Home / Canadahye  / Ով որ կաշխատի, ան է, որ սխալ կգործե, ով որ չաշխատի, երբեք սխալ չի գործե. Կանադահայ գործիչ Հակոբ Ջանբազյանը մտահոգ է արտագաղթով, բայց չի մեղադրում Հայաստանի իշխանությանը

Ով որ կաշխատի, ան է, որ սխալ կգործե, ով որ չաշխատի, երբեք սխալ չի գործե. Կանադահայ գործիչ Հակոբ Ջանբազյանը մտահոգ է արտագաղթով, բայց չի մեղադրում Հայաստանի իշխանությանը

Hakob Janbazyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Օրեր առաջ, երբ տորոնտոհայ ազգային-քաղաքական գործիչ Հակոբ Ջանբազյանը վերադարձել էր հայրենիք, նախընտրել էր ժամանակն անցկացնել ոչ թե Երևանի, այլ Օհանավան գյուղի իր բնակարանում: Հիմա միայն մեկ-երկու ամսով է այցելում Հայաստան, ստիպված է Կանադայում ավելի շատ մնալ ծնողներին խնամելու ու աշխատանքի պատճառով, սակայն հեռահար նպատակ ունի հաստատվել հայրենիքում:

 

Ես կմաղթեմ, որ մեր պետականության այրերը շրջահայաց ըլլան գործեր ստեղծելու և հայ շինականին նույնքան առիթ ստեղծել, որ կարողանան իրենց օրապահիկը շահել և երկիրը չձգել

 

«Ես պիտի ըլլամ այն անհատներեն, որ պիտի մեծապես քաջալերեմ «Դեպի Երկիր» կարգախոսի կիրառումը, և ցավ ի սիրտ պիտի ասեմ, որ ով որ արտագաղթելու տրամադրություն ունի, որպես տնտեսական հզոր կառույց՝ կրնան այս երկրներու հետ գործել և ընտանիք պահել նույնքան, որքան հայրենիքի մեջ: Ես կմաղթեմ, որ մեր պետականության այրերը շրջահայաց ըլլան գործեր ստեղծելու և հայ շինականին նույնքան առիթ ստեղծել, որ կարողանան իրենց օրապահիկը շահել և երկիրը չձգել»,Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Հակոբ Ջանբազյանը:

 

Նա 42 տարի շարունակ Կանադայի հայ համայնքում ղեկավարել է տարբեր հանձնախմբեր ու կառույցներ, եղել է ՀՅԴ ղեկավար կազմում, ներկայում էլ Հայ կենտրոնի անդամ է, 30 տարի եղել է նաև Տորոնտոյի Հայ եկեղեցիների Միջհարանվանական մարմնի ատենապետը, կազմակերպել 4 հայկական եկեղեցիներու համադրական աշխատանքները: Հպարտությամբ է պատմում այս տարիներին Տորոնտոյում հայկական եկեղեցիների կառուցման, հայկական ավանդույթների պահպանման, հոգևոր, կրթական ու մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ կատարած աշխատանքների մասին:

 

Ո՛Չ ԱՐՏԱԳԱՂԹԸ

Հետևաբար Հայաստանից արտագաղթը լրջորեն մտահոգում է նրան, տեսնում է, թե ինչպես է Սփյուռքում ձուլումը սպառնում է յուրաքանչյուր հայի, դեռ 90-ականներին Արևելյան Ամերիկայի շրջաններ գաղթած հայերը հայկական արմատները գրեթե կորցրել են, հավաստիացնում է նա, այսինքն՝ օրվա հաց վաստակելու ճանապարհը չպետք է լինի արտագաղթը:

 

«10 անգամ պետք է մտածեն և վերջը որոշեն, թե ինչու համար պետք է արտագաղթեն, մեր օրրանն է հայրենիքը, ուր պետք է հյուսենք սերունդներու ապագան, իմ հեռակա ծրագիրս է գալ ու հաստատվիլ Հայաստան»,-վստահեցնում է տորոնտոհայ ազգային գործիչը:

 

Այնուհանդերձ չեն կարող չաջակցել նրանց, ովքեր հիմա էլ արտագաղթում են Կանադա, օգնում են ոչ միայն սոցիալական հարցերում, այլև փորձում են նրանց կապն ամուր պահել հայկական կազմակերպությունների հետ:

 

Մենք պիտի քաջալերենք այստեղ հասնելեն վերջ մեր հավաքական տան մեջ հաճախակի ներկայություն դառնան

 

«Մենք պիտի քաջալերենք այստեղ հասնելեն վերջ մեր հավաքական տան մեջ հաճախակի ներկայություն դառնան, հաճախակի ներկայություն դառնան մեր եկեղեցիներուն մեջ, ազգային և հոգևոր գործընթացի մեջ, որպեսզի հայկական ինքնությունը պահեն այդ ճամփով»,- նշում է ազգային գործիչը:

 

Նա ափսոսում է, որ ներդաղթի փոխարեն արտագաղթը հայրենիքում լայն ծավալներ է ընդգրկում, բայց այս ամենը ժամանակավոր է, նույն այդ հայերը, որ այսօր Կանադա են տեղափոխվում, հավատում է, որ կվերադառնան Հայաստան:

 

Օր մը, վարդահեղեղ օր  մը համախմբվինք մեր անկախ հայրենիքի երկնակամարի տակ

 

«Մենք քաջալեր պիտի դառնանք, որ օր մը, վարդահեղեղ օր  մը համախմբվինք մեր անկախ հայրենիքի երկնակամարի տակ, այդ մեր ամբողջանվեր գործունեության բաժինը պետք է ըլլա, որին ես կհավատամ, այդ նպատակին համար գործող եմ և աշխատող թերևս մինչև կյանքիս վերջ»,-վստահ է տորոնտոհայ գործիչը:

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ

Ջանբազյանը տեսնում է խնդիրը, սակայն չի տեսնում դրանում գործող իշխանությունների մեղավորությունը: Հակոբ Ջանբազյանի համոզմամբ՝ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում փորձում է ոտքի հանել հայրենիքը, իսկ որ լիարժեքորեն չի հաջողվում, դրանում աշխատող գործիչները մեղավոր չեն:

 

Մեր պետական կառույցի գործող անհատները նույնքան հայրենասեր են, նույնքան կուզեն մեր երկրի աստիճանավոր վերելքը և անոր համար իրենց քունը կփախցնեն

 

FullSizeRender (5)

«Ով որ կաշխատի, ան է, որ սխալ կգործե, ով որ չաշխատի, երբեք սխալ չի գործե, այդ տրամաբանությունեն մեկնած՝ չեմ կարծե, որ ոչ մեկս ավելի հայրենասեր ենք, ավելի մեր հայրենքին, ժողովրդին ծառայելու տրամադրության մեջ ենք, քան անոնք: Մեր պետական կառույցի գործող անհատները նույնքան հայրենասեր են, նույնքան կուզեն մեր երկրի աստիճանավոր վերելքը և անոր համար իրենց քունը կփախցնեն, իսկ այս ամենի  մեջ եթե կան պետական շահագործողներ, անոնք պետք է այլևս դադրին և ազգասիրությամբ իրենց գործերը ծավալեն, ուր որ ալ գտնվին»,-համոզված է ՀՅԴ գործիչը:.

 

Սփյուռքի հանգրվանն ի վերջո հայրենիքն է, իսկ այսօր, քանի դեռ կա գործուն Սփյուռքը, Հայաստանը պետք է գործնական հեռանկարներ մշակի, այնինչ տեղի են ունենում միայն Հայաստան-Սփյուռք համաժողովներ, որոնք ըստ էության ոչինչ չեն փոխում, համոզված է գրեթե բոլոր համաժողովներին իր մասնակցությունն ունեցած գործիչը:

ԿՄՆԱՆ ԴԱՐԱԿՆԵՐՈՒ ՄԵՋ

Այս անգամ էլ համաժողովը արդյունավետ չեղավ, կարծում է, որ մինչ համաժողովը պետք էր նախապես քննարկումներ կազմակերպել երկու կողմերի միջև, մշակել ռազմավարություն, ոչ թե միայն մեծ ծախսերով անարդյունավետ աշխատանք տանել:

 

Այդքան մեծածախս աշխատանքը կենթադրե նաև արդյունք, կհուսայի, որ հավաքական մեր աշխատանքները անպայման արդյունքի մը այս անգամ պետք է հասնեին, բայց չկատարվեց

 

«Այս վերջինի մեջ դարձյալ կտեսնեմ, թե հավաքական ճիգ մըն է, որ կկատարվի, բայց ոչ անպայման համադրված ճիգ մը, գեղեցիկ գաղափար է քով քովի գալը, բայց այդքան մեծածախս աշխատանքը կենթադրե նաև արդյունք, կհուսայի, որ հավաքական մեր աշխատանքները անպայման արդյունքի մը այս անգամ պետք է հասնեին, բայց չկատարվեց»,-կարծում է Տորոնտոյի Միջհարանվանական մարմնի 30 տարիների ղեկավարը:

 

Թե ինչպիսի տեսանելի արդյունք էր ակնկալում, մանրամասնում է, թե խոսքը վերաբերում է տարբեր բնագավառներում առաջ քաշված լրջագույն խնդիրների ու դրանց լուծումներին ուղղված քայլերի իրականացմանը:

 

Ես կկասկածիմ, որ բոլոր եղած տրամադրությունները, վերլուծումները, ծրագրավորումները դարձյալ կրնան մնալ դարակներու մեջ, ոչ մեկ ձևով կրնան օգտվիլ Սփյուռքը և հայրենիքը

 

FullSizeRender (6)

«Ես կկասկածիմ, որ բոլոր եղած տրամադրությունները, վերլուծումները, ծրագրավորումները դարձյալ կրնան մնալ դարակներու մեջ, ոչ մեկ ձևով կրնան օգտվիլ Սփյուռքը և հայրենիքը, լավագույն եղանակը այն պետք է լինի, որ Սփյուռք-հայրենիք մերձեցման մեջ պետք է ըլլանք հոգեհարազատ, ես գերգնահատելի կգտնեմ Սփյուռքի նախարարության ճիգերը այս գործին մեջ»,-նշում է նա:

 

Այսքանով հանդերձ բարձր է գնահատում Սփյուռքի նախարարի ջանքերը, ով ևս իր մասնակցությունն էր բերել մի համաժողովի, որի ընթացքում չէր քննարկվում Ջանբազյանի մտահոգության գլխավոր նյութ հանդիսացող արտագաղթի թեման:

 

Իսկ Հակոբ Ջանբազյանն իր անձնական ներդրումը հայրենիքի զարգացման գործում կունենա այն ժամանակ, երբ հաստատվի Հայաստանում, մինչ այդ ակտիվ ազգապահպան գործունեությունը կշարունակի Տորոնտոյում, որին նպաստում են երեք կարևոր հատկանիշներ, ինչպես ինքն է նշում.

 

«Հաջողության միակ բանալին նախ աշխատասիրությունն է, երկրորդ՝ կամքը, և երրորդ՝ գործը սիրելով ընելու տրամադրությունը, իմ առաջնահերթ սկզբունքս է եղած պահել իմ արմատներուս հայազգի տոհմանկարը առողջ և առաջնորդվիլ մեր ազգային նահապետական ավանդությոներով»: Այդ ավանդույթները, վստահեցնում է, հնարավորինս փոխանցել է իր երկու զավակներին, որոնցով հպարտանում է:

 

 

Ձեր կարծիքը

Comments