Home / Opinion  / Alik Hakobyan  / Երկփեղկված…

Երկփեղկված…

Alik Hakobyan Mi pokhek Alike 1200x800

 

Մի յուրահատուկ կարոտ կա սրտումդ, երբ հայրենիքից հեռու ես ապրում: Ընդ որում, երբ նոր ես հեռանում չես էլ պատկերացնում, որ սրտիդ խորքում այդ կարոտը միշտ է եղել թաքնված, ուղղակի այն բացահայտելու համար հեռու է պետք լինել: Ես այդ կարոտը շատ ցայտուն ապրեցի, երբ Քվեբեկում հաստատվելուս առաջին օրերին հեռուստացույցի ալիքները պտտելիս հանդիպեցի «Սասունցի Դավիթ» ֆիլմն ու սկսեցի դիտել կարծես առաջին անգամ. ոչ միայն երեւանյան տեսարաններն, այլ ամեն մի քարի ու ժայռի կադրը տակնուվրա արեցին սիրտս, ու ես հասկացա, որ հենց դա է հայրենիքի կարոտը: Վստահ եմ, որ շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ ես գնացել, եթե կարոտում ես՝ վերադարձիր, իսկ ինչն էր քեզ պակաս…Ի դեպ, նման մեկնաբանություններ նախորդ հոդվածներիս առումով արդեն լսել եմ, բայց հիմա դրա մասին խոսելու հարմար ժամանակը չէ, գոնե ինձ համար, գուցե եւ խոսեմ…մի օր…հետո…բայց պատճառներ կային…

 

…Ես Քվեբեկում հասկացա, որ անչափ սիրում եմ Անահիտ Մանուկյանի «Երեւան» երգը, որը ինձ համար մայրաքաղաքին նվիրված լավագույն երգն է առ այսօր: Այդ երգը հոգիդ ու սիրտդ տակնուվրա անելու մի հզոր ուժ ունի…

 

Կարոտը հայրենիքից հեռու ապրողների միակ հոգեմաշ զգացողությունը չէ: Հայրենիքից հեռու դու միշտ ապրում ես երկփեղկված. մտքերդ, զգացմունքներդ սավառնում են անընդհատ հայրենիքիցդ դեպի քո նոր բնակավայր ու հակառակ ուղղությամբ, սավառնում են անընդհատ: Այս զգացողությունն իր ամբողջ խորությամբ զգացի այս շաբաթ: Երկուշաբթի կնոջս ու որդուս ճանապարհեցի Երեւան, ես աշխատանքի բերումով չկարողացա ուղեկցել նրանց, ու օդանավակայանում հասկացա, որ հիմա էլ ապրում եմ նույն զգացողությունները, ինչ ապրում էի ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս հրաժեշտ տալիս, երբ մեկնում էի Երեւանից: Այս զգացողության հետ պայքարելն անիմաստ է, քանի որ այն քեզ երբեք չի լքելու…Հիմա կինս ու տղաս Երեւանում են, ես այս պահին Մեքսիկայում եմ ու մի քանի օրից կվերադառնամ Քվեբեկ, բայց միտքս ու հոգիս Երեւանում են՝ նրանց հետ: Երբ նրանք կվերադառնան, միեւնույնն է միտքս կշարունակի գնալ ու գալ. այնտեղ են ընկերներս, հարազատներս…Երբեմն մենք ոչ թե երկփեղկվում, այլ եռափեղկվում ենք…Սա իմ դեպքն է, քանի որ ծնողներս ու եղբորս ընտանիքն ապրում են Ռուսաստանի Դաշնությունում…Իմ մտքերը Կանադա-Հայաստան-Ռուսաստան-Կանադա երեւակայական մայուղու վրա են անընդմեջ…

 

…Տանել չեմ կարողանում հրաժեշտն օդանավակայանում…երկփեղկվածությունն իմ կարծիքով հենց օդանավակայանում է միս ու արյուն ստանում… Երբ ճանապարհում էի կնոջս ու տղայիս, մի տարեց կին էր բաժանվում իր զավակներից, հավանաբար իր հայրենիք վերադառնալու համար… արդեն մի քանի օր է անցել, բայց այդ տատիկի արցունքառատ դեմքն աչքերիցս չի հեռանում…Կարող եմ լացել օդանավակայանում լացող ամեն մի մարդու հետ…

 

…Ես գիտեմ շատերն են մեղադրում, քննադատում, պիտակավորում հայրենիքից հեռացողներին, բայց հավատացե՛ք, որեւէ մեկին հաճելի չէ ապրել այդ հոգետանջ զգացումներով, եթե որոշել են ապրել հեռվում՝ վստահորեն դրա համար պատճառ կա…Սա առանձին թեմա է, ու այն վաղուց է պտտվում մտքումս, կարծում եմ մի օր դա էլ թղթին կհանձնեմ…

 

Ի դեպ, միայն մենք՝ հայերս չենք, որ ապրում ենք այդ կարոտն ու երկփեղկվածությունը…Իմ շրջապատի ֆրանիսացիները, մոլդովացիները, սենեգալցիները, լիբանանցիները եւ մյուս ազգերի ներկայացուցիչները եւս կարոտում են իրենց հայրենիքը, նրանք էլ են ապրում երկփեղկվածության նույն զգացումը…Այդ զգացումն ազգություն չի ճանաչում…Բայց ես գուցե մի քանի օրից մի քանի օրով կարողանամ մոռանալ դրա մասին…

 

…Երբ մեկնում էի Երեւանից, Աստծուն խնդրում էի միայն, որ  հնարավորություն տա գոնե տարին մեկ անգամ վերադառնալու հայրենիք…Շնորհակալ եմ Բարձրյալին, աղոթքներս երբեք անպատասխան չի թողնում…Շուտով կհանդիպենք իմ սիրելի Երեւան…

 

 

Ալիկ Հակոբյան

Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա

Ձեր կարծիքը

Comments