցին էնտեղ, Արազը եկավ, լրիվ անհրաժեշտ շինանյութը  բերեցին, էնքան լավ է, որ Գոհարը կարող է վերանորոգումից հետո իր աշակերտների հետ տաք միջավայրում աշխատել, իր ունեցած արվեստանոցը բավական ցուրտ էր»,-ասում է կինը:

 

Եթե չլիներ նախաձեռնությունը, իրենք չէին էլ կարող որևէ բարեփոխում կատարել, իսկ սա ստեղծագործական նոր հնարավորություններ կտա երեխաներին:

 

Եթե հիմա արդեն կերամիկական նյութեր պատրաստեն, երեխաները կարող են նաև հուշանվերներով զբաղվել

 

«Աշակերտներ ունի, լավ հաջողություններ ունի, հիմնականում նկարչության ճյուղով էին աշխատում, բայց եթե հիմա արդեն կերամիկական նյութեր պատրաստեն, երեխաները կարող են նաև հուշանվերներով զբաղվել: Ամեն ինչ արել են, լրիվ կերամիկայի հետ առնչվող սարքավորումներն ունին՝ մշակելուց սկսած մինչև ծեփել»,-նշում է մայրը:

 

Դժվար է կերամիկական ներկեր հայթայթելը, որոնք բավական թանկ արժեն, բայց դա հոգեպես ուժեղ ու ամուր աղջկան՝ Գոհարին չի ընկճում: Առավել ևս հիմա, երբ իր արվեստանոցն օր օրի ավելի ժամանակակից ու հարմարավետ է դառնում, շինարարական աշխատանքները կանգ չեն առնում:

 

«Բացի արվեստանոց լինելուց այն պետք է ծառայի որպես լսարան, երեխաներ, պատանիներ, երիտասարդներ գան, էստեղ կրթություն ստանան , սովորեն, արհեստների ու արվեստների մեջ ներառվեն»,-ոգևորությամբ ներկայացնում է Արսեն Վարդանյանը, պատմում նաև անցած տարիների նախաձեռնությունների մասին, որոնք ավելի փոքրամասշտաբ են եղել: Սա նաև Շիրակի մարզում զբոսաշրջությանը նպաստող հերթական միջոցառումը կլինի:

 

ԱՄՍԱԿԱՆ 500-600 ԱՅՑԵԼՈՒ

Մինչ այս բազմաթիվ ծրագրեր են գործի դրել, ու մեծ մասամբ հաջողել են, արդյունքն այն է, որ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամները ամսական 500-600 այցելու են ընդունում, այդ ամենը շնորհիվ մի շարք ձեռնարկների: «Կատակում են գյումրեցիները» խմբի հիմնադիրը ներկայացնում է.

 

«Բազմաթիվ մարդիկ են միանում ու գալիս, ոչ միայն  հայեր, այլև օտարերկրացիներ, օրինակ Վազգեն Ակկայան բնակվում է Հոլանդիայում, ամեն տարի շաբաթվա մեջ ըդպես օր չունենք, որ իրա մտերիմներից, ծանոթներից մարդ չհյուրընկալենք Գյումրիում, սա մատուցման մի միջավայր է, որի միջոցով փորձում ենք մարդկանց հրավիրել Գյումրի»:

 

Գյումրի հրավիրում են բազմաթիվ այլ նորարարություններով ևս, Գոհարի արվեստանոցի վերանորոգումն էլ դժվարություններով լի, բայց կարևոր քայլերից է, դժվարությունները կապված են ֆինանսական միջոցների հայթայթման հետ, որի համար կանադահայ Արազ Պողոսյանը ջանք չի խնայել, պատմում է.

 

ԿԱՆԱԴԱԿԱՆ 5000 ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ 6000 ԴՈԼԱՐ

«Պրոցեսը շատ դաժան է, գումար հավաքելը, չորս ամիս օրական չորսից հինգ ժամ պիտի ժամանակ տրամադրեինք Գոհարի արվեստանոցի համար, չգիտեի էլ, կկարողանանք հավաքել, բայց իմ կողմից ինքս ինձ խոսք էի տվել, որ պետք է անենք այս գործը, դրա համար սկսեցինք, ես էլ տրամադրվել էի, որ իմ թիմի հետ հավաքվեինք 5 հզր կանադական դոլար, բայց հավաքեցինք 6 հազար,  ու այդ ավել փողով կարողացանք պատուհաններն էլ վերանորոգել, սանհանգույցն էլ կառուցել, որ կարիք չունենան ձմռանը արվեստանոցից դուրս գալ»:

 

Դժվարությունները շատ են եղել, բայց խմբի տղաների, մտերիմների, ծանոթների, հայաստանցի, կանադահայ ու ամերիկահայ բարեկամների ջանքերով կարողացել են գործն ավարտին հասցնել: Սա միայն բարեհաջող ծրագրերից մեկն է, Արազն այլ նպատակներ ունի, ավելի մեծ ծրագրեր իրականացնելու ցանկություն, որի համար ցանկանում է փաստաթղթային կարևոր ձևակերպումներն ավարտել ու ներդրում կատարողներին ՀԴՄ կտրոններ տրամադրել:

 

Եթե փաստաբան կա, որ կարող է ինձ օգնել, նայի և խորհուրդ տա, 95 տոկոս ամեն ինչ արել եմ, եթե կարող է մեկն օգնել, հոյակապ կլինի, որովհետև տասն անգամ ավելի շատ ֆինանս կարող ենք հավաքել

 

«ՀԴՄ տանք ժողովրդին , որ կարողանան  քիչ հարկ մուծեն, այսինքն դա ավելի է շահագրգռում, որ օգնեն, այս պահին փաստաբանի կարիք ունենք, եթե փաստաբան կա, որ կարող է ինձ օգնել, նայի և խորհուրդ տա, 95 տոկոս ամեն ինչ արել եմ, եթե կարող է մեկն օգնել, հոյակապ կլինի, որովհետև տասն անգամ ավելի շատ ֆինանս կարող ենք հավաքել»,-ասում է երիտասարդ կանադահայը:

 

Նա մտադիր է հետագայում էլ ընդլայնել նախաձեռնության  սահմաններն ու այլ երկրներում ապրող հայերին ներգրավել ծրագրում:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments