Home / Canadahye  / Բախտավոր՝ Կանադայում ծնված լինելու և Հայաստանի նման հայրենիք ունենալու համար. Պարուսույց Լոռի Նաջարյանը կմասնակցի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին

Բախտավոր՝ Կանադայում ծնված լինելու և Հայաստանի նման հայրենիք ունենալու համար. Պարուսույց Լոռի Նաջարյանը կմասնակցի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին

Lori Najaryan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Տորոնտոհայ Լոռի Նաջարյանը Երևանի Մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնի ուսանողուհի է, սովորում է մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Հայկական պարարվեստի սիրահարն այլ վայրում չէր պատկերացնում ազգային պարերի բնագավառում նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը, եթե ոչ Հայաստանում, հետևաբար անցած տարի որոշեց ժամանել հայրենիք ու շարունակել ուսումը:

 

Dzirani Dzar 2013Այդ երաժշտությունը լսելե հետո ուրիշ զգացողություններ արթընցավ, ու վստահ էի, որ հայկական պարով ու ընդհանրապես պարարվեստով կուզեմ զբաղվիլ

 

Դեռ 5 տարեկանից Լոռի Նաջարյանը հետաքրքրություն է ունեցել ջազի և բալետի հանդեպ, հաճախել դասընթացների, հետագայում, երբ արդեն ծանոթացել է հայկական երգ ու պարերի հետ, այլևս անհնար է եղել բաժանվելը: «Այդ երաժշտությունը լսելե հետո ուրիշ զգացողություններ արթընցավ, ու վստահ էի, որ հայկական պարով ու ընդհանրապես պարարվեստով կուզեմ զբաղվիլ»,-ասում է Լոռին:

 

2008-2010թթ-ին հաճախում և ավարտում է Երևանի Պարարվեստի ուսումնարանը՝ որպես պարուհի և պարուսոյց։ Վեց տարի ստանձնել է Տորոնտոյի Համազգային հայ կրթական ու մշակութային միության «Էրեբունի» պարախմբի և ուսումնարանի պարուսույցի ու  գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։  10 տարի ղեկավարել է Վանկուվերի հայկական պարի ամառնային ճամբարը:

 

Լինելով Կանադայի մշակութային կյանքի ակտիվ անդամ և ծանոթ լինելով հայապահպանման խնդիրներին՝ Լոռին լավ է տիրապետում Սփյուռքի մարտահրավերներին կրթության ու մշակույթի բնագավառում: Հետևաբար պատրաստակամություն է հայտնել մասնակցել առաջիկայում կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին:

 

Ինչպես հայտնի է, հաջորդ շաբաթասկզբին Երևանում կկայանա Հայաստան-Սփյուռք համաժողովը, որին իրենց մասնակցությունն են հաստատել ավելի քան 70 երկրների 1400 մասնակիցներ: Կանադան ևս բավական ներկայանալի կազմով կմասնակցի համաժողովին, ներկա կլինեն ավանդական քաղաքական ուժերի ղեկավարներ, գործարարներ, հայկական կառույցների ներկայացուցիչներ, մշակութային, հասարական գործիչներ և այլք:

 

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱՐՑԵՐԸ

Լոռի Նաջարյանն առաջին անգամ կմասնակցի համաժողովին: Հարցեր, որոնք առաջին հերթին մտահոգում են մշակույթի ոլորտի ներկայացուցչին, Սփյուռքում լեզվի, հայեցիության  պահպանման խնդիրներն են, որոնց ուղղությամբ կատարվելիք լուրջ աշխատանքների անհրաժեշտություն է տեսնում: Չի կարծում, որ համաժողովը չի կարող այդ հարցում կարևոր դեր կատարել, սեփական փորձով է օրինակներ բերում, թե ինչպես կարելի է նպաստել լեզվի ու մշակույթի պահպանությանը:

 

Azki Vokin 2015

«Երբ ես Համազգայինի մեջ ղեկավարում էի պարախումբը, շատ աշակերտներ եկան, որոնք չէին մտած ակումբ կամ հայկական կենտրոն, ու այնտեղ շատ մարդիկ գիտեմ, որոնք ընկերություն ստեղծեցին և ունեցան հայկական շրջապատ,  և անոր պատճառով հայկական մթնոլորտ ստեղծվավ, դա իրենց մեջ արթնցրեց հայկական ոգի: Իսկ Վանկուվերը, որ շատ փոքր հայկական գաղութ ունի, հոն 10 տարի դաս կուդայի, առաջին տարին 25 աշակերտ ունեի, իսկ հիմա 90 աշակերտ, դա շատ ոգևորելի էր, հայկական պարն ու մշակույթն ընդհարնարպես, երգ, կրոն ու պատմություն ալ կսորվին, գոնե կծանոթանան հայկական մշակույթի էլեմենտներին»,- Noranor.ca-ին պատմում է Նաջարյանը:

 

Ցանկության դեպքում հնարավոր է այդ ոգին արթնացնել, վստահ է նա ու պատրաստ այդ մասին բարձրաձայնել համաժողովի շրջանակներում, խոսել նաև լեզվի խնդիրների մասին.  Այն, որ երեխաները դպրոցում հայերեն են սովորում, իսկ ընտանիքում հաղորդակցվում անգլերենով, լուրջ խնդիր է համարում, նրանց մեջ հայկական ոգին բարձրացնելու քայլեր մշակել է հարկավոր: Իսկ ոչ միայն համաժողովը, այլև հայրենիքի հետ ցանկացած հաղորդակցում կարևոր ադյունքներ է ունենում, կարծում է նա:

 

Օրինակ մեր պարախումբը 2012-ին մասնակցեցավ «Իմ Հայաստան» փառատոնին, դա անմոռանալի բան էր երեխաների համար

 

«Տարիների ընթացքին գիտեմ, որ այլ երկրներից եկել են հայ ուսուցիչներ, որվքեր հոս դասընթացներու մասնակցել են, օգուտ է տվել, որ գիտելիքները փոխանցեն հայկական վարժարաններուն, իսկ արդյունքը կարելի է տեսնել, եթե սեմինարներն ու ծրագիրներն ավելի հասանելի լինեն այնտեղի հայերին: Օրինակ մեր պարախումբը 2012-ին մասնակցեցավ «Իմ Հայաստան» փառատոնին, դա անմոռանալի բան էր երեխաների համար»,-պատմում է պարուսույցը:

 

Davigh 2012ԱՆՕԳՈՒՏ ՊԱՅՔԱՐ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ

Ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում մշակույթի ու հայոց պատմության հասանելիության ու կիրառման խնդիրներ կան, կրթության մեթոդների մշակման կարիք, որի մասին ևս համաժողովի ապագա մասնակիցը կցանկանար բարձրաձայնել: Լինելով Կանադայի բնակիչ և հայաստանյան բուհի ուսանող՝ հնարավորություն է ունեցել առնչվել բուհական համակարգի բացթողումների հետ, որոնք ևս ցանկալի կլիներ շտկել:

 

«Երբ սովոր ես ուրիշ երկրի կրթության մոտեցումին, բացթողումներ կտեսնես, և դժվար էր հարմարվիլը, ես ուզում էի պայքարել դրա դեմ, բայց հետո ստիպվեցա կենտրոնանալ իմ ուսումի վրա՝ մտածելկով, ես ինչ կրնամ ընել, որ իմ ուսումս ամենակատարյալ կամ լավագույն ձևով ստանամ, թեև կային նաև շատ լավ դասախոսներ, որոնք իրականում ոգևորեցին»,-ներկայացնում է Մանկավարժական համալսարանի ուսանողուհին:

 

Ոչ միայն բուհերում, այլև դպրոցներում մշակույթի հասանելիության հարցերը պետք է քննարկվեն, կարծում է նա, իսկ ինքը պատրաստ է նպաստել դրան, ներկայում էլ թեև քիչ դասաժամով, բայց պար է ուսուցանում Մասիս քաղաքում, մտադիր է ընդլայնել գործունեությունը, բայց թե հետագայում կշարունակի գործել հայրենիքում, դեռ չի որոշել:

 

Բախտավոր եմ, որ Կանադայի պես երկրի մեջ մեծացեր եմ և ուսում ստացել, բայց միաժամանակ դա ինձ  այն չի տալիս, ինչ Հայաստանն է տալիս

 

«Հայաստանն է հոգեհարազատ ինձ համար, բախտավոր եմ, որ Կանադայի պես երկրի մեջ մեծացեր եմ և ուսում ստացել, բայց միաժամանակ դա ինձ  այն չի տալիս, ինչ Հայաստանն է տալիս, գիտեմ, որ շատ դժվար կլինի այստեղ հաստատվել, բայց նաև կան բաներ, որ ուրիշ երկրները չունին, ուղղակի պետք է ձևը գտնել, մոտեցումը գտնել և համբերությամբ կերտել էդ ապագան, ես կկարծեմ շատ հնարավոր է, ուղղակի պետք է հավատքը և մոտեցումը»,-կարծում է տորոնտոհայ ուսանողուհին, ով, սակայն, նման հավատ ու մոտեցում չի գտնում իրեն շրջապատողների մեջ, ցավով նշում է.

 

Շատ հաճախ, որ խոսում եմ իմ կուրսեցիներուս հետ նրանք չեն տեսնում լավ կողմերը, վատի վրա կենտրոնացած են, չեն տեսնում ապագա

 

«Բախտավորությամբ ծանոթացա երիտասարդներու, որոնք եկել են այստեղ հաստատվելու, բայց ինչն է ցավալին, որ շատ հաճախ, որ խոսում եմ իմ կուրսեցիներուս հետ նրանք չեն տեսնում լավ կողմերը, վատի վրա կենտրոնացած են, չեն տեսնում ապագա»:

 

Իսկ ինքը, շնորհիվ իր ծնողների դաստիարակության, տեսնելով հանդերձ բացասական կողմերը, կարծում է, որ յուրաքանչյուրն իր պատասխանատվության չափը պետք է զգա դրանք ուղղելու հարցում: Ինքն անգամ, եթե չհաստատվի հայրենիքում, կապված է Հայաստանի հետ, նաև ծնողները, ովքեր տարիներ առաջ Հայաստանում բնակարան են գնել, որպեսզի գոնե տարվա մեջ մի քանի ամիսը հայրենիքում անցկացնեն:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments