Home / Armenia  / Սիրիահայերի գործոնը չի ազդել Հայաստանում ժողովրդագրական պատկերի վրա. Ժողովրդագրական վիճակն ու բուհերի խնդիրը

Սիրիահայերի գործոնը չի ազդել Հայաստանում ժողովրդագրական պատկերի վրա. Ժողովրդագրական վիճակն ու բուհերի խնդիրը

migracia

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նոփրանոր) _ Հայաստանյան բուհերում այս ուսումնական տարում հազարավոր թափուր տեղեր են մնացել, բուհերը հայտարարել են լրացուցիչ մրցույթ վճարովի տեղերը մի փոքր էլ համալրելու հույսով: Սակայն դիմորդներից միայն մոտ 1300-ը չեն հաղթահարել նվազագույնի շեմը, իսկ ընդհանուր առմամբ դիմողների թիվը կրկնակի պակաս էր հատկացված տեղերի թվից՝ մոտ 20 հզր տեղի համար մոտ 10 հզր դիմում:

 

Սա արդեն իսկ կանխատեսված երևույթ էր. Ասում է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը, բավական էր ծանոթանալ միայն 2000-ականների ծնելիության պատկերին ու դա ակնհայտ կդառնա: Ներկայացնում է իրավիճակը.

 

Ծնող տարիք են մտնում այն սակավ թվով ծնված երեխաները՝ 2000-ական թվականներին, իրենք քիչ են, իրենց կողմից ծնվածների թիվը քիչ է լինելու

 

«Մենք ունեցել ենք ծնելիության բավական բարձր մակարդակ 1990 թ-ին, դա մոտավորապես 79700 երեխա էր, և նվազագույն մակարդակը ունեցել ենք 2002թ-ին, երբ ծնվել է ընդամենը 32 000 երեխա, էսօրվա դրությամբ մոտ 45000 երեխա է ծնվում, և շարունակաբար նվազում է, որովհետև ծնող տարիք են մտնում այն սակավ թվով ծնված երեխաները՝ 2000-ական թվականներին, իրենք քիչ են, իրենց կողմից ծնվածների թիվը քիչ է լինելու»:

 

  • Ծնելիության նվազում,
  • Արտագաղթի ծավալների աճ
  • Տնտեսությանը անհամապատասխան մասնագետների թողարկում

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ

Ստեղծված իրավիաճակի հիմնական պատճառները այս երեք գործոններն են համարում մասնագետները, դեռ 90-ականներից սկսած Հայաստանում ներհոսքի ու արտահոսքի ծավալների ակնհայտ տարբերություն կար, այսօր էլ, անկախ նրանից, որ Հայաստանում մոտ 18000 սիրիահայեր են հաստատվել, դարձյալ ժողովրդագրական կայուն պատկեր չի ձևավորվում, առավել ևս, երբ հաշվի է առնվում նախորդ տարիներին ևս հայրենադարձության անհաջող փորձերը:

 

Եթե այստեղի բնակչությունը չի բավարավում եղած պայմաններով, ապա սիրիահայերը հազիվ թե կարողանան հարմարվել

 

«Տարիներ առաջ էլ եկան մեր իրաքահայ հայրենակիցները, այսօր չեմ կարծում, թե տեղյակ ենք նրանց մնալու մասին, հիմնական մասը նրանցից արդեն հայտնվել է այլ զարգացած երկրներում, կարծում եմ՝ նման ճակատագիր է սպասվում նաև սիրիահայ հայրենակիցներին, եթե այստեղի բնակչությունը չի բավարավում եղած պայմաններով, ապա իրենք հազիվ թե կարողանան հարմարվել»,-կարծում է Եգանյանը:

 

Նա կոնկրետ թվերի չի տիրապետում, թե որքան սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, բայց որ մեծ է նրանց թիվը, «ակնհայտ զգացվում է քաղաքում քայլելիս, երբ մարդկանցից լսում ես արևմտահայ բարբառն ու հասկանում ես, որ մեր արևմտահայ հայրենակիցներն են, բայց չեմ տեսել երբեք հավաստի ու լիարժեք տվյալներ»,-նշում է նա և հավելում, որ եթե անգամ 20 հզր սիրիահայ է վերադարձել հայրենիք, դա էական դերակատարում չի կարող ունենալ Հայաստանի ժողովրդագրական իրադրության վրա:

 

ԱՐՀԵՍՏ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈ՞ՒՆԸ…

Հետևաբար դա չէր կարող ազդել նաև կրթական համակարգում թափուր տեղեր լրացնելու վրա, մյուս կողմից, թափուր տեղերի նման թիվը կապում են նրա հետ, որ շրջանավարտները հիմա ավելի շատ միջին մասնագիտական կրթություն են նախընտրում ստանալ՝ հմտանալով որևէ արհեստի մեջ, քան թե բուհում ոչ պահանջված մասնագիտություն սովորել: Արդյոք դա պատճառ է նման իրավիճակի:

 

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը համոզված է, որ դա պատճառ չէ թվի նվազման, ինքնին շրջանավարտների թիվն է նվազել, իսկ արտագաղթի հետևանքով ևս 30 տոկոսով պակասել է դիմորդների թիվը, արդյունքում բուհերի մի շարք բաժիններում ուսանողներ չեն լինի:

 

«Դա արտագաղթի հետևանք է, շատ դպրոցներում աշակերտների թիվն է կրճատվել և բնակչության թիվը, դա միայն արտագաղթի հետևանք է, ավելի վատ է լինելու, այնքանով, որքանով 1918թ-ին ավարտելու են առաջին 6 տարեկան դպրոցահասակ երեխաները, և հաջորդ տարի ավելի քիչ ենք ունենալու»,-նշում է տիկին Բախշյանը:

 

Թեև ասում է, որ դեռ չունեն թիվ, թե որքան ուսանողներ են ընդունելու արհեստագործական ուսումնարանները, բայց վստահ է, որ անցած տարիների համեմատ տարբերությունը շատ չի լինելու:

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Ինչ վերաբերում է մասնագիտություններին, ապա Բախշյանը կարծում է, որ բուհերի համար սա իսկապես առիթ է վերանայելու մասնագիտությունների ցանկը: Այսօր բուհերը բազմաթիվ մասնագիտություններով կադրեր են թողարկում, որոնք շուկայում պահանջարկ չունեն, այնինչ պահանջված որոշ մասնագիտությունների գծով մասնագետնբեր գտնելը դժվար է լինում:

 

«Պիտի թարմացնեն, համապատասխանեցնեն տնտեսության պահանջներին, և իհարկե այսօրվա Հայաստանի տնտեսությանը համապատասխանեն, տնտեսությունը զարգացնելուն միտված լինեն, մասնագիտթյուններ կան, որոնց ուղղությամբ ունենք մասնագետների լուրջ դիֆիցիտ, մասնագիտություններ կան, որոնց կարիքը Հայսաստանը պարզապես չունի, բայց շարունակում են բաժինները պահել և մասնագետներ թողարկել, պիտի վերանայվի շատ արագ»,-նշում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը:

 

Ժողովրդագրական գործոնով  պայմանավորված անհամաչափությունն է ստեղծվել, ուսանողական տեղերի առաջարկի և պահանջարկի տարբերություն

 

Ռուբեն Եգանյանը մասնագիտությունների անհամապատասխանության ու ժողովրդագրական իրավիճակի միջև անմիջական կապ է տեսնում: «Ժողովրդագրական գործոնով  պայմանավորված անհամաչափությունն է ստեղծվել, ուսանողական տեղերի առաջարկի և պահանջարկի տարբերություն, որ շարունակ խորանալու է»,-նշում է ժողովրդագետը:

 

Մյուս կողմից, կրթությունը երաշխիք չէ նորմալ ապրելակերպի, սա էլ են հաշվի առնում շրջանավարտները, բայց թե ինչպես է անդրադառնում կյանք մտնելու շեմին նրանց որոշումների վրա, սոցիոլոգիական հետազոտությունները կարող են պարզել:

 

Այս ամենի որպես հետևանք՝ բուհերում առաջ կգան ֆինանսական խնդիրներ, հետևաբար դասախոսների կրճատման հարց, ինչ վերաբերում է շուկայի նոր մասնագետների պատրաստման խնդրին, ապա ոլորտի շատ ներկայացուցիչներ են կարծիք հայտնել, որ նման խնդիր չի լինի, առանց այն էլ Հայաստանում արդեն իսկ պատրաստի մասնագետները աշխատանք գտնելու խնդիր ունեն, հետևաբար նորերի կարիքը չի զգացվում:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments