Home / Canadahye  / Տորոնտոյի Հայ ընտանիքների աջակցության ծառայությունն այս տարի 38 սիրիահայ կարող է ընդունել անցած տարվա 200-ի փոխարեն. Ռիտա Օջախյան

Տորոնտոյի Հայ ընտանիքների աջակցության ծառայությունն այս տարի 38 սիրիահայ կարող է ընդունել անցած տարվա 200-ի փոխարեն. Ռիտա Օջախյան

Rita Ojaxyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Կանադա տեղափոխված սիրիահայ ընտանիքների մոտ 10 տոկոսի փաստաթղթային ձևակերպումների, աշխատանքի և բնակարանային ապահովման կամ սոցիալ-հոգեբանական աջակցության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Տորոնտոյի Հայ ընտանիքների աջակցության ծառայությունը (Armenian Family Support Services (AFSS)): Ավելի քան 250 սիրիահայ ընտանիքների աջակցություն է ցուցաբերել, զբաղվում է նաև նոր տեղափոխվող ընտանիքների ընթացիկ հարցերի կարգավորմամբ:

 

Եթե 2016 թ-ին Կանադայի կառավարությունն այս կառույցին թույլատրել էր մոտ 200 սիրիահայ ընդունել, ապա այս տարի նրանց թիվը սահմանափակ է. Միայն 38 սիրիահայ կարող է նրանց աջակցությամբ տեղափոխվել Կանադա, բայց սա չի նշանակում, որ AFSS-ի աշխատանքների ծավալը նվազել է. Նախորդ տարիների թույլատրելի թվաքանակը դեռևս չի լրացել, իսկ Կանադայում նրանց օգնությամբ հաստատված ընտանիքները թեև մեծ մասամբ լուծել են աշխատանքի հարցը, սակայն հոգեբանական ու նրանց հետ տարվող շարունակական աշխատանքները չեն դադարում:

 

Հիմա սիրիահայերն իրենց ավելի հանգիստ են զգում այս երկրում, իրենց համարում են կանադահայ գաղութի մի մաս և հիմնականում ինտեգրվել են հասարակությանը. այս մասին Noranor.ca-ի հետ զրույցում ասաց AFSS ատենապետ Ռիտա Օջախյանը, ով դեռ 1980-ականներին է Իրանից տեղափոխվել Կանադա:

 

Ես ինքս էլ, որ նորեկ եմ եղել Կանադայում, մեքենայով քշել, մտել եմ երկիր, առանց մեկին ճանաչելու, շատ լավ հասկանում եմ նոր եկածների ու փախստականների պատմությունը

 

«Ես Բոստոն էի՝ Ամերիկա և ինծի ասացին՝ մի վերադարձիր Պարսկաստան, նախ այն պաճառով, որ կին ես, երկրորդ, որ քրիստոնյա ես, և ընտանիքդ ալ գինիի գործի մեջ է եղել. Աս երեք բաները հակառակ էին իմ ճանապարհիս, եկա Կանադա, քան թե մնամ փախստական Ամերիկայում էմիգրանտ: Ես ինքս էլ, որ նորեկ եմ եղել Կանադայում, մեքենայով քշել, մտել եմ երկիր, առանց մեկին ճանաչելու, շատ լավ հասկանում եմ նոր եկածների ու փախստականների պատմությունը, կարողանում եմ հետները մտերմանալ»,-պատմում է Օջախյանը:

 

Մտնելով գաղթականների դրության մեջ՝ կինը տարբեր ժամանակներում սկսում է աշխատել տարբեր խմբերի հետ՝ նախ իրաքահայերի, այժմ էլ՝ սիրիահայերի: «Հայերը դժբախտաբար այնպիսի երկրներում են ապրում, որ կամ կռիվ է ըլնում, կամ հեղափոխություն»,-ցավով նշում է կինը՝ ներկայացնելով այն նվիրված կամավորական աշխատանքները, որոնք կատարում են վերջին շրջանի փախստականների հետ:

 

Ուրախալի էր իրենց համար, երբ Կանադան՝ բարի գալուստ ասելով սիրիահայերին, իրենց ևս վստահեց նրանց ընդունելությունը կազմակերպելու, փաստաթղթերով զբաղվելու պատասխանատվությունը: Ընկերությունն աշխատում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հովանու տակ, եկեղեցու օգնությամբ էլ որոշ ծրագրեր կարողանում են հաջողության հասցնել, նրանց հաջողվում է նորեկներին օգնել բնակարան գտնելու, այն կահավորելու, երեխաների ուսուցումը կազմակերպելու և այլ հարցերում, այս մասին ամիսներ առաջ հարցազրույցներից մեկում ներկայացրել է Noranor.ca-ն, իսկ այսօր ներկայացնում է այն աշխատանքները, որոնք տարվում են արդեն մեկ տարուց ավելի հաստատված սիրիահայերի հետ:

 

90 ՏՈԿՈՍԸ՝ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՈՒՄ

Ինչպես հայտնի է, բնակության առաջին տարում կառավարությունը օժանդակություն է տրամադրում նորեկներին, սակայն, ինչպես տիկին Ռիտան է պատմում, նրանցից գրեթե ոչ ոք չի ցանկացել դրա հույսին մնալ, այլ առաջին իսկ օրվանից ձգտել են աշխատանք գտնել, և մեկ տարվա ընթացքում 90 տոկոսին դա հաջողվել է:

 

Ինժեների մասնագիտությամբ մոտ 20 սիրիահայերի են օգնել

 

Հատկապես համալսարանավարտ և անգլերեն իմացող սիրիահայերին աշխատանքի տեղավորելը դյուրին է եղել, նաև ինժեների մասնագիտությամբ մոտ 20 սիրիահայերի են օգնել, այլ է եղել արհեստավորների վիճակը, եթե Միջին Արևելքում ոսկերչությունը կամ մեխանիկի աշխատանքը պահանջված է, ապա Հյուսիսային Ամերիկայում նրանց կարիքը գրեթե չի զգացվել:

 

Մոտ 30 տոկոս սիրիահայերից ոսկերիչներ  են, բայց ոսկերչությունը պահանջված չէ

 

«Մոտ 30 տոկոս սիրիահայերից ոսկերիչներ  են, բայց ոսկերչությունը պահանջված չէ, կարողացել ենք մի բան ճարել, որ կարողանան գործ կատարել, փորձում ենք ճարել մոտ գործեր: Արհեստավորները դժվարանում են, համալսարանական կրթություն ունեցողները կարողանում են գործ  ճարել, բայց էլի դժվարությամբ, որովհետև լեզուն է մեջտեղ գալիս»,-պատմում է տորոնտոհայը:

 

Այս դեպքում էլ օժանդակում են անգլերենի ուսուցման կազմակերպմանը: Սիրիահայերը դա հաճույքով են անում, որովհետև մտադրված են հիմնական բնակություն հաստատել այս երկրում, պատմում է. «Ասում են՝ մենք չենք ուզում մնանք, որ դրամ ստանանք, սա իրենց համար շատ լավ էներջի է, ուզում են գործ ճարել»:

 

ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ…

Եթե սկզբնական շրջանում նորեկներին ուղեկցում են Սիրիայի մասին հիշողությունները, ապա որոշ ժամանակ անց հարմարվում են նոր պայմաններին ու ապրելակերպին: Ամիսը մեկ անգամ AFSS-ն կազմակերպում է հանդիպում հավաքներ, որոնց ժամանակ նրանք ծանոթանում են, կիսվում իրենց պատմություններով, հիշողություններով ու մտահոգություններով:

 

Նման մի հանդիպման ժամանակ էլ մի հետաքրքիր ու միաժամանակ զավեշտալի դեպք է պատահել, AFSS-ի ատենապետը պատմում է, թե ինչպես 4 անձից բաղկացած մի ընտանիքի աջակցել են գույքով, 4 տարի դպրոց չգնացած որդուն օգնել սովորել անգլերեն, և մի անգամ, երբ կանադական հեռուստաընկերություններից մեկն իրեն խնդրել է հարցազրույց տալ, այդ կնոջն էլ իր հետ է տարել, որից հետո անցկացրել են իրենց ամսական հանդիպումը:

 

Էդքան տարի իրար կողք Սիրիա ապրել էին, ու չէին ճանաչում

 

«Սկիզբը չեն խոսում իրար հետ, անծանոթ են,-պատմում է ատենապետը՝ շարունակելով,- թեկուզ նույն քաղաքից են եկել, բայց անծանոթ են, ես սկսա խոսալ, ասացի՝ ըսեք՝ ամեն մեկդ որ մե փողոցից եք եկել, սկսան, ես աս փողոց, ես ան, վերջը պարզվեց, որ աս տիկինի կողքինը իր հարևանն էր, էդքան տարի իրար կողք Սիրիա ապրել էին, ու չէին ճանաչում, ըսավ նայի, եթե դու ինտերվյու չընեիր, հարևանիս ալ չէի ճանաչի, հետաքրքիր բաներ են պատահում, որ չես սպասում, ապրում ես մեկ քաղաք, հարևանիդ չես ճանաչում, բայց գալիս ես Կանադա, օտար քաղաք, հարևանիդ գտնում ես»:

 

Սրանով Ռիտա Օջախյանը փորձում է ցույց տալ այն միջավայրը, որ ստեղծվում է Կանադայում՝ շնորհիվ սիրիահայերի: Յուրաքանչյուր փուլ հետաքրքիր է, բայց ամենաուրախալին այն է, երբ ընտանիքը հարմարվում է ու հաջողության հասնում Կանադայում, ասում է կինը:

 

«6 ամիս հետո տեսել ենք, որ փոխվել է, երբ խոսում եմ հետները: Սա նշան է, որ մեր գործն ուղիղ է երթում, հասկանում ես, որ իրենք կանադահայ շրջանին են պատկանում,-ասում է նախկին իրանահայը:

 

Իսկ եթե Հայաստանում հաստատված սիրիահայերի մի մասը սպասում է, որ Հալեպի վերականգումից հետո վերադառնան ծննդավայր, ապա Կանադայի սիրիահայերն այդկերպ չեն մտածում, վստահեցնում է Ռիտա Օջախյանը: Միայն Մոնրեալում բնակվող մի քանիսի մասին է՝ լսել, որ մտադիր են վերադառնալ, նրանց թիվը շատ քիչ է:

 

Ի ՆՇԱՆ ԵՐԱԽՏԻՔԻ

Իսկ Կանադան նորեկներին լավ հնարավորություններ ու պայմաններ է տալիս, կարծում են նրանք, և սա գնահատելու համար է, որ ցանկանում են առաջիկայում Կանադայի 150-ամյակին նվիրված մի հետաքրքիր միջոցառում անցկացնել. Կողք կողքի ներկայացնելու են այս երկրի առաջին բնակիչների՝ հնդիկների ու վերջին՝ սիրիահայերի մշակույթները, մանրամասնում է.

 

«Ուզում ենք փորձել, որ ամեն մեկն իր անցյալից իր պարերն, իր գեղարվեստը  ցույց տալ, շատ կարևոր օր է լինելու, որին հուսով եմ, որ կգան և կմասնակցեն կառավարական մարդիկ ալ»:

 

 

Ձեր կարծիքը

Comments