Home / Canadahye  / Կանադական Դիջիլայթ ընկերությունը Հայաստանում դժվարությամբ է ԱյԹի ոլորտի աշխատակիցներ գտնում. մեծ մասը հեռացել է երկրից

Կանադական Դիջիլայթ ընկերությունը Հայաստանում դժվարությամբ է ԱյԹի ոլորտի աշխատակիցներ գտնում. մեծ մասը հեռացել է երկրից

Hovsep Seraydaryan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Կանադայի համեմատությամբ Հայաստանը շատ փոքր շուկա ունի բիզնես համագործակցության համար, սակայն սա չի նշանակում, որ կանադահայերը չեն փորձում Հայաստանում ներդրումներ անել, բիզնես համագործակցությունը դանդաղ տեմպերով, բայց զարգանում է: Սա հաստատում է Հայաստան-Կանադա բիզնես խորհրդի տնօրեն կանադահայ Հովսեփ Սերայդարյանը, ով առավել հաջող գործունեություն Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների բնագավառում:

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո՝  2005թ-ին սիրիահայ Սերայդարյանը տեղափոխվել է Կանադա: Մեկ տարի անց այնտեղ հիմնել է «Դիջիլայթ» վեբ-ծրագրավորման ընկերությունը, որը 6 տարի անց ամբողջ ծավալով գործունեություն է սկսել իրականացնել նաև Հայաստանում: Հովսեփը նաև Կանադա-Հայաստան բիզնես խորհրդի տնօրենն է:

 

ԽՈՏԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Բիզնես խորհուրդը մոտ 30 տարվա պատմություն ունի, գործում է հիմնական երկու ուղղություններով. զարգացնել Կանադայի տարբեր քաղաքների, ինչպես նաև Հայաստանի և Կանադայի գործարար կապերը: Թե որքանով է դա հաջողվում, դժվար է հստակ թվերով ներկայացնել, բայց քայլեր կատարվում են, եթե Հայաստանի կառավարությունը պատճառ չի դառնում գործընթացի դանդաղեցման:

 

Կարծես բռակն է երկրի կառավարությունը, ամեն ինչը կամացանում է, երբ որ կառավարությունն է մտնում մեջը

 

«Հայաստանի կառավարությունն է գլխավոր խնդիրը, կարծես բռակն է երկրի կառավարությունը, ամեն ինչը կամացանում է, երբ որ կառավարությունն է մտնում մեջը, բայց մեծ մակարդակով համագործակցություն ստեղծելու համար պետք ունիս իրենց, չեն խոչընդոտում, բայց տարիներ են անցնում, կառավարություն է փոխվում, սա նորմալ պրոցես է, ուղղակի ուզում ես ավելի արագ անել, նորմալ բիզնեսի մեջ արագանում է ամեն ինչ, բայց երբ կառավարություն է մեջ մտնում, կամացանում է»,-ասում է Սերայդարյանը:

 

ԱՌԱՋԻԿԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Այսքանով հանդերձ կարողանում են կապեր ստեղծել, այդ նպատակով Հայաստանում սեպտեմբերի վերջին կայանալիք «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսին կմասնակցի նաև Կանադան, մեծ թվով առաջարկություններով հանդես կգա, վստահ է բիզնես խորհրդի տնօրենը:

 

Ուզում ենք Կանադայից 20-30 ԱյԹի բիզնեսներ տանենք Հայաստան,

 

«Ուզում ենք Կանադայից 20-30 ԱյԹի բիզնեսներ տանենք Հայաստան, լինելու է Կանադայի տաղավար, և այս կոմպանիաները պիտի այդ տաղավարում տեղ գրավեն, որից հետո հոկտեմբերի 1-ին մեր ֆորումի բացումն է, հաջորդ երկու ամիսը պետք է այստեղից կոմպանիաներ հավաքենք, հասցնենք Հայաստան և կարողանանք տեղական ընկերությունների հետ համագործակցություն ստեղծենք»,-ներկայացնում է կանադահայ երիտասարդը:

 

Ինչպես հայտնի է, սփյուռքահայերն այլևս խուսափում են ներդրումներ կատարել Հայաստանում, բիզնես համագործակցություն իրականացնել՝ զերծ մնալով զեղծարարություններից, արդյո՞ք դա նկատելի է բիզնես խորհրդի տնօրենի համար և ի՞նչ են անում այդ ներդրումների հոսքն ավելացնելու ու վստահությունը վերակագնելու համար:

 

 Կանադայի կառավարությունը ուզում է իր թրեյդը ավելացնել Հայաստանի կառավարության հետ

 

«Մեր համագործակցությունը Կանադայի կառավարության հետ, է, Կանադայի կառավարությունը ուզում է իր թրեյդը ավելացնել Հայաստանի կառավարության հետ, տարեկան թվերն ուզում են ավելացնել, թե ներկրման, թե արտահանման, սա դրա մեջ է մտնում, մենք փորձում ենք որպես հայ Հայաստանի կողմից կոմպանիաներ ճարել»,-նշում է հայ համայնքի բիզնես խորհրդի ներկայացուցիչը:

 

ՊՈԶԻՏԻՎ ԸՆԹԱՑՔ

Շատ ավելի մեծ շահագրգռվածություն կա Կանադայի կառավարության կողմից, որը նպաստում է ինչով հնարավոր է, Հայաստանի իշխանությունն առավել ևս պետք է շահագրգռված լինի, այլ ոչ թե դանդաղ գործի, սա իրենց շահերից չի բխում: Թեև դրական ընթացք կա, բայց դա գոհացուցիչ չէ, Սերայդարյանը նշում է.

 

«Պոզիտիվ բաներ լինում են, բայց Հայաստանը Կանադայի հետ թրեյդի առումով փոքր է, ոչ մի բան չի ներկայացնում, եթե բաղդատենք ուրիշ եվրոպական երկրների հետ, մենք փորձում ենք աշխատանքով այդ թվերը մեղմացնենք, բայց Կանադայի կառավարությունը շահագրգռված են, որ այս գործը անեն»:

 

Ինչ վերաբերում է Այ Թի ոլորտին, որը Հովսեփ Սերայդարյանի գործունեության հիմնական մասն է կազմում, այս ոլորտում ևս Հայաստանը դանդաղ, բայց զարգացում է ապրում: Հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ Հայաստանում ամենազարգացած ճյուղերից մեկն է այս ոլորտը, բարձր տեխնոլոգիաներին բնագավառում հայ երիտասարդները  հաջողության հասնում են, չունեն աշխատանք գտնելու խնդիր, Հովսեփ Սերայդարյանը հավելում է, ընդհակառակը՝ աշխատողների կարիք են զգում, ինչը լուրջ խնդիր է:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

Տարիներ առաջ՝ Հայաստանում ունենալով համակուրսեցիներ ու ընկերներ, որոնք ոլորտի մասնագետներ են, Հովսեփը որոշեց Հայաստանում կանադական ընկերության մասնաճյուղը բացել, 5 տարի է՝ այն գործում է լիարժեք ծավալով, 10-12 աշխատակից ունեն, սակայն հեշտ չէ ԱյԹի ոլորտի մասնագետներ գտնել Հայաստանում:

 

Աշխատողներ կան, որ իրենց աչքն արդեն դուրս է, գնում են Եվրոպա, այդ հոսքը կա Հայաստանում, որ հեշտությամբ մարդիկ էս ոլորտի մեջ հեշտությամբ կարողանում են դուրս գնալ

 

«Այնքան ոլորտը արագ է զարգանում, և այնքան պահանջարկ կա Հայաստանի մեջ հենց այդ ոլորտում, որ կարելի է ասել, ժողովրդի թիվը գործի համեմատությամբ քիչ է, դժվար է լինում լավ աշխատող ճարելը, քանի որ ճարում ես, ուրիշ կազմակերպություն գալիս է, մի քանի կոպեկ ավելի է տալիս, տանում է, կամ աշխատողներ կան, որ իրենց աչքն արդեն դուրս է, գնում են Եվրոպա, այդ հոսքը կա Հայաստանում, որ մարդիկ էս ոլորտի մեջ հեշտությամբ կարողանում են դուրս գնալ»,-ներկայացնում է Դիջիլայթ ընկերության հիմնադիր-տնօրենը:

 

Նա վստահ է, որ այս ոլորտի մասնագետների համար շատ ավելի հեշտ է լինում արտերկրում աշխատանք գտնելը, սա է պատճառը, որ լավ մասնագետները, անհրաժեշտ կրթություն ստանալով Հայաստանում, փորձում են կայանալ երկրից դուրս: Ինքը, սակայն, հավաստացնում է, թե նրանց թվին չի պատկանում, դեռ Սիրիայից դուրս գալիս, մինչև Հայաստան տեղափոխվելն է դիմել Կանադա մեկնելու համար, իսկ հայրենիքում կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է:

 

ԱյԹի-ն ավելի ազատ է առաջ գնում, ոչ մի մոնոպոլիա չկա այդ ոլորտում Հայաստանում, դրա համար ապագան լավ է երևում

 

Հայաստան չի վերադառնա, բայց Հայաստանում հիմա ու հետագայում էլ կփորձի գործունեությունը ընդարձակել. «Միայն մենք չենք, մյուս ընկերություններն էլ նույնն անում են, Հայաստանում ներդրումները մեծանում են, հենց ԱյԹի ոլորտում, ԱյԹի-ն Հայաստանի ընդհանուր տնտեսության 10 տոկոսից ավելին է ներկայացնում և շատ մեծ աճ ունի Հայաստանում, և դրա պատճառներից մեկն այդ է, որ ավելի ազատ է առաջ գնում, ոչ մի մոնոպոլիա չկա այդ ոլորտում Հայաստանում, դրա համար ապագան լավ է երևում»,-համոզված է կանադաբնակ սիրիահայը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments