Home / Armenia  / Զտարյուն Վանա կատուների մասին Թուրքիայի միֆերն ու հայկական իրականությունը. Իրինա Թադևոսյանը պահպանում է, բուծում ու տարածում Արևմտյան Հայաստանի խորհրդանիշներից մեկը

Զտարյուն Վանա կատուների մասին Թուրքիայի միֆերն ու հայկական իրականությունը. Իրինա Թադևոսյանը պահպանում է, բուծում ու տարածում Արևմտյան Հայաստանի խորհրդանիշներից մեկը

Irina Tadevosyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Ամռան ամիսներին Ամասիայի ամենավերջին գյուղի՝ մարդկանցից լքված Դարիկի կենդանությունը վերականգնվում է, ոչ թե մարդիկ, այլ կենդանիներն են աշխուժություն հաղորդում գյուղին:

 

«Էն որ ասում է՝ որքան շատ ես կենդանիների հետ շփվում, այնքան նվազում է մարդկանց հետ շփվելու ցանկությունը»,-Noranor.ca–ի հետ զրույցում լուրջ թե կատակով ասում է Իրինա Թադևոսյանը:

 

IMG_1613Նա մոտ 3 տասնամյակ է՝ զբաղվում է կենդանիների բուծմամբ, բայց ոչ սովորական խոշոր կամ մանր եղջերավորների. Դրանց կողքին Իրինա Թադևոսյանը պահում ու տարածում է հայկական գամփռն ու էնդեմիկ Վանա կատուն: Մասնագիտությամբ անասնաբույժ կինը դեռ մանկությունից շատ է սիրել է կենդանիներ, 12-13 տարեկան էր՝ երբ իրենց ընտանիքում իր խնդրանքով հայտնվել է առաջին, բայց ոչ Վանա կատուն: Արևմտյան Հայաստանի խորհրդանիշներից մեկն ունենալու հնարավորությունը ընձեռնվել է ավելի ուշ՝ 1996թ-ին, երբ Իրինան ամուսնացած էր ու արդեն երկու երեխա ուներ:

 

«Ամուսինս եկավ, ասաց Վանա կատվի տարբերակ կա, առանց մտածելու համաձայնեցի, 96 թ-ի ծանր տարիներին գնեցինք երկու կատու: Ամերիկայից գաղթած մի հայ բարերար որոշեց, որ իր ծնողներից փրկված զտարյուն Վանա կատուներից երկուսը պետք է նվիրաբերի Հայաստանին»,-պատմում է Իրինա Թադևոսյանը:

 

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՈՂ ԲԻԶՆԵՍԸ

Անկախ 90-ականների դժվարություններից, նոր կենդանիների հետ իրենց ընտանիք է թևակոխում երջանկությունը, ու չեն էլ նկատում որևէ խնդիր, միակ խնդիրը ընտանիքի ալերգիկ անդամներին կենդաներից հեռու պահելն էր: «Բնակարանը կիսել էի, ով ալերգիա ուներ, առանձին հատվածում էր, դռները փակել, ճաշ տանել-բերել և այլն, մի քիչ դա էր դժվար, բայց հիմնականում ոչ մի նեղություն չէր տալիս, որովհետև սերը մեծ էր»,-պատմում է կինը:

 

Ընտանիքի 3 անդամների ալերգիկ լինելու հանգամանքը չխոչընդոտեց ծաղկեցնել ընտանեկան բիզնեսը. Երևանից կենդանիներին տեղափոխեցին

OLYMPUS DIGITAL CAMERA

Ամասիայի տարածաշրջան, որտեղ կատուները միանգամից իրենց տանտեր զգացին: Մտավախությունը, թե գյուղի կենդանիների հետ կզույգավորվեն, անմիջապես փարատվեց, ահա թե ինչպես.

 

20 կատու բաց թողեցի, ամբողջ տարածքի կատուներին քշեցին, ու մնացին իմ կատուները, մնացին գամփռները, համերաշխ ապրում են

 

«20 կատու բաց թողեցի, ամբողջ տարածքի կատուներին քշեցին, ու մնացին իմ կատուները, մնացին գամփռները, համերաշխ ապրում են, ամբողջ տարածքով ման էին գալիս, տարբեր տեղեր բներ ունեին, բերում էի տուն այն ժամանակ, երբ պետք է ծննդաբերեին, ու խնամք էր պետք, որպեսզի կորուստ չտայի»:

 

Շների հետ համերաշխ էին, բայց որպեսզի շան խաղը կատվի մահ չդառնա, անգամ տունն են վերանորոգում այնպես, որ կատուները հեշտությամբ մուտք գործեն:

 

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վանա կատուների մասին տարածված մի քանի միֆեր կան, օրինակ այն, որ նրանք միայն Վանի շրջանում են բնակվում, որ անպայման աչքերը պետք է տարբեր գույներ ունենան, նախկինում նրանք նույնիսկ պաշտամունքի առարկաներ են եղել:

 

Իրինա Թադևոսյանը ավելի քան 20 տարի ուսումնասիրել է պատմությունը, նրանց վարքագիծն ու առանձնահատկությունները: Նա նման էնդեմիկ տեսակներ բուծող միակ մասնագետն է, որ 2011թ-ին նաև ստեղծեց Վանա կատվի պաշտպանության ֆոնդ և ակումբ, որի շնորհիվ կարողանում է պահպանել զտարյուն ցեղատեսակներին, տարածել աշխարհով մեկ ու հոգալ հետագա գոյության մասին: Մանրամասն ներկայացրեց, թե Վանա կատուների մասին տարածված պատմություններից որն է միֆ և որը՝ իրականություն:

 

OLYMPUS DIGITAL CAMERA

Ծիրանագույն ականջներ ու պոչ, անջրանցիկ մորթով ու անվախորեն ջրում լողալու հատկություն. Ահա այն հիմնական տարբերանշանները, որոնք առանձնանում են Վանա կատվի մոտ, նրանց աչքերի տարբեր գույն լինելը պարտադիր պայման չէ, հերքվում է առաջին միֆը՝ հետևյալ բացատրությամբ.

 

Չի կարող չունենալ ծիրանագույն նշաններ ականջներին ու պոչին, աչքերի տարբերությունը լինում է շատ հազվադեպ

 

«Ցավոք մեր հայրենակիցների մոտ սխալ ըմբռնում կա, որ եթե տարբեր գույնի աչքերով է, ուրեմն դա Վանա կատու է, էլ չեն նայում իր մորթու գունային գամմային, ինքը չի կարող չունենալ ծիրանագույն նշաններ ականջներին ու պոչին, աչքերի տարբերությունը լինում է շատ հազվադեպ, հիմնականում լինում են երկու աչքերը ծիրանագույն, երկուսն էլ երկնագույն, կամ մեկը ծիրանագույն, մեկը երկնագույն»:

 

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՐԹԵԼ Է ԿԱՄ ՀԻԲՐԻԴԱՑՐԵԼ

Իսկ միֆը սկիզբ է առել Թուրքիայից, որտեղ 1915թ-ի Ցեղասպանությունից հետո բոլոր Վանա կատուներին ոչնչացնելու հրաման է տրվել: «Թուրքիան կատու պահելու կուլտուրա չունի, դա իրենց մոտ կոչվում էր հարամ, ու էն ընտանիքները, որ պահել են, կամ քրդեր, կամ հայեր են եղել, և երբ իմացավ կուլտուրայի նախարարությունը, սկսեցին բոլոր կատուներին մորթել, 300-500 կատու բռնել ու մորթել են»,-պատմում է անասնաբույժը:

 

Շարունակում են այնքան, մինչև հասկանում են, որ մորթելու փոխարեն կարող են վաճառել Սփյուռքի հայերին: «Լացակումաց հայերը Սփյուռքից գալիս, IMG_2465նայում են ու ասում են՝ մենք էլ ենք տանը պահել, ու առնում են հիբրիդ կատուներին ահռելի գներով, պահում-փայփայում են»,-ասում է Իրինան՝ ցավով ներկայացնելով հիբրիդացրած կատուների տարածման պատմությունը:

 

Թուրքիայում հնատիպ հայկական Վանա կատուն բուծում են թուրքական սպիտակ, կապույտ աչքերով կատվի հետ՝ ստանալով միշտ աչքերի տարբեր գույներով տեսակներ:

 

Երբ որ կատուն ունենում է կանաչ կամ դեղին աչք, ուրեմն դա հաստատ հիբրիդ կատու է, անգամ եթե ունենում է ծիրանագույն նշանները

 

«Երբ որ կատուն ունենում է կանաչ կամ դեղին աչք, ուրեմն դա հաստատ հիբրիդ կատու է, անգամ եթե ունենում է ծիրանագույն նշանները: Թուրքերի հիբրիդացված կատվի մորթին շատ տարբերվում էր Վանա կատվի մորթուց, որն անջրանցիկ է, ինքը էնդեմիկ է, հանդիպում էր այն ժամանակներում միայն Վանա լճի շրջակայքում, ամռանը և գարնանը, ուտում էր մուկ և ձուկ, բայց քանի որ Վանա լիճը չէր սառում, սովորեցին սուզվել Վանա լիճ և ձուկ բռնել, դրանից իրենք այդտեղից չէին գնում ոչ մի տեղ»,-պատմում է կենդանաբույծ կինը:

 

kit1ԿԱՏՎԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ

Կատվի պաշտամունքը, որ եղել է հայերի շրջանում, ևս որոշ հիմքեր ունի, որ ուսումնասիրել ու կապը բացահայտել է Թադևոսյանը: Վաղ ժամանակներում, երբ ուրարտացիներն արդեն հաստատվել էին Վանի թագավորությունում, ցորենի մեծ ամբարներ ունեին, որոնք ոչնչացնում էին մկները: Նրանք տեսնում են, թե ինչպես է կատուն ուտում մկներին, բռնում են նրանց, բաց թողնում ամբարներում և ազատվում մկներից:

 

«Վանա լճի կողմում գտնվող մի գյուղում գտնվել է Աստղիկ դիցուհու արձանիկը, որը կերակրում է կատու, հետո որ ուսումնասիրում էի թեման, հասկացա, թե ինչի համար է կատուն դարձել պաշտամունք, նրա համար, որ բերել են մկներից պաշտպանելու»,-նշում է «Վանա կատու»  ասոցիացիայի նախագահը:

 

ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ՝ ԿՈՐՑՆԵԻՆՔ

Իրինա Թադևոսյանը հաճույքով է պատմում կատուների առանձնահատկությունների մասին, իսկ Արևմտյան Հայաստանի կարևոր խորհրդանիշերից մեկը պահպանելու հնարավորությունն իրեն բավարարվածության զգացողություն է տալիս: «Մենք կորցրեցինք ղարաբաղյան ձին, քիչ էր մնում կորցնեինք հայկական գամփռը, մենք իսպառ կորցրել ենք Վանա մրոտ հավին, որը բարձր ձվատվությամբ հավիկ էր, ու հիմա հերթը հասավ Վանա կատվին, մենք կարծում էինք իրոք կորցրել ենք, որովհետև Վանը մնաց Թուրքիայում, իսկ գաղթողները կամ տարան իրենց հետ, կամ մնաց Թուրքիայում, բայց վայ էն մնալուն»,-ցավում է կինը:

 

Հիմա արդեն նա հնարավորինս փորձում է տարածել Վանա կատուն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, պահանջարկը շատ մեծ է, Իրինան վաճառում է, բայց նաև մտահոգ է զտարյուն տեսակի պահպանման հարցով, տարբեր երկրներում կարող են խաչասերվել ու վերանալ, թեև արտերկրում ապրող հայրենակիցներն էլ որոշ չափով փորձում են պահպանել տեսակը: Նա պատմում է, թե Եվրոպայում ինչպես են ժամանակին տարածվել Վանա կատուները.

 

«57 թ-ին երկու լրագրող գալիս են Թուրքիա՝ ռեպորտաժ անելու, գնալուց Թուրքիայի կառավարությունը երկու զտարյուն Վանա կատվի ձագ է kit4նվիրում, իրենք տանում և սկսում են բուծել, որոշում են որպես ցեղատեսակ մտցնել ռեեստրի մեջ, էդ ժամանակ Թուրքիայի կառավարությունը ասում է, որ միայն մտնելու է թուրքական կատու անունով, իսկ հիմա Թուրքիան ստիպում է անգլիացիներին, որ լիեն ոչ թե ծիրանագույն նշաններով, այլ սև»:

 

Սփյուռքում որոշ չափով պահպանվում է ցեղատեսակը, կան երկրներ, որտեղ ակումբներ են գործում և զբաղվում դրանով, իսկ Հայաստանում Թադևոսյանն է հետամուտ լինում վաճառված կատուների բուծման հարցում, Վանա կատվի պաշտպանության ակումբը հետևում է, որպեսզի խաչասերումը ցեղակիցների հետ լինի:

 

Իրինա Թադևոսյանը վստահեցնում է, որ իր ընտանիքն ամեն ինչ անելու է Վանա կատուներին պահպանելու համար, զավակները ևս աշխատանք են տանելու նաև հետագայում, այլ է պետական մակարդակով այս կենդանիների պաշտպանության հարցը: Դրա անհրաժեշտությունը կա, բայց ցանկությունը՝ ոչ. «Պետք է պետական մակարդակով մոտեցում, բայց վախենում եմ, որ եթե խառնվեն, ամբողջ գործը կփչացնեն, այդքան տարի ոչ մեկից աջակցույուն չեմ ստացել, ոչ էլ փնտրում եմ»,-եզրափակում է կենդանասերը, ում համար կենդանիների ընտանիքների շրջանում անցկացրած յուրաքանչյուր օր նոր բացահայտումների ու նոր զգացողությունների հնարավորություն է:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments