Home / Canadahye  / Ներգաղթի ազդեցությունը. Նոր ուսումնական տարում հայկական դպրոցներում աշակերտների թիվը կավելանա

Ներգաղթի ազդեցությունը. Նոր ուսումնական տարում հայկական դպրոցներում աշակերտների թիվը կավելանա

Ara Ter-Harutyunyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) Անցյալ տարի Տորոնտոյի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ Ազգային շաբաթօրյա վարժարանում ուսանել է 295 aշակերտ, որից  12-ն ուսումնական տարվա ավարտին հրաժեշտ է տվել կրթօջախին, իսկ նոր ուսումնական տարում դպրոցի տնօրինությունը համոզված է, որ աշակերտների թիվը կգերազանցի 350-ը:

 

«Միջին հաշվով տարեկան 10-30 աշակերտ է շրջանավարտ դառնում մեր դպրոցում: Անցեալ տարի 12 շրջանավարտ ենք ունեցել, իսկ այս տարի ակնկալում ենք ունենալ 27 շրջանավարտ:Հաստատ համոզված ենք, որ այս տարի դպրոցի աշակերտների թիվը 350-ից կանցնի և արդեն ըստ այդմ կատարել ենք մեր դասավորումները»,- Noranor.ca-ին փոխանցեց դպրոցի կազմակերպչական հարցերով փոխտնօրեն Արա Տեր-Հարությունյանը:

 

ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ

Նոր ուսումնական տարում Տորոնտոյի հայկական ամենօրյա ու շաբաթօրյա վարժարանները թերևս ավելի մեծ թվով աշակերտներ ընդունեն: Պատճառը ոչ այնքան Սփյուռքում հաստատված հայերի մեջ մայրենի լեզվի նկատմամբ հետաքրքրության աճն է, որքան հայերի ներգաղթը Կանադա: Հիմնականում Հայաստանից ու Միջին Արևելքից գաղթած հայերի զգալի մասը հաստատվել է Կանադայում, հետևաբար նրանց առաջին մտահոգությունը զավակներին հայերենից անմիջապես չկտրելն է:

 

Այս հանգամանքն է շեշտում նաև դպրոցի փոխտնօրենը՝ ներկայացնելով վերջին տասնամյակում տորոնտոհայ գաղութի թվի աճը: Ինչպես հայտնի է, այս գաղութի հայկական կրթությունն ապահովվում է ՀՕՄ-ի ամենօրյա և 4 շաբաթօրյա վարժարանների միջոցով, որոնք, ըստ մեր զրուցակցի, ջանք չեն խնայում հայ աշակերտների կրթություն ստանալու իրավունքն ապահովելու համար:

 

Նրան խնդրեցինք ներկայացնել աշակերտների ընդունելության կարգը, ինչո՞վ է տարբերվում շաբաթօրյա դպրոցներում ընդունելությունը ամենօրյա դպրոցներից, ովքե՞ր են դիմում և ուսման ինչպիսի՞ հնարավորություններ ունեն: Տվյալ դպրոցում, օրինակ, երեխաներն իրավունք ունեն ընտրելու արևելահայերեն կամ արևևմտահայերեն ուսուցումը

 

«Արեւմտահայերենում դասերը տրվում է Մաշտոցյան (դասական) ուղղագրությամբ իսկ արեւելահայերեն բաժնում Աբեղյանական (նոր) ուղղագրությամբ: Կան երեխաներ, որ ընդհանրապես հայերեն չգիտեն: Այս կարգի աշակերտների համար նախատեսված է առանձին դասապահեր, ուր ծանոթանում են հայերեն տառերին և սովորում են խոսել հայերեն»,-ասում է վարժարանի կազմակերպչական հարցերով պատասխանատուն:

 

ԴԱՍԱՐԱՆՆԵՐ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոր ուսումնական տարվանից դպրոցում հնարավորություն կստանան սովորել նաև մեծահասակները, որոնց համար դասարաններ են բացվել: Կրթության այս հնարավորությունը նոր չէ հայ գաղութում, փորձը դեռ տարիներ առաջ ներդրել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը: Ինչպես Տեր-Հարությունյանն է ներկայացնում, դասընթացներին մասնակցում են ինչպես արմատով հայեր, այնպես էլ օտարազգիներ, ովքեր հետաքրքրված են հայերենով:

 

Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ Ազգային շաբաթօրյա վարժարանում կարող են ուսանել 3-93 տարեկան անձինք, թեև սովորաբար նման դասընթացների մասնակիցները 30-60 տարեկաններն են: Իսկ ինչու որոշեցին նաև շաբաթօրյայում նման դասընթաց ներդնել. Արա Տեր-Հարությունյանը պատմում է առիթ հանդիսացած հետաքրքիր միջադեպի մասին:

 

Պարզվել էր, որ այստեղ տարածում գտած DNA-ի քննության արդյունքում հայտնաբերել են, որ իրենք գերդաստանով ոչ թե թուրքի, այլ հայի արյուն են կրում իրենց մեջ: Եվ հիմա սկսել են փնտրել ու ծանոթանալ իրենց արմատներին:

 

«Անցյալ տարեշրջանի ավարտին մի թրքախոս կին իր երկու զավակներով դիմեց դպրոց: Պարզվել էր, որ այստեղ տարածում գտած DNA-ի քննության արդյունքում հայտնաբերել են, որ իրենք գերդաստանով ոչ թե թուրքի, այլ հայի արյուն են կրում իրենց մեջ: Եվ հիմա սկսել են փնտրել ու ծանոթանալ իրենց արմատներին: Հայերենը սովորելու հետաքրքրություն կա նաև մեր դպրոցի աշակերտների ոչ հայազգի ծնողների մոտ: Քիչ չէ նաև թրքախոս և ռուսախոս հայ ընտանիքների թիվը»:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԵՎ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Փոխտնօրենը կարևորում է հանգամանքը, որ ֆինանսական խնդիրներ ունեցողների համար մշակված են մեխանիզմներ, որոնց շնորհիվ կարող են անվճար մասնակցել դասընթացներին: Իսկ ընդհանրապես ինչպես ամենօրյա, այնպես էլ շաբաթօրյա դպրոցներում ընդունելության արհեստական խոչընդոտներ չեն ստեղծված, չկան լրացուցիչ քննություններ:

 

Սա, սակայն, չի նշանակում, որ չկան հայերեն կրթության հնարավորությունից զրկվող հայ երեխաներ, ինչպես բազմիցս Noranor.ca-ն անդրադարձել է, Սփյուռքում ապրող շատ ընտանիքներ չեն ձգտում ապահովել երեխաների հայեցի կրթությունը, տորոնտոհայ մանկավարժն էլ նման իրավիճակը ծնողների թերության արդյունք է համարում: Նա հանգամանալից ներկայացնում է այն պատճառները, որոնց հետևանքով երեխաները ոչ թե ամենօրյա, այլ շաբաթօրյա դպրոցում են սովորում.

 

Անձամբ հաճախ լսել ու լսում եմ նաեւ անիմաստ ու տհաճ պատճառաբանութիւններ՝ «Դպրոցը Դաշնակցականներինն է … երեխան պետք չէ «դաշնակ»ների մոտ սովորի»

 

  1. Նյութական խնդիր, ամենօրյա դպրոցի թոշակը բարձր է (տարեկան 4000-5000 կանադական դոլար), շաբաթօրյան՝ տարեկան 500 կանադական դոլար եւ կամ անվճար,
  2. Դպրոցի տեղակայման վայրը, Տորոնտոն  տարածված քաղաք է: Հայերի չնչին մասն է բնակում հայկական միակ դպրոցի մոտակա տարածքում, ուստի ստիպված ամեն օր 15-30-50 կիլոմետր երթևեկելը խցանումների ժամերին, մանավանդ ձմռան եղանակին աշխատող ծնողի համար 3-6 ժամ մեքենավարության հարց է,
  3. Կան նաև այլ պատճառաբանություններ (Անձամբ հաճախ լսել ու լսում եմ նաեւ անիմաստ ու տհաճ պատճառաբանութիւններ՝ «Դպրոցը Դաշնակցականներինն է … երեխան պետք չէ «դաշնակ»-ների մոտ սովորի» « Էնտեղ դասերը արեւմտահայերենով են … դա մեր լեզուն չի» … Դժբախտաբար նման կերպ մտածողների թիվը անզգալի չի):

 

Եթե ընտանիքում  կա երեխային հայեցի կրթություն ապահովելու ցանկությունը, պատճառներից որևէ մեկը խոչընդոտ դառնալ չի կարող, իսկ եթե դրանք խանգարում են, ապա գոնե 4 շաբաթօրյա դպրոցները կարող են փոխարինել և նպաստել հայերենի իմացությանը: Տորոնտոյում թերևս այդ հնարավորությունները մեծ են, ի տարբերություն Կանադայի այն քաղաքների, որտեղ գոնե 1 շաբաթօրյա դպրոց չկա հայ երեխաների համար, ուրեմն տորոնտոհայերն ու մոնրեալահայերը կարող են օգտվել իրենց առավելություններից:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments