Home / Canadahye  / Իմ տպավորությունս այն է, որ այս խորհրդաժողովներեն բխած առաջարկները հետապնդումի պակաս ունին. Դիտարկումներ Հայաստան-Սփյուռք համաժողովի վերաբերյալ

Իմ տպավորությունս այն է, որ այս խորհրդաժողովներեն բխած առաջարկները հետապնդումի պակաս ունին. Դիտարկումներ Հայաստան-Սփյուռք համաժողովի վերաբերյալ

Hamajoxov

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ, Տորոնտո (Նորանոր) _ Կանադահայ համայնքի հասարակական, քաղաքական, հոգևոր գործիչներ ու գործարարներ արդեն նախապես հաստատել են իրենց մասնակցությունը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին: Նրանցից, սակայն, ոչ բոլորը նախատեսածի համաձայն, կկարողանան իրենց մասնակցությունը բերել միջոցառմանը, մյուսները կներկայանան ակնկալիքներով՝ լսել առաջարկներ ու դրանց կիրառման մեթոդներ սփյուռքահայ համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Ինչպես և նախապես հաստատել էր, միջոցառմանը կմասնակցի նաև Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ով Noranor.ca-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ելույթ չի նախատեսում ունենալ, սակայն պատրաստ է լսել առաջարկները:

 

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

«Այս ժողովից ակնկալում եմ կառուցողական մոտեցումներ և հարցերի լուծման առաջարկներ սփյուռքահայ հիմնախնդիրների վերաբերյալ: Սփյուռքում անշուշտ հիմնախնդիր է մնում հայապահպանությունը և երիտասարդների ընդգրկումը համայնքային կյանքից ներս: Փափագս է լսել այդ հիմնախնդիրների լուծման առաջարկներն ու հաջող օրինակները, տեսնել, թե որքանով դրանք կիրառելի են կանադահայ կյանքում»,-նշեց Աբգար Սրբազանը:

 

Նա առաջին անգամ է մասնակցելու Հայաստան-Սփյուռք համաժողովին, հետևաբար դեռ չի կարող որևէ գնահատական տալ սփյուռքահայերին համախմբող այս միջոցառմանը:

 

Արիս Պապիկյանը վաղուց հաստատել էր իր մասնակցությունը համաժողովին, սակայն նրան չի հաջողվի ներկա գտնվել այս կարևոր իրադարձությանը

 

Կանադահայ համայնքի քաղաքական կյանքի ակտիվ ներկայացուցիչներից նախկին քաղաքացիական դատավոր Օնտարիոյի նահանգային ընտրություններում շրջաններից մեկի Պահպանողական կուսակցության թեկնածու Արիս Պապիկյանը դեռ վաղուց հաստատել էր իր մասնակցությունը համաժողովին, սակայն նրան չի հաջողվի ներկա գտնվել այս կարևոր իրադարձությանը:

 

ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Ինչպես հայտնի է, Արիս Պապիկյանին հաջողվեց հաղթահարել ընտրությունների առաջին փուլն ու առաջադրվել Պահպանողական կուսակցության թեկնածու, հետևաբար խիստ կարևոր անելիքներ ունի վերջնարդյունքում հաջողության հասնելու համար: «Իմ ընտրապայքարիս շատ կարևոր հանգրվան է այս երկու ամիսը, սկսած եմ ընտրապայքարիս հանդիպումները  տարբեր փոքրամասնություններու ներկայացուցիչներու հետ, ընտրապայքարիս կազմը կփորձենք ճշտել, նյութապես ալ ծախսեր կան, և ինծի մեկ շաբաթ իսկ քաղաքեն հեռանալը կենսական է»,-ներկայացնում է Պապիկյանը:

 

Երբ հաստատում էր մասնակցությունը, հույս ուներ, որ կկարողանա ընտրական թիմի մենեջեր գտնել, ով կզբաղվի աշխատանքներով, և իր բացակայությունը չի անդրադառնա նախապատրաստության վրա, սակայն չի հաջողվել դա անել: Որքան էլ համաժողովին մասնակցելու ցանկությունը մեծ լինի, նա չի կարողանա ժամանել Հայաստան: Իսկ թե ինչով է կարևոր այդ մասնակցությունը, մանրամասնում է այսպես.

 

Ես կզգամ, որ բացություն մը կա, տակավին 26 տարի անկախությունեն ետք չենք կրցած ճիշտ ձևով Սփյուռքի ուժերը ներդնել հայրենիքի բարգավաճման համար

 

«Վերջիվերջո բավական մեր Սփյուռքի, հատկապես  Կանադայի և Հայ Դատի աշխատանքներուն մեջ բավական դերակատար եղած եմ, և ես անձամբ տեսած եմ կարևորությունը, որ Սփյուռքը և հայրենիքը պետք է իրենց աշխատանքները շատ ավելի լավ, ամուր ձևով համադրեն, որովհետև անկեղծորեն շատ բաց ունենք: Սփյուռքը մեծ կարողություններ ունի քաղաքական, տնտեսական և ամեն մարզերու մեջ, և ես կզգամ, որ բացություն մը կա, տակավին 26 տարի անկախությունեն ետք չենք կրցած ճիշտ ձևով Սփյուռքի ուժերը ներդնել հայրենիքի բարգավաճման համար, և շատ կփափագեի մասնակցել, բայց դժբախտաբար անհնար է»:

 

Նա ևս երբևէ չի մասնակցել նախորդ համաժողովներին, բայց առիթ է ունեցել ներկա գտնվել այլ իրադարձությունների և պատկերացում ունի դրանց արդյունքների ու ազդեցությունների մասին: «Ավելի քաղաքական եղած է մասնակցությունս, որպեսզի քաղաքական կարողությունները արժեորել և ի նպաստ դնել հայրենիքին, բայց վստահ եմ, որ ուրիշ մարզեր ալ կան, որ կարևոր են՝ տնտեսական, մշակութային, ընկերային»,-նշում է նախկին քաղաքացիական դատավորը:

 

ՀԵՏԱՊՆԴՈՒՄԻ ՊԱԿԱՍ ՈՒՆԵՆ

Պատկերացում ունի և դրական ազդեցությունների մասին, և այն բացերի, որոնք լրացնելու կարիք կա: Նման ձևաչափով համաժողովն էլ, ըստ նրա, պակաս արդյունավետ  կարող է լինել. Ծավալուն հարցերի ու մեծաթիվ մասնակցության հետևանքով հետևողականության պակաս կնկատվի, կարծում էնա:

 

Իմ տպավորությունս այն է, որ այս խորհրդաժողովներեն բխած առաջարկները հետապնդումի պակաս ունին

 

«Պետք է մշտական մարմին մը գոյություն ունենա համադրելուայս խորհրդաժողովեն բխած առաջարկները, գաղափարները: Բավարար չէ, որ ամեն մի տարին, երկու տարին անգամ մը իրարու քով գան: Անկեղծ ըլլանք, երեք օրվա ընթացքին այսքան մարդու կարելի պիտի չըլլա մտիկ ընել, ադոր համար կնախընտրեի զանազան մարզերու խորհրդաժողով ըլլա, ամեն մի մարզ իր մասնագիտության համաձայն այդ խորհրդաժողովները ունենար, վերջը համախմբիլ մեկ տեղ և սկսիլ հետապնդել  այդ աշխատանքներու գործադրության: Իմ տպավորությունս այն է, որ այս խորհրդաժողովներեն բխած առաջարկները հետապնդումի պակաս ունին, և այդ տպավորություններով միայն ես չեմ, ընկերներ բարեկամներ կան, որոնք այդ պակասը կզգան»,-ներկայացնում է Օնտարիոյի նահանգային ընտրությունների թեկնածուն:

 

Եթե չեն իրականացվելու առաջարկվող գաղափարները կամ դրանց փոքր մասն է կյանքի կոչվելու, արդյունավետությունը մեծ լինել չի կարող: Թերևս ամենամեծ ներդրումը Սփյուռքի կողմից տնտեսական ազդեցությունը կարող է լինել, երբ 70 երկրներից մոտ 1500 հյուրեր երեք և ավելի օրով հաստատվեն Հայաստանում:

 

Ի դեպ, համաժողովին իր մասնակցությունը հաստատել էր նաև ՌԱԿ-ի Կենտրոնական վարչության փոխատենապետ Էոժեն Գարաջյանը, ով ևս մեզ հայտնեց, որ այլ պարտականությունների կատարման պատճառով չի կարողանա մասնակցել միջոցառմանը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments