Home / Canadahye  / Ակնկալվում է հանդիպում Կանադայի կառավարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պարզ կդառնա կանադահայերի արշավի արդյունքը. Սևակ Բելյան

Ակնկալվում է հանդիպում Կանադայի կառավարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պարզ կդառնա կանադահայերի արշավի արդյունքը. Սևակ Բելյան

sevag-belian-2

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադահայության շրջանում սկիզբ առած արշավն՝ ընդդեմ Կանադայի կառավարության կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի դադարեցրել Ադրբեջանի հետ սկիզբ առած գործարքը: Այս մասին Noranor.ca-ին տված հարցազրույցում հայտնեց Կանադայի հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը:

 

Նշենք, որ արշավն սկիզբ էր առել այն բանից հետո, երբ «Radio Canada International»ը եւ «Սի.Պի.Սի.»ն հաղորդել էին, որ կանադական  INKAS Armored Vehicle Manufacturing ընկերությունն Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ ստորագրել է համաձայնագիր զրահապատ փոխադրամիջոցներ տրամադրելու վերաբերյալ:

 

ԲՈՂՈՔԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱԼԻՔԸ

Ի սկզբանե Հայ դատի հանձնախումբը, ՀԲԸՄ-ն ու կանադահայ մյուս կազմակերպությունները միասնականորեն հանդես եկան ընդդեմ այս գործողության, իրենց բողոքի ձայնը լսելի դարձրին կառավարությանն ու քաղաքական բոլոր ուժերին, Հայ դատի հանձնախումբը պաշտոնական նամակներով դիմեց Կանադայի վարչապետ Ջասթին թրյուդոյին, ինչպես նաև արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարներին, սակայն այսքանը բավական չէր: Հարկավոր էր Կանադայի իշխանություններին ցույց տալ, որ իրենց թիկունքում կանգնած է ամբողջ կանադահայությունը: Այս նպատակով է, որ սկիզբ առավ Կանադայի հայ համայնքի կողմից բողոքի նամակների հղումը կառավարություն: Ամբողջ հայ համայնքը Կանադայի բոլոր քաղաքներից միացան արշավին:

 

Ժողովուրդը կազմակերպված ձևով ընդառաջեց կոչին, և հազարավոր բողոքի նամակներ ուղղվեցան կառավարական բոլոր գրասենյակներուն

 

«Հազարավոր հայորդիներ, անսալով հայ Դատի հանձնախումբի կոչին, իրենց բողոքի ձայնը բարձրացուցին, և այդ է, որ հսկայական ալիք մը ստեղծեց: Նամակի արշավը տեղադրվեցավ ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության կայքէջին վրա, և տարածվեցավ բոլոր միջոցներով, ժողովուրդը կազմակերպված ձևով ընդառաջեց կոչին, և հազարավոր բողոքի նամակներ ուղղվեցան կառավարական բոլոր գրասենյակներուն»,-ներկայացնում է Սևակ Բելյանը:

 

Մեծ ու փոքր գրեթե բոլոր քաղաքներից՝ սկսած Մոնրեալից ու Տորոնտոյից մինչև Վանկուվեր ու Քեմբրիջ, նույնիսկ այն քաղաքներից, որտեղ փոքրաթիվ հայություն կա, միացան նամակների արշավին, արդյուքում ամբողջացավ հայկական կազմակերպությունների կոչն՝ ուղղված երկրի կառավարությանը:

 

«Սա արվեց կառավարությանը ցույց տալու համար, որ մեր կազմակերպության ետին մի քանի անձինք չեն, այլ ամբողջ համայնքն է կանգնած, մյուս կազմակերպություններն ալ կաջակցեն, և հայությունը նման հարցերու հանդեպ միշտ և միշտ միասնական կեցվածք ցույց կուդա, Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև հարաբերություններու զարգացման և հանուն Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման»,-ներկայացնում է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:

 

ՈՏՆԱՀԱՐԵԼ ԻՐ ԻՍԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Գաղափար, որը դնում են գործողությունների հիմքում կանադահայ կառույցները, պարզ է ու համոզիչ նաև կանադական իշխանությունների համար: Այս երկիրը, որը մարդու իրավունքների պաշտպանությունն իր հիմնական սկզբունքներից մեկն է համարում, իրավունք չունի մասնակցելու նման գործարքի, այսինքն՝ որպես զենք օգտագործվում է հենց երկրի կողմից որդեգրված արժեհամակարգի վերհանումը, հետևաբար հանգում է եզրակացության, որ չի կարող Կանադան Ադրբեջանի նման երկրի հետ կնքած նման գործարքով ոտնահարել իր իսկ որդեգրած սկզբունքները:

 

Կանադան չի կրնար նման առուծախով մեղսակից դառնա Ադրբեջանի նման այնպիսի պետությանց, որ օրըստօրե ավելի կսաստկացնե իր ճնշումն իր իսկ ժողովրդի վրա

 

«Ուղղում ենք նույն կոչը, որ Կանադան անմիջապես պետք է կասեցնի այս սարքավորումներու արտահանումը Ադրբեջան՝ շեշտելով, որ պետք է հիմնված ըլլան մեր կառավարության կողմե առաջացած այն սկզբունքներուն վրա, որ Կանադան չի կրնար նման առուծախով մեղսակից դառնա Ադրբեջանի նման այնպիսի պետությանց, որ օրըստօրե ավելի կսաստկացնե իր ճնշումն իր իսկ ժողովրդի վրա, և իհարկե նաև ունենալով հիմք  մեր մտահոգությունը՝ ղարաբաղյան հիմնահարցը, ունենալով այն մտավախությունը, որ նման զենքեր կրնան գործավիլ սահմանագծին վրա՝ մեր զինվորներուն դեմ»,-նշում է կանադահայ համայնքի ներկայացուցիչը:

 

Կանադան, որ միշտ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հարցի կարգավորման հարցի շուրջ, չպետք է մեղսակից դառնար ադրբեջանական տեռորին, կարծում է Բելյանը: Իսկ ինչու պիտի երկիրը զոհեր իր բիզնես-շահերը, ինչ հանգամանքներ կարող են ստիպել Կանադային դադարեցնել գործարքն ու մոռանալ առևտրային եկամտաբեր հարաբերությունների մասին. դարձյալ սեփական արժեհամակարգն ու որդեգրած սկզբունքները, կարծում է Բելյանը:

 

«Կառավարությունը հավանաբար նկատի չէր առած իր իսկ կողմե հառաջացված այն սկզբունքները, որ մենք այսօր զանոնք կգործածենք կառավարության դեմ: Հիմա այս հսկայական բողոքի ալիքը որ բարձրացուցած է, կառավարությունն այդ մեկն արդեն նկատի կառնե, և հսկայական մտահոգություն կա իր մոտ, որ այսպիսով իրենք  նեղ կացության մատնեցին իրենց, որովհետև հայկական համայնքը, ըլլալով շատ կազմակերպված համայնք, ըլլալով իր քաղաքացիական  պարտավորությունները հարգող՝ քվերակող համայնք, այսպիսով կրնա տարբեր մոտեցում ունենա կառավարության հանդեպ»,-ներկայացնում է հայկական քաղաքական կառույցի ղեկավարը:

 

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ

Այս հանգամանքը հաշվի առնելով է, որ կարող են նաև որոշակի ակնկալիքներ ունենալ, թեև վաղ է դրանց մասին վերջնական համոզմունք արտահայտել, կարծում է Սևակ Բելյանը: Քանի դեռ տեղի չեն ունեցել պաշտոնական հանդիպումներ ու չի հստակեցվել կառավարության կեցվածքը, չեն կարող հաջողության մասին խոսել, բայց որ ակնկալիքներ կան, դա ևս ժխտել չենք կարող:

 

«Բայցևայնպես մենք պատրաստ ենք կառավարության լսելու, իրենք մեր հետ կապի մեջ են, մոտ օրեն երևի պիտի ունենան բարձրաստիճան ընդունելություններ կառավարության ներկայացուցիչներուն հետ, ու կառավարությունը պիտի առիթը ունենա իր կեցվածքը ներկայացնելու և առիթը պիտի տա մեզ, որ հայ համայնքի անունով մեր պահանջքները դնենք սեղանի վրա, ակնկալիքները անգամ մը ևս ճշտենք այս կառավարությունեն, բացատրենք, թե ինչու սխալ և անընդունելի է Ադրբեջանի նման երկրի մը հետ նման առուծախ ընելը»,- կարծում է մեր զրուցակիցը:

 

Չեն կարող հավատալ, որ Կանադան կարող է պաշտոնապես այնպիսի որոշում ընդունել, որը կտանի Ադրբեջանի հետ բարյացակամ հարաբերությունների ու դրանով կվարկաբեկի իրեն: Հետևաբար եթե ոչ անմիջապես, բայց առաջիկայում հետևանանքերը տեսանելի կլինեն: Նշում է.

 

Հայ Դատի հանձնախումբի և կանադահայ բոլոր կազմակերպությունների աջակցությամբ պիտի շարունակենք պետք եղած ճնշումը բանեցնել կառավարության վրա, որ այս առուծախն անմիջապես եթե ոչ, բայց գոնե մոտ ապագային կասեցվի

 

«Հավանաբար քիչ մը թերահավատ պիտի ըլլա ըսելը, թե կառավարությունն անմիջապես պիտի կասեցնե առուծախը, բայց Հայ Դատի հանձնախումբի և կանադահայ բոլոր կազմակերպությունների աջակցությամբ պիտի շարունակենք պետք եղած ճնշումը բանեցնել կառավարության վրա, որ այս առուծախն անմիջապես եթե ոչ, բայց գոնե մոտ ապագային կասեցվի»:

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՅԼԵՐԸ

Վստահ է, որ դրան չեն կարող խոչընդոտել ադրբեջանական կողմի էժանագին հակաքայլերը, որոնք հիմնված են ապատեղեկատվության և հարցի լրջությունը նվազեցնելու վրա: Արդեն իսկ կանադական իշխանությունների մոտ նրանք չունեն անհրաժեշտ վստահություն, ի տարբերություն հայ համայնքի, քանի որ իրենց քայլերը հիմնված են եղել պատմությունը խեղաթյուրելու ու փաստերը շրջանցելու գործողությունների վրա:

 

Իսկ որ այս անգամ ևս Ադրբեջանն իր հնարքները կկիրառեր, դրանում վստահ էին արշավն սկսելուց առաջ էլ, անպատասխան թողնել որևէ քայլ չէին պատրաստվում: Ասում է.

 

Հայ դատի հանձնախումբն ավելի քան 50 երեսփոխաններու հետ խոսացած է, որոնցմե մեծամասնությունն ընդառաջած է  մեր խնդրանքին և պետք եղած ներկայացումները կատարած են ԱԳՆ մոտ

 

«Կանադայում Ադրբեջանի հավատարմատարը արդեն իսկ նամակներ ուղղած է կառավարության և զանգվածային լրատվամիջոցվներուն՝ պարզելով ադրբեջանական կեցվածքը հարցի նկատմամբ, և փոխանակ հարցի մասին խոսելու, հարցն ամբողջովին կշրջադարձեն և կխոսին իրենց երևակայական պատկերացումներով Ադրբեջանին հարցի վերաբերյալ: Մենք արդեն իսկ պատասխաններն ուղարկած ենք և փորձած ենք ԶԼՄ-ի միջոցով, տարբեր քաղաքական մակարդակի անձնավորություններու հետ խոսալով, իրականությունը պարզել, և Հայ դատի հանձնախումբն ավելի քան 50 երեսփոխաններու հետ խոսացած է, որոնցմե մեծամասնությունն ընդառաջած է  մեր խնդրանքին և պետք եղած ներկայացումները կատարած են ԱԳՆ մոտ»:

 

Իսկ հայկական կառույցների համար մեծ դժվարություն չի ներկայացնում նրանց հակահարված տալը, բավական է միայն պարզել իրականությունը:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments