Home / Armenia  / Որևէ մեկը չուզե սիրիահայ գաղութը լուծարքի ենթարկել. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեյիսյան

Որևէ մեկը չուզե սիրիահայ գաղութը լուծարքի ենթարկել. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեյիսյան

Jirayr Reisyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Դամասկոս (Նորանոր) _ Ի տարբերություն այլ գաղութների, Սիրիայի հայկական գաղութը, որը ձևավորվել է դեռևս վաղ Միջնադարում, պետք է շարունակի գոյությունը, կարծում է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը: Նա այդ պատրաստակամությունն ու հաստատակամությունը տեսնում է բոլոր սիրիահայերի մոտ, աշխարհի որ անկյունում էլ, պատերազմի պատճառով գաղթական դառնալով, հանգրվանած լինեն:

 

Noranor.ca-ի հետ զրույցում պատգամավորն անդրադարձել է հարցին, թե հիմա, երբ Հալեպը աստիճանաբար վերականգնվում է, ինչպես պետք է կողմնորոշվի հալեպահայ բնակչությունը՝ վերադառնալ ծննդավայր կամ նախկին բնակավայր, ինչպես կոչ են անում շատերը, թե մնալ հայրենիքում, որի մասին կոչերը ևս քիչ չեն: Ռեյիսյանը խոսել է նաև համայնքի վերականգնման ընթացքի մասին:

 

Հիշեցնենք, որ Ժիրայր Ռեյիսյանը Սիրիայի խորհրդարանում պատգամավոր էր ընտրվել 2016թ-ի ապրիլին՝ որպես Հալեպից ազգի թեկնածու: Մինչ այդ նա եղել է Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակը:

 

ՀԱՆԳՐՎԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ՍԻՐԻԱ

Սիրիահայություն բառի հայ արմատն արդեն իսկ հուշում է, որ պատերազմի պայմաններում նրանց մեծամասնության հանգրվանը պետք է լիներ Հայաստանը, այդպես էլ եղավ, բայց սա չի նշանակում, որ հայերնիք վերադառնալուց հետո հալեպահայերը չեն կարող մտածել Հալեպի վերականգնման մասին, իսկ Հալեպ վերադառնալու կոչերը բոլորովին էլ Հայաստանի դեմ չեն, հետևաբար Ռեյիսյանը նկատում է.

 

Որևէ մեկը չուզե գաղութը լուծարքի ենթարկել, գաղութը իր ամեն կարելին կընե անոնց ներգաղթելուն օգտակար դառնալուն, ինչ որ որոշած են, նաև մենք բոլորս կցանկանք հաջող ելք

 

«Կան երկրներ, ուր պատմություն կա հայ կյանքի հետ առնչված, բայց հոս՝ Սիրիա նաև արմատներ կան ոչ միայն Ցեղասպանության օրեն ետք ձևավորված գաղութի, այլ դարեր առաջ կանուխ Միջնադարեն շատ ավելի վաղ, և մարդիկ այսօր կորցրին իրենց տուները, դպրոցները, գործատեղիները, եկեղեցիները… Այդ բոլորը քիչ չեն, այդ դժվարությունները պատճառ կդառնան, որ մարդիկ քիչ մը հեռանան, թերևս մենք քիչ թիվով գաղթելու մասին մտածենք, հեռացողներ երբեմն ժամանակավոր անունին տակ երևան, բայց եթե կյանքն իրենց ուրիշ տեղերու մեջ դասավորելու ըլլան, ադոնք կրնան մնայուն ըլլան, սակայն որևէ մեկը չուզե գաղութը լուծարքի ենթարկել, գաղութը իր ամեն կարելին կընե անոնց ներգաղթելուն օգտակար դառնալուն, ինչ որ որոշած են, նաև մենք բոլորս կցանկանք հաջող ելք»:

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Իսկ Հալեպ վերադարձողները, հատկապես Հայաստանից քիչ չեն, եթե անգամ հայրենիքում պայմաններից դժգոհ էլ չեն, շատերը վերադառնում են, որովհետև գույք ու անավարտ գործեր ունեն Հալեպում, գուցե նրանք վերջնականապես մնան այնտեղ կամ վերադառնան, բայց մեկ անգամ ևս իրենց ծննդավայրը տեսնելու ցանկություն շատերի մոտ կա: Հետևաբար ոչ միայն արգելք չեն հանդիսանա, այլև կխրախուսեն նման որոշումը:

 

Հալեպն աստիճանաբար կվերականգնվի, վստահ է Ռեյիսյանը, նա իրավիճակը հանդարտ է նկարագրում՝ նշելով, որ արդեն անցյալ դեկտեմբերին ազատագրության հայտարարություներից հետո մեկ-երկու միջադեպեր են տեղի ունեցել, բայց ընդհանուր առմամբ վերականգնման հեռանկարներ կան:

 

Քաղաքը գրեթե ամբողջությամբ իր տարածքը ազատագրված, մարդիկ կամաց-կամաց իրենց բնական կյանքին վերադառնալու ընթացքին մեջ են

 

«Քաղաքն ընդհանրապես ռազմական և զինվորական գործողություններու դրությունեն դուրս եկավ, հետևաբար աստիճանաբար վերականգնվեցան, անսարք ճամփաները վերացվեցան, երթևեկությունն ամեն կողմ սկսավ բնականոն ընթացք առնել, մարդիկ դեռ չէին դարձած աշխատանքին, սակայն բնականաբար  կենտրոնական գործողություններու, բախումներու, հարձակումներու բերմամբ շարք մը թաղամասեր վնասված, կողոպտված էին և այլն, հիմա արդեն իսկ այդ բոլորը դուրս եկավ, քաղաքը գրեթե ամբողջությամբ իր տարածքը ազատագրված, մարդիկ կամաց-կամաց իրենց բնական կյանքին վերադառնալու ընթացքին մեջ են»,-նկարագրում է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը:

 

ԿՊԱՀԱՆՋՎԵՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

Սա, սակայն, չի նշանակում, որ միանգամից քաղաքը ոտքի է կանգնել, դեռ կան բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը երկար ժամանակ կպահանջի: Հսկայական ծախսեր կպահանջվեն քանդված շենք-շինությունների վերականգնման համար, միջոցների կարիք կլինի նաև մարդկանց աշխատանքի հարցերը լուծելու համար, ինչ վերաբերում է կրթական գործընթացին, ապա այն հունի մեջ է մտել:

 

Այս բոլորը կարելի է համարել ժողովուրդի ապրելու կամքը, դժվարությունները հաղթահարելու կամքը, բայց անշուշտ կան նաև բազմաթիվ դժվարություններ

 

«Հատկապես դպրոցներն իրենց բնականոն ընթացքի մեջ էին, հակառակ ամեն դժվարություններու ուսումնական կրթական կյանքը շարունակվեցավ մանկապարտեզեն մինչև համալսարան,  այս բոլորը կարելի է համարել ժողովուրդի ապրելու կամքը, դժվարությունները հաղթահարելու կամքը, բայց անշուշտ կան նաև բազմաթիվ դժվարություններ՝ տնտեսականեն սկսած մինչև քանդված բաժինները վերաշինելու, որոնց հանգրվանային աշխատանքը սկսված է»,-նկարագրում է սիրիահայ համայնքի ընտրյալը խորհրդարանում:

 

Հնարավոր է եղել նաև լուծել ջրամատակարաման, մասամբ էլ էլեկտրականության ապահովման հարցերը: Այս ամենը համայնքի վերապրելու կամքի շնորհիվ, որը թույլ կտա նրանց նոր կյանք սկսել հինավուրց գաղութում:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments