Home / Canadahye  / Հայրենասիրությունից անցում հայրենատիրություն. Վահագն Կարագաշյանի առաջարկած հայրենադարձության հայեցակարգն ու այցելությունը Արցախ

Հայրենասիրությունից անցում հայրենատիրություն. Վահագն Կարագաշյանի առաջարկած հայրենադարձության հայեցակարգն ու այցելությունը Արցախ

Vahagn Karagashyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _ Ավելի քան 15 տարի առաջ էր, երբ «Հորիզոն» պարբերականի գլխավոր խմբագիր Վահագն Կարագաշյանը գործընկերների հետ Արցախում էր, հիշում է, թե ինչպես ներկայիս Շահումյանի քարքարոտ ճանապարհներով անցնելիս կանգ առան ազատագրված Եղեգնուտ, նախկին Ղամիշլի գյուղում: Սովորական լրագրողական հարցազրույցը առիթ տվեց կարևոր նախաձեռնության. Համայնքի ղեկավարի կոչը հասավ Կանադա և արձագանք գտավ: Պատմում է.

 

«Գյուղապետը՝ տիկին Սարգսյանը, հարցազրույցի վերջավորության ասաց՝ մի խնդրանք ունեմ, մենք 19 անչափահաս երեխաներ ունենք, մանկապարտեզ չունենք, կարո՞ղ է կանադահայությունը օգնել, ես այդ կոչը հասցրեցի Կանադա, և առաքելությունը հանձնեցինք ՀՅԴ պատանեկան միությանը:  Երեխաները ամբողջ ամառ խորովածի երեկոներ սարքելով, երգի, նորաձևության, թատրոնի ներկայացումներ կազմակերպելով՝ հավաքեցին անհրաժեշտ գումարը, և այսօր այդ մանկապարտեզը նրանց կամքով կկոչվի Շուշիում նահատակված լիբանանահայ ազատամարտիկ Վիգեն Զաքարյանի անունով»:

 

 IMG_9808ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԳՏՆԻ

Սովորական այցելությունն առիթ տվեց կարևոր առաքելության, որի մասին պատմաբան-լրագրողը ոգևորությամբ է հիշում և վստահեցնում, որ յուրաքանչյուրն, ով Արցախ այցելի, անպայման մի առաքելություն կգտնի, նախախնամությունն ինքը կհուշի այդ մասին. Այս վստահությամբ է պատրաստվում հերթական անգամ 30 հոգանոց խմբի հետ այցելել Արցախ: Արձագանքել է Սփյուռքի նախարարության «Իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար» ծրագրին, կայցելեն՝ մասնակցելու սեպտեմբերի 2-ին անկախության տոնի միջոցառմանը, կլինեն բազմաթիվ բնակավայրերում:

 

Սա Վահագն Կարագաշյանի նախաձեռնությամբ երրորդ շրջագայությունն է Արցախում, նա պարբերաբար լինում է հայրենիքում, որպես լրագրող՝ փորձելով թե մասնակից դառնալ, թե օգնել հայրենիքին: 17 տարի առաջ է մասնագիտությամբ պատմաբան Կարագաշյանը ստանձնել «Հորիզոն»-ի խմբագրությունը, մինչ այդ 5 տարի եղել է Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր, նաև ստեղծագործում է:

 

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՍՓՅՈՒՌՔԸ

«Սա բարոյական զորակցություն է, և գլխավոր նպատակն է ցույց տալ սփյուռքահայության,  որ Արցախը միայն պատերազմի երկիր չէ, այն նաև ունի իր բնական կյանքը, մշակույթը, տուրիզմը, անշուշտ այնտեղ կապրին մեր քույրերն ու եղբայրները: Իսկ մեր այս այցելությունը զուգադիպեց սփյուռքահայության կոչին, թե «Դուն ի՞նչ ես արել Արցախի համար», համագործակցելով նրանց  հետ՝ վայելում ենք Սփյուռքի նախարարության հովանավորությունը» ,-ներկայացնում է Կարագաշյանը:

 

Արցախը միայն տատիկ-պապիկը, Շուշին ու Գանձասարը չեն, Արցախը ժողովուրդն է՝ հեռավոր ու մոտակա բնակավայրերում ապրող, որոնց հետ պետք է շփման մեջ մտնեն, հասկանան նրանց հոգսն ու խնդիրը, կոչ է անում նա:

 

Ինչպես նախարարության կոչում է հնչում, ինչ կարող է անել Սփյուռքը Արցախի համար. Տարբեր մակարդակներում կարող է օգնել, վստահ է մեր զրուցակիցը: ՀՅԴ պարբերականի խմբագիրը օրինակ է բերում Հայ Դատի հանձնախմբի կողմից տարվող ջանքերը քաղաքական մակարդակում, իրենց կողմից էլ կարևորում է քարոզչական մակարդակում ստանձնած դերակատարությունը:

 

Քարոզչական պատերազմի վերաբերյալ շատ կարևոր է Սփյուռքի դերը

 

«Եթե կա ռազմական պատերազմը, կա դիվանագիտական պատերազմը, կա քարոզչական լոբբինգի պատերազմը և կա տեղեկատվական պատերազմը: Քարոզչական պատերազմի վերաբերյալ շատ կարևոր է Սփյուռքի դերը, Սփյուռքի բոլոր երկրներում մենք պետք է մասնակից լինենք տվյալ երկրի քաղաքականության մեջ, որպեսզի մեր տարբեր լծակներով, լոբբինգի խմբերով մեր ազդեցությունը պարտադրենք տվյալ երկրի պետական կառավարական տարբեր կառույցների, Ադրբեջանը տարբեր ձևերով փորձում է իր քարոզչությունը տանել, օրինակ, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությունը, քանի անգամ այն փորձել են ներառել Կանադայի խորհրդարանի տարբեր բանաձևերի մեջ, մենք ուղղակի արգելք ենք հանդիսացել և բացատրել, որ ապատեղեկատվություն է»,-օրինակ է բերում ՀՅԴ օրգանի խմբագիրը:

 

Նա վստահ է, որ ադրբեջանական հակաքարոզչության հետ ոչ մի կապ չունի կանադական ընկերության կողմից Ադրբեջանի հետ զինտեխնիկայի վաճառքի վերաբերյալ գործարքը:

 

«Այդ ընկերության հետ, որ պայմանագիրը ստորագրել է Բաքուն, զուտ բիզնես հետապնդող ընկերություն է, բայց Կանադայի պետությունը միակ պետությունն է, որ իբրև պետական քաղաքականություն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, մյուս բոլոր երկրները՝ լինեն խորհրդարանի կամ սենատի մակարդակով, ճանաչել են, բայց իբրև պետական քաղաքականություն չեն որդեգրել»,-նշում է կանադահայ խմբագիրը:

 

ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՎԵՐԺ ՉԷ

Նաև Հայաստանի համար է շատ կարևոր Սփյուռքի դերակատարումը հատկապես հիմա, կարծում է նա, ոչ միայն քաղաքական ազդեցությամբ, այլև տնտեսական ներդրումների շնորհիվ Հայաստանը կարող է առաջընթաց ապրել, այսքանով հանդերձ վստահ է, որ Սփյուռքը հավերժ չէ, այլ գնայուն է, որը ոչ թե ձուլվելու, այլ վերադառնալու է Հայաստան:

 

Մեր մեջ այլևս փոփոխություն կատարենք՝ հայրենասիրությունից անցում կատարենք դեպի հայրենատիրություն, ինչ է նշանակում հայրենատիրություն, որ դու մի օր պիտի դառնաս հայրենադարձ

 

«Աշխարհում որևէ ժողովրդի Սփյուռք հավերժորեն չի գոյատևել, գալու է մի ժամանակ, որ Սփյուռքի բոլոր համայնքները դառնալու են գնայուն, բայց ներկա հանգրվանին մեր պարտականությունն է, որ հաջորդ սերունդներին կազմավորենք այնպիսի զգացողությամբ, այզային գիտակցությամբ, որ իրենք դառնան ոչ թե հայրենասերներ, այլ հայրենատերեր, այսինքն՝ մեր մեջ այլևս փոփոխություն կատարենք՝ հայրենասիրությունից անցում կատարենք դեպի հայրենատիրություն, ինչ է նշանակում հայրենատիրություն, որ դու մի օր պիտի դառնաս հայրենադարձ»,-կարծում է «Հորիզոն»-ի խմբագիրը:

 

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Գաղափարախոսության այս փոփոխությունը, ըստ նրա, պետք է հենվի հայրենադարձության հայեցակարգի վրա, այն պետք է ստեղծեն հայրենի իշխանություննեը, ըստ որի աշխարհասփյուռ հայերը հայրենադարձվելու հնարավորություն պիտի ունենան, իսկ արդյոք Հայաստանը պատրստ է դրան, սոցիալ-տնտեսական վիճակը թույլ տալիս են նման ծրագրի մասին մտածել, Կարագաշյանը վստահորեն ասում է.

 

Երկիրը կկարողանա հաղթահարել սոցիալ-տնտեսական խնդիրները, ես հավատում եմ

 

«Ես կկարծեմ, որ շուտով պատրաստ պիտի լինի հայրենադարձության հայեցակարգին, Հայաստան և Սփյուռք, Հայաստան և Արցախ.  հայրենադարձության չի նշանակում վերսադարձ միայն Հայաստան, այլև վերադարձ դեպի Արցախ, որ ապրեն և վերաբնակեցնեն նաև Արցախը: Երկիրը կկարողանա հաղթահարել սոցիալ-տնտեսական խնդիրները, ես հավատում եմ»:

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Իսկ Հայաստանն այս տարի զբոսաշրջիկների աննախադեպ հոսք ունեցավ, սա նշանակում է, որ հայրենիքը Սփյուռքի ուշադրության կենտրոնում է, այլ հարց է, թե ինչ խնդիրների են բախվում Սփյուռքի հայրենակիցներն ու օտարազգիները Հայաստանում:

 

«Օրինակ ճանապարհին շատ կարևոր է , որ կայանման կետեր լինեն, հանգստի կայաններ, ուր ավտոբուսը կանգնում է, տուրիստները հաց են ուտում, հանգստանում են և բարձրանում են ավտոբուս, այդ պակասը զգացվում է, այլ բացթողումներ չեմ նկատել, ընդհակառակը, հյուրանոցներում շատ լավ հյուրասիրություն կա»,-ներկայացնում է հյուրատան սփյուռքահայ այցելուն:

 

Կարագաշյանը կարծում է, որ հիմա, երբ զբոսաշրջությունը Հայաստանում  զարգացման նոր հանգրվան թևակոխեց, այն կդառնա  տնտեսության զարգացման գլխավոր ուղղություններից մեկը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments