Home / Armenia  / Սփյուռքի վստահությունը Արցախի հանդեպ չի նվազել, իսկ քաղաքական շարժառիթները չեն ազդել զբոսաշրջության ծավալների վրա. ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյան

Սփյուռքի վստահությունը Արցախի հանդեպ չի նվազել, իսկ քաղաքական շարժառիթները չեն ազդել զբոսաշրջության ծավալների վրա. ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյան

Davit Ishxanyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Ստեփանակերտ (Նորանոր) _Արցախի խնդիրների մասին չպետք է լռել, ինչպես ընդունված է ասել, այլ խոսել, քննարկել ու լուծման ուղիներ գտնել, այս մոտեցումն ունի ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: ՀՅԴ-ն, որ Արցախում ևս համագործակցում է իշխանությունների հետ դեռ 2007թ-ից, ասում է՝ նաև պատասխանատվությունն է կիսում, իսկ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պարագայում նման համագործակցությունը հորդորում է շատ ցավոտ չընդունել:

 

Այն, որ Սփյուռքի ՀՅԴ-ն այդ կերպ չէր վարվի՝ համագործակցելով կոռումպացված իշխանությունների հետ, Իշխանյանը համարում է լրատվամիջոցների ու քաղաքական որոշ շրջանակների կողմից առաջ քաշված հարց, որը հիմնավոր չի համարում: Noranor.ca-ին տված հարցազրույցում նա խոսել է կուսակցության դիրքորոշման, Արցախի մարտահրավերների ու դրանց վերաբերյալ իրենց մոտեցումների մասին:

 

ՓՈԽԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ

Դաշնակցությունը մեկ ամբողջություն է լինելով հանդերձ՝ ապակենտրոն կառույց է, որի յուրաքանչյուր մարմին պատասխանատու է իր տարածքում վարած քաղաքականության համար, ասել է, թե կախված խնդիրներից ու մարտահրավերներից՝ Դաշնակցությունը կարող է փոխել իր քաղաքական կեցվածքը, ինչպես դա եղել է Հայաստանի դեպքում, երբ ընդդիմությունից անցավ իշխանության շարքերը: Իսկ Սփյուռքում խնդիրները փոքր-ինչ այլ են:

 

«Կարևոր մեկ հանգամանք կա. Ի վերջո Սփյուռքում գործող կուսակցական ներկայացուցիչները չեն գործում հայրենի հողի վրա, իսկ ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում ՀՅԴ-ն հայրենի հողի վրա և հայոց պետականության պայմաններում է գործում, և բնականաբար կարծում եմ, որ քաղաքականությունը, որ որդեգրել են ՀՀ-ի և Արցախի կուսակցական կառույցները, ոչ թե անհատական որոշումների արդյունք են, այլ բազմակողմանիորեն քննարկումների և համապատասխան որոշումների: Հայաստանում երբեմն ՀՅԴ-ն ընդդիմություն է, Արցախում՝ իշխանություն և հակառակը»,-նշում է իշխանայանը:

 

Նա նորմալ է համարում, երբ տարբեր քաղաքական իրավիճակներում ՀՅԴ-ն տարբեր քաղաքական որոշումներ է կայացնում, իսկ Սփյուռքը չի քննարկում գործընկերների դիրքորոշումը:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Սփյուռքի վերաբերմունքը Արցախի նկատմամբ նույնը չէ, ինչ Հայաստանի, երբ հարցը վերաբերում է ներքին խնդիրներին: Օրինակ, Հայաստանի պարագայում սփյուռքահայերն այլևս տասը չափելուց հետո են մեկ անգամ որոշում ներդրում կատարել հայրենիքում, այդ մասին վկայում է դրանց ծավալի կրճատումն ու տնտեսության վրա բացասական անդրադարձը: Իշխանյանը վստահեցնում է, որ Արցախում դրանք չեն նվազել, ու ոչ միայն Ապրիլյան պատերազմից հետո բարեգործական նպատակով նվիրատվություններն են ավելացել, այլև ներդրումները չեն պակասել:

 

Չէի ասի, թե վստահությունը Արցախի նկատմամբ նվազել է

 

«Անցած տարվա ապրիլին տեսանք, թե ինչպիսի զգայնություն է առաջացնում Արցախը՝ իր բոլոր հիմնախնդիրներով, հարցը վերաբերում է ռազմական ոլորտին, սակայն այս ամենը ուղղակիորեն առնչվում է նաև տնտեսական դաշտին, և չէի ասի, թե վստահությունը Արցախի նկատմամբ նվազել է, այդ մասին վկայում են սփյուռքահայերի կողմից տարբեր՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում կատարվող ներդրումները»,-թվարկում է ՀՅԴ ներկայացուցիչը:

 

Ներդրումների նվազման չէ, բայց դեռ 2008թ-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները Արցախում դեռ նկատելի են, իսկ հիմնական խնդիրը այստեղ մնում է աշխատատեղերի հարցը, որից բխում են նաև մյուս խնդիրները: Նա խոսում է տնտեսական ցուցանիշներից, ըստ այդմ Արցախը տարեկան միջինը 9.8 տոկոս տնտեսական աճ ունի, որը, վստահ է, հնարավոր է բարելավել՝ շնորհիվ չօգտագործված ռեսուրսների:

 

Ընդհանուր Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն մեկ տնտեսական դաշտի խնդիրներն են, որ ուզենք թե չուզենք առանձին կղզյակ լինելու կարելիություն չունենք

 

«Իր բոլոր ռեսուրսներով Արցախն ունի կրկնակին գերազանցելու հնարավորություն, որովհետև մենք դեռևս չօգտագործված ռեսուրսների առումով կարող ենք նոր ցուցանիշներ արձանագրել, սակայն այստեղ հարցը չպետք է միակողմանի դիտարկել և տանել կառավարող շրջանակների և իշխանությունների դաշտը, այստեղ ընդհանուր Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն մեկ տնտեսական դաշտի խնդիրներն են, որ ուզենք թե չուզենք առանձին կղզյակ լինելու կարելիություն չունենք, բայց ձգտում ենք դրան, փորձում օգտագործել առկա պայմանները»,-նշում է Դաշնակցության Արցախի կառույցի պատասխանատուն:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԷՆԵՐԸ ՉԵՆ ԱԶԴԵԼ

Անկախ Արցախի առավելություններից՝ այն չի կարող լիարժեքորեն անկախ տնտեսություն ունենալ, իսկ Հայաստանի տնտեսական բացվերը նաև Արցախի վրա են ազդում, այնւամենայնիվ Արցախն ունի նաև այնպիսի առավելություններ, որոնք տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկների են բերում այս երկիր: Անցած տարի՝ պայմանավորված Քառօրյա պատերազմով, նրանց թիվը նվազել էր, բայց այս տարի՝ անկախ տարբեր երկրների պետական մակարդակով նախազգուշական միջոցառումներից՝ Արցախը շարունակում է հետաքրքրել արտասահմանցիներին:

 

Օտար պետությունները իրենց պաշտոնական կայքերում՝ ԱԳՆ և այլ պաշտոնական կայքերում զետեղում են Արցախ չմեկնելու իրենց հորդորները և համապատասխան քաղաքական որոշումները

 

«Ի վերջո մենք տեղյակ ենք, որ օտար պետությունները իրենց պաշտոնական կայքերում՝ ԱԳՆ և այլ պաշտոնական կայքերում զետեղում են Արցախ չմեկնելու իրենց հորդորները և համապատասխան քաղաքական որոշումները, այնուհանդերձ պետք է ասեմ, որ որևէ զբոսաշրջիկ որևէ տեղ չի կարող իրեն ավելի լավ զգալ, որքան Արցախում»,-վստահեցնում է արցախցի գործիչը:

 

Գալիս են, հետաքրքրվում ու հիանում Արցախով, զբոսնում տեսարժան վայրերով, և ոչ միայն սփյուռքահայերը, Իշխանյանը վստահեցնում է, որ հենց օտարազգիներն են հետաքրքրվում այս երկրով, և նրանց հոսքը քիչ չէ: Նշում է.

 

«Եվրոպա, Ամերիկյան աշխարհամաս, Լատինական Ամերիկայի երկրներ, Ասիական երկրներից՝ Ճապոնիա, Չինաստան, այդ առումով  անցած 10-15 տարիներին սկսել է օտարազգիների շարժը Արցախ տուրիստական նպատակներով, նույնիսկ քաղաքական շարժառիթները էական չեն, որովհետև երբեմն նաև քաղաքական շարժառիթներն են մարդկանց բերում Արցախ»:

 

 

Ձեր կարծիքը

Comments