Home / Armenia  / ՄԱԿ-ի հայ ներկայացուցչի հավաստիացումը, թե ինչպես օժանդակությունը չհասավ աղետի գոտի. Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերի այն օրերի ցավն այսօր վերածվում է ճնշվածության

ՄԱԿ-ի հայ ներկայացուցչի հավաստիացումը, թե ինչպես օժանդակությունը չհասավ աղետի գոտի. Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերի այն օրերի ցավն այսօր վերածվում է ճնշվածության

Arshaluys Chgnavoryan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ 1988թ-ի դեկտեմբերն էր, Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժը ցնցել էր ամբողջ աշխարհը, ամենահիշարժան շրջանն էր նաև տիկին Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուրերի ՄԱԿ-ում գործունեության ընթացքում: Հայաստանը՝ որպես Խորհրդային միության մաս, դուրս էր մնում ՄԱԿ-ի ուշադրությունից, ցավում էին իրավիճակի համար, սակայն աջակցելու մասին չէին մտածում:

 

Այդ ժամանակ Արշալույս Ճգնավորյանը ՄԱԿ-ի արդյունաբերական տեխնոլոգիայի բաժնի տնօրենն էր, և այդ իրավունքով խորհրդակցություններից մեկի ժամանակ բարձրացնում է հարցն ու անհետևանք չի մնում:

 

ՄԱԿ-Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ես խոսքս ուղղեցի կառավարություններին, ասացի՝ մի երկիր Հայաստան ունեցել է երկրաշարժ, և ՄԱԿ-ը չի կարող օգնի, ասի, ձեզնից ուզում եմ, որ ՄԱԿ-ն օգնի, ասացին՝ դուք անկախ պետություն չեք, ես գնացի ռուս դեսպանի մոտ, ասացի՝ ինչպե՞ս կարելի է, որ դուք ոչինչ չեք ասում, դուք կարող եք ասել՝ Յուգոսլավիային օգնեք, Հայաստանին ինչո՞ւ ոչ, խոսեց և ասաց՝ անցկացրի ռեզոլուցիան, և ես եկա այստեղ»,- Noranor.ca-ին պատմում է տիկին Արշալույսը:

 

Հայ քիմիկոս, գիտնական ու քաղաքական գործիչ Արշալույս Ճգնավորյանը՝ հայտնի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի քույրը, Իրանում, ապա Վիեննայում է շարունակել կրթությունն ու հետագա գործունեությունը, Ավստրիայում երկար տարիներ զբաղեցրել պատասխանատու պաշտոններ, ինչպես նաև բարեգործությամբ զբաղվել հայրենիքում:

 

Մինչ օրս էլ տիկնոջ աչքի առջև է ավերված աղետի գոտին, ուր առաջին այցը կատարեց ՄԱԿ-ի համապատասխան որոշումից հետո: Մինչ ճրս էլ պահպանում է լուսանկարների տխուր ժապավենը մի օր գուցե ֆիլմի վերածելու մտադրությամբ, իսկ հուշերը կրում է հոգում:

 

Սոված էր, իրեն բան էինք տալիս, չէր ուտում, մի շուն ինչպես է լացում տունին մեջի ապրող մարդկանց կորուստը

 

«Ամենից շատ ինծի տպավորեց մի շուն, էդ տունը փլվել է, մեջը մահացողներ կան, մե ոտքն էլ կոտրվել էր շունի, մլավում ու վազում էր տունի շուրջը, սոված էր, իրեն բան էինք տալիս, չէր ուտում, մի շուն ինչպես է լացում տունին մեջի ապրող մարդկանց կորուստը»,-տխրությամբ հիշում է կինը:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՉՀԱՍԱՎ

Ոչ միայն տխրությամբ, այլև արդեն մեծ ցավով ու ափսոսանքով հիշում է նաև ՄԱԿ-ի օժանդակությունը, որն իր ջանքերի գնով հաստատվեց, բայց լիովին տեղ չհասավ, ինչպես շատ այլ դեպքերում: Թե ինչն էր պատճառը, ինքն էլ մինչ այժմ փորձում է հասկանալ:

 

Եղել են շատ դեպքեր, որոնք հուսախաբել են, և ՄԱԿ-ի մեջ ալ արձագանք գտավ, բայց մեր երկիրն է, չպետք է հուսախաբվենք

 

«Դժբախտաբար այն, ինչ որ ՄԱԿ-ի միջով տվեցինք, ծախվեց չնչին արժեքով, եղել են շատ դեպքեր, որոնք հուսախաբել են, և ՄԱԿ-ի մեջ ալ արձագանք գտավ, բայց մեր երկիրն է, չպետք է հուսախաբվենք: ՀԲԸՄ-ը ֆինանսավորեց, ՄԱԿ-ին չթողեցին նույնիսկ վերջնակետը դնի, ամբողջը շշմել էին, մե քանի ժամ հետո ծախվեց, չհասան աղետի գոտի, ծախեցին, ֆինանսավորող անձը շատ սխալ բաներ արեց»,-պատմում է ՄԱԿ-ի արդյունաբերության բաժնի նախկին տնօրենը:

 

Նա չի փորձել պատճառներ փնտրել, նաև իրավիճակից ճնշված՝ այլևս չի այցելել աղետի գոտի, թե որն էր ճշմարտությունը, կարող է ասել, բայց համոզված է իր համար ակնհայտ դարձած մեկ այլ ճշմարտության մեջ:

 

Երբ որ գալիս է ազգիդ համար աշխատելուն, էդտեղ հարուստ ու աղքատ չկա, աղքատի մեկ դոլարն էլ նույն արժեքն ունի, ինչ հարուստի մեկ միլիոնը, եթե էդ ամենը չարվեր, ՄԱԿ-ը կշարունակեր օգնել

 

«Ճշմարտությունը հարուստի կողմն է, էդ է մեր ամենամեծ դժբախտությունը, որ շատ իրավունք ունին, բայց երբ որ գալիս է ազգիդ համար աշխատելուն, էդտեղ հարուստ ու աղքատ չկա, աղքատի մեկ դոլարն էլ նույն արժեքն ունի, ինչ հարուստի մեկ միլիոնը, եթե էդ ամենը չարվեր, ՄԱԿ-ը կշարունակեր օգնել»,-վստահ է նա:

 

ՉԵՄ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ, ՃՆՇՎԵԼ ԵՄ

Անկախ իրավիճակից՝ հետագայում նա իր միջոցներով իրականացրել է Հայաստանում դպրոցների բարեկարգման ու վերանորոգման աշխատանքներ: մասնավորապես մեծ ներդրումներ է կատարել Արտաշատի դպրոցներից մեկի վերանորոգման ուղղությամբ: Պատմում է.

 

Էսօր եղել է ամենամոդեռն դպրոցը, բայց հիմա իրենք են որոշում՝ որն ինչ անեն՝ առանց հաշվի առնելով բարերարին, բարերարն էլ պետք է ամաչելով նստի և իրավունքներ չունենա

 

«Դեռ չեմ հիասթափվել, բայց ճնշվել եմ, որովհետև Արտաշատի մի դպրոց, որտեղ այծ ու կով էր արածում, ջուրերը թափվում էր պատերից, ոչ էլեկտրականություն կար, ոչ բան, մեծ գումարներ եմ ներդրել, էսօր եղել է ամենամոդեռն դպրոցը, բայց հիմա իրենք են որոշում՝ որն ինչ անեն՝ առանց հաշվի առնելով բարերարին, բարերարն էլ պետք է ամաչելով նստի և իրավունքներ չունենա»,-դժգոհում է դպրոցին նոր շունչ տված կինը:

 

Նրան ցավ է պատճառել Արարարտի մարզպետարանի կողմից կատարվող անտեղի պաշտոնանկություններն ու հաստատության ֆինանսական միջոցների նկատմամբ աուդիտ իրականացնելու քայլերը, որը, ըստ Ճգնավորյանի, արվել է առանց նույնիսկ իրենց կարծիքը հարցնելու, այնինչ ինքն էլ իրավունքներ պետք է ունենա հաստատության հանդեպ: Այս դեպքը, ըստ նրա, միայն մի օրինակ է ցույց տալու համար, թե ինչպիսին է սփյուռքահայ ներդրողի հանդեպ վերաբերմունքը Հայաստանում:

 

ԵՐԿԻՐՍ Է, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ

«Ափսոս մեր երկրում խախտում են սփյուռքահայի իրավունքները, սարքում են, հետո իրենցով են անում, չեն կիսում սփյուռքահայի հետ, որ ինքն էլ ապագայում պրոյեկտների վրա աշխատի, ավելի շատ պետք է ընդառաջեն սփյուռքահային, որ ավելի շատ ներդրում անեն»,-վստահ է բարերարը:

 

Չպետք է ներդրողին իրենց կարծիքը պարտադրեն, այլ հաշվի նստեն վերջինիս հետ, ինչըև չի արվում, սա էլ, ըստ նրա, հիասթափությունների պատճառ է դառնում:

 

Եթե անում է ներդրում, պետք է հարգեն, համագործակցեն, որ իրենց արածն էլ գնահատվի

 

«Շատ անգամներ անհատներն իրենց շահերի համար չեն ուզում սփյուռքի ներդրումները գնահատեն,եթե անում է ներդրում, պետք է հարգեն, համագործակցեն, որ իրենց արածն էլ գնահատվի»,-ասում է հայրենակիցներից հիասթափված կինը:

 

Այսքանով հանդերձ նա հիասթափված չէ Հայաստանից, ու անհրաժեշտության դեպքում նորից նախաձեռնությամբ հանդես կգա, քանի որ մտածում է. «Երկիրս է, պարտականություն ունենք»:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments