Home / Armenia  / Լիբանանում սիրիահայերի համար բացվող դպրոցները՝ սփյուռքահայերի երազի իրականացում. Իսկ Հայաստանում արդյո՞ք պետք է նման դպրոց բացել

Լիբանանում սիրիահայերի համար բացվող դպրոցները՝ սփյուռքահայերի երազի իրականացում. Իսկ Հայաստանում արդյո՞ք պետք է նման դպրոց բացել

Sirihayer

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Քլունիի հիմնադրամն այսօր հայտարարել է 2.25 միլիոն դոլար բյուջե ունեցող համագործակցության մասին, որը ներառում է նվիրատվություն Գուգլ ընկերության կողմից և մեկ միլիոն դոլարի տեխնոլոգիական դրամաշնորհ «HP» ընկերության կողմից: Նախաձեռնությունն ուղղված է Լիբանանում Սիրիացի փախստականների կրթության ապահովմանը:

 

Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում կբացվեն յոթ հանրակրթական դպրոցներ, և մոտ 3000 փախստական երեխաներ կսկսեն դպրոց հաճախել արդեն այս տարի: Ավելին, փախստական երեխաների և լիբանանյան երիտասարդության շրջանում կրթական ձեռքբերումները խթանելու և ամրապնդելու նպատակով դպրոցներում կփորձարկվեն տարբեր տեխնոլոգիական լուծումներ:

 

«Հազարավոր սիրիացի երիտասարդներ ռիսկի տակ են, որ հասարակության համար պիտանի անդամ չեն դառնա: Ֆորմալ կրթությունը կարող է դա փոխել: Դա է այս նախաձեռնության նպատակը: Մենք չենք ուզում կորցնել մի ամբողջ սերնդի միայն այն պատճառով, որ նրանց բախտը չի բերել և ծնվել են ոչ ճիշտ վայրում ոչ ճիշտ ժամանակ», – ասել են հայտնի դերասան Ջորջ Քլունին և իր կինը՝ Ամալ Քլունին:

 

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐՈՒ ԵՐԱԶԸ

«Սա արևմտահայերու երազը պիտի լինի, որովհետև մենք 100 տարի է՝ փորձում ենք ասդին-անդին դպրոցներ բացել, անընդհատ փակել են դպրոցները»,- Noranor.ca-ի հետ զրույցում ասում է «Հայ Ձայն» կայքի խմբագիր, «Արևելք»-ի հիմնադիր, հայաստանաբնակ լիբանանահայ բանաստեղծ, լրագրող Սաքո Արեյանը:

 

Ոչ թե սիրիական ծրագրով, այլ արևմտահայերեն թեքումով բարձր մակարդակի դպրոց, որը Սփյուռքի համար կդառնա արևմտահայերենի մասնագետներ ապահովող կրթօջախ, որի շնորհիվ այլևս կվերանա մտավախությունը, թե տարիներ անց Սփյուռքում արևմտահայերենը կարող է վերանալ: Նման համոզման է Արեյանը, ով հիշեցնում է արևմտահայերենի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից վտանգված լեզուների շարքին դասվելու հանգամանքը:

 

Եթե մենք ուզում ենք այս երազը իրականություն դառնա, ապա միանշանակ մեկ տեղ ունենք դա անելու, և դա Հայաստանն է

 

«Վաղը հենց Սիրիայում երբ գաղութը ամայանա, մարդիկ ստիպված պիտի լինեն դպրոցների տարածքները առնվազն վարձակալության տալ կամ վաճառել, հետևաբար եթե ուզում ենք մշակույթը, լեզուն պահենք, և այդ մոտեցումը միայն կիրակնօրյա քարոզների թեմա չդառնա, եթե մենք ուզում ենք այս երազը իրականություն դառնա, ապա միանշանակ մեկ տեղ ունենք դա անելու, և դա Հայաստանն է: Մենք Կանադայում լավ գաղութ ունենք, Լոս Անջելեսում համարյա մեկ մլն հայ է ապրում, և բոլորն ասում են, որ սերունդները լավ չեն խոսում, և լեզվի իմացությունը ցածր է»,-մտավախություն է հայտնում «Հայ Ձայն»-ի խմբագիրը:

 

 

Կասկած չկա, որ Հայաստանում արևելահայերենը տարիներ անց կապրի, բայց Սփյուռքում արևմտահայերենը նահանջ է ապրում, և Արեյանը իր պատկերացումն է ներկայացնում այն իրավիճակի մասին, որը կարող է ստեղծվել հայկական գաղութներում մոտ 10 տարի հետո:

 

Հալեպահայերը ամենաբացառիկ օրինակն են, որ այսօր մեր մեջ են, և 10 տարի հետո մենք լուրջ խնդիր ենք ունենալու Սփյուռքում

 

 

«Չպետք է մոռանալ սիրիահայերի խնդիրը, որոնք կորցնում են արևմտահայերեն մշակույթը, չի կարելի լեզու սորվել հեռվից, չի կարելի միայն հիանալ Մեծարենցով, Վարուժանով, այդ լեզուն այսօր ապրող լեզու է, հալեպահայերը ամենաբացառիկ օրինակն են, որ այսօր մեր մեջ են, և 10 տարի հետո մենք լուրջ խնդիր ենք ունենալու Սփյուռքում»,-նշում է նա:

 

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Այնինչ 10 տարի հետո հենց Հայաստանը պետք է Սփյուռքի համար մասնագետների աղբյուր դառնա, և դա միայն կարող է անել այն դեպքում, եթե այսօր մտածեն արևմտահայերեն դպրոց բացելու մասին, սա պետք է լինի մարտահրավեր եթե ոչ կառավարության, ապա գոնե հայկական համասփյուռքյան կազմակերպությունների համար:

 

Երբ խոսում ենք աշխարհին Ավրորայի լեզվով, չունենա՞նք մի դպրոց, որ մեր երեխաները արևմտահայերենը մաքուր խոսեն, ընկալեն, արարեն

 

«Կանադայում, Ամերիկայում, հեռավոր Ավստրալիայում եթե մարդիկ ուզենան հայերեն սովորեն, հայերեն թերթ խմբագրեն, կիրակնօրյա դպրոց պահեն, որտեղի՞ց պիտի գա այդ ներուժը, այսօր Հալեպը պիտի կարողանա՞ այդ ներուժը տալ, այսօր չի կարողանում, էլ չեմ ասում Միջին Արևելքի մասին, նույնիսկ Լիբանանի մասին, որ իմ կարծիքով շատ լուրջ փորձաքարերի է զարնվելու առաջիկա տասնամյակին: Ես հավատում եմ, որ ունենք այդ ներուժը, որ կարողանանք լավ դպրոց ունենալ, սա մարտահրավեր է ՀԲԸՄ-ին: Երբ խոսում ենք աշխարհին Ավրորայի լեզվով, չունենա՞նք մի դպրոց, որ մեր երեխաները արևմտահայերենը մաքուր խոսեն, ընկալեն, արարեն»,-նշում է բեյրութահայ լրագրողը:

 

ՈՉ ՍԻՐԻԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ

Արևմտահայերեն թեքումով, բայց ոչ սիրիական ծրագրով դպրոց պետք է լինի, կարծում է նա, և ընդհանրապես դեմ է տարբեր երկրների ծրագրերով Հայաստանում դպրոցներ բացելուն: Սիրիահայ երեխաների համար հատուկ դպրոց հիմնելու անհրաժեշտություն չի տեսնում Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի նախագահ, սիրիահայ բժիշկ Ջորջ Բարսեղյանը, ով վստահ է, որ սիրիահայ համայնքն ու առավել ևս երեխաները լիարժեքորեն ինտեգրվել են հայկական դպրոցներում, որևէ մեկն առանց  կրթության չի մնում, Կիլիկյան վարժարանն էլ, որը բացվեց նրանց ժամանելու առաջին տարում, իր նպատակին ծառայեց.

 

«Ժամանակավոր բնույթ էր կրում, սիրիահայերը որ եկան, այլ տրամադրություն ունեին, բայց երբ ի հայտ եկավ, որ ավելի երկար են մնալու, փակվեց դպրոցը: Այն սիրիական ծրագրով էր, որպեսզի նրանք երբ վերադառնային, կարողանային շարունակել դպրոցական դաստիարակությունը Սիրիայի մեջ, բայց ժամանակը ցույց տվեց, որ կարիքը չկա»,-նշում է Բարսեղյանը:

 

ԽՈՍՔԵՐ ԵՆ ՕԴԻՆ ՄԵՋ

Ինչ վերաբերում է դպրոցի վերաբացմանը, ապա այդ մասին որևէ հստակ խոսք չի եղել, ու ընդհանրապես օտարալեզու դպրոց բացելու թույլտվություն է հարկավոր: «Հստակ քննարկում մը չկա, հստակ որոշում մըն ալ չկա, խոսքեր են ուղղակի օդին մեջ, որոնք դեռևս լուրջ քննարկման չեն ենթարկված: Տարբեր մարդիկ տարբեր ձևով կմտածեն»,-նշում է ՀԿ նախագահը:

 

Իմ սեփական երեխեքս ալ՝ երկու աղջիկներս, դպրոցում մաքուր արևելահայերեն կխոսին առանց ակցենտի, իսկ տանը արևելեհայերեն կխոսին

 

Լեզվական խնդիրներ ևս չկան, արևելահայերենը չի կարող խոսչընդոտ լինել կրթական ծրագիրը յուրացնելու համար: Օրինակ է բերում. «Դուք ձեր դպրոցական տարիներին Պարոնյան, Օտյան անցե՞լ եք, դժվարություն գտե՞լ եք, ոչ, ճի՞շտ է, նույն ոչ-ը կարող եմ սիրիահայ երեխաներին վերագրել, նրանք հիանալի տիրապետում են և արևելեահայերին, և արևմտահայերենին, իմ սեփական երեխեքս ալ՝ երկու աղջիկներս, դպրոցում մաքուր արևելահայերեն կխոսին առանց ակցենտի, իսկ տանը արևելեհայերեն կխոսին»,-վստահեցնում է սիրիահայ բժիշկը:

 

Ինչքան պիտի մարդ բութ լինի, որ 5 տարի ապրելով մի երկրում՝ լեզուն առնվազն չհասկանա

 

«Պատերազմից 5-6 տարի անցավ, հատկապես երեխաները շուտ են լեզուն սովորում, ինչքան պիտի մարդ բութ լինի, որ 5 տարի ապրելով մի երկրում՝ լեզուն առնվազն չհասկանա, գնում են Շվեդիա, 6 ամսից քննություն են հանձնում, Հայաստանում 5-6 տարի անց ո՞նց կարող են չսովորել»,-ասում է Շահե Քեշիշյանը՝ սիրիահայ երաժիշտ-խմբավարը, ով մասնագիտության բերումով հաճախ է առնչվում երեխաների հետ և տեսնում նրանց ինտեգրումը հայկական դպրոցներում:

 

Նա ևս կարծում է, որ նոր դպրոց բացելու անհրաժեշտություն չկա, այն, ինչ գործեց պատերազմի առաջին տարիներին բավարար էր: «Իմ կարծիքով՝ առաջին տարին երևի մի քիչ կարիք զգացվեց, մինչև որ սովորեն նոր միջավայրին, նոր լեզվին և այլն, բայց արդեն կարիքը չկա, ներգրավվել են հայաստանյան իրականության մեջ, լեզվի խնդիր չունեն, և ինչո՞ւ պետք է որ առանձնանան, պետք է շփվեն սովորական հասարակության մեջ, կարիքը չկա»,-նշեց խմբավարը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments