Home / Armenia  / Վանի հայկական գերեզմանատունը՝ հանրային զուգարան: Թուրքական շարունակական քաղաքականությունը հայկական ժառանգության նկատմամբ

Վանի հայկական գերեզմանատունը՝ հանրային զուգարան: Թուրքական շարունակական քաղաքականությունը հայկական ժառանգության նկատմամբ

Turqia

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր)_ Հայաստանաբնակ կանադահայ Վազգեն Կալջյանը երանությամբ է հիշում ավելի քան 10 տարվա վաղեմության այն ժամանակաշրջանը, երբ ուխտագնացության մեկնեց Նախիջևան: Այս ուղևորության ամենատպավորիչ դրվագներից պատմական հայկական գերեզմաններն ու Ավարայրի դատավայրի այցելությունն է հիշում:

 

«Պարսկաստան երբ գնացել էի, այնտեղ մեր գերեզմանները մնում էին, 600 տարվա գերեզմաններ էին, Պարսկաստանի և Նախիջևանի սահմանին է, գերեզմանները նկարեցի, ունեմ դեռ պահպանված նկարները, հաջորդ անգամ լսեցի, որ արդեն փլատակ են բոլորը, ազերիներն են ոչնչացրել, ոխ են հանում»,-ցավով հավելում է մանկավարժը:

 

Ջուղայի խաչքարերի ոչնչացումը ադրբեջանցիների կողմից հասցված հարվածն էր, նույնն ամեն օր տեղի է ունենում Թուրքիայում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում: Վերջին աղմուկ հանած դեպքը տեղի ունեցավ Վանում, երբ հայկական գերեզմանների վրա թուրքական իշխանությունները կառուցեցին հանրային զուգարաններ:

 

ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆԱՐԳԱՆՔ

Բացահայտ անարգանք հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ոչնչացնում են, ինչ հնարավոր է, իսկ որ եկեղեցիները չեն կարողանում վնասել, վերածում են մզկիթների և օգտագործում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

 

Հայաստան տեղափոխվելուց ի վեր Վազգեն Կալջյանը  գրեթե ամեն տարի սփյուռքահայ տուրիստների խումբ է առաջնորդում Արևմտյան Հայաստան, մեր հայրենակիցներն այնտեղ փնտում են իրենց նախնիների հետքերը՝ գերեզմաններ, հուշարձաններ, եկեղեցիներ, պատմամշակութային օջախներ: Մեծ մասամբ դրանք վնասված են  կամ կիսավեր:

 

Մեկ-երկու տուն մնացած են, հին հայկական տուներ և եկեղեցին դեռ չորս պատով մնում է

 

Պատմում է Մուշի մասին. «Մուշում գերեզմանները գրեթե փչացած են, հայկական տուները ավերված են, մեծ շենքեր են սարքում, մեկ-երկու տուն մնացած են, հին հայկական տուներ և եկեղեցին դեռ չորս պատով մնում է»:

 

Դրանց վերականգնման մասին խոսք լինել չի կարող, թուրքական իշխանությունները անում են հնարավորը հայկական հետքերը վերացնելու ուղղությամբ: Եվ ոչ միան հայկական:

 

Թուրքերը ուրիշ աշխարհում են ապրում, մենք ասում ենք՝ մեր հողերը, իրենք բնավ չեն հետաքրքրված, թե ինչ կա

 

«Թուրքերը ուրիշ աշխարհում են ապրում, մենք ասում ենք՝ մեր հողերը, իրենք բնավ չեն հետաքրքրված, թե ինչ կա, Ստամբուլի մեջ գերեզմանների վրա ճամփա էին շինել. և շենքեր են կառուցել»,-տպավորությունները ներկայացնում է Արևմտյան Հայաստանի հետ կապն ամրապնդող սփյուռքահայը:

 

Հայկական գերեզմանատան վրա կառուցվեց թենիսի դաշտ, շատ անգամ սպորտային իրադարձությունները տեղի են ունենում հանգուցյալների հողից դուրս եկած ոսկորների վրա

 

«Թուրքական շարունակական քաղաքականությունն է, որը տարբեր դրսևորումներ է ունենում, և վերջերս Վանում այդ դեպքը օրինակներից մեկն է: Նման օրինակներ կարող ենք վերցնել Ստամբուլում անգամ, երբ հայկական գերեզմանատան վրա կառուցվեց թենիսի դաշտ, շատ անգամ սպորտային իրադարձությունները տեղի են ունենում հանգուցյալների հողից դուրս եկած ոսկորների վրա»,-նշում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

 

ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐՄԵՐ

Թուրքական հստակ ընդգծված քաղաքականություն, որը միտված է երկրի տարածքում վերացնել հայկական հետքերը, ապացուցել, որ հայերն այդ տարածքում ոչ թե բնիկներ, այլ եկվորներ են եղել: Թուրքիայի Հանրապետության ստեղծման օրվանից է եղել այս քաղաքականությունը, որով խախտվում են մի շարք նորմեր, այլև Լոզանի պայմանագրի դրույթները, ըստ որոնց Թուրքիան պարտավոր է իր տարածքում պահպանել այլ ժողովուրդների կրոնական օջախները:

 

Եթե եկեղեցին վերածվել է կրոնական մզկիթի, շարունակում է լինել եկեղեցական արարողությունների վայր, սակայն եթե վերածվում է բնակարանի կամ զուգարանի, դա պարունակում է որոշակի  ենթատեքստ

 

«Եթե մենք հետևենք անցած տասնամյակների դեպքերին, կտեսնենք, որ նման հազարավոր օրինակներ կան, մշակութային կառույցները վերածվել են հանրային զուգարանների, վերածվել են կինոթատրոնների, բնակարանների, կամ որոշակի կրոնական պաշտամունքի վայրերի: Օրինակ, եթե եկեղեցին վերածվել է կրոնական մզկիթի, շարունակում է լինել եկեղեցական արարողությունների վայր, սակայն եթե վերածվում է բնակարանի կամ զուգարանի, դա պարունակում է որոշակի  ենթատեքստ, այսինքն՝  անարգալից վեաբերմունք հայ կրոնի նկատմամբ»,-նշում է թուրքագետը:

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՎՈՒՄ ԵՆ

Նման վերաբերմունքը ոչ միայն հայ կրոնի նկատմամբ է, այլև հունական, և եթե չեն կարողանում վերացնել, փորձում են յուրացնել ու օգտագործել իրենց նպատակներին: Հնարավոր չէ նաև միջազգային կառույցների օգնությամբ հասնել նրան, որպեսզի կառույցները ոչ թե վերացվեն, այլ նույն նպատակներին ծառայեցնեն:

 

Թուրքագետը շեշտում է, որ նրանք ոչ թե հոգում են այդ կառույցների պահպանման մասին, այլ յուրացնում դրանք՝ վերածելով մզկիթների ու ներկայացնելով որպես թուրքական ժառանգություն:

 

«Գործում է յուրացման քաղաքականությունը տուրիզմից ակնկալվող եկամուտների հետ, և եթե փորձենք հասկանալ, նրանք ասում են, որ այդ տարածքներում հայեր և հույներ չեն եղել, կամ եղել են եկվորներ, և որպեսզի ապացուցեն այդ տեսությունը, նրանք ոչնչացնում են հայերին ու հույներին պատկանող ամեն ինչ, առաջին հերթին հենց եկեղեցիները, որովհետև դարավոր եկեղեցիները լուռ վկաներն են այն բանի, որ այդ տարածքներչում հայերը եղել են բնիկները»,-նշում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալը:

 

Օրինակ թուրքերը չէին կարող ոչնչացնել Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցին կամ Անիի Մայր տաճարը: Սրանք աղաղակող դեպքեր կլինեին, որոնք կվարկաբեկեին Թուրքիային, հետևաբար այստեղ ևս նրանք յուրացման քաղաքականություն վարեցին:

 

Նույնիսկ Անիի եկեղեցիների փաստաթղթերը եթե նայեք, այնտեղ մի քանիսը նշված է որպես մզկիթ

 

«Եվ Աղթամարի եկեղեցին, և Անին եղել են ոչնչացման վտանգի տակ, պահպանված են տարբեր վկայություններ, որ նույն Անիի վերաբերյալ Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավորները նամակ են գրել այդտեղի ղեկավարին, որ եթե կարողանա ոչնչացնել Անիի ավերկները, ապա մեծագույն ծառայություն մատուցած կլինի թուրք ազգին, բայց քանի որ չեն կարողացել վերացնել, ներկայացրել են որպես մզկիթ: Նույնիսկ Անիի եկեղեցիների փաստաթղթերը եթե նայեք, այնտեղ մի քանիսը նշված է որպես մզկիթ»,-նշում է մեր զրուցակիցը:

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒՄ

Նույն Անիի Մայր տաճարը ներառված է հուշարձանների պահպանության ցանկում, իսկ օրինակ Խարբերդի սուրբ Գևորգ վանական համալիրը Թուրքիայի շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը շուրջ 35 տարի առաջ վանական համալիրի պահպանման հայտ է ներկայացրել: Դրանից հետո Էլազըղի քաղաքապետարանն ու Հնագիտության ու էթնոգրաֆիյաի թանգարանը հաշվառման են առել համալիրի տարածքը: Ինչու են ներառվում ցանկում և նման քայլեր ձեռնարկվում, եթե հետագա միջոցառումներ չեն իրականացնելու, թուրքագետը նշում է.

 

«Երբ 25 տարի առաջ Սասունի Մարութա սարի գագաթին գտնվող սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները որոշակիորեն փաստաթղթավորվեցին, ապա չակերտավոր, անհայտ անձինք, ոտնձգությւններ իրականցրին և մեծ մասը ոչնչացրին, պետությունն էլ դա վերագրեց գանթագողերին, տարբեր ուժերին: Այսինքն՝ ցանկում  ներառելը ամենևին էլ չի նշանակում, որ կարող է պահպանվել»:

 

Իսկ վատն այն է, որ դրանք պահպանելու կամ նման վայրագությունները նվազագույնի հասցնելու մեխանիզմներ չկան, թուրքագետը՝ որպես այդպիսին, տեսնում է միայն հայ համայնքի ընդդիմությունը, որը մեծ արդյունքներ չի տալիս:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments