Home / Canadahye  / Մոնրեալահայ Վարդի Դանիելյանը Հայաստան կտեղափոխվի, եթե հասկանա, որ կարող է օգտակար դառնալ հայերենի փրկության գործին

Մոնրեալահայ Վարդի Դանիելյանը Հայաստան կտեղափոխվի, եթե հասկանա, որ կարող է օգտակար դառնալ հայերենի փրկության գործին

Varty Tanielian

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _ Վարդի Դանիելյանի ուսումնական մեթոդները, որոնք կիրառել է Մոնրեալի բոլոր այն հայկական վարժարաններում, որտեղ աշխատել է, տարբերվում են ավանդականից: Փորձառու մանկավարժը փորձում է հայացնել նույնիսկ օտարազգիներին: Պատահական չէ, որ այն հայ երիտասարդները, ովքեր Կանադայում ուզում են ոչ հայազգի աղջկա հետ ամուսնանալ, իրենց ապագա կնոջ հայերենի ուսուցումը վստահում են հենց տիկին Վարդիին:

 

40 ժամ իմ բոլոր աշակերտներս հայերեն կգրեն, կկարդան և իրենց զավակներուն ուսուցիչը կդառնան իրենք, ունիմ այդ նմուշները հազարներով

 

«Ընդհանրապես հայ կեսուրները շատ դժվարություն կուդան տղուն, որ հայու հետ պիտի ամուսնանաս, ուրեմն իրեն համար ճար չի մնա: Ես այնպես կընեմ, որ այդ աղջիկը հայանա, զինք կտանեմ հայկական մանկապարտեզ, կըսեմ՝ զավակդ այստեղ պիտի գա, կտանեմ հայկական եկեղեցի, որպեսզի ըսեմ՝ պսակդ աս պայմաններու մեջ պիտի տեղի ունենա, եթե հայ մայր ըլլալ կուզես, պետք է գիտնաս հայ խոհանոցը: Երբ կխոսիմ մշակույթի մասին, կընեմ անգլերենով կամ ֆրանսերենով, բայց եթե լեզուն պիտի դասավանդվի, 40 ժամ իմ բոլոր աշակերտներս հայերեն կգրեն, կկարդան և իրենց զավակներուն ուսուցիչը կդառնան իրենք, ունիմ այդ նմուշները հազարներով»,-ոգևորությամբ է Noranor.ca-ին պատմում տիկին Վարդին:

 

Ոչ միայն այս, այլև, որ շատ ավելի առաջնային է, հայապահպանման հարցն է մշտապես եղել հայ մանկավարժի ուշադրության կենտրոնում: Պատահական չէ, որ շարունակաբար նոր մանկավարժական ձեռնարկների ու ուսոցողական դասագրքերի կազմման ուղղությամբ է աշխատում:

 

17022491_10212560175423252_122331531728951562_nԾնունդով Հալեպից սոցիոլոգ-մանկավարժ Վարդի Դանիելյանը դեռ 1978թ-ին է ընտանիքի հետ Կանադա տեղափոխվել, անմիջապես անցել է աշխատանքի, մյուս կողմից հոգ տարել կրթությունը շարունակելու մասին: Եղել է շաբաթօրյա վարժարանի տնօրեն, երկար տարիներ դասավանդել է իր հիմնած «Աշակերտների նախապատրաստական կենտրոնում», որտեղ հաճախել են օտարազգի դժվար ուսուցանվող աշակերտները, 3 տարի Մոնրեալի «Արմեն Քեպեք Ալեք Մանուկյան» վարժարանում, ապա՝ «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանում, նաև Լոս Անջելեսում լրագրողական գործունեություն է ծավալել, իսկ այսօր արդեն վաստակավոր մանկավարժը ցանկություն ունի վերադառնալ Հայաստան:

 

ՀԱՅԵՐԵՆԸ՝ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ

Նա չի պատրաստվում Հայաստան տեղափոխվել զուտ հայրենիքում գտնվելու համար, դեռ մտորում է անելիքների մասին: Հանդիպել է ՀՀ Սփյուռքի նախարարի հետ, ում կողմից նաև պատվոգրի է արժանացել, և այս առիթով զարմացած է.

 

Մեզ զարմացնողը աս 20 տարիներին աստեղի հայերենի անդունդ երթալն է, և եթե ասիկա չկանխվի, մենք Հայաստան չենք ունենա

 

«Երբևիցե մեր ըրածների համար գնահատական չենք սպասե, կընենք կամավոր կերպով: Ի վերջո իրենք Սփյուռքի պայմաններու մեջ չեն, իսկ եթե այդ կամավորը չըլլար, Սփյուռքը չէր դիմանա: Մեզ զարմացնողը աս 20 տարիներին աստեղի հայերենի անդունդ երթալն է, և եթե ասիկա չկանխվի, մենք Հայաստան չենք ունենա, որովհետև ես չեմ հավատար այն Հայաստանին, որուն լեզուն հայեենը չէ»,-ասում է կանադահայ զբոսաշրջիկը:

 

Այժմ էլ նա  պատրաստվում է հայրենիք վերադառնալ ու իր փորձով կանխել հայերենի կործանման այդ գործընթացը, որն այնքան մտահոգում է իրեն: Դեռ վերջնական եզրահանգման չի եկել:

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ

«Ես ըսի նախարարին, որ եթե ընելիք չունիմ, չեմ գար, հանգիստ եմ հոն, եթե ապրիլ մըն է, հոն կմնամ, իսկ եթե հոս ընելիք պիտի չունենամ, գեթ արևմտահայերենի պատրաստման, ավելի ընկալելի դարձնելու համար, կրնամ ինքզինքս դյուրավ միայն գրականության նվիրել: Նախարարն ըսավ՝ անհոգ եղիր, դուն հոս գուկաս, ես քեզի համար գործ ունիմ: Չեմ գիտեր՝ ինչ նկատի ուներ, բայց ես պիտի պրպտեմ, գիտնալու համար, որ ինչպես կրնամ ժողովրդիս հայրենիքին բերել, թեև գիտեմ, որ ինծմե ավելի գիտակիցները կան, բացառիկ վկայականներով, բայց չէ՞ որ մեզմե յուրաքանչյուրն իր լուման պիտի բերե»,-ասում է սոցիոլոգ-մանկավարժը:

 

հարուստ երևակայությունն ու տրամաբանական ուսուցումը կարևոր խթան են երեխայի դաստիարակության գործում, կարծում է մանկավարժ-գիտնականը, ով նաև պատրաստվում է կազմել ոչ թե զուտ ուսուցողական, այլև հետաքրքրաշարժ տրամաբանական ձեռնարկ աշակերտների համար, որը կդառնա ոչ միայն ընթարցանության համար հաճելի գիրք, այլև կզարգացնի փիլիսոփայական մտածողությունը:

 

Հայաստան երթալեն առաջ աշակերտներուս ըսի՝ աս դասարանեն չեք շարժիր, մինչև չգիտնաք բոլոր եկեղեցիներու պատմությունը

 

«Միայն հայերեն սորվցնելով չէ, այլ ոգին անցնելն է, իսկի եթե այդ ոգին Սասունցի Դավիթով, մեր ավանդություններով չանցնեմ, մանուկը բան չի հիշեր: Ասոնք են, որ երկիր կկազմեն: Օրինակ իմ աշակերտներս, որ Երևան պիտի գային, երթալեն առաջ ըսի՝ աս դասարանեն չեք շարժիր, մինչև չգիտնաք բոլոր եկեղեցիներու պատմությունը: Հայաստանեն վերադարձան և ըսին, տիկին, գիտե՞ք, նաև տեսանք Խրիմյան Հայրիկին գերեզմանը»,-օրինակ է բերում դպրոցի հիմնադիրը:

 

ԱՐԾԱԹԵ ԱՓՍԵՈՎ

Այժմ Կանադայում դպրոցները համալրվել են նոր աշակերտներով, որոնք Սիրիայից են տեղափոխվել, Վարդի Դանիելյանի մոտեցումը ոչ միայն երեխաների, այլև սիրիահայ ընտանիքների հարցում միանշանակ չէ, չի արդարացնում նրանց, որ գնացին Կանադա, պատճառը հետևյալն է.

 

Ես տակավին կասկած ունիմ, որ հենց Սիրիայի վիճակը շտկվի, անոնք կվերադառնան

 

«Սիրիացիները եկան ակնկալություններով, որ ամենը իրենց պիտի տրվի արծաթե ափսեով, առաջին տարին արդեն հայկական վարժարանները լցված էին, որովհետև իրենց ամբողջ ուսումը ձրիաբար տրվեցավ, համայնքը օգնեց, տեր եղան բոլոր այն ապրանքներուն, որոնցով պետք էր տուները կահավորեին: Թիվը շատցավ, ես տակավին կասկած ունիմ, որ հենց Սիրիայի վիճակը շտկվի, անոնք կվերադառնան»:

 

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ

Ըստ նրա պատճառը միայն այն չէ, որ Կանադայում կլիմայական պայմաններն ավելի սառն են, այլ այն, որ սիրիահայերը դժվարությամբ կհամակերպվեն նոր համայնքային կյանքին: Վստահեցնում է, որ ինքը նկատել է դա, ոչ բոլորն են միանում հայ համայնքին, այնինչ ինքն այլ սպասելիքներ ուներ այս համայնքից: Ասում է.

 

«Եթե իրարու քով պիտի հավաքվին ուտելու համար, կերթան, բայց այլ հարցերում՝ ոչ: Տակավին ժամանակ է պետք, որպեսզի կարողանան վիճակագրություն ընել, հասկնալ, թե ասոնք ով են, ինչ ազգային մտածողություն ունին, եկա՞ն ազգային մտածողություններով, որովհետև բուն ազգային մտածողություն ունեցողները Սիրիա մնացին, որպեսզի երկիրը պահեն»:

 

Իսկ Հայաստան եկողներից միայն մեկի հետ զրույցով է կարծիք հայտնում, մեկ հաջողված օրինակ է հանդիպել ու նշում է, թե դժվար է, բայց հնարավոր21200852_10155588201857310_1266158573741199732_o հայրենիքում կայանալ:

 

«Տեսա անցած օրը մեկուն, ըսավ տիկին, Հայաստանը ամեն բան է, երբ որ եկա, դժվար էր, 5 տարի չարչարվեցա, իսկ հիմա շատ լավ է, մեկ հատ սենյակ ունիմ, ձեռքովս գնած եմ, կաշխատիմ: Լենայի պես աշակերտներ ունիմ, տակավին ծանոթ չեմ պայմաններուն, անոնց հետ ծրագիր ունիմ ես, որ միավորվին, ուժ դառնան»,-նշում է ազգային մտահոգություններով առաջնորդվող կինը:

 

Երբ Հայաստան տեղափոխվի, այս համայնքը պիտի ուժ դառնա իր հետ բազմաթիվ փոփոխություններ իրագործելու համար, օրինակ՝ հայ տղամարդու և կնոջ իրավունքների հարցում հավասարություն սահմանելու կարևոր խնդիրը, որպեսզի որևէ տղամարդ իրավունք չունենա ուժ գործադրել կնոջ նկատմամբ, սա նա Հայաստանի ցավալի երևույթներից է համարում, այլ հանգամանքներ էլ կան, որոնք պետք է ուղղվեն ու դրանով իսկ ազգային դիմագիծը փոխվի. «Այնքան կուզեի վարդագույն աչքերով տեսնել այս ամենը, այնպիսի երկիր ունենայինք, որ բոլորը ուզենային հոս գալ, որ ուզեին մեզի նմանվիլ, ինչու նմանինք ուրիշներուն»,-Հայաստանի մասին իր երազանքն է ներկայացնում մոնրեալահայ կինը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments