Home / Canadahye  / Մեղք դրամին. Կանադահայերը ափսոսում են գումարները, որոնցով Հայաստանի աղքատ ժողովրդի համար շքեղ եկեղեցի են կառուցում

Մեղք դրամին. Կանադահայերը ափսոսում են գումարները, որոնցով Հայաստանի աղքատ ժողովրդի համար շքեղ եկեղեցի են կառուցում

Turist kanadahay

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Բժիշկներ, մանկավարժներ, ճարտարապետներ և այլ մասնագիտությունների տեր մոնրեալահայ զբոսաշրջիկների 30 հոգանոց խումբն ավարտում է շրջագայությունը Երևանում և Արցախում: «Հորիզոն» պարբերականի նախաձեռնությամբ Հայաստան եկած կանադահայերը, որոնք ընդառաջել էին Սփյուռքի նախարարության այն կոչին, թե «Դու ինչ ես արել Արցախի համար», շրջագայեցին, արժանացան Սփյուռքի նախարարության պատվոգրերի, իսկ ավարտին ամփոփում են տպավորությունները:

 

Նրանցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում, մյուսներն արդեն եղել էին ու նախկին այցելությունների հետ համեմատելու հնարավորություններ ունեին, բայց որ ընդհանուր եզրակացությունը մեկն էր, դա վկայում էին նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին զրույցները:

 

ՇՔԵՂ ԵԿԵՂԵՑԻՆ

Ցավալիորեն բոլորը հանգում են նույն եզրակացությանը. Հայաստանում ու Արցախում դրական զարգացում կա, սակայն ակնհայտ բացասականը սոցիալական խիստ բևեռացումն է, որի վտանգը տեսնում են արդեն նաև Ստեփանակերտում: Մի քանի օր առաջ նրանք առիթ են ունեցել լինել Աբովյանում ու տեսնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցին, բոլորն էլ ապշած են մնացել շքեղությամբ, բայց դրա արձագանքը միանշանակ չէր:

 

Մեղք դրամին… Այսչափ աղքատացած ժողովուրդը, ու փոխանակ ադ ընելու, այս շրջանի ամբողջ տուները աղքատացած են, ինչու համար մարդկայնորեն չենք մոտենա դրամ ըսվածին

 

«Մեղք դրամին… Այսչափ աղքատացած ժողովուրդը, ու փոխանակ ադ ընելու, այս շրջանի ամբողջ տուները աղքատացած են, ինչու համար մարդկայնորեն չենք մոտենա դրամ ըսվածին»,-արձագանքում է մոնրեալահայ երկարամյա մանկավարժ Վարդի Դանիելյանը, ով Սփյուռքում ապրելով՝ ձգտում է ամեն կերպ օգտակար լինել հայապահպանման գործին, անհրաժեշտության դեպքում պատրաստ է տեղափոխվել Հայաստան ու տեղում իր նպաստը բերել երկրին:

 

Խմբի բոլոր անդամներն են ապշած: Գրիգոր Գույումջյանը, ով մասնագիտությամբ մեխանիկ-ինժեներ է, առաջին անգամ է այցելել Հայաստան, բայց արդեն իսկ նկատել է այն սոցիալական երկփեղկվածությունը, որ գոյություն ունի հասարակության տարբեր բևեռների միջև: Նա դեմ չէ, որ եկեղեցիներ կառուցվեն, բայց ոչ նման գնով, ասում է.

 

Ես հակառակ չեմ եկեղեցուն, բայց տեղ մը կա, որ հավասարակշռություն պիտի բերե

 

«Եթե բնակարան մը կա, որ պետք է վերանորոգվի, որովհետև շատ հին է և չի վերանորոգվի, ուրեմն կարողություն չունի անձը, ադիկա պետք է վերասնայվի, եթե մեկ այլ տեղ մը, ուր եկեղեցի կշինեն, ես հակառակ չեմ եկեղեցուն, բայց տեղ մը կա, որ հավասարակշռություն պիտի բերե: Ինչպես որ այցելեցինք եկեղեցի մը Աբովյանի մեջ, որ միլլիոններ արժե, ինծի համար, այո, լավ եկեղեցի էր, բայց եթե ինծի հարցնեն՝ պե՞տք էր, որ այդչափ մեծ շինվեր, կասեի՝ ոչ, եթե ադ դրամը տրամադրվելու էր ժողովրդին»:

 

ՉՈՐՍ ՓՈՂՈՑ ԱՆ ԿՈՂՄ…

Նմանատիպ չէին լինի մեկնաբանությունները, եթե հասարակության միջև հավասարակշիռ գոյակցություն նկատեին, այնինչ բավական է կարճատև շրջագայությունն ու ակնհայտ է դառնում մի բան. Այնպես չէ, որ Հայաստանում միջոցներ չկան, պարզապես դրանք կենտրոնացված են մի քանիսի ձեռքում, և հասարակությանը դրանից բաժին չի հասնում:

 

«Երբ կնայես Երևանի կենտրոնական շրջանը, ամեն ինչ մաքրված, սարքված է, Չորս փողոց ան կողմ կերթամ, կտեսնեմ, որ մաշված, հին տուներու մեջ ժողովուրդը կապրի, և ադիկա ինծի համար վիշտ մըն է, որ եթե կա տեղեր, և ուրիշ տեղեր էլ տեսանք, նորոգություններ եղած, շենքեր շինված, մասնավորապես Երևանի մեջ, միաժամանակ ժողովուրդը լայն տարածքով խեղճ վիճակի մեջ կապրի, ցավ մըն է ինծի համար: Ուրեմն ծախսերը որ կըլլան, պետք է վերանայվին, և ժողովուրդին ալ ուշադրություն դարձվի»,-նշում է կանադահայ ինժեները:

 

ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Մինչ այժմ նմանատիպ իրավիճակ Հայաստան այցելած սփյուռքահայերը Հայաստանում էին նկատում, բայց հիմա արդեն ցավով նկատում են, որ այդ ցավալի երևույթը տարածում է գտնում նաև Արցախում, որտեղ սեպտեմբերի 2-ին նշվեց անկախության 26-րդ տարեդարձը: Իրենց մասնակցությունը բերեցին, գնահատեցին զարգացման տեմպերը, բայց և ցավով արձանագրեցին նաև այդ հանգամանքը: Նախկին եֆիպտահայ մոնրեալաբնակ ճարտարապետ Գրիգոր Տեր-Ղազարյանը, ով բազմիցս է եղել Հայաստանում ու Արցախում, նկատում է.

 

Իմ մտահոգությունս հիմա Ստեփանակերտի մասին է, որ սկսած է Երևանի նման աճիլ, ինքը կաճի, բայց շրջակայքը չէ

 

«Կտեսնամ, որ լավ կաճի Երևանը, բայց Սևանը երբ որ գացի, նույնն է, մեծ տարբերություն չտեսա, իմ մտահոգությունս հիմա Ստեփանակերտի մասին է, որ սկսած է Երևանի նման աճիլ, ինքը կաճի, բայց շրջակայքը չէ, ադտեղ ալ աճ պիտի ըլլա, որ ժողովուրդը չուզե դուրս գալ»:

 

Նա, որ հպարտությամբ նշում է, թե 2015թ-ից նաև ՀՀ քաղաքացու կարգավիճակով է այցելում հայրենիք, ուրախանում է, երբ տեսնում է մեծ թափով ծավալվող շինարարությունը: Թեև Ապրիլյան պատերազմը որոշ չափով ազդեց Արցախի զարգացման ընթացքի վրա, բայց կա ցանկություն ու ձգտում հողին կառչած մնալու, հետևաբար կարիք չկա ժողովրդին հիասթափեցնել, իսկ անհամաչափ զարգացումն, ըստ նրա, դրան է հանգեցնում:

 

«Դպրոցները, մանավանդ ան, որ սահմանամերձ են, կիմանամ, որ շատ կարիքներ ունին, և երբ որ վերադառնամ, Սրբազանը ադ բաներով հետաքրքրված է, և կուզեմ, որ եթե կրնամ, ադ ձևով օգնել, որ այդ հողամասերը չպարպվին: Երբ Արցախ էի, հանդիպեցա պստիկի մը հետ, որու հայրը զոհված էր, կօգնենք ՀՕՄ-ի միջոցով այդ ընտանիքներուն, որքան որ կարող ենք, կօգնենք, բայց ձևեր կան, որ անոնց ալ կյանքը կդյուրացնեն»,-նշում է Սփյւռքի նախարարության կողմից պատվոգրի արժանացած կանադահայը:

 

ԿԱՆԱԴԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ Է

«Դու ինչ ես արել Արցախի համար» կարգախոսը նրանցից յուրաքանչյուրը յուրովի է ընկալել: Գրիգոր Տեր-Ղազարյանն այդպես է պատկերացնում իր առաքելությունը, իսկ Արցախի անկախության տոնակատարությանը մասնակցելը առանձնահատուկ ոգևորություն է պարգևել կանադահայ բժիշկ Օհան Տաբակյանին, ով տոնակատարության ամբողջ ընթացքում պարզել է կանադական դրոշը:

 

«Կանադական դրոշակով էի, պարզապես ցույց տալու համար, որ Կանադան Արցախի հետ է, ուղիղ մեկ ժամ կանադական դրոշը ես պահած եմ, անցորդները կհետաքրքվեին, թե ինչ է աս, բացատրած էի, որ Կանադան հայաստանցիների հետ է, որովհետև Հայ Դատը մեծ աշխատանք կտանե, մենք միշտ սերտ կապեր հաստատած ենք երեսփոխաններու, կառավարական անձնավորությունների հետ, և անոնք մեզ միշտ օգտակար եղած են»,-պատմում է Տաբակյանը:

 

Նրա համար հատկապես տպավորիչ է եղել զորամաս այցելությունը, որտեղ հնարավորություն են ստացել ծանոթանալ հայ զինվորի առօրյային, ամեն զբոսաշրջիկի չէ, որ նման բախտ է վիճակվում, կարծում է նա: Տաբակյանը ևս պատվոգիր է ստացել Հայաստանում, թեև ասում է, որ որպես բժիշկ՝ երբևէ չի ձգտել նման գնահատականի, ինչպես որ ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում նյութական շահով չի առաջնորդվել:

 

Թերևս բժիշկներուն մեջ նյութական տեսանկյունեն ամենեն խեղճն եմ, բայց չեմ զղջած, որովհետև բժշկությունը շեղած են իր նպատակեն

 

«Գոնե Կանադայի մեջ բժշկությունը բիզնես է դարձել, ես ադ ձևով չեմ արած, ադ պատճառով էլ թերևս բժիշկներուն մեջ նյութական տեսանկյունեն ամենեն խեղճն եմ, բայց չեմ զղջած, որովհետև բժշկությունը շեղած են իր նպատակեն»,-նշում է վաստակաշատ բժիշկը:

 

ՍԱՐԴԱՐԱՊԱՏՆ ՈՒ ԵՌԱԲԼՈՒՐԸ

Ոչ միայն կանադահայեր, այլև մեկ ավստրալահայ մանկավարժ էր միացել զբոսաշրջիկների խմբին. Մելբուրն քաղաքից Վարուժան Մանջյանը դեռ լավ է հիշում 2 տարի առաջվա այցելությունը, երբ նշվում էր Մուսա լեռան 100-ամյակը: Լինելով Այնճարից՝ նա 40 հոգանոց խմբի հետ այցելեց ու մասնակցեց արարողությանը, բայց առիթ չունեցավ տեսնելու Սարդարապատը: Այս անգամ այդ առիթը ընձեռվեց:

 

«Սարդարապատը կպատկանի ոչ թե Առաջին հանրապետության, այլ համայն հայության, այս տարի բախտ ունեցա, երբ տեսնես, ավելի ուժ կուգա վրադ: Բավական  տպավորիչ էր, երբ այցելեցի Եռաբլուր՝ բոլոր ան նահատակներուն, որոնք զոհվեցան Արցախյան հերոսամարտին; Բացատրություն տվողը գնդապետ զորավար մըն էր, ու ան, ինչ կուդար խումբին, իսկապես տպավորիչ էր, որովհետև ինքը իր մասնակցությունը բերած էր, ի պատիվ նրանց ունենք ազատագրված Արցախ»,-նշեց զբոսաշրջիկը:

 

 

Ձեր կարծիքը

Comments