Home / Canadahye  / Ամեն Կանադան Made in Armenia կհագնի. Կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանը գոհ է հայրենի իշխանություններից

Ամեն Կանադան Made in Armenia կհագնի. Կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանը գոհ է հայրենի իշխանություններից

Hakob Amiryan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _ Մոտ 20 տարի առաջ էր, Հայաստանը դեռ նոր էր անկախացել, երբ մոնրեալահայ Հակոբ Ամիրյանը եկավ հայրենիք: Այդ տարիներին նա ներդրում կատարելու ու բիզնես գործունեություն ծավալելու հարմար վայր էր փնտրում, քանի որ Կանադայում ծախսերը շատացել էին, մեծ ցանցերն իրենք էին գին թելադրում:

 

10-ԻՑ 100 ՏՈԿՈՍ

«Մտածեցի՝ ինչ ընեմ, Բանգլադե՞շ երթամ, Պակիստա՞ն, երթամ, Վիետնա՞մ երթամ, Հնդկաստա՞ն երթամ… Հայաստանի դեսպանին տեսա, ըսի՝ կուզեմ մեկ հատ Հայաստանը նայեմ, 96-ին էր, եկա հոս, ետ գացի, երկրորդ անգամ 97-ին եկա, 10 տոկոս գործ ըրի, հետո եկա, ավելացրի, հիմի 100 տոկոս գործ կընեմ»,-Noranor.ca-ին պատմում է կանադահայ գործարարը:

 

Եթե այլ ներդրողներ հատկապես վերջին շրջանում դժգոհ են Հայաստանում օրենսդրական դաշտի խնդիրներից, ներդրողի հանդեպ անարդար վերաբերմունքից, որով էլ պայմանավորում են ներդրումների նվազումը, ապա Հակոբ Ամիրյանը նման խնդիրներ չի տեսնում, նա գոհ է արտադրությունից ու այն հեռանկարային է համարում, հենց դա է պատճառը, որ անկախ դժվարություններից, Հայաստանում է շարունակում բիզնեսը:

 

Հակոբ Ամիրյանի գործունեությունը Գյումրիում է, Yves Martin կարի գործարանը, որտեղ ներգրավված են մոտ 150 աշխատակիցներ, զբաղվում է տղամարդու հագուստի արտադրությամբ: Արտադրությունն ամբողջովին Գյումրիում է կազմակերպվում, իսկ ապրանքը իրացվում Կանադայում: Նախկին եգիպտահայը, որը դեռ 1966թ-ից է Կանադա տեղափոխվել, հեշտ չի համարում Կանադա-Հայաստան բիզնեսի պահպանումն ու զարգացումը: Հեռավորությունը լուրջ դժվարություններ է ստեղծում: Անհրաժեշտ հումքը ներկրում է, ապրանքը արտահանում՝ հասցնելով Հյուսիսային Ամերիկա, նկարագրում է այսպես.

 

45 օր կառնե: Մենք Չինաստանեն հոս ապրանք կբերենք, 7-8 կոնտեյներ, 50 օր կառնե

 

«Կանադա հոստեղից հեռու է, կոնտեյներով ապրանքը կերթա Փոթի, կսպասենք, մինչև շոգենավը գա, շոգենավեն կելնե Ստամբուլ կերթա, Ստամբուլեն Իսպանիա կերթա, 45 օր կառնե: Մենք Չինաստանեն հոս ապրանք կբերենք, 7-8 կոնտեյներ, 50 օր կառնե»:

 

Իսկ ի՞նչն է պատճառը, որ նման դժվարություններն անտեսելով՝ գործարարը շարունակում է Հայաստանում իր բիզնեսը ծավալել, արդյո՞ք ավելի մատչելի է արտադրության կազմակերպումը, պարզվում է՝ ոչ:

 

Ես կհոգնիմ, պիտի կտորը բերեմ, հոս ձևևի կարվի, չարչարանք է, բայց ուրիշ ճար չկա, պիտի ընենք

 

«Հարցն այն է, որ Բանգլադեշ շատ ավելի էժան է, Հնդկաստանը շատ ավելի, և հոս կտոր չունի, մատերիալ չունի, ուրիշ երկրները ունին, կերթաս, գույներով, ամեն ինչ կտան, ես կհոգնիմ, պիտի կտորը բերեմ, հոս ձևվի, կարվի, չարչարանք է, բայց ուրիշ ճար չկա, պիտի ընենք»,-նշում է մոնրեալահայ գործարարը:

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ

Ուրախ է, որ գոնե օրենսդրական խնդիրների ու դժվարությունների չի բախվում, նման դեպքերում էլ, վստահեցնում է, որ համապատասխան կառույցների աշխատակիցներն օգնության ձեռք են մեկնում:

 

«Հոստեղի իշխանությունը լավն է, կկարգավորե, պրոբլեմ կա հարկային, կլուծե, գործի պրոբլեմ կա, մեր ընկերը կընե»,-հավաստիացնում է սփյուռքահայ ներդրողը:

 

MADE IN ARMENIA

Դժգոհ չէ նաև ապրանքի իրացումից: Դժվարությամբ, բայց հաջողվում է ապրանքը Կանադա հասցնել, միևնույն ժամանակ այնտեղ նպաստում է հայկական արտադրանքի պրոպագանդմանը, այնինչ եթե Հայաստանի շուկայի վրա հույսը դներ, վաղուց ստիպված կլիներ դադարեցնել գործունեությունը:

 

Պետք է գործ ընես, քու երկիր ղրկես, թե չէ էստեղ որո՞ւն ծախես ապրանք

 

«Աստեղից կերթան ապրանքները Կանադա, իրացումն էնտեղ է, մե՜ծ, ամեն Կանադան Made in Armenia կհագնի, տղամարդու ներքնազգեստ, գիշերանոց, մեծ գործ կընենք Կանադայի մեջ, իսկ էստեղ մրցակցային դաշտը չէ խնդիրը, պետք է գործ ընես, քու երկիր ղրկես, թե չէ էստեղ որո՞ւն ծախես ապրանք»,-ներկայացնում է տարվա մի մասն Հայաստանում անցկացնող կանադահայը:

 

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

Չի զլանում բացել իր հաջողության գաղտնիքը, որն օրինակ կարող է դառնալ նաև նրանց համար, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում ներդրում կատարել. Պետք է սեփական մասնագիտական ունակությունները հաշվի առնել և այդ ոլորտում բիզնես հիմնել:

 

Չի ստացվի, կըսեն մեզի խաբեցին, չէ, անանկ չըլար, իրենք սխալ կընեն

 

«Ան անձը, որ կուզե գալ Հայաստան, իմ ձևովս թող վվարվի, ես արհեստավոր եմ, կարը գիտեմ, եթե որևէ գործ, ապա իրեն ըրած մասնագիտությամբ ըլլա, կուգա, քիչ մը կնայի, կդառնա կոր, եթե տեսնի, որ կրնա իր գործով ներդրում ընե, կհաջողի: Թե չէ արտասահմանեն կու գան, կուզեն գործ ընել, բայց թե ինչ գործ… Չի ստացվի, կըսեն մեզի խաբեցին, չէ, անանկ չըլար, իրենք սխալ կընեն»,-նշում է Գյումրիում մոտ 150 աշխատատեղ բացած գործարարը:

 

Դա ամենամեծ բավականությունն է նրա համար, երբ գիտակցում է, որ այս բիզնեսի շնորհիվ շատ ընտանիքներ մնում են հայրենիքում, ասում է. «Կարևոր է ամսականը, ես կուզեմ, որ ժողովուրդը աշխատի, քաղաքեն դուրս չերթա, էստեղ միայն մեկ տոկոսը օտար է, մյուս երկրներն էդպես չէ»:

 

 

Ձեր կարծիքը

Comments