Home / Canadahye  / Աշակերտների թվի ավելացման պատճառով ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի տարածքն ընդարձակման կարիք է զգում. Տնօրեն Րաֆֆի Սարգսյան

Աշակերտների թվի ավելացման պատճառով ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի տարածքն ընդարձակման կարիք է զգում. Տնօրեն Րաֆֆի Սարգսյան

Raffi Sargsyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) – Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը նոր ուսումնական տարին սկսել է շատ ավելի մեծ թվով աշակերտներով, պատճառը ոչ միայն ներգաղթն է, որի արդյունքում Հայաստանից ու Սիրիայից բազմաթիվ ընտանիքներ են տեղափոխվել Կանադա, այլև ընտանիքներում զավակներին հայեցի կրթություն տալու գիտակցությունն ու վարժարանի հարուստ ծրագիրը, որի շնորհիվ ոչ միայն հայեցի կրթություն են ստանում, այլև յուրացնում են կանադական կրթական ծրագիրը:

 

Այս մասին Noranor.ca-ին պարզ դարձավ հաստատության նորանշանակ տնօրեն Րաֆֆի Սարգսյանի հետ զրույցում: Հիշեցնենք, որ վարժարանի նախկին երկարամյա տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անձնական պատճառներով հրաժարվել էր պաշտոնից և այն հանձնել  Սարգսյանին, ով 2008-2011 թվականներին վարժարանում աշխատել է որպես ուսուցիչ և աշակերտական խորհրդատու, ապա ստանձնել ամենօրյա վարժարանի փոխտնօրենի պաշտոնը: 2016 թվականին նա արժանացել է Օնտարիո նահանգի կողմից շնորհվող տնօրինության երկու վկայագրերի:

 

Սարգսյանը նաև Հայոց Ցեղասպանության խնդիրներով զբաղվող «Քորնինգ» կենտրոնի հիմնադիրը և նախագահն է, որի գործունեության մասին ևս պատմել է Noranor.ca-ին:

 

ՊԱՏԵՐԸ ՍԿՍԱԾ ԵՆ ՆԵՂՆԱԼ

587 աշակերտներով ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը սկսել է ուսումնական տարին՝ մանկապարտեզից մինչև երկրորդական վարժարան, վերանորոգված ու բոլոր հնարավորություններով ուսումնական կենտրոնը ընդարձակվել է շնորհիվ տարբեր բարերարների, սակայն այսքանով հանդերձ հաստատությունը կարիք ունի տարածքի ընդլայնման: Շենքն այլևս նեղ է մեծաթիվ աշակերտության համար:

 

Կարծեմ շատ մարդիկ չէին երևակայեր, որ մեր նոր շենքը, որ շինվեցավ, այդ ալ նույնիսկ նեղ պիտի թվար

 

«10 տարվա մեջ տեսած ենք աճ, այն աստիճան, որ մեր պատերը կարծես սկսած են նեղնալ. կարծեմ շատ մարդիկ չէին երևակայեր, որ մեր նոր շենքը, որ շինվեցավ, այդ ալ նույնիսկ նեղ պիտի թվար, բայց այսօրվա իրականությունն այդ է, որ առժամյա երկու շարժական դասարան դրված է դուրսը. եւ ունինք դասարաններ, որ երեք դասարաններու բաժնված են, աշակերտներու թիվին մեծ ըլլալուն պատճառով»,- նշում է Րաֆֆի Սարգսյանը:

 

Հաջորդ տարվա աշակերտների թվից պարզ կդառնա՝ ինչպես իրականացնել տարածքի ընդլայնումը, թվի ավելացման վրա էականորեն ազդել է ներգաղթը, բայց միայն դա չէ պատճառը: Տնօրենը ներկայացնում է.

 

 Հայերեն լեզուն տիրապետելը և դառնալ արտահայտելի ամենկարևոր բաժինն է ինքնաճանաչ ըլլալու և ինքնավստահ ըլլալու կյանքին մեջ

 

«Կան շատ գաղթող ընտանիքներու աշակերտներ Սուրիայեն կամ Հայաստանեն, բայց ատոր կողքին կան նաև աշակերտներ որոնք հոս ծնած են, ըլլան անոնք աշակերտներ, որոնց ծնողները կորոշեն իրենց այստեղ ղրկել փոքր տարիքեն, կամ ըլլան անոնք աշակերտներ, որոնք քանի մը տարի անցուցած կըլլան հանրային կամ կաթողիկե վարժարաններե ներս եւ իրենց ծնողները կորոշեն, որ իրենց զավակներուն համար լավագույնը  մեր վարժարանն է … բարձր մակարդակի ուսում ունի, և ատոր կողքին պիտի սորվի հայերենը, ֆրանսերենի և անգլերենի հետ. հայերեն լեզուն տիրապետելը և դառնալ արտահայտելի ամենկարևոր բաժինն է ինքնաճանաչ ըլլալու և ինքնավստահ ըլլալու կյանքին մեջ»:

 

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՇՓՎԵԼ ՀԱՅԵՐԵՆՈՎ

Դպրոցի առաջիկա հինգ տարիների ծրագիրն արդեն պատրաստ է, ըստ այդմ մտադիր են թվայնացնել ուսումնական գործընթացը, ուսուցումը մտադիր են անցկացնել ոչ միայն դասագրքերով, այլև համակարգչային տեխնիկայի ներդրմամբ: Արդեն 6-րդ դասարանցիների հետ փորձ կատարել են և մինչև հոկտեմբեր մտադիր են գործածել: Իսկ դա էականորեն կավելացնի աշակերտների շրջանում հայերենով շփման հնարավորությունները:

 

Աշակերտը համացանցի վրա կարողանա այցելել հայկական թերթեր էջերը, սորվի, թե ինչպես պիտի հայերեն տպագիրով մեքենագրե, որպեսզի հաղորդակցություն ընելու համար ինքնավստահորեն գործածե

 

«Տեսնելով, թե երիտասարդ սերունդը որքանով կհաղորդակցի համացանցի միջոցով, կկարծեմ, որ կարևոր է վարժեցնել աշակերտը ոչ միայն անգլերենով, այլև հայերենով, որպեսզի աշակերտը համացանցի վրա կարողանա այցելել հայկական կայքէջերը, սորվի, թե ինչպես հայերեն տպագիրով պիտի մեքենագրե, որպեսզի որևէ տեղ հաղորդակցություն ընելու համար ինքնավստահորեն գործածե հայերեն լեզուն. այդ մեկը հաջողցնելը մեզի առիթ կու տա, որ աշակերտը իր դասարանեն դուրս գործածե լեզուն»,-կարծում է տնօրենը:

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

2008թ-ին Տորոնտոյի կրթական համակարգը որոշեց Ցեղասպանության բաժին ընդգրկել ծրագրում: Անկախ թուրքական կողմի ջանքերց, Հայ Դատի հանձնաժողովին հաջողվեց ներառել նաև Հայոց Ցեղասպանության հարցը, իսկ այն լիարժեք ուսուցանելու համար հարցի նկատմամբ հետաքրքրություն էր առաջացել ուսուցիչների ու աշակերտների շրջանում:

 

Պահանջ կար օտար ուսուցիչներու կողմե, որպեսզի հավելյալ տեղեկություններ ստանան

 

«Սկսած էին  դիմել հայկական կազմակերպություններու, որպեսզի վերապրողներու շառավիղները գային, խոսեին, և անշուշտ պահանջ կար օտար ուսուցիչներու կողմե, որպեսզի հավելյալ տեղեկություններ ստանան: Շատ ուսուցիչներ համացանցով սխալ տեղեկություններ ալ կտեսնեին. թրքական կառավարության կողմե մերժողական նյութեր կային»,- պատմում է «Քորնինգ» կենտրոնի հիմնադիրը:

 

ԿԱՊՈՂ ՕՂԱԿ

Այս և այլ հանգամանքներ հաշվի առնելով որոշվեց հիմնել կենտրոնը, որի նպատակն էր Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ կրթական կարիքները բավարարել՝ հիմք ունենալով լիարժեք ուսումնասիրություններն ու ճշգրիտ տեղեկությունները: Ցեղասպանությունից առաջ, այդ ընթացքում և հետո Կանադայի կողմից հայ ժողովրդին ցուցաբերած օժանդակությունը կարևոր օղակ դարձավ օտար ուսուցիչներին Հայկական հարցին կապելու համար և հաջողվեց:

 

Դրա լավագույն արդյունքը եղավ այն, որ անցյալ տարվա ապրիլին, երբ կենտրոնը մեկտեղ հավաքեց 180 օտարերկրյա աշակերտների՝ նրանց պատմելու ոչ թե Հայոց Ցեղասպանության ճանաչման, այլ արդեն պահանջատիրության խնդրի մասին, բացառիկ հետաքրքրություն ցուցաբերեց կանադացի համայնքը:

 

«Աշակերտներ եկան տարբեր քաղաքաներե. կային աշակերտներ, որոնք մեկ ժամե ավելի ճամփորդեցին, որպեսզի ներկա գտնվին այդ համաժողովին. ատիկա շատ կարևոր էր: Աշակերտները առիթ ունեցան արտահայտվելու. բեմեն մոտ 10 աշակերտներ ելած կբացականչեին, որ հայերը պետք է իրենց բռնագրավված հողերը ետ առնեն, հատուցում ստանան այս կամ այն պատճառներով. ազատ առիթ էր, և շատ մը աշակերտներ կրցան ներկայացնել»,- պատմում է Հայոց Ցեղասպանության հարցում ակտիվ ներդրում ունեցած տորոնտոհայը:

 

Անցած ենք կարևորելու պահանջատիրության նյութը, ու ոչ միայն հայերու, այլև օտար աշակերտներու մոտ. Անոնք են, որ պիտի ըլլան այս քաղաքի ղեկավարները, և կարևոր է, որ այս նյութը խորթ չթվա իրենց

 

Նա կարևորում է հատկապես համաժողովի թեման, այն, որ կանադացի եկող սերնդի մեջ ևս պետք է սերմանել հատուցման գաղափարը: «Մեր գաղափարն այն էր, որ այս նյութը չուզեցինք արծարծել որպես պատմական նյութ, այդ մեկն անցած ենք, ու անցած ենք կարևորելու պահանջատիրության նյութը, ու ոչ միայն հայերու, այլև օտար աշակերտներու մոտ. Անոնք են, որ պիտի ըլլան այս քաղաքի ղեկավարները, և կարևոր է, որ այս նյութը խորթ չթվա իրենց համար»,- նշում է կենտրոնի նախագահը:

 

Նա վստահ է, որ օտարների մոտ շահագրգռվածություն առաջացնելն ավելի հեշտ կլինի, եթե հարցը հնարավոր լինի կապել Կանադայի պատմությանը, ինչն էլ արվում է կենտրոնի կողմից՝ դրանով նպաստելով Հայոց Ցեղասպանության մասին Օնտարիոյի դպրոցներում ճշգրիտ տեղեկություններ տարածելուն:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments