Home / Armenia  / Քննարկումներ ու ժողովնե՞ր, թե՞ պրակտիկ քայլեր ներդրումներում հաջողության հասնելու համար. Կանադահայ գործարարների մոտեցումը

Քննարկումներ ու ժողովնե՞ր, թե՞ պրակտիկ քայլեր ներդրումներում հաջողության հասնելու համար. Կանադահայ գործարարների մոտեցումը

gorcararner

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ 14 կազմակերպություններ աշխարհի 11 երկրներից, որոնք հնարավորություն ունեն մեկ հարկի տակ հավաքվելով՝ ուժեղացնել համագործակցությունն ու Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղություններ մշակել: Խոսքը Հայկական առևտրային ցանցի մասին է, որը հիմնվել է 2011թ-ին:

 

ԱՌԱՆՑ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ

Ընկերության գործադիր խորհրդի անդամներից է նաև կանադահայ գործարար Հրաչ Գասպարը, ով Noranor.ca-ի հետ զրույցում ներկայացրեց ընկերության անցած ճանապարհը՝ չխոսելով, սակայն, որևէ կոնկրետ հաջողված օրինակի մասին:

 

«Ես չեմ ուզում ուղղակի մի օրինակ ասել, բայց մեր աշխատանքը իրականության մեջ ոչ թե ուղղակիորեն աջակցելն է անհատ ձեռներեցին, այլ միջավայրն ու տեղեկատվական դաշտը ստեղծել, որ հայ գործարարներն ամենուր կարող են շփվել»,-ներկայացրեց Հրաչ Գասպարը:

 

Նա Հայկական առևտրային ցանցի հիմնադիրներից է ու խորհրդի անդամ: Տարվա մի մասն անցկացնում է Հայաստանում, ավելին երկար տարիներ ապրել է հայրենիքում, պատմում է, որ առաջին անգամ 1993թ-ին է եկել՝ հասարակական ծրագրերով, որոշ ներդրումներ իրականացրել ու ձգտել է հաստատվել Հայաստանում:

 

Գործադիր կոմիտեի անդամը ներդրումային դաշտը բարելավելու լուրջ խնդիրներ է տեսնում, որոնց լուծումը հնարավոր է համարում համատեղ գործունեության ու դրանց դեմ պայքարելու դեպքում, կարևորն այն է համարում, որ արդեն իսկ համագործակցված աշխատում են:

 

Մեր մեծագույն հաջողությունը դա է եղել, որ համատեղել ենք համարյա բոլոր երկրներում գոյություն ունեցող հայկական առևտրաարդյունաբերական ցանցերը

 

«Մեր մեծագույն հաջողությունը դա է եղել, որ համատեղել ենք համարյա բոլոր երկրներում գոյություն ունեցող հայկական առևտրաարդյունաբերական ցանցերը, այն երկրներում, որտեղ գոյույթուն չունեն, հրավիրել ենք գործարարներ, որպեսզի աշխատել իրենց հետ, իրենց միջոցով գործարար համայնքները ավելի լավ կազմակերպենք»,-Նշում է Հայկական առևտրային ցանցի խորհրդի անդամը:

 

ՊՐԱԿՏԻԿ ՔԱՅԼԵՐ

Բավարար չեն համատեղ քննարկումները, ժամանակ առ ժամանակ համաժողովներ անցկացնելն ու խնդիրների մասին բարձրաձայնելը, կարծում է Հայ-կանադական առևտրարադյունաբերական պալատի նախագահ Ազատ Վարդանյանը: Դրանք դեկլարատիվ բնույթ են կրում, իսկ ինքը կողմնակից է գործնական քայլերին, հետևաբար նաև Հայաստան-Սփյուռք համաժողովին չի մասնակցել, նշում է.

 

Ես չեմ հավատում ժողովներին, հավատում եմ պրակտիկ աշխատանքին

 

«Նյութերը ստանում եմ, բավական է, ես չեմ հավատում ժողովներին, հավատում եմ պրակտիկ աշխատանքին: Մտքերի փոխանակումն այլ բան է, պրակտիկ գործ անելը՝ ուրիշ բան է: Իհարկե, կարևոր բան է համաժողովը, բայց ներդրումային հարցում բավարար չէ»,-կարծիք է հայտնում Վարդանյանը:

 

Իսկ ներդրումային բնագավառը Հայաստանում մի շարք բացեր ունի, որոնց լրացման համար ամենօրյա աշխատանք է հարկավոր, տեղեկատվության հրապարակայնացում, լուրջ ջանքեր: Նշում է.

 

Մենք շատ բաներ ունենք սովորելու ԱՄՆ-ից, մեծ երկիր է, հզոր է, բայց ջանքեր չի խնայում, որ նոր ներդրող բերի

 

«Մենք չենք սպասում, որ ժողով լինի, ներդրողների հետ պետք է աշխատել, պետք է օղակ լինի, որ նրանց հարցերին պատասխանի անմիջապես, փորձեր արվում են, բայց դեռ այն չէ, մենք շատ բաներ ունենք սովորելու ԱՄՆ-ից, մեծ երկիր է, հզոր է, բայց ջանքեր չի խնայում, որ նոր ներդրող բերի, երկրորդ՝ ինչքան որ Հայաստանին Սփյուռքն է պետք, այդքան էլ Սփյուռքին Հայաստան է պետք, մարդիկ էնտեղ ապրում, են, Վեհափառը որ խոսում էր Հայաստանը պարպվում է, Սփյուռքն էլ մաշվում է, գիտե՞ք՝ ի՜նչ լուրջ խոսքեր են»:

 

ՆԵՐԴՐՈՂԻ ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔԸ

Այդ իրավիճակը կանխելու դեղատոմսերից մեկը տնտեսության զարգացումն է, ներդրումների խթանումը, իսկ ներդրում իրականացնելը միայն Հայաստանի իշխանություններով կամ երկրի հանդեպ վստահության հանգամանքով չի պայմանավորված: Ազատ Վարդանյանն, օրինակ, անհաջող ներդրումների պատճառը միայն երկրում տիրող անարդարությունը չի համարում, այլև երբեմն հենց ներդրողի  անհեռանկար գործողությունները:

 

Պրոբլեմը նրանում է, որ ներդնելուց առաջ չկարծես, որ եթե հայերեն խոսում ես, դա նշանակում է, որ կհաջողես

 

«Հիմա որ ներդրում անես, ո՞վ կերաշխավորի, որ կհաջողես, ո’չ ոք, բայց դա չի նշանակում, որ պետք է չանես, պրոբլեմը նրանում է, որ ներդնելուց առաջ չկարծես, որ եթե հայերեն խոսում ես, դա նշանակում է, որ կհաջողես, ինֆորմացիա պետք է հավաքես, մասնագետներ գտնես, պարտնյոր ընտրելիս ուշադիր լինես, սա մենակ Հայաստանին չի վերաբերում, ցավոք շատերը կարծում են, որ եթե եկել են Հայաստան, ոնց կուզեն, կանեն, տենց չի, երկիր է, մյուս երկրների նման պետք է լավ ուսումնասիրես: Կառավարությունն ինչ անի այս հարցում, միայն մի բան»,-համոզմունք է հայտնում փորձառու գործարարը:

 

Այս դեպքում կառավարությունը մի հարցում կարող է շատ օգտակար լինել, ինչն էլ լիարժեք չի անում. Խոսքը գործարար միջավայրի հնարավորությունների մասին տեղեկատվության տրամադրմանն է վերաբերում:

 

«Ինֆորմացիա տրամադրելու հարցում պետությունը շատ թերի է, հիմա փորձում են մի բան անել, բայց չի նշանակում, որ որևէ մեկին երաշխավորում են որպես պարտնյոր, դա դու պետք է անես, արևմտահայերեն տիրապետելը չի նշանակում ստեղ հաջողել, տարբեր ենք, տարբեր մարդիկ են, անցյալը տարբեր փորձը… դրա համար դա աշխատանք է, մեր դեսպանատները շատ թույլ են այդ հարցում, իրենցից շատ բան է կախված»,-կարծում է Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

 

Այհսինքն՝ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ճիշտ համագործակցությունը կարող է  կարևոր խթան հանդիսանալ ներդրումային դաշտի զարգացման: Իսկ կառավարությունը շահագրչգիռ անձանց պետք է հնարավորինս լուրջ տեղեկատվություն տրամադրի, որպեսզի գործարարը կարողանա նկատի ունենալ հնարավոր ռիսկերն ու հաջողելու հնարավութույունները:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments