Home / Canadahye  / Կանադայի նման երկիրը իրավունքը չունի այսպիսի վաճառքով սատար հանդիսանալ Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Կանադայի նման երկիրը իրավունքը չունի այսպիսի վաճառքով սատար հանդիսանալ Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը. Հակոբ Տեր-Խաչատուրյան

hagop-der-khatchadourian-9

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) — Երկարատև ջանքերից հետո ռազմական տեխնիկա ձեռք բերելու հարցով Ադրբեջանին հաջողվեց նաև գործարքի մեջ մտնել կանադական ընկերություններից մեկի հետ. Այս երևույթն արժանացավ Կանադայի Հայ Դատի հանձնախմբի քննադատությանը, ստիպեց էլ ավելի զգոն լինել և նախաձեռնել նոր՝ առավել ազդեցիկ քայլեր:

 

Ինչպես հայտնի է դարձել օրեր առաջ, Տորոնտոն, որը մտնում է INKAS Armored Vehicle Manufacturing-ի կազմի մեջ, գործարք է կնքել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ, համաձայն որի՝ ընկերությունն արդեն Ադրբեջանին է մատակարարել մի քանի կանադական  զրահավոր փոխադրիչ մեքենա (APCs, БТР): Իսկ  INKAS-ի մարքեթինգի և բիզնեսի զարգացման փոխնախագահ Ռոման Շիմոնովը հայտնել է.

 

«Մասնավոր ընկերությունը նաև համատեղ ձեռնարկություն է ստեղծել ադրբեջանական ընկերության հետ՝ զրահավոր փոխադրիչ մեքենաներն Ադրբեջանի տարածքում արտադրելու համար, որը հակամարտության մեջ է հարևան Հայաստանի հետ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: Ադրբեջանը շատ եզակի երկիր է աշխարհագրական տեղադրության, աշխարհաքաղաքական մարտահրավերների տեսակետից, քանի որ գտնվում է Իրանի, Հայաստանի և Թուրքիայի միջև»:

 

Այսինքն՝ շատ լավ տիրապետելով իրավիճակին՝ ինչպես ընկերությունը, այնպես էլ արտահանման իրավունք տված կառավարությունը՝ այնուամենայնիվ գնացել են գործարքին:

 

Կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից հաջողության հասնիլը պարզապես Կանադայի կողմե առևտրական փոխանակության տեսակետեն կդիտվի

 

«Կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից հաջողության հասնիլը պարզապես Կանադայի կողմե առևտրական փոխանակության տեսակետեն կդիտվի»,- Noranor.ca-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Բայց նման արդարացումն էլ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, որը պետք է փորձի բոլոր միջոցներով դիմադրել ու կանխել հետագայում նման գործարքների շարունակականությունը:

 

ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ԱՎԵԼԻՆ

Ինչպես հայտնի է, Կանադական իշխանությունը բավական բարյացակամ է հայ ժողովրդի նկատմամբ, ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը, ապրիլ ամիսը հայտարարել Ցեղասպանությունների կանխարգելման ամիս և բազմաթիվ նմանատիպ նախաձեռնություններով հանդես եկել, բայց մյուս կողմից էլ Ադրբեջանը շարունակում է իր հակահայ քաղաքականությունն ու կեղծ տեղեկություններով կանադական իշխանություններին փորձում իր կողմը գրավել:

 

Այս հանգամանքը չէ, սակայն, երկու կողմերի միջև գործարքի իրական պատճառը, այլ զուտ առևտրական ու բիզնես համագործակցությունը, ինչպես դա տարիներ շարունակ տեղի է ունենում Ռուսաստանի հետ, որն էլ համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, բայց նպաստում Ադրբեջանի զինանոցի հարստացմանը:

 

Հակոբ Տեր-Խաչատուրյանը այս իրավիճակը ընդունելի չի համարում, վստահեցնում, որ իրենց ջանքերի շնորհիվ կարողացել են հետաձգել նման գործարքները, բայց հիմա ժամանակն է ավելի կտրուկ քայլերի դիմել:

 

Նախարարություններու բարձրաստիճան պաշտոնյաներու հետ հանդիպումներ կունենանք,  որ ոչ միայն բողոք հայտնած ենք, այլ նաև փորձենք ձախողեցնել

 

«Ամեն միջոցներով պիտի դիմադրենք, և այդ ուղղությամբ արդեն իսկ սկսած ենք աշխատանքը, վստահ եմ, որ տեսել եք հայտարարությունները, որ Հայ Դատի հանձնախումբերը արել են, նաև ժողովրդային աշխարհին ենք դիմած, որպեսզի բողոքի ալիք բարձրացնի, և թե Արտաքին գործոց նախարարության, թե միջազգային առևտրի նախարարության բողոքը հասնի, նաև այդ նախարարություններու բարձրաստիճան պաշտոնյաներու հետ հանդիպումներ կունենանք,  որ ոչ միայն բողոք հայտնած ենք, այլ նաև փորձենք ձախողեցնել»,-նշում է Տեր-Խաչատուրյանը:

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՈՒԺՈՎ

Իսկ հակահայ քաղաքականությունը առաջ տանելու Ադրբեջանի ջանքերը շարունակական կլինեն, բացի դրանից, վերջինս տարբեր երկրների միջոցով փորձելու է զինամթերք ձեռք բերել, լինի դա Ռուսաստանը, Կանադան, թե Իսրայելը:

 

Հիմա փորձը ցույց է տալիս, որ դրամական ուժով պարտադրեցին զինք

 

«Այդ ուղղությամբ Ադրբեջանի համար աշխարհի բոլոր առաջացած երկրները, որոնք կարողություն ունեն արտադրել սարքավորումներ, պիտի փորձե, բավական երկար ժամանակ Կանադայի պարագային մեր աշխատանքների և առհասարակ նաև ընդհանուր պետությունների ջանքով արգելք հանդիպեցին, բայց հիմա փորձը ցույց է տալիս, որ դրամական ուժով պարտադրեցին զինք»,-կարծում է ՀՅԴ բյուրոյի անդամը:

 

Արտադրող երկրները առաջնորդվում են այն տրամաբանությամբ, թե եթե իրենցից չգնեն զենքը, ձեռք կբերեն մեկ այլ երկրի միջոցով

 

Դրամական ուժով կարողանում են հաջողության հասնել, իսկ զինամթերք արտադրող երկրները առաջնորդվում են այն տրամաբանությամբ, թե եթե իրենցից չգնեն զենքը, այն ձեռք կբերեն մեկ այլ երկրի միջոցով: Տեր-Խաչատուրյանը վստահ է, որ պետք է կոտրել այլ տրամաբանությունը երկրներին, իրենց պարագայում հատկապես Կանադայի կառավարությանը հասկացնելով, որ դրանով պատերազմ են հրահրում, ինչի իրավունքը նման երկրները չունեն:

 

Կանադայի նման երկիրը, որ միջազգային խաղաղության և մարդկային իրավանց ճանչցած երկիր է, իրավունքը չունե էսպիսի վաճառքով սատար հանդիսանալ Ադրբեջանի քաղաքականությանը

 

«Սրանով սրում են Ադրբեջանի ռազմական ձգտումները և ամբարտավան կեցվածքը, որ փորձում է այսօրվա հրադադարը չեղյալ համարել և նոր պատերազմի հանգեցնել, այդ ուղղությամբ է, որ այս երկրները պետք է հասկանան, որ սա զուտ առևտրական համաձայնություն չէ, այլ, ընդհակառակը, Կանադայի նման երկիրը, որ միջազգային խաղաղության և մարդկային իրավանց ճանչցած երկիր է, իրավունքը չունե էսպիսի վաճառքով սատար հանդիսանալ Ադրբեջանի քաղաքականությանը, որ միայն ու  միայն հակահայ և շրջանի մեջ անկայունություն ստեղծելու, հարցերը պատերազմով լուծելու ձգտումներ ունի»,-եզրափակում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահը:

 

 

Ձեր կարծիքը

Comments