Home / Armenia  / Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է արել անհապաղ չեղարկել Ադրբեջանին զենքի վաճառքը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է արել անհապաղ չեղարկել Ադրբեջանին զենքի վաճառքը

Resized-

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայի Հայ դատի հանձնախումբն այսօր հայտարարություն է տարածել, որով իր վրդովմունքն է հայտնում կառավարությանը՝ կանադական «INKAS» զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից դեպի Ադրբեջան ռազմական տեխնիկայի արտահանումը թույլատրելու համար:

 

Կանադայի Արտաքին առևտրի հարցերով նախարար Ֆրանսիս-Ֆիլիպ Շեմփեյնին հասցեագրված նամակում Կանադայի Հայ դատի հանձնախումբը կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել դեպի Ադրբեջան զենքի արտահանումը:

 

«Վտանգավոր զենքի տրանսֆերները այնպիսի խռովարար երկրներ, ինչպիսին Ադրբեջանն է, ոչ միայն խախտում է Կանադայի կողմից զենքի արտահանման հիմնարար նորմերը, այլև սպառնում է ներքին և տարածաշրջանային կայունությանը:

 

Ինչպես արդեն բազմիցս է ապացուցվել, ադրբեջանական ռեժիմը նման զենքերը կիրառելով ոչ միայն նպատակ ունի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղությունը վտանգի տակ դնել՝ խթանելով տարածաշրջանային անկայունությանը, այլև ճնշել ներքին դիմադրությունը»,- ասված է հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանի հայտարարության մեջ:

 

Ի պատասխան Կանադայի կառավարության որոշմանը՝ Կանադայի Հայ դատի հանձնախումը առցանց քարոզարշավ է մեկնարկել, որով հասարակական և քաղաքական ակտիվիստներին կոչ է անում անհապաղ քայրել ձեռնարկել և պահանջել, որպեսզի կառավարությունը չեղարկի զենքի արտահանման չափաձանց խնդրահարույց այս գործարքը:

 

Հայ դատի հայտարարության մեջ ասվում է, որ ռազմական տեխնիկայի արտահանումը դեպի Ադրբեջան թույլատրելով՝ Կանադան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի ու Արցախի միջև թշնամությանը: Հանձնախումբը շեշտում է, որ նման որոշումները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարվող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությանը:

 

Հիշեցնենք, որ Տորոնտոյում գործող «INKAS» զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունը գործարք է կնքել Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հետ, որի համաձայն ընկերությունը արդեն արտահանել է «մի քանի» կանադական զրահապատ մեքենաներ։

 

Նշենք, որ 2016 թվականի ապրիլին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունը կրկին սրվեց։ Ադրբեջանական ուժերը անակնկալ կերպով հարձակվեցին հայկական ուժերի վրա՝ խախտելով 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը։

 

Ձեր կարծիքը

Comments