Home / Canadahye  / Նոյեմբերը՝ թեժ ընտրական ամիս կանադահայ թեկնածուներ Հարութ Շիթիլյանի և Արամ Էլակոզի համար. Հայ Դատի հանձնախմբի կոչն ու համայնքի վերաբերմունքը

Նոյեմբերը՝ թեժ ընտրական ամիս կանադահայ թեկնածուներ Հարութ Շիթիլյանի և Արամ Էլակոզի համար. Հայ Դատի հանձնախմբի կոչն ու համայնքի վերաբերմունքը

Շահեն Միրաքյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Նոյեմբեր ամսին Կանադայի Մոնրեալ և Լավալ քաղաքներում կայանալիք քաղաքապետարանների ընտրություններում կպայքարեն երկու հայ թեկնածուներ: Արամ Էլակոզն առաջադրվել էր Լավալի քաղաքապետարանի ընտրություններում՝ 21 շրջաններից Ռենոյի խորհրդականի թեկնածու, իսկ Հարութ Շիթիլյանը պայքարելու է Մոնրեալ Ահունցիք-Գարթիերվիլ շրջանի քաղաքապետի պաշտոնի համար:

 

Ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Մինչ այդ Հարութ Չիթիլյանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ փորձելով ներգրավել կամավորների, ովքեր առաջիկա 5 շաբաթների ընթացքում կաջակցեն թեկնածուին թռուցիկներ բաժանելու կամ հեռախոսազանգեր իրականացնելու հարցերում: Այս առիթով նաև Հայ դատի հանձնախումբն է կոչ հղել կանադահայերին իրենց աջակցությունը ցուցաբերելու հարցում:

 

Ինչո՞վ է պայմանավորված նման կոչը, արդյո՞ք դժվար է կամավորների հավաքագրումը, կանադահայ հասարակությունը ինչպիսի՞ ակտիվություն է ցուցաբերում ընտրական գործընթացներին աջակցելու հարցում, արդյո՞ք ունեն հայ թեկնածուներին աջակցելու պատրաստակամություն, թե՞ դա իրենց պարտականություններից դուրս են համարում: Այս և այլ հարցերի շուրջ Noranor.ca-ն զրուցել է  Կանադայի շրջանային Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանի հետ:

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ

Կանադահայ քաղաքական գործիչները, լինեն Տորոնտոյում, Մոնրեալում, թե մեկ այլ բնակավայրում, ամեն ջանք գործադրում են հայ թեկնածուների հաջողության համար, սակայն միայն գործիչների ֆինանսական կամ այլ ներդրումները բավարար չեն թեկնածուների հաջողության համար, սովորաբար նույնքան լուրջ ներդրում կարող է ունենալ նաև հասարակությունը, որի աջակցությանն էլ նման դեպքերում դիմում են թեկնածուները:

 

 Ես Տորոնտոյի մեջ գտնելով՝ այս անգամ պայքարին մեջ անձնապես օգնությունս չեմ բերած, բայց ինչ ձևով որ կրնամ ընել, միշտ մեր հայրենակիցներին կփորձեմ օգտակար ըլլալ

 

«Կանադայի մեջ շատ քիչ է, որ մարդ վճարովի գործավար կունենա, միշտ կամավորներ են, որ դուռ կզարնեն, հեռաձայն կընեն, ուրիշ ձևերով  քվեարկողներուն կմոտենան, մենք իբր կամավոր՝ այս գործը կտանենք,  ես Տորոնտոյի մեջ գտնելով՝ այս անգամ պայքարին մեջ անձնապես օգնությունս չեմ բերած, բայց ինչ ձևով որ կրնամ ընել, միշտ մեր հայրենակիցներին կփորձեմ օգտակար ըլլալ և իրենց քվեներ տամ»,-նշում է Միրաքյանը:

 

ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁԸ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

Այն, որ Հայ Դատի հանձնախումբը հայ համայնքին ուղղված կոչով է հանդես եկել, դրանում Միրաքյանը որևէ արտառոց բան չի տեսնում, յուրաքանչյուր անգամ դրա կարիքը զգացվում է, երբեմն որևէ թեկնածուի անհաջողությունից հետո հուսահատություն ու անտարբերություն է զգացվում համայնքի շրջանում թեկնածուների նկատմամբ, փոփոխության պահանջ են տեսնում, այդ տրամադրությունները վերացնելու նպատակով է, որ նման կոչեր են հնչեցնում, պարզաբանում է նա:

 

Անցյալին քանի անգամ եղած է, որ ըրել ենք գործը և չենք շահած, Նուշիկ Էլոյանի դեպքում ժողովուրդը գործ տարավ, քիչ մը հուսահատություն եղավ

 

«Ժողովուրդը ձևով մը անտարբերություն կցուցնե, ոչ թե բոլորովին չեզոք է, այլ որովհետև բազմազբաղ է, և անցյալին քանի անգամ եղած է, որ ըրել ենք գործը և չենք շահած, Նուշիկ Էլոյանի դեպքում ժողովուրդը գործ տարավ, քիչ մը հուսահատություն եղավ, մենք էլ կոչ կընենք, ժողովորդին կըսենք, որ կհասկնանք, թե դուք ալ ուրիշ գործեր ունիք, բայց նույն ատեն պետք է առաջնահերթություն մը ըլլա, որ աս տեսակ քաղաքական հարցերուն մեջ դուք ալ ձեր մասը բերեք»,-պարզաբանում է Շրջանային Հայ Դատի հանձնախմբի նախագահը:

 

Որևէ թեկնածուի չընտրվելու պատճառը բոլորովին էլ նրա անձը չէ, կարծում է մեր զրուցակիցը, այլ միայն ուժեղ մրցակցությունը, մրցակիցները ևս մեծ ջանքեր են թափում

 

Երբ կա աշխատանք, կա նաև պահանջ թեկնածուի նկատմամբ, իսկ հաջողությունը միասնական աշխատանքի արդյունք է, և մեկ անհաջողությունը չպետք է հուսահատռության պատճառ դառնա, վստահ է ՀՅԴ բյուրոյի անդամը: Որևէ թեկնածուի չընտրվելու պատճառը բոլորովին էլ նրա անձը չէ, կարծում է մեր զրուցակիցը, այլ միայն ուժեղ մրցակցությունը, մրցակիցները ևս մեծ ջանքեր են թափում:Յուրաքանչյուրը պետք է գնահատի իր կարևորությունը նման իրավիճակում թեկնածուին աջակցելու հարցում:

 

Հաճախ էլ հայ համայնքի ներկայացուցիչները ընտրական գործընթացներին չմասնակցելու օբյեկտիվ պատճառներ են ունենում, ու դա լինում է ոչ այնքան անտարբերությունը, որքան գերզբաղված լինելը:

 

ՀԱՂԹԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու հայ թեկնածուների պարագայում էլ հաղթանակի հնարավորությունները բարձր են, Արամ Էլակոզը տքնաջան աշխատանքի արդյունքում կարողացավ հաղթահարել առաջին փուլը, իսկ Հարութ Շիթիլյանը, ով Մոնրեալի քաղաքապետարանում նույնիսկ փոխքաղաքապետի պաշտոն է ստանձնել, վայելում է հարգանք ու վստահություն, այնպես որ Միրաքյանը նրան քվեներ չվստահելու խնդիր չի տեսնում:

 

Կարծեմ թե այնտեղի ժողովուրդը իրեն կսիրե, անցյալին լավ գործ տարած է

 

«Չեմ կրնա ըսել, թե հաստատ ձևով պիտի ընտրվի, բայց երբ որ նայես օտար լուրերուն մեջ, ոչ թե մեր հայության մեջ, կարծեմ թե այնտեղի ժողովուրդը իրեն կսիրե, անցյալին լավ գործ տարած է, բայց ինչպես բոլոր աշխարհին շուրջ, Մոնրեալին մեջ ալ մարդ փոփոխություն կսպասե, նորություն կփնտրե կամ կըսե ուրիշ անձ մը ջանանք,  աս տեսակի կարծիքներ կան, իմ հասկցածով, պիտի ընտրվի նորեն, բայց մարդիկ վստահ ըլլան, որ պիտի շահին, ու դադրին գործ ընել կամ իրենց մասնակցությունը ունենալ, ադ մտածումը սխալ է»,-կարծում է տորոնտոհայ գործիչը:

 

Հարութ Շիթիլյանի հետ աշխատելու առիթ ունեցել է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում, այդ ընթացքում էլ նկատել է, որ նա ամենօրյա աշխատանք է կատարում, իսկ որ նույնքան կարևոր է, թեկնածուն Մոնրեալում վայելում է շատերի հարգանքը:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments