Home / Armenia  / Հօգուտ Ադրբեջանի կանադական ընկերության գործարքին հաջորդում է ընդդեմ Ադրբեջանի կանադացի խորհրդարանականների քայլը. Նրանք կարևոր առաքելությամբ Արցախում են

Հօգուտ Ադրբեջանի կանադական ընկերության գործարքին հաջորդում է ընդդեմ Ադրբեջանի կանադացի խորհրդարանականների քայլը. Նրանք կարևոր առաքելությամբ Արցախում են

Babayan, Balayan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան, Արցախ (Նորանոր) _ Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցի զինվորների կողմից Հայոց բանակի զինծառայող Քյարամ Սլոյանի գլխատումն ու Թալիշում տարեց գյուղացիների խոշտանգումով սպանությունը նրանց կատարած վայրագությունների եզակի օրինակներից չեն: Այդ օրերին հայ ժողովուրդը ահ ու սարսափի մեջ էր, որ հանկարծ հերթական զոհի կամ ագրեսիվ թշնամու կողմից վայրագության մասին չլսի: Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումից մինչև հրադադարը նրանք թույլ են տվել մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ խախտումներ ու ռազմական հանցագործություններ:

 

Դրանց մասին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել եռալեզու զեկույցով, իսկ այժմ Կանադայի խորհրդարանի պատգամավորներն են հետաքրքրված դրանցով: Այդ նպատակով կանադացի խորհրդականների խումբը Հայաստանում է, առաջիկայում փաստահավաք խումբը կայցելի Արցախ՝ ուսումնասիրելու անցյալ տարվա  ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն ու ռազմական հանցագործությունները և զեկույց պատրաստելու դրանց մասին։

 

Մինչ այդ նրանք այսօր հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ, ներկայացրել է կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, ինչպես նաև Հայաստան և Արցախ իրենց փաստահավաք առաքելության նպատակը, անդրադարձել Ղարաբաղյան հիմնախնդրի կարևոր կետերին:

 

Կանադացի պատգամավորների այս այցելությունը հետաքրքիր է դառնում հատկապես Ադրբեջանի հետ կանադական ընկերության կողմից վերջերս իրականացված զինվորական տեխնիկայի  վաճառքի վերաբերյալ գործարքի ֆոնին: Այս այցելությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Կանադայի բարձրագույն ղեկավարությունը տրամադրված է պաշտպանել հայ ժողովրդի շահերը, իսկ գործարքը զուտ ֆինանսական նպատակ էր հետապնդում:

 

ԿԱՆԱԴԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Թե ինչ կարծիք են հայտնել այս մասին խորհրդականները, Noranor.ca-ն փորձեց ճշտել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: Վերջինս նշեց, որ լիազորված չէ նրանց դիրքորոշումը ներկայացնել այս հարցի վերաբերյալ, սակայն մեզ որոշ տեղեկություններ փոխանցեց: Նա վստահեցրեց, որ այս այցելությունը այդ գործողությունների հետևանք չէր, այլ նախապես էր պլանավորված:

 

Իհարկե, դա օրակարգային հարց է Կանադայում, և բնականաբար Ղարաբաղյան հիմնախնդրի կոնտեքստում նաև արծարծվել են Ադրբեջանի զինտեխնիկայի վաճառքի հարցը

 

«Ցանկացած այցելություն վաղաժամ ծրագրվում է, և մեր կողմից նշված հարցերը չեմ կարող ասել, որ կարևոր դեր են խաղացել այցելության կազմակերպման վրա, բայց իհարկե, դա օրակարգային հարց է Կանադայում, և բնականաբար Ղարաբաղյան հիմնախնդրի կոնտեքստում նաև արծարծվել են Ադրբեջանի զինտեխնիկայի վաճառքի հարցը: Հիմնական այցելության նպատակը Արցախում Ադրբեջանի կողմից գործած հանցագործությունների փաստահավաք առաքելությունն է և դրա վերաբերյալ զեկույցի պատրաստումը»,-ասաց Բալայանը:

 

ԿԱՆԱԴԱՆ ՊԵՏՔ Է ՄԻՋԱՄՏԵՐ

Այն, որ Կանադան նման առաքելությամբ Հայաստանում է, վկայում է այդ երկրի կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը, արժանապատվությունն ու, հայեցի ասած, թասիբը բարձր դասելու ունակության մասին, Noranor.ca-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Միևնույն ժամանակ չի անտեսում Կանադայի իշխանությունների ունեցած դերը վերջին գործարքի հարցում

 

Դա բիզնեսի շահի հետևանք է, բայց պետությունն էլ պետք է միջամտի, որ նման բան տեղի չունենա, որովհետև մենք Կանադան դիտարկում ենք որպես քաղաքակիրթ աշխարհի կարևոր պետություն

 

«Դա բիզնեսի շահի հետևանք է, բայց պետությունն էլ պետք է միջամտի, որ նման բան տեղի չունենա, որովհետև մենք Կանադան դիտարկում ենք որպես քաղաքակիրթ աշխարհի կարևոր պետություն, պետություն, որ ակտիվ դերակատարություն ունի տարբեր խաղաղապահ ծրագրերոում  աշխարհով մեկ, պետություն, որը մասնակցել է նացիզմի դեմ պատարեզմում Երկրորդ աշխարհամարտում, և բնական է, որ նման պետության հետ գործարք կնքելը ճիշտ չէ ոչ բարոյական ոչ քաղաքական տեսանկյունից»,-ասաց Բաբայանը:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիվ գործողություններին ու խախտումներին, նա բազմաթիվ օրինակներ է բերում՝ վկայակոչելով նաև Արցախի ՄԻՊ զեկույցը, որը կարող է ուղեցույց դառնալ կանադացի խորհրդականների փաստահավաք խմբի համար:

 

Իրենք թիրախավորում էին քաղաքացիական օբյեկտները, որը խստիվ արգելվում է միջազգային ժնևյան փաստաթղթղերով և նորմերով

 

«Հրապարակված են երեք լեզուներով, այդ թվում անգլերեն, կան նույն Ապրիլյան պատերազմի ժամանակ մասնավորապես փոքր երեխայի սպանությունը, Քյարամ Սլոյանի գլխատումը և գլխի ցուցադրությունը ադրբեջանական տարբեր գյուղերում իրենց զինվորականների կողմից, որոնք, ի դեպ, պետական բարձրագույն պարգև են ստացել Ադրբեջանի նախագահի կողմից: Իրենք թիրախավորում էին քաղաքացիական օբյեկտները, որը խստիվ արգելվում է միջազգային ժնևյան փաստաթղթղերով և նորմերով»,-շեշտում է Արցախի նախագահի մամլո խոսնակը:

 

Եվ կարևոր է մատնանշել, որ սա Ադրբեջանի երկար տարիների քաղաքականության շարունակությունն է միայն, պատմության ընթացքում նման դեպքերը նրանց կողմից բազմաթիվ են եղել, որոնք ևս, ըստ Բաբայանի, կարևոր է հաշվի առնել: Նշում է.

 

Շատ մեծ ծավալի տեղեկություններ կան, դրան պետք է գումարել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները

 

«Հանցագործություններ են կատարել նաև մինչ այդ եղած պատերազմների ժամանակ, Սումգայիթում, Բաքվում ցեղասպանություն իրականացնելու, Մարաղայի կոտորածը և այլն, այսինքն՝ շատ մեծ ծավալի տեղեկություններ կան, դրան պետք է գումարել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, մասնավորապես գիտեք, որ 1000-ից ավելի ադրբեջանցի գրոհայիններ հիմա իսլամական պետության կազմակերպության շարքերում են ծառայում, կռվում քաղաքակիրթ մարդկության դեմ, դրանցից գերակշիռ մասը Ադրբեջանի բանակի սպաներ և ենթասպաներ»,-

 

Օրինակներից մեկը հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Սաֆարովին կաշառքով բանտից ազատելու և ազգի հերոս դարձնելու քայլն էր: Նման և այլ օրինակները կարևոր են փաստահավաք խմբի կանադացի ներկայացուցիչների ներկայացնելու և իրավիճակի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար:

 

Նրանք վաղվանից կիրականացնեն իրենց առաքելությունը Արցախում:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments