Home / Canadahye  / Տորոնտոյում միջհամայնքային կապերն ամուր են և չկա միջեկեղեցական տարանջատում. Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ

Տորոնտոյում միջհամայնքային կապերն ամուր են և չկա միջեկեղեցական տարանջատում. Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ

serob Mkrtchyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Ամառվա մեկուկես ամսվա հանգստից հետո տորոնտոհայ երեխաների մի մասի համար կսկսվի ոչ միայն առօրյա ուսումնական, այլև հայեցի ու քրիստոնեական դաստիարակության գործընթացը: Հայ ընտանիքների մեծ մասը ձգտում է երեխաներին ուղարկել նաև հայկական եկեղեցիներին կից կիրակնօրյա դպրոցներ: Հայ ավետարանական եկեղեցու կից դպրոց 55 երեխա է հաճախում, իսկ ճամբարականների թիվը հասնում է 100-ի:

 

Եթե ընտանիքներում կա ձգտում երեխաների մեջ հայապահպանության գաղափարն ամրապնդել, ամեն գնով ապահովում են գոնե հաճախելիությունը: Եկեղեցու ավագ հովիվ Վերապատվելի Սերոբ Մկրտչյանը հավաստիացնում է.

 

Հաճախ դժվարությունը կըլլան ոչ թե փոքրերը, այլ ծնողքը, շատ պարագաներ նրանցեն կախյալ է

 

«Հաճախ դժվարությունը կըլլան ոչ թե փոքրերը, այլ ծնողքը, շատ պարագաներ նրանցեն կախյալ է: Եթե ծնողների համար  առաջնահերթություն է զավկի դաստիարակությունը, ոչ թե միայն գիտական ուսումը, այլև բարոյական, ազգային, քրիստոնեական դաստիարակությունը, ամեն զոհողություն կընեն, կան ծնողքներ, որ մոտավորապես մեկ ժամ կքշեն, որպեսզի զավակները հոս բերեն, կան այնպիսիներն ալ,  որոնք կըսեն, մենք կիրակի զբաղված ենք, հետևաբար զավակները հետ կմնան, երիտասարդ ծնողք պետք է գիտակից ըլլան զավակի ճիշտ դաստիարակության մեջ»:

 

ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Երկու տարի է, ինչ Վերապատվելի Մկրտչյանը ծառայում է Տորոնտոյում, մինչ այդ Քեսապում, ապա շուրջ 20 տարի Հալեպում է անցել իր ծառայությունը: Հիմա հաստատվել է Կանադայում ու դժգոհ չէ, մի կարևոր առանձնահատկություն ունի այս երկրի հայ համայնքը, որը գրավում է հոգևորականին: Թեև միայն առաքելական եկեղեցին արդեն իսկ երկու թեմերով է ներկայանում, գործում են նաև կաթողիկե և ավետարանական եկեղեցիները, բայց սա չի խանգարում համախմբված աշխատանքին, վստահեցնում է նա:

 

Շատ լավ կազմակերպված համայնք է, և նման տարանջատում չկա, առաքելական, ավետարանական, կաթողիկե եկեղեցիներ

 

«Տորոնտոյի պարագային յուրահատուկ է, որովհետև միջհամայնքային, միջեկեղեցական կապերը ամուր են, ես հաճախ ժողովներու մասնակից կըլլամ առաքելական եկեղեցվո, կաթողիկե եկեղեցվո հետ, և բոլորս մեկ նպատակ ունենք, կփորձենք դիմակայել համայնքի ընդհանուր մարտահրավերներուն, շատ լավ կազմակերպված համայնք է, և նման տարանջատում չկա, առաքելական, ավետարանական, կաթողիկե եկեղեցիներ»,-ներկայացնում է Վերապատվելի Սերոբ Մկրտչյանը:

 

Որպես օրինակ՝ ներկայացնում է, որ միասին են ձեռնամուխ լինում այնպիսի միջոցառումների անցկացմանը, ինչպես օրինակ Հայոց  Ցեղասպանության 100-ամյակն է կամ հայ համայնքի հայեցիությունը պահպանելու խնդիրը:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

Այս հարցը, ըստ նրա Սփյուռքի գլխավոր մարտահրավերներից է, որին դիմակայելու համար շատ կարևոր է հայրենիքի հետ ամուր կապերի պահպանումը, նոր սերունդը չի կարող սիրել Հայաստանը, չի կարող մայրենի լեզուն սովորել, եթե չի պահպանում կապը հայրենիքի հետ:

 

Օրինակներ կունենան մտքին մեջ, կտեսնին երկիր մը, հայրենիք մը, ժողովուրդ մը , մայրենի լեզուն ամեն կողմից կլսեն, և ոչ թե պիտի չուզեն սովորել, այլ ընդհակառակը, պիտի ուզեն սովորել ու նաևՍփյուռքեն ձգտել նպաստ ընել հայրենիքին

 

«Այսօր երիտասարդ սերունդը այնքան  մայրենի լեզու կհամարե դժվարություն, պիտի հավելյալ ճիգ  գործադրեն սովորելու համար; Ծնողքը պիտի ամեն գնով իրենց զավակները գոնե տարվան մեջ մեկ անգամ մայր հայրենիքի հետ կապը ապահովեն, անպայման տարին կամ երկու տարին մեկ անգամ Հայաստան տանեն: Այսպիսով նրանք օրինակներ կունենան մտքին մեջ, կտեսնին երկիր մը, հայրենիք մը, ժողովուրդ մը, մայրենի լեզուն ամեն կողմից կլսեն, և ոչ թե պիտի չուզեն սովորել, այլ ընդհակառակը, պիտի ուզեն սովորել ու նաևՍփյուռքեն ձգտել նպաստ ընել հայրենիքին»,-վստահ է եկեղեցու ավագ հոգևորականը:

 

ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Իրենց կողմից իրենք ձգտում են ամենշաբաթյա ուսուցում ապահովել, կիրակի օրերը երեխաները քրիստոնեական դաստիրակություն են ստանում, իսկ ուրբաթ օրերին նրանց ըստ տարիքային խմբերի՝ ազգային դաստիարակություն են ապահովում:

 

Առտվնե մինչև երեկո աստվաշածնչական պատվիրանների փոխանցում, և ոչ թե միայն դա, այլև մարզական, գիտական խաղեր

 

«Այս խումբերը կունենան հատուկ ընկերային պահ, և մանուկները իրարու հետ կմեծնան,  իրարու հետ կսովորին, իրարու հետ կխաղան, հետևաբար ընկերային բաժինը կա, որից հետո մեր նպաստը կըլլա հայերենի զարգացման, հայերենի դաստիարակության, հայերեն խոսելու ուղղության մեջ, ադիկա կըլլա փոքրերու հատուկ ծրագիր, որուն մեջ կունենանք ամառները մեկ շաբաթ ճամբարի ուղղություն, առտվնե մինչև երեկո աստվաշածնչական պատվիրանների փոխանցում, և ոչ թե միայն դա, այլև մարզական, գիտական խաղեր»,-ներկայացնում է հոգևոր հովիվը:

 

Երեխաների մեջ քիչ, սակայն եկեղեցու այցելուների թվում մեծ ներգրավվածություն ունեն սիրիահայերը, ովքեր վերջին տարիներին են հաստատվել Կանադայում: Երկար տարիներ ծառայած լինելով Հալեպում՝ Վերապատվելի Սերոբ Մկրտչյանն արդեն իսկ ծանոթ է ոմանց, ու վստահ է, որ Տորոնտոյում սիրիահայերի 50 տոկոսից ավելին ամուր կապ է պահում եկեղեցու հետ:

 

 

Ձեր կարծիքը

Comments