Home / Armenia  / Կարող ես ԵՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ 1000 հատ պայմանագիր կնքել, եթե ներքին խնդիրները չլուծվեն, տարբերություն չկա. կանադահայ քաղաքագետ Րաֆֆի Էլլիոթ

Կարող ես ԵՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ 1000 հատ պայմանագիր կնքել, եթե ներքին խնդիրները չլուծվեն, տարբերություն չկա. կանադահայ քաղաքագետ Րաֆֆի Էլլիոթ

RAffi Elliot

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց աշնանը ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին: Ուշադրություն գրավողը ոչ այնքան այս հայտարարությունն էր, որքան այն շեշտադրումները, որոնք վերաբերում էին 3 տարի առաջ ԵՏՄ անդամակցության արձագանքներին:

 

Նա ըստ էության հակասեց տարիներ առաջ իշխանության ներկայացուցիչների ու նաև անձամբ իր կողմից արած արտահայտություններին: Եղան մեկնաբանություններ, որոնցում արտացոլվեցին տվյալ հակասությունները: Դրանք գրավել էին նաև տարիներ առաջ Կանադայից հայրենիք վերադարձած կանադահայ քաղաքագետ Րաֆֆի Էլլիոթի ուշադրությունը: Noranor.ca-ի հետ զրույցում նա իր զարմանքն է արտահատել նման զարգացումների վերաբերյալ:

 

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայտնի էր, որ 4 տարի շարունակ Հայաստանը ԵՄ հետ ծրագրում էր ասոցացման պայմանագիր ստորագրել, որը զերծ էր քաղաքական բաղադրիչներից, այնինչ Մաքսային միության հետ համաձայնագիրը ստորագրվեց կարճ ժամանակում, բացի դրանից այն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական միություն է: Հետևաբար ԵՏՄ-ն սահմանափակումներ է պարտադրում:

 

Պարոն Սարգսյանը մտածում էր, որ ժողովուրդն այնքան դեբիլ է, որ չի հասկանում դա, քանի որ ինքը ասել է, թե ԵՄ-ն հետո է պայմանները փոխել

 

«Եվրասիական միությունը ստիպում է իր անդամներին, որ, օրինակ, եթե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, էլ չի կարող, ասենք, Պարսկաստանի հետ ազատ շուկայի պայմանագիր ստորագրի: Սկզբից պարզ  է, որ ԵՏՄ-ն մաքսային միություն է, իսկ այն, որ ծրագրում էինք ԵՄ հետ, դա ազատ շուկայի պայմանագիր էր: Դա նշանակում է, որ պարոն Սարգսյանը մտածում էր, որ ժողովուրդն այնքան դեբիլ է, որ չի հասկանում դա, քանի որ ինքը ասել է, թե ԵՄ-ն հետո է պայմանները փոխել, սկզբում ասել են համ Ռուսաստանի հետ, համ ԵՄ հետ նորմալ կլինի, խնդիր չի լինի, ու հետո իբր թե ԵՄ-ն իր պայմանները փոխեց  ու Հայաստանը պատրաստ չէր պայմանագիրը ստորագրեր, մենք գիտենք, որ դա սուտ է, գիտենք, որովհետև նախագահն է ասել»,-ասում է Րաֆֆի Էլլիոթը:

 

Ոչ միայն նախագահը, այլև վարչապետ Տիգրան Սարգսյանը և այլ պաշտոնյաներ են ասել, որ Եվրասիական միություն մտնելու ոչ մի պայմանավորվածություն ու պատճառ չկա: Հիշում է. «Չմոռանանք, որ ԵՄ հետ պայմանավորվածությունները 4 տարի տևեցին, Եվրասիական միություն մտնելու բանակցությունը մի քանի ամիս տևեց, երբ նախագահը ներկայացրեց որոշումը, ասաց, որ որոշել են ԵՄ միանալ, որովհետև ՀՀ անվտանգությունը պաշտպանելու հարց էր, նույնիսկ այն ժամանակ ընդունել էր, հիմա ուղղակի ուզում է պատմությունը մի քիչ փոխել, որ Հայաստանը ուզում էր ԵՄ հետ լավ հարաբերություն ունենալ»:

 

ԵՏՄ-ի «ԴՐԱԿԱՆ» ԿՈՂՄԸ

Մեղադրանքներն ուղղվեցին ԵՄ, այնինչ հենց ՌԴ նախագահի կամքով իրականացված քայլ էր, որը դրական արդյունք չի տվել: «Ամենալավ կողմը ԵՏՄ հետ այն էր, որ անդամակցությունը ընդամենը թղթի վրա գոյություն ունի»,- ասում է նա, իսկ մանրամասնելով չի հիշում դրական ազդեցություն: Այն ապրանքաշրջանառությունը կամ հայաստանյան արտադրանքը Ռուսաստանի շուկայում իրացնելու առավելությունները, որ եղել են անցած տարիների ընթացքում, կարող էր լինել նաև առանց ԵՏՄ անդամակցության: Բացատրում է այսպես.

 

ՄՄ-ն լավ է այն մարդկանց համար, ովքեր արդեն պաշտպանված շուկա ունեն Ռուսաստանի մեջ, այսինքն՝ կոնյակ վաճառողները

 

«Հայաստանը 2011թ-ին նույնպես ազատ շուկայի համաձայնագիր ստորագրեց Ռուսաստանի հետ, այսինքն՝ մենք արդեն կարող էինք մեր ապրանքը Ռուսաստանի շուկայի մեջ առանց հարկ վճարելու իրացնել, ուրեմն ինչի համար էր պարտադրելը Մաքսային միության(ՄՄ) անդամ դառնալը, չգիտեմ, Հայաստանը ի՞նչ տնետսական կապ ունի, որ պետք է անպայման ՄՄ մեջ լինի: ՄՄ-ն լավ է այն մարդկանց համար, ովքեր արդեն պաշտպանված շուկա ունեն Ռուսաստանի մեջ, այսինքն՝ կոնյակ վաճառողները, ռուսական շուկան արդեն վարժված է այդ ապրանքին, ռուսներն արդեն հայկական կոնյակ խմում էին»:

 

Փոխարենը Հայաստանը զրկվում է այլ երկրների հետ ազատ շուկայական հարաբերություններ ձևավորելու հնարավորությունից, քանի դեռ Ռուսաստանից թույլտվություն չի ստացել:

 

ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Անկախ այս խնդիրներից, Հայաստանը չի կարող որևէ միությունից արդյունավետություն ակնկալել, քանի դեռ ներքին խնդիրները չի հաղթահարել, վստահ է քաղաքագետ Էլլիոթը: Արտասահմանյան ներդրողների անվստահությունը հենց դա է հաստատում:

 

Կարող ես 1000 հատ պայմանագիր կնքել, եթե այս հարցը չլուծվի, տարբերություն չկա

 

«Իրական փոփոխություն պետք է ներքին կառավարման համակարգում, եթե ուզում ենք, որ Հայաստանում առևտուր անեն, պետք է ներդրողը վստահ լինի, որ Հայաստանում իրավական համակարգը աշխատում է, եթե ես դրսից մեկ մլն դոլար եմ ներդնելու, որ ստեղ ինչ-որ գործարան սարքեմ, ուզում եմ վստահ լինել, որ եթե խանգարեն, դատարանում կկարողանամ իմ իրավունքները պաշտպանել: Կարող ես 1000 հատ պայմանագիր կնքել, եթե այս հարցը չլուծվի, տարբերություն չկա»,-ասում է քաղաքագետը:

 

Սա է պատճառը, որ դեռևս հնարավոր չէ կանխատեսել, ինչ արդյունքներ կլինեին, եթե 3 տարի առաջ Հայաստանը ԵՏՄ-ի փոխարեն ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրեր, ինչպես նաև դժվար է գնահատել աշնանը ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագրի առավելությունները:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments