Home / Armenia  / Նահանջ Պոլսի հայկական դպրոցներում. Երեխաները հպարտանում են թուրքական առոգանությամբ, հայերենին վերաբերում՝ իբրև օտար լեզվի

Նահանջ Պոլսի հայկական դպրոցներում. Երեխաները հպարտանում են թուրքական առոգանությամբ, հայերենին վերաբերում՝ իբրև օտար լեզվի

Polso dproc

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ստամբուլ (Նորանոր)_ Պոլսահայ 62-ամյա Արշալույս Ագբուլութը դեռ 16 տարի առաջ՝ 2001թ-ին թողեց հայկական դպրոցը, որտեղ դասավանդում էր հայոց լեզու, հայ գրականություն ու այլ առարկաներ: Ոչ միայն մասնագիտությամբ, այլև էությամբ հայ մանկավարժի համար անտանելի էր մի կողմից նորեկ ուսուցիչների հայերենի ոչ բավարար գիտելիքները, մյուս կողմից էլ պոլսահայ ընտանիքների երեխաների անտարբեր վերաբերմունքը մայրենի լեզվի նկատմամբ: Դիտարկմանը, թե անհրաժեշտ էր, որպեսզի Ձեր գիտելիքները շարունակեիք փոխանցել սերունդներին, 21 տարվա մանկավարժը արձագանքում է.

 

«Բայց ումոնց…  Ինչ բանը կկարոտնաք. այն բանը, որու համը գիտեք, աս տղաքը չեն գիտեր, նույնիսկ նրանց ծնողքի համար կարևորություն չունի հայերենը, շատ երջանիկ են, որ իրենց առոգանությունը հիանալի թուրքական առոգանություն է: Հետո տեսա, որ նորելուկները եկան, բան չեն գիտեր, բան ալ սորվիլ չեն ուզեր և ինձմե ավելի մեծ արժեք ունին, հիմա հայկական առոգանություն չունեցող, հայերեն չգիտցող, պարզ հայերեն քերականության շատ չնչին բաները չգիտցողները շատ աղվոր կապրին և ուսուցչություն կընեն»:

 

Ինչո՞ւ երեխաներն իրենց գոնե շաբաթը 4 ժամով նեղություն պատճառեն հայերեն սովորելու համար, մայրենի լեզվին վերաբերում են ՝ որպես օտար լեզու: Այս իրավիճակն է Պոլսի հայկական 16 վարժարաններուն, որոնք բոլորն էլ հայկական եկեղեցիներին կից են գործում:

 

222271_6322708694_2450_nՆԱԽՈՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ

Կար ժամանակ, երբ եկեղեցին, դպրոցն ու ընտանիքը պալսահայերի համար ապահովում էին լիարժեք միջավայր՝ հայերեն սովորելու, խոսելու, հայեցի մտածելու համար, տիկին Արշալույսը ճիշտ այդպիսի միջավայրում է մեծացել, հետագայում դարձել եկեղեցու Դպրաց դասի անդամ, այսօր ցավով է պատմում, որ այդ ամենը պոլսահայության համար անցյալում է մնացել:

 

 Ինծի համար հայ կաթոլիկը խնդիր չէ, հայ բողոքականը խնդիր չէ, բայց ան, որ հայ չէ, խնդիր է

 

«Մեծ հայրս կըսեր՝ քեզի պատմություն պատմեմ, իրականության մեջ ես իբրև հեքիաթ մը կլսեի, բայց ան իր կենսագրականը կպատմեր: Պատմածը 1915-ի դեպքերն են: Մենք, մեր սերունդը, գիտնալով, թույլ չտալով՝ կյանքներս շարունակեցինք: Բայց երեսուն տարեկանեն աս չեն, հայ ըլլալուն կարևորությունը չեն գիտեր, անանկ, որ իրենց համար մարդ մը մարդ է, շատ դյուրությամբ ոչ հայի հետ կրնան ամուսնանալ: Ինծի համար հայ կաթոլիկը խնդիր չէ, հայ բողոքականը խնդիր չէ, բայց ան, որ հայ չէ, խնդիր է»,-համեմատում է երկարամյա մանկավարժը:

 

Մեր վարժարաններու մեջ մայրենիի նահանջը սարսափելի վիճակներու հասած է

 

Այս իրականությունը փոխադրվում է նաև դպրոցներ, թե ինչ է իրականում տիրում այնտեղ, նա համեմատում է այսպես. «Եղբորորդիս ավարտական դասարան է, այսպես կրնամ իմանալ, մեր վարժարաններու մեջ մայրենիի նահանջը սարսափելի վիճակներու հասած է, որովհետև եկած աշակերտները ամենքն ալ առանց բացառության շատ չնչին բաժին մը վարժ հայերեն գիտեն, մնացյալը եղածին պես դժբախտաբար թրքախոս են դպրոցում, այսինքն ընտանեկան կազմ մըն ալ չունին, որպեսզի խոսել իմանան»:

 

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱԿԱՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Միջին, միջինից բարձր հայերենի իմացություն, այսպես է նկարագրում իրավիճակը ստամբուլահայ Բաքիրգյուղ թաղամասի Դպրաց դասի աստիճանավոր ծառայող, մասնագիտությամբ տնտեսագետ Գևորգ Թաշկըրանը: Կարծում է, որ որոշ բացթողումներ կան հայկական դպրոցներում, որոնցից կարևորագույնը հայերենի մասնագետների պակասն է:

 

Մեզ համար ամենակարևոր հարցը համալսարաններու մեջ հայկական ամբիոնի բացակայությունն է 18578_100608686635108_1675592_n

 

«Ուսումի կարելի եղածին չափով հայերեն տալու կջանան ուսուցիչները: Բայց հարկ է, թե հայերենի ուսուցիչ հասցնելու անբավարարության մեջ ենք: Մեծամասնությունը նախկին հայերենի ուսուցիչներու ջանքերով է, որ կհաստատվի: Մեզ համար ամենակարևոր հարցը համալսարաններու մեջ հայկական ամբիոնի բացակայությունն է ըստ իս»,-նշում է հայկական դպրոցական խորհրդի նախկին անդամը:

 

ՖԻՆԱՆՍԻ ՊԱԿԱՍԸ՝ ԾՆՈՂԻ ՀԱՇՎԻՆ

Նա չի կարծում, որ հայկական դպրոցներում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ընտանիքներում անբավարար դաստիարակությունն է, այլ մեկ այլ կարևոր խնդիր է առաջ քաշում, ֆինանսական միջոցների պակասը, որը փորձ է արվում լրացնել աշակերտի ծնողի հաշվին:

 

«Բոլոր դպրոցներն էլ զանազան թաղերու մեջ գտնվող եկեղեցիի մը՝ Վակիֆ-ին մաս կկազմեն: Եվ այդ հիմնարկի եկամուտներով իրենց պատնեշը հաղթահարելու, ծախսերը փակելու ջանք կթափեն: Եկամուտի նոսր կամ անբավարար եղող վակիֆների այս պակասը աշակերտներու ծնողներեն կպահանջեն բնականաբար: Ահա հարցերեն ամենալուրջը այս տնտեսական բաժինն է»,-շեշտում է Գևորգ Թաշկըրանը:

 

Ֆինանսական մեծ դժվարություններ կան, նոր բան մը չէ, քրոնիկ վիճակ է, փայլուն վիճակի մեջ չենք

 

Իսկ նախկին մանկավարժ Արշալույս Ագբուլութը հիշում է, որ նախկինում որոշ հիմնադրամների ջանքերով այդ հարցը մեղմանում էր, ոմանք նույնսիկ անվճար ուսման հնարավորություն էին ստանում, պատմում է. «Եթե երբեք երեխայի ջանքերով ստիպվեր, որ ընտանիքը ի վիճակի չէ հատուցումը տալու, այն ժամանակ ձրիաբար աշակերտներ ալ կային, Գյուլբեկյան հիմնադրամ կար, այլ հիմնադրամներ: Հիմա դպրոցները խնդիր ունին իրենց միջոցներ հավաքելու, ֆինանսական մեծ դժվարություններ կան, նոր բան մը չէ, քրոնիկ վիճակ է, փայլուն վիճակի մեջ չենք, որքան ալ ֆինանսաները մեկ կետի վրա չկենտրոնանա, վիճակը պիտի շարունակվի»:

 

ՖԻՆԱՆՍԻ ՀԱՎԱՍԱՐ ԲԱՇԽՈՒՄ

Լուծման նույն եղանակն է առաջարկում նաև Գևորգ Թաշկըրանը՝ մանրամասնելով. «Մեր մտածումը և կյանքի վերածելու ջանած ծրագիրը, ունևոր հաստատություններու և նվազ ունեցողության մատնված վակիֆներուն բոլոր եկամուտները նույն բյուջեի մը մեջ ամփոփել ու պետք եղած չափով բաժանել բոլոր վակիֆներուն, որ ոտքի կարենան մնալՙ և վնաս չկրե հայկական մեր դաստիարակությունը պոլսահայ մեր ժառանգ սերունդներուն՝ ըլլա դպրոցական, ըլլա մշակութային մարզի ներքև: Նրանց փակվելու հարցը դժբախտաբար ուսանողաց թիվին նվազման հետ մեծ կապ ունի»:

 

Անկախ նշված խնդիրներից, հայերենի ուսուցչուհին առաջիկա գոնե 15 տարիների հարցում լավատես է, կարծում է, որ դրանց փակման վտանգ չի լինի այնքանով, որքանով դեռ հետաքրքրություն կա հայերենի նկատմամբ իր եղբորորդու նման երեխաների կողմից, թեև նրանց թիվը մեծ չէ: Իսկ նկարագրած իրավիճակին չհարմարելով՝ նրանց ընտանիքը, որ հաճախ է այցելում Հայաստան, մտադիր է հաջորդ տարի գնալ և հիմնական հաստատվել հայրենիքում:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments