Home / Canadahye  / Ցեղասպանության ճանաչման չգոյությունը հայերուն կդարձնե զոհ 100 տարվա ընթացքում. Կանադայում կկայանա Վիգեն Չեթերյանի գրքի շնորհանդեսը

Ցեղասպանության ճանաչման չգոյությունը հայերուն կդարձնե զոհ 100 տարվա ընթացքում. Կանադայում կկայանա Վիգեն Չեթերյանի գրքի շնորհանդեսը

Vicken Cheteryan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

ժնև (Նորանոր) _ Քաղաքագետ, միջազգային փորձագետ Վիգեն Չեթերյանը բազմիցս է նշել, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է: «Ճանաչման չգոյությունը հայերուն կդարձնե զոհ 100 տարվա ընթացքում». Այս գաղափարն է արծարծում նա իր վերջին՝ «Բաց վերքեր. Հայերը, թուրքերը և Ցեղասպանության դար» գրքում, իսկ Noranor.ca-ի հետ զրույցում գրքի հեղինակն անդրադառնում է ինչպես այս, այնպես էլ վերջին օրերին հանրությանը հետաքրքրող այլ հարցերի:

 

Չեթերյանի հետ զրույցի առիթը սեպտեմբերի սկզբին Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում կայանալիք նրա վերջին՝ վերոնշյալ գրքի շնորհանդեսն է, որը նախաձեռնել են Համազգային հայ կրթական և մշակութային միությունն ու Հայ Դատի հանձնախումբը: Սա գրքի առաջին շնորհանդեսը չէ, մինչ այս տարբեր երկրներում՝ Անգլիայում, ԱՄՆ-ի 7 քաղաքներում, Լիբանանում և այլուր ներկայացվել է գիրքը:

 

Բեյրութում ծնված Վիգեն Չեթերյանը հետագայում հաստատվել է Շվեյցարիայում՝ մեծ ներդրում ունենալով ինչպես այս երկրի, այնպես էլ համաշխարհային պատմության զարգացումները ներկայացնելու հարցերում: Մի շարք գրքերի հեղինակ է, որոնցում արծարծում է Կովկասյան երկրների, հետխորհրդային շրջանի զարգացումների,  համաշխարահային զարգացումներում հայ ժողովրդի դերակատարության հարցերը: Նա Կովկասյան ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարն է եղել:

 

ՄԻՋԻՆԱՐԵՎԵԼՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ներկայում Չեթերյանն աշխատում է հերթական գրքի վրա, որն անդրադառնում է Միջին Արևելքում հայ ժողովրդի պատմությանն ու դերակատարությանը, ինչն, ըստ նրա, մեծ է:

 

«Ես կգտնիմ, որ հայկական պատմությունը դուրս մղված է Միջին Արևելքի պատմությունեն, ինչը մեծ բաց է: Հիմնվելով գաղափարի վրա, որ հայերն հիմնականորեն միջինարևելյան ժողովուրդ են, հայերը կովկասյան ժողովուրդ չեն, հայերը բյուզանդական, պարսկական, արաբական  պետություններու հետ շատ-շատ խորը կապեր ունին, և մեր մշակույթը շատ մեծ ազդեցություն ունեցած  ու փոխարեն ազդված է այդ մշակույթներեն, ես կփորձեմ վերանայել Միջին Արևելքի պատմությունը՝ կենտրոնական դեր տալով հայերու, հույներու, ասորիներու ներկայությանը, և մանավանդ փորձելով հասկանալ Միջին Արևելքի զարգացման պրոցեսների մեջ 1918թ-ի դերն ու ազդեցությունը»,-ասում է Չեթերյանը:

 

Այն ավարտին հասցնելու համար հեղինակից դեռ մի քանի տարվա աշխատանք կպահանջվի, մինչ այդ կարևորում է վերջին աշխատության ներկայացումը կանադահայության շրջանում: Գրքում տեղ գտած նրա գաղափարներն ու վերլուծությունները հնարավորություն են տալիս հասկանալու Հայոց Ցեղասպանության դերը համաշխարհային պատմության ենթատեքստում:

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ

«1915-ի Ցեղասպանությունը հայկական պատմություն չէ մենակ, այլ համամարդկային պատմություն է, և այդ պատմության դասերու շուրջ մեր լռությունը, միջազգային պատմության դասերը անտեսելը մարդկության համար մեծ փորձանքի դուռ բացած է, մենք չենք կարող երևակայել Երկրորդ համաշխարհային պատմությունը, մենք չենք կարող հասկնալ Հոլոքոստը, մենք չենք կարող հասկանալ այսօր Միջին Արևելքի պատերազմներն ու ջարդերը, եթե չհասկանանք հայկական Ցեղասպանության դերը»,-նշում է Ժնևի համալսարանի դասախոսը:

 

100 տարվա ընթացքում համաշխարհային պատմության մեջ 1915թ-ի Հայոց Ցեղասպանության ազդեցությունը բացահայտելը կարևոր նշանակություն ունի հետագա զարգացումներում կողմնորոշվելու համար:

 

«Ցեղասպանությունը հայկական պատմություն չէ, այլ համամարդկային պատմության շատ կարևոր և իմ կարծիքով իր կարևորության համեմատ անտեսված էջ մըն է, մենք կխոսինք Առաջին պատերազմի ամենամեծ մարդկային կոտորածներու շուրջ: Առաջին պատերազմի ժամանակ հիմնական կորուստները ռազմական կորուստներ էին, բացի Օսմանյան կայսրության մեջ, որտեղ կորուստները ոչ ռազմական, քաղաքացիական կորուստներ են, այսինքն՝ մարդկային պատմության մեջ նոր էջ բացավ»,-նշում է միջազգային հարաբերությունների մասնագետը:

 

Ոչ միայն ճիշտ գնահատել, այլև առաջին հերթին ճանաչել Ցեղասպանությունը, սա է Թուրքիայում հայ ժողովրդի դրությունը բարելավելու և Թուրքիայի բռնապետական ընթացքը կասեցնելու կարևորագույն նախապայմանը: Քաղաքագետը պարզաբանում է.

 

Ինչպես որ մենք բանտարկյալ ենք այդ ժխտողականության, նույնպես քուրդերը և թուրքերը շղթայված են իրենց թրքական պետական ժխտողական քաղաքականությամբ պայմանավորված

 

«Ֆենոմենը, որ թուրքերը չեն ընդունե Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունը, իրենց թույլ կուդա, որպեսզի դարձյալ տարբեր ձևերով՝ ճնշման, ոճրային արարքներու տակ դնեն Թուրքիո մեջ ապրող հայությունը, բայց ես իմ աշխատանքի ուսումնասիրության ժամանակ հասկցա, որ այդ ժխտողականությունը մեծ կշիռ ունի թրքական և քրդական քաղաքական մշակույթի մեջ, այսինքն՝ ինչպես որ մենք բանտարկյալ ենք այդ ժխտողականության, նույնպես քուրդերը և թուրքերը շղթայված են իրենց թրքական պետական ժխտողական քաղաքականությամբ պայմանավորված»:

 

Այնուհանդերձ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների կողմից հաճախ առաջ քաշվող այն թեզին, որ այլևս ճանաչման փուլից պետք է քայլ կատարել դեպի պահանջատիրության փուլ, Չեթերյանը դեմ չէ, կարծում է, որ մեկը մյուսին չի խանգարում, հնարավոր է զբաղվել միաժամանակ ճանաչման և պահանջատիրության հարցերով:

 

ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Թուրքիայի բանտից վերջերս փախուստ տված գրող Սևան Նշանյանը հետագայում խոսեց այն բռնությունների մասին, որոնք կիրառվում են Թուրքիայի հայերի նկատմամբ, նաև Դիարբեքիրում ապրող Կարոտ Սասունյանը մեզ տված իր հարցազրույցում էր խոսել այդ մասին: Վիգեն Չեթերյանը նման կերպ է արձագանքում այս հարցին.

 

«Իմ կարծիքով պետք է զանազանել՝ Պոլսո մեջ  և գավառներու մեջ ապրող հայերը տարբեր պայմաններու կապրին: Բայց մենք այսօր գիտենք, որ կան մեծ թիվով իսլամացած հայեր, և իմ կարծիքով այս իսլամացած հայերու երևույթը  և ապագա զարգացումները մեծ կարևորություն ունին մեր ազգի  պատմության և ապագայի մեջ: Նույնիսկ եթե անհատներ դուրս գան Թուրքիայեն, մենք իբր հայ մտավորականներ, հայ կառույցներու անդամներ պետք է մեր հայացքը ուղղենք այդ իսլամացած հայերի ապագայի շուրջ»:

 

Մարդկության պատմության  մեջ գրեթե չտեսնված երևույթ է, որոնց հանդեպ պետք է մեծ զգուշությամբ ու հարգանքով մոտենանք

 

Նրանք ոչ միայն Ցեղասպանության վերապրողներն են, այլև 100 տարի շարունակ ոճրագործների մեջ, նրանց կողքին ապրողները, որոնց տառապանքները հնարավոր չէ նկարագրել: «100 տարի է՝ ապրած են իրենց ոճրագործ մարդկանց և ադոնց ընտանիքներու հետ՝ զիջելով իրենց իրավունքները, ինքնությունը և այլն: Մարդկության պատմության  մեջ գրեթե չտեսնված երևույթ է, որոնց հանդեպ պետք է մեծ զգուշությամբ ու հարգանքով մոտենանք»,-կարծում է նա:

 

ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Այս ամենի շուրջ առիթ կլինի խոսել նաև Կանադահայ հանրության հետ հանդիպման ժամանակ: Այստեղ վերջերս հատկապես արդիական է դարձրել Ղարաբաղյան հակամարտության գործում Կանադայի դերակատարումը: Մինչ այժմ հայանպաստ դիրքորոշումներով աչքի ընկած Կանադայի կառավարությունը թույլատրեց Ադրբեջանին զրահապատ տրանսպորտային միջոցների տրամադրումը, ինչը լուրջ քննադատությունների արժանացավ:

 

Մարդիկ, որ կուզեն աշխարհի մեջ տեսնել խաղաղություն, արդարություն, զարգացում, պետք է դեմ արտահայտվին Կանադայի ու այլ պետություններու այս շատ անհեռատես գործընթացին

 

«Կանադան միակ երկիրը չէ, մեր շատ սիրելի Ռուսաստանը նույն գործընթացի մեջ է, Իսրայելը, ինչպես որ կրտսեր Ալիևը արտահայտեց վերջերս, 5 մլրդ-ի զենք-զինամթերք  ծախած է Ադրբեջանին: Ոչ միայն հայերը, այլև բոլոր մարդիկ, որ կուզեն խաղաղություն, որ կուզեն տեսնել զարգացած Ադրբեջան, ոչ թե ռազմականացված Ադրբեջան, մարդիկ, որ կուզեն աշխարհի մեջ տեսնել խաղաղություն, արդարություն, զարգացում, պետք է դեմ արտահայտվին Կանադայի ու այլ պետություններու այս շատ անհեռատես գործընթացին»,-ասում է սփյուռքահայ մտավորականը:

 

Նա կարծում է, որ 2005թ-ից ի վեր, այսինքն՝ այն պահից, ինչ Ադրբեջանը սկսեց նավթի արտահանումը, բավական զինամթերք է կուտակել և ժամանակն է կասեցնել գործընթացը: Իսկ Կանադան, ինչպես հայտնի է, բիզնես նպատակներով է այս գործարքին գնացել, այլ ոչ թե տեղի տվել հակահայ քարոզչությանը: Ընդհանրապես արևմուտքում այն որևէ ազդեցիկ դեր չի խաղում, վստահ է միջազգային փորձագետը, մանրամասնում է այսպես.

 

Ադրբեջանի պրիմիտիվ քարոզչությունը արևմուտքում տեղ չունի

 

«Արևմտյան ժողովուրդները՝ հանրային կարծիք, պետական լծակներ շատ լավ տեղյակ են հայկական պատմության, մշակույթին, Սփյուռքի շատ կարևոր դերը այս պետությունների մշակույթի, տնտեսության զարգացման մեջ, այնպես որ Ադրբեջանի պրիմիտիվ քարոզչությունը այնտեղ տեղ չունի, բայց Ադրբեջանի լոբբիստական և թրքական պետության աշխատանքները որոշ պետական և տնտեսական լծակներու մոտ տեղ  կգտնե ոչ թե նրա համար, որ կհամոզվին Ադրբեջանի տեսակետին, այլ պարզապես նյութական շահ  հետապնդելու մեջ»:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments