Home / Canadahye  / Կանադան՝ կայացման նոր հարթակ երգիչ Սաքո Թաշյանի համար. Հալեպից առաջիններից մեկը Մոնրեալ տեղափոխված ընտանիքը հաղթահարել է դժվարությունները

Կանադան՝ կայացման նոր հարթակ երգիչ Սաքո Թաշյանի համար. Հալեպից առաջիններից մեկը Մոնրեալ տեղափոխված ընտանիքը հաղթահարել է դժվարությունները

Saqo Tashjian

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ 35-ամյա երգիչ Սաքո Թաշչյանի երաժշտական կատարումները այսօր նույնքան պահանջված են Կանադայում, որքան ժամանակին Հալեպում էին ունկնդրում: Մոնրեալում է բնակվում, սակայն Տորոնտոյում, Վանկուվերում ու մյուս քաղաքներում բնակվող կանադահայերն էլ հաճույքով են նրան հրավիրում իրենց խնջույքներին:

 

Ներկայում երգիչը կարճ ժամանակով Հայաստանում է, որտեղ ևս հանդես է գալիս ելույթներով, իր կատարումներով նոր շունչ հաղորդում հայկական միջոցառումներին, թեև իր հիմնական գործունեությունը նա պատկերացնում է Կանադայում, որտեղ արդեն կայացել է. ոչ միայն հայկական երգարվեստն է տարածում, այլև արհեստով զբաղվում:

 

ԼԻԲԱՆԱՆ, ԱՊԱ ԿԱՆԱԴԱ

Սիրիայում ամեն ինչ այլ էր, շատ ավելի հանգիստ էր կյանքը, քանի դեռ պատերազմը չէր սկսվել, սակայն երբ Հալեպը դարձավ ռմբակոծությունների թիրախ, այլևս առաջնայինը ընտանիքի անվտանգությունը դարձավ: Թաշչյանը ոչ թե Հայաստան, այլ Լիբանան տեղափոխվեց՝ մտածելով, որ այդպիսով Հալեպին ավելի մոտ կգտնվի և աշխատանքի դժվարություններ ունենալու դեպքում վերադարձն ավելի դյուրին կլինի: Երկու տարի անց պետք է տեղափոխվեին Հայաստան կամ Կանադա:

 

Կմտածեի, եթե չըլլար,  այլևս կրնայի գալ Հայաստան, բայց երբ թուղթերը եղան, եկանք,Կանադա հասանք

 

«Երբ որ Կանադայի հարցերը մեջտեղ եկավ, ըսի մեկ հատ բախտս փորձեմ, կմտածեի, եթե չըլլար,  այլևս կրնայի գալ Հայաստան, բայց երբ թուղթերը եղան, եկանք, Կանադա հասանք»,- Noranor.ca-ին պատմում է Թաշչյանը:

 

ԱՌԱՋԻՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ

«Հայ տուն» կազմակերպության միջոցով ընտանիքին հաջողվեց հասնել Կանադա, ասում է՝ Մոնրեալ տեղափոխված առաջին ընտանիքներից էին, ինչի պատճառով էլ դժվարությունները դեռ անկանխատեսելի էին: Բնակարանի, աշխատանքի հարցերը ստիպված էին ինքնուրույն կարգավորել:

 

Հետո եկողների համար ավելի դյուրին  էր, որովհետև մենք արդեն ճամփաները ցույց տվինք, սկսանք օգտակար դառնալ արդեն նոր եկողներուն

 

«Ես առաջին հալեպցին եմ, որ ելա Կանադա «Հայ տուն»-ով, տեղ չունեինք, հոթել մնացինք մի քանի օր, ուրիշ տեղեր մնացինք, մինչև որ գործի բերումով սիստեմը գտանք և տուն մը վարձեցինք, շատ չարչարվեցինք, մինչև որ մեջտեղ եկանք, իսկ հետո եկողների համար ավելի դյուրին  էր, որովհետև մենք արդեն ճամփաները ցույց տվինք, սկսանք օգտակար դառնալ արդեն նոր եկողներուն: Ավելի դյուրին անցավ, սկիզբի գացողը միշտ դժվարություն կունենա»,-պատմում է սիրիահայ երգիչը:

 

ՀԱԼԵՊ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ

Կառավարությունն, ասում է, ևս բավական օգնեց իր ընտանիքին հաստատվելու համար, իսկ հետո արդեն ինքն իր աշխատանքի ու ձգտումների շնորհիվ կարողացավ կայանալ: Հիմա այլևս դժվարություն չի տեսնում, աշխատում է, զբաղվում սիրելի գործով, և եթե անգամ Հալեպը վերականգնվի, դժվար թե վերադառնան Սիրիա:

 

Ուղղակի կմտածեն՝ Հալեպ, Հալեպ, բայց մեծ մասը կաշխատի, շատ քիչերն են՝ մեծահասակները, որ չեն աշխատի, իսկ երիտասարդությունը՝ ինձմե սկսյալ, բոլորը աշխատանքի լծված են արդեն

 

«Նոր քաղաք, նոր մշակույթ, նոր կապեր, սկիզբը դժվար էր,  բայց հաշտվան այլևս, ուղղակի կմտածեն՝ Հալեպ, Հալեպ, բայց մեծ մասը կաշխատի, շատ քիչերն են՝ մեծահասակները, որ չեն աշխատի, իսկ երիտասարդությունը՝ ինձմե սկսյալ, բոլորը աշխատանքի լծված են արդեն, ուզենք, չուզենք, պետք է աշխատենք: Արդեն իսկ միացած են կանադահայերի հետ ու շատ լավ գործ են անում, արդեն ակումբներու մեջ ներառվել են, աշխատում են ու զորավոր ձևով»,- ներկայացնում է կանադաբնակ սիրիահայը:

 

Յուրաքանչյուր մարդ ինքը կարող է որոշել, թե որքանով է այս երկիրը հարմար բնակության համար, իսկ Սաքո Թաշչյանը գոհ է, նրանց, ովքեր ցանկանում են գնալ Կանադա, ասում է.

 

Մարդ կա, ում համար օդին սառնությունը անընդունելի է, բայց ամեն ինչ կա, ցուրտ է, բայց սերվիսները կապահովեն, կմաքրեն ճամփաները

 

«Ամեն մեկուն համար տարբեր է, հիմա ես կըսեմ՝  լավ է, ուրիշը կըսե՝ չսիրեցի, մարդ կա, ում համար օդին սառնությունը անընդունելի է, բայց ամեն ինչ կա, ցուրտ է, բայց սերվիսները կապահովեն, կմաքրեն ճամփաները, լավ քաղաք է, ապահով քաղաք է»:

 

Իրենք դեռևս ռեզիդենտի կարգավիճակով են ապրում, օգտվում գրեթե քաղաքացուն հավասար բոլոր իրավունքներից, իսկ այն, որ ազատորեն հայկական արվեստը տարածելու հնարավորություն ունի, արդեն իսկ մեծ առավելություն է:

 

«Հայկական երգեր ենք երգում՝ ըլլա ակումբներու մեջ, ըլլա հարսանեկան ակումբներու, մեր հայ երգիչներուն երգերն ենք երգում, տարածում մեր երգը բոլորին, ֆեյսբուքը կբավե, կրցածիս չափ կտարածենք ուր որ երթանք, միայն Մոնրեալ չէ, հիմա Երևանից պիտի մեկնեմ, գնամ Վանկուվեր, հոն ալ պիտի երգեմ: Կուզենք հայ երգը ամեն տեղ հասնի, անգամ օտարներին»,-նշում է կանադաբնակ երգիչը:

 

Հիմնականում երգում են հայկական միջավայրերում, բայց չի ժխտում, որ օտարազգիներին ևս հետաքրքիր է հայ երգն ու երաժշտությունը, այդ մասին են վկայում հայկական տեսահոլովակների հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments