Home / Armenia  / Հրդեհի՝ կենսաբազմազանությանը հասցվող վնասները. Աննախադեպ անտառային հրդեհը Հայաստանում

Հրդեհի՝ կենսաբազմազանությանը հասցվող վնասները. Աննախադեպ անտառային հրդեհը Հայաստանում

Hrdeh

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Վայոց ձոր (Նորանոր) _ Արտավանում գիհիների անտառի հրդեհի առաջին իսկ պահից խուճապի մատնված թռչունները երկինք են բարձրացել՝ ապահովություն փնտրելով:

 

«Մենք որտեղ գնացինք, ծուխը բնականաբար տեսնում էինք, խեղդում էր, ինչքան թռչուն կար՝ մեծ ու փոքր, մանր-մունր, ամբողջը օդի մեջ էր, այսինքն՝ երևում էր, որ անտառային հատվածներից դուրս էին եկել, փորձում էին տեղափոխվել ապահով տեղ»,- Noranor.ca-ին պատմում է Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր լաբորատորիայի գիտաշխատող, թռչունների պահպանությամբ զբաղվող բնագետ Լյուբա Բալյանը:

 

Երեկվանից ՀՀ ԱԻՆ, բնապահպանության և պաշտպանության նախարարությունների համապատասխան ուժերի ներգրավվածությամբ և մի շարք կառույցների օժանդակությամբ չի հաջողվում հանգցնել Վայոց ձորի անտառներում բռնկված հրդեհը: Արտավանի մոտակայքում ծավալված հրդեհը, ըստ նախնական տեղեկությունների,  ընդգրկել է ավելի քան 250 հա տարածք: Հայաստանում նման ծավալների անտառային հրդեհ անկախության տարիներին բնապահպանները չեն հիշում:

 

Բնապահպանական վնասը Հայաստանի նման փոքր ծավալների անտառային տնտեսություն ունեցող երկրում մեծ է, եթե նաև հաշվի առնվեն, որ այրվել են  250-500 տարեկան գիհիները, մեծ է նաև կենսաբազմազանությանը հասցված վնասները:

 

ԿԼՔԵՆ ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՔԸ

Քանի դեռ շարունակվում է հրդեհը, վաղ է խոսել վնասի չափերի մասին, սակայն բնապահպաններն արդեն իսկ մտահոգված են սակավաթիվ անտառներ ունեցող Հայաստանում աղետի հետևանքների վերաբերյալ:  Ինչ վերաբերում է կենսաբազմազանությանը, ապա տեղափոխության ունակ թռչուններն ու կենդանիները ի վիճակի են լքել վտանգավոր տարածքները, սակայն բազմաթիվ անողնաշարավոր կենդանիներ հրդեհի բաժին կդառնան:

 

Լյուբա Բալյանը Կենդանաբանության ինստիտուտի համապատասխան խմբի հետ երեք տարի է՝ ուսումնասիրություններ են կատարում հենց նշված տարածքներում, զննում են տեղանքի վայրի թռչունների ու խոշոր կաթնասունների տեսակները, վարքը, միգրացիոն հոսքերը և այլն: Հենց նման մի ուսումնասիրության ժամանակ էլ հանդիպել են հրդեհի տեսարանին:

 

Առավոտյան երբ իջնում էինք, տեսանք, որ բավականին հրդեհ է բռնկված, այնքան մեծ էր ծավալով, որ հանգցնելը դժվար էր

 

«Առավոտյան երբ իջնում էինք, տեսանք, որ բավականին հրդեհ է բռնկված, հիմնական Արտավան համայնքից վերև ընկած անտառների հատվածները, բայց փաստորեն այնքան մեծ էր ծավալով, որ հանգցնելը դժվար էր, իհարկե կապվեցինք Հայանտառի հետ,  տեսչության մարմինների հետ, փաստորեն բոլոր ծառայությունները կային, բայց քանի որ շատ թեք էին լանջերը, տեխնիկան չէր կարողանում բարձրանալ, որ հանգցնի»,-պատմում է Լյուբան:

 

Դեռևս հրդեհը կշարունակվի, չորային եղանակի և քամու պայմաններում լավագույն ելքը անձրևը կլինի, իսկ այս ընթացքում բնապահպանները փորձում են բացի գիհու անտառներին հասցված արդեն իսկ ակնհայտ վնասներից հասկանալ կենդանական աշխարհին սպառնացող վնասը:

 

Մանր-մունր կենդանու տեսակները, փոքր տարածությունների վրա տեղափոխություն չեն կատարում, ահագին վնասվում են, ահագին կենդանական աշխարհ կորցնում ենք

 

«Ես մտահոգված էի ամբողջ կենդանական աշխարհով, բայց մի բան նայեցինք, որ այն խոշոր կաթնասունները, ասենք՝ արջը, նաև թռչունները, այսինքն նրանք, որոնք դինամիկ են, ունակ են տեղաշարժվելու, իրենք հաստատ փրկվել են, և իրենց մասին մտահոգված չեմ, բայց նրանք, որ փոքր են չափսերով, ասենք՝ մանր կրծողներ, անողնաշարավոր կենդանատեսակներ, մանր-մունր կենդանու տեսակները, փոքր տարածությունների վրա տեղափոխություն չեն կատարում, ահագին վնասվում են, ահագին կենդանական աշխարհ կորցնում ենք»,-ներկայացնում է թռչնաբանը:

 

Անտառային այս տարածքում արջերի համար միջանցք հանդիսացող արահետներ կան, որոնք վերացել են, նման արահետների վրա բնագետների խումբը հատուկ լուսանկարչական թակարդներ էր դրել ուսումնասիրության նպատակով, հետևում էր արջերի վարքին, և հիմա մտահոգ չեն նրանց համար, թեև արահետներն այրվել են, բայց արջը այրվող տարածքից դուրս գալկու ճանապարհը կգտնի:

 

Արահետներ կորել են, բայց արջը՝ որպես կենդանի, չպիտի որ վնասված լինի

 

«Արջի, նաև  քոթոթներիի համար մտահոգված չեն, քանի որ բավականին մեծ են նաև ձագերը, երբ ուսումնասիրություններն անում էինք, 3 ամիս նայում էինք նկարները, հետևում էինք՝ քանի արջ է, քանի ընտանիք, ինչ չափի, այսինքն՝ բավական արահետներ կորել են, բայց արջը՝ որպես կենդանի, չպիտի որ վնասված լինի, իրենց հիմնական մնալու վայրերն ավելի բարձրադիր շրջաններն են: Թռչունների պահով ևս մտահոգված չեմ, որովհետև ձվադրման սեզոնն ավարտվել է, իրենք տեղափոխվող են, հաստատ թռչեն են ու ազատվել»,-նշում է Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողը:

 

ԼՈԿԱԼ ԿԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Մտահոգիչ է լոկալ կեցություն ունեցող կենդանիների ճակատագիրը, որոնց թվում կան և հազվագյուտ, և միայն Հայաստանում հանդիպող կենդանիներ, թե որոնք են դրանք, բնապահպանը դժվարանում է հստակեցնել, բայց վստահ է, որ քիչ չեն:

 

«Կրծողների մեջ կարելի է նշել, կենդանի էն կփորձի հողի մեջ մտնել փրկվելու համար, բայց նման կրիտիկական պայմաններում, պարզ է, որ կխեղդվի նույնիսկ: Դաշտային մկներ, մկնանմանների հազվագյուտ տեսակներ կարող են լինել, որքան օրգանիզմը փոքր է, որքան լոկալ են, իրենց բնորոշ չի տեղաշարժումները մեծ տարածությունների վրա, իրենք հաստատ վնասվել են»,-նշում է բնագետը:

 

ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏԸ

Բացի կենդանիներից, կվերանան նաև կենսամիջավայրն ու կենսաբազմազանության համար բարենպաստ պայմանները, դա, ըստ բնապահպօանի, մեծագույն կորուստն է, գիհիների անտառը, որի մի մասը գետնին է հավասարվել, վերականգնելու համար դարեր կպահանջվեն:

 

«Եթե անտառն անգամ բանկային սերմացու ունենա, այն փրկելը հնարավոր չէ, չգիտեմ էլ՝ նման փորձ կա՞, որևէ պետություն արե՞լ է, քանի որ գիհու անտառները հեշտությամբ են բռնկվում»,-ասում է առաջիկայում հիմնվելիք «Ջերմուկ» ազգային պարկի ծրագրի համակարգողը:

 

Նշենք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-20 թթ-ին հիմնել «Ջերմուկ»ազգային պարկ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը մի անգամ տեղեկացրել է, որ «Ջերմուկ» ազգային պարկի պոտենցիալ տարածքում կա Կարմիր գրքում գրանցված մոտ 50 կենդանատեսակ և 40-50 բուսատեսակ:

 

 

Ձեր կարծիքը

Comments