Home / Armenia  / Բոլորիս վերջը լինելու է Հայաստան… 6 տարի առաջ Կանադայից Հայաստան տեղափոխված Քրիստափոր Արթինի կանխատեսումը

Բոլորիս վերջը լինելու է Հայաստան… 6 տարի առաջ Կանադայից Հայաստան տեղափոխված Քրիստափոր Արթինի կանխատեսումը

Krisdapor Artin

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Կապան (Նորանոր) _ Հայրենիքն ամեն բանից վեր դասելու գաղափարն էր, որ կանադահայ Քրիստափոր Արթինի ընտանիքին 6 տարի առաջ ուղղորդեց Հայաստան: Նման մի փորձ արել էր 90-ականների սկզբին, սակայն այն տարիներին Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների ու հոգեպես ոչ լիովին պատրաստ լինելու պատճառով վերադարձավ Կանադա:

 

Այստեղ իմ ներկայությունը արդեն մեծ գոհունակություն է

 

«Երբ հայրենիքն անկախացավ, և մենք զգացինք մեզ մեր տանը, շատ բան չէինք փնտրում, պարզապես ստեղի հողն ու ջուրն էինք փնտրում, այն, ինչ ուզում էինք՝ սարքել մեր տունը, դա եղավ, շատ բան չեմ կարողացել ընել Հայաստանում տակավին, բայցևայնպես այստեղ իմ ներկայությունը արդեն մեծ գոհունակություն է»,-ասում է Քրիստափոր Արթինը:

 

10 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԸ

1986թ-ին լիբանանյան քաղաքացիական պատերազմից հետո գաղթեցին Կանադա, ի տարբերություն ներկայիս սիրիահայերի, այն ժամանակ Հայաստան գալու ընտրություն չունեին, իսկ Կանադան ընդունեց իր ընտանիքին, ոչ միայն սոցիալական աջակցություն, այլև իրենց խնդրանքով աշխատանքի հնարավորություն տվեց, Քրիստափորը մասնագիտացավ ոսկերչության բնագավառում, սեփական բիզնեսը հիմնեց, իսկ տարիներ անց՝ 2001թ-ին ամուսնացավ վանաձորցի աղջկա հետ՝ պայմանով, որ 10 տարի կապրեն Կանադայում, ապա կտեղափոխվեն Հայաստան:

 

Հետաքրքիր զուգադիպությամբ ուղիղ 10 տարի անց հնարավորություն ընձեռվեց. 2011թ-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող հանքարդյունաբերական ընկերության տնօրենն առաջարկեց աշխատել այնտեղ: Անկախ միջավայրերի սոցիալ-տնտեսական տարբերություններից, նա առանց երկմտելու համաձայնեց.

 

«Հարցը գործի տեսակն ու ոլորտը չէր, մենք ընտանյոք ծրագրել էինք, որ ուզում ենք Հայաստան հաստատվել, և այդ նպատակն ավելի մոտեցավ»,-ասում է հայաստանաբնակ կանադահայը:

 

ԿԱՊԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ընտանիքը կապվեց Կապան քաղաքի հետ, ստեղծեց իր միջավայրն ու տնտեսությունը, իսկ երբ հանքում  աշխատանքի պայմանագրային ժամկետը լրացավ և քաղաքում մնալու պատճառ չկար, այլևս չկարողացան բաժանվել: Ամուսիններով մասնավոր բիզնեսով սկսեցին զբաղվել, մինչև մեկ այլ աշխատանքի հնարավորություն լինի:

 

Նաև մնացին, քանի որ Քրիստափոր Արթինն այս քաղաքի զարգացման լուրջ հեռանկարներ է տեսնում. Եթե բացվի հայ-իրանական սահմանը, այն կդառնա Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը, իսկ Իրանի շուկան կդառնա ամենամեծը Հայաստանի համար, կարծում է նա:

 

Հայաստանի և Պարսկաստանի միջև տնտեսական շուկա բացելու գաղափարը հաստատեց իմ միտքը, որ Սյունիքը, մասնավորապես Կապանը դառնալու է ամենահզոր տնտեսական գոտին

 

«Հայաստանի և Պարսկաստանի միջև տնտեսական շուկա բացելու գաղափարը հաստատեց իմ միտքը, որ Սյունիքը, մասնավորապես Կապանը դառնալու է ամենահզոր տնտեսական գոտին, դրա համար էլ որ մտածում էի, թե գործիս ավարտից հետո որտեղ հաստատվեմ, հիմա որոշել եմ մնալ Կապանում»,-նշում է Սյունիքի վերաբնակիչը:

 

ԿԱՆԱԴԱՅԻ 65 ՏՈԿՈՍԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Այն, ինչ փնտրում էր հայրենիքում, կարողացել է գտնել, այլ հարց է, թե հաջորդ սերունդն ու իր զավակն ինչպիսի նպատակներ կունենան իրենց առջև: Դրանցից է կախված, թե աշխարհի որ ծայրում կհաստատվի մարդը, չի կարծում, թե Հայաստանում ապրող քաղաքացին կարող է անգործ մնալ, փոքրիկ համեմատությունը բավական է համոզվելու համար, որ Հայաստանում չօգտագործվող պոտենցիալ կա, ներկայացնում է.

 

«Եթե 25 տարի առաջվա հետ համեմատենք, Հայաստանում լորդեր ունենք, հարուստներ ունենք, որ 25 տարում սփյուռքում հնարավոր չէր այդքան հարստություն կուտակել, կարևոր չէ, թե ինչ ճանապարհով են դիզել, ուզում եմ ասել, որ պոտենցիալը կա: Իսկ եթե միջին խավ չկա, երկիրը կկորի, ոչ միայն Հայաստանն է դրանից տառապում, նույնիսկ Կանադան այդ խնդրի մեջ է, 65 տոկոսը աղքատ պայմանների մեջ է»:

 

Բավական է պետությունը դադարեցնի բնակչության այդ 65 տոկոսի հովանավորությունն, ու նրանք սովի կմատնվեն, ցույց են տվել ուսումնասիրությունները: Այնպես որ Հայաստանում ևս հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն, խնդիրն այն է, որ հասարակությունն ուզում է արտասահմանյան երկրներում բարեկեցություն գտնել, բայց չի փորձում սեփական երկրում նման կենցաղ ապահովել: Նա չի կարծում, որ Հայաստանն է մեղավոր արտագաղթի մեծ տեմպերի համար, միևնույն ժամանակ չի մեղադրում արտագաղթողներին, ովքեր իրենց նպատակներն ու պատճառներն ունեն, ասում է.

 

ԵՐԿԻՐԸ…

«Երկիրը շատ լավ երկիր է, մենք ենք, որ փոխված ենք, մեր ժողովուրդը եթե չգիտակցի, որ պիտի ազգ դառնա, միշտ էլ արտագաղթը պիտի լինի, մենք ամբոխներ ենք, մենք ազգ չենք,  իսկ գաղթելու պատճառներ կան, բայց բոլորն էլ պատճառները վերագրում են հայրենիքի վրա, հայրենիքը չի ստեղծում խնդիրը, մենք ենք ստեղծում, և եթե մարդն է ստեղծում, մարդն էլ կարող է լուծել»:

 

Եթե նստենք մտահոգվենք, որ Սփյուռքը կորում է, սպիտակ ջարդի մեջ է, ոչինչ չի փոխվի

 

Ի վերջո բոլոր հայերի հանգրվանը պետք է լինի Հայաստանը, կարծում է նա, բայց  համոզված է, որ Սփյուռքն էլ մնայուն է, որևէ ուժ չի կարող այն հայրենիք վերադարձնել, բայց պետք է փորձի նպաստել, որ գոնե մի մասը վերադառնա: «Եթե նստենք մտահոգվենք, որ Սփյուռքը կորում է, սպիտակ ջարդի մեջ է, ոչինչ չի փոխվի, այո, Սփյուռքը  ընտրող մարդիկ, ովքեր ցանկություն ունեն տարբեր երկրներում կյանքը հիմնել և ապագա տեսնել, էդ մարդիկ պիտի գնան,  մենք չենք կարող խանգարել»,-կարծում է Հայաստանն ընտրած կանադահայը:

 

Ճիշտ է, որ Սփյուռքն իր գոյությամբ էլ  օգնում է Հայաստանին, բայց դա չի կարող արդարացնել Սփյուռք ստեղծելու ցանկությունը, Քրիստափոր Արթինը պատմում է Հայաստանի անկախացման տարիների  իրենց մտորումները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ Է

«Ընկերների հետ զրուցում էինք և  մի կարծիքի եկանք, որ այսօր է Հայասատանը այսպիսին, բայց գալու է ժամանակ, երբ Հայաստանը գերազանցելու է ցանկացած Սփյուռքի համայնք, եթե Հայաստանը առիթը ընծայի ցանկացած մարդու, որ ստեղ զարգանա, ստեղ սովորի, ստեղ իր ապրուստ ապահովի, ինքը պետք չունի Սփյուռքը փնտրելու, որպեսզի ընտանիքին բարեկեցիկ կյանք ապահովի»:

 

Չի բացառում, որ իր ընտանիքն էլ մի օր նման խնդիրներ լուծելու համար հեռանա Հայաստանից, թեև մշտական հանգրվանը Հայաստանն է համարում, որին մշտապես ձգտել է: 80-ականներին, երբ հեռանում էր Լիբանանից, Հայաստան գալու հնարավորություն չկար, այսօր այլ է իրավիճակը սիրիահայերի դեպքում, ովքեր ունեն այդ հնարավորությունը, թեև ոչ բոլորն են ձգտում հիմնավորվել այստեղ:

 

Շատերի մեջ տեսա սիրիահայեր, որ եկան այստեղ, քանի որ պարզապես երկրից  դուրս գալու հանգրվանելու տեղ էր, հետո արդեն կողմնորոշվեն ուր գնան այստեղից, բայց ես կարծում եմ, որ բոլորիս վերջը լինելու է Հայաստան

 

«Հայրենիք ապրողների տեսակը երկուսն է, մեկը, որ ինչ էլ որ լինի հայրենիքը, իրենց համար միևնույն է,  հայրենիք է մնում, մյուսը որ հանգրվանի միջոց է: Այսինքն՝ մի տեղ, որտեղ կարող են օթևանել,  սիրիահայերից շատերի մեջ տեսա, որ եկան այստեղ, քանի որ պարզապես երկրից  դուրս գալու, հանգրվանելու տեղ էր, հետո արդեն կողմնորոշվեն՝ ուր գնան այստեղից, բայց ես կարծում եմ, որ բոլորիս վերջը լինելու է Հայաստան»:

 

 

Ձեր կարծիքը

Comments