Home / Canadahye  / Կանադայում աշխատածս տարիները մշտապես կհիշեմ ջերմությամբ. Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ամփոփիչ հարցազրույցը

Կանադայում աշխատածս տարիները մշտապես կհիշեմ ջերմությամբ. Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ամփոփիչ հարցազրույցը

Armen Yeganian

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունն այս երկրում՝ պաշտոնապես հրաժեշտ տալով Կանադային: Մինչ Հայաստան վերադառնալը նա հարցազրույց է տվել Noranor.ca-ին՝ ամփոփելով Կանադայում իր 6 տարիների աշխատանքը:

 

Հիշեցնենք, որ Արմեն Եգանյանը Կանադայում դեսպան էր նշանակվել 2011թ-ին, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել պաշտոնից 2017թ. հուլիսի 2-ին: Նրան Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնում կփոխարինի Լևոն Մարտիրոսյանը:

 

ԱՃ ԲՈԼՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև հարաբերությունների սերտացումը դիվանագիտական կառույցների հիմնական առաքելությունն է, այս իմաստով Եգանյանը փորձել է դա անել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում: Թե ինչպիսին էր իրավիճակը, երբ 6 տարի առաջ ստանձնեց պաշտոնը, և հիմա, երբ հրաժեշտ է տալիս Կանադային, չի փորձում առանձնացնել, բայց Noranor.ca-ի հարցումին ի պատասխան՝ մանրամասնում է այն բոլոր ուղղությունները, որոնցում աշխատանք է տարել՝ շեշտելով, որ վերջին 6 տարիներին շոշափելի աճ է արձանագրվել հայ-կանադական կապերի բոլոր բնագավառներում:

 

8«Քաղաքական բնագավառում վերոնշյալի լավագույն ապացույցներից մեկը փոխայցելությունների զգալի ակտիվացումն էր»,-նշում է Հայաստանը Կանադայում 6 տարի ներկայացրած դիվանագետը՝ թվարկելով, օրինակ 2015թ-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կանադա, ինչպես նաև Հայաստանի և Կանադայի միջև հաստատված ակտիվ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում. 2016թ. նոյեմբերի 27-ին Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում կայացող ՖՄԿ նախարարական համաժողովի ընթացքում որոշում է կայացվել 2018թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացնել Երևանում: Նա հատկապես շեշտում է.

 

«Դրանում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Կանադայի կառավարությունը, ով իր երեք ձայներով (Դաշնային կառավարության, Քեբեկի և Նոր Բրանսվիքի) լիակատար աջակցություն է ցուցաբերել այդ որոշմանը»:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Նաև տնտեսական համագործակցությունն է արդյունավետ եղել՝ շնորհիվ ՀՀ-ում կանադական ընկերությունների, վստահեցնում է դեսպանը:

 

Տնտեսական ոլորտում առկա թվերը գոհացնող չեն, քանզի ներուժը շատ ավելի մեծ է

 

«Համագործակցության ամենաակտիվ ոլորտներն են դարձել հանքարդյունաբերությունը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Դա զգալիորեն նպաստել է նաև երկկողմ ներկրումների և արտահանումների թվի աճին, սակայն, ինչպես բազմիցս նշել եմ, տնտեսական ոլորտում առկա թվերը գոհացնող չեն, քանզի ներուժը շատ ավելի մեծ է»,-ակնկալիքներն է ներկայացնում դիվանագետը:

 

Իսկ մշակութային բնագավառը հագեցած է եղել հարյուրավոր մշակութային միջոցառումներով, որոնց շնորհիվ, ինչպես դեսպանն է վստահեցնում, կանադական հասարակությունում սկսել են շատ ավելի ընդգրկուն ճանաչել հայ մշակույթն ու պատմությունը, միևնույն ժամանակ հայերն են ավելի հաղորդակից դարձել մշակույթի բնագավառում կանադական ժառանգությանը:

 

Այս ոլորտի թերևս հիշատակելի միջոցառումներից էր նրա նախաձեռնությամբ Յուսուֆ Քարշի կիսանդրու տեղադրումը, որի մասին նշում է.7

 

Քանի որ նաև Օտտավայում չկար հայկական մշակույթին նվիրված որևէ կոթող, Քարշի հուշարձանի բացումն, իրոք, երկկողմ հարաբերությունների առանցքային ձեռնարկներից կարելի է համարել

 

«Յուսուֆ Քարշի հուշարձանը մշտապես հանդիսանալու է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամենագեղեցիկ խորհրդանիշներից մեկը: Հատկապես հատկանշական է հուշարձանի բացումը Համադաշնության պուրակում հենց այն տարում, երբ նշվում է Կանադայի Համադաշնության 150-ամյակը և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Գաղափարը ծնվել է կնոջս` Մարիայի մոտ, երբ դեռևս 2012թ. Օտտավայում հանդիպում ունեցանք Քարշի այրու` Էստրելիտ Քարշի հետ: Քանի որ նաև Օտտավայում չկար հայկական մշակույթին նվիրված որևէ կոթող, Քարշի հուշարձանի բացումն, իրոք, երկկողմ հարաբերությունների առանցքային ձեռնարկներից կարելի է համարել»:

 

Մինչ Կանադայում դեսպանի պաշտոնում նշանակվելը Եգանյանը դիվանագիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ում և ՌԴ-ում, որոնք շատ ավելի մեծ հայկական համայնք ունեն, իսկ Կանադայի համայնքը թեև փոքր, բայց միասնական է: Հատկապես ինչով է կարևորում դեսպանն իր աշխատանքն այս երկրում և ինչով է առանձնանում Կանադան, Noranor.ca-ի հարցին Արմեն Եգանյանը պատասխանում է.

 

Կանադայում աշխատածս տարիները մշտապես կհիշեմ ջերմությամբ` կապված, առաջին հերթին, կանադացիների դրական կերպարի, առաձնահատուկ բարության և հյուրընկալության հետ

 

1«Կանադայում աշխատածս տարիները մշտապես կհիշեմ ջերմությամբ` կապված, առաջին հերթին, կանադացիների դրական կերպարի, առաձնահատուկ բարության և հյուրընկալության հետ: Կանադայում դիվանագիտական ծառայությանս ամեն օրը փորձել եմ ծառայեցնել Հայաստանի և հայ ժողովրդի մասին ավելի պատկերավոր կերպար ստեղծելուն և եղած պատկերացումները խորացնելուն: Վստահաբար կարող եմ նշել, որ հայ և կանադացի ժողովուրդներն ընդհանուր շատ գծեր ունեն, որոնցից ամենաշատն աչքի ընկնողը ջերմ հյուրընկալությունն է»:

 

Նա նաև կարևորում է Կանադայում հայ համայնքի միասնականությունը, իսկ իր հիմնական ուղերձն էլ կանադահայերի հետ հանդիպումներում հենց այդ գաղափարի տարածումն է եղել: Դեսպանությունն այս տարիներին փորձել է համագործակցել բոլոր հայկական կազմակերպությունների ու կառույցների հետ, իսկ դեսպանն անձամբ այցելել է գրեթե բոլոր համայնքային կենտրոնները՝ հարյուրավոր անգամներ այցելելով Մոնրեալ և Տորոնտո քաղաքներ:

 

ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ6

Ինչպես Սփյուռքի բոլոր գաղութներում, Կանադայում ևս հակահայ քարոզչություն է գործել, որի կանխման կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ Հյաստանի դեսպանատան պատասխանատվությունը մեծ է, անցնող 6 տարիներին Կանադայում քիչ չէին նման դեպքերը, ինչպիսին է եղել Արմեն Եգանյանի հակահարվածը թուրքական կամ ադրբեջանական հակահայ քարոզչությանը: Նա ընդգծում է, որ իր ծառայության ընթացքում նման որևէ քայլ անպատասխան չի մնացել:

 

Բոլոր դեպքերում հակահայ ծրագրերը ձախողվել են, ինչը ապացուցում է, որ Կանադան մարդու իրավունքները հարգող և արդարության ջահակիր հանդիսացող պետություն է, ուր հնարավոր չէ էժան զրպարտանքի միջոցով արդյունքի հասնել

 

«Այդ պատասխանները հստակ տրվել են թե՛ 2011թ., երբ Թուրքիայի դեսպանությունը փորձում էր զրպարտող հոդվածների միջոցով վարկաբեկել մեր երկիրը, թե՛ 2012թ., երբ Ադրբեջանի դեսպանությունը, շահարկելով այսպես կոչված Խոջալուի իրադարձությունները, փորձում էր հակահայ տրամադրություններ ստեղծել Կանադայի տարբեր քաղաքներում, և տրվում են մինչ այժմ` մինչ 2017թ., երբ նույն Թուրքիայի դեսպանությունը, դուրս գալով բարոյականության բոլոր սահմաններից, ցանկանում էր ապրիլի 24-ին Թուրքիայի մշակութային օրերին նվիրված միջոցառումներ իրականացնել Օտտավայում` ի նշանավորումն Կանադայի Համադաշնության 150-ամյակի: Բոլոր այդ դեպքերում հակահայ ծրագրերը ձախողվել են, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Կանադան մարդու իրավունքները հարգող և արդարության ջահակիր հանդիսացող պետություն է, ուր հնարավոր չէ էժան զրպարտանքի միջոցով արդյունքի հասնել»,-եզրափակում է 6 տարի Կանադայում ծառայություն իրականացրած դիվանագետը:

 

 

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments