Home / Armenia  / 12 տարի Կալգարիում բնակվող հայ քանդակագործ Վահե Թոքմաջյանը իրեն գաղթական չի համարում

12 տարի Կալգարիում բնակվող հայ քանդակագործ Վահե Թոքմաջյանը իրեն գաղթական չի համարում

Vahe Toqmajyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Կալգարի (Նորանոր) _ Ոչ միայն Հայաստանից, այլև հայկական միջավայրից դուրս ստեղծագործական նոր աշխարհ գտնելու ցանկությունն էր, որով ոգեշնչված՝ քանդակագործ Վահե Թոքմաջյանը՝ հայտնի արվեստագետ Լևոն Թոքմաջյանի որդին, մեկնեց Կանադա ու  հաստատվեց Կալգարիում: Նախ հանգամանքների բերումով եկավ այս՝ ոչ հայաշատ քաղաք, բայց հետո չտեղափոխվեց Մոնրեալ կամ Տորոնտո, որտեղ ընտանիքը կարող էր ավելի մոտ լինել հայկական միջավայրին:

 

«Երբ որ դու հայկական շրջանակում ես ստեղծագործում, տարբերությունը ո՞րն է, այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում չես ստեղծագործում, մենակ նրա համա՞ր, որ անունը Կանադա դնես»,-Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Թոքմաջյանը:

 

Իսկ արդեն համալսարաններում ուսանող երեք երեխաներին ընտանիքում են հայ պահում, հայկական փոքր միջավայրի հետ էլ հնարավորինս կապված են, հաճախ Հայաստան են այցելում, որտեղ տուն ունեն, հարազատներ: Իսկ Թոքմաջյանի քանդակագործ եղբայրը՝ Հայկ Թոքմաջյանը, հաճախ մասնակցում է տարբեր միջազգային սիմպոզիումների, բայց ստեղծագործում է հայրենիքում:

 

Մինչ Կանադայում հաստատվելը Վահե Թոքմաջյանը ժամանակ առ ժամանակ ապրել ու ստեղծագործել է տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում և այլուր: Իսկ 2002թ-ին, երբ Կանադայում մասնակցել է միջազգային սիմպոզիումի և իր հեղինակած «Սեր» քանդակը տեղադրվել է Վերնոնի քաղաքապետարանի դիմաց, սկսել է մտածել Կանադայում հաստատվելու մասին: Հիմա այս երկրում նա ոչ միայն ստեղծագործում է, այլև դասավանդում Կալգարիի համալսարանում:

 

Mermaid_pink_marble_160_50_50ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ

Նա անցնող 12 տարիների ընթացքում լուրջ  ձեռքբերումներ է ունեցել, Թոքմաջյանի «Ջրահարս»-ը, «Կույս Մարիամը» և այլ ստեղծագործություններ տեղադրվել են տարբեր վայրերում, իսկ ամենակարևորը, կանադահայ արվեստագետն այնքան է ստեղծագործական նոր աշխարհը յուրացրել, որ հաճախ հենց Կանադայի դրոշի ներքո է ներկայանում ցուցահանդեսների, երբեմն հոր կամ եղբոր կողքին, բայց այլ երկրի դրոշի ներքո:

 

Եղբայրս՝ Հայկը, Հայաստանն էր ներկայացնում, իր կողքին ես՝ Կանադան, շատ հետաքրքիր էր, նայում էին, ասում էին՝ ո՞նց է՝ երկու եղբայր տարբեր երկրներ եք ներկայացնում, կատակով ասում էինք՝ Հայաստանը փոքր է մեզ համար

 

«Վերջին 5 տարիների ընթացքում սիմպոզիումների ընթացքում ներկայացրել եմ Կանադան՝ Բրազիլիայում, Արգենտինայում, Դանիայում և այլուր: Վերջերս էլ տեղադրեցին «Ջրահարս» կոչվող ստեղծագործությունը Դանիայում, որտեղ եղբայրս՝ Հայկը, Հայաստանն էր ներկայացնում, իր կողքին ես՝ Կանադան, շատ հետաքրքիր էր, նայում էին, ասում էին՝ ո՞նց է՝ երկու եղբայր տարբեր երկրներ եք ներկայացնում, կատակով ասում էինք՝ Հայաստանը փոքր է մեզ համար»,-ծիծաղելով վերհիշում է արվեստագետների ընտանիքի կանադահայ ներկայացուցիչը:

Ես ինձ գաղթական չեմ համարում, ես եկել եմ իմ գործով

Նա չի համարում, որ արտագաղթել է, ազատ է բնակության վայրի ընտրության մեջ, չի բացառվում, որ զավակներն էլ ուսումն ավարտելուց հետո Հայաստանում աշխատեն, ասում է. «Ես ինձ գաղթական չեմ համարում, ես եկել եմ իմ գործով, իմ դժվարությունները գիտեմ, ինձ համար նոր ճանապարհ եմ բացում»:

 

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸcurrent_work

Այդ ճանապարհին չի անտեսում քանդակագործության այն դպրոցը, որ անցել է Հայաստանում, վարպետության այն դասերը, որ ստացել է հորից: Դրա հետ մեկտեղ վերցրել է արևմտյան ստեղծագործական միջավայրի ազատությունը, որը արտահայտվում է նաև քանդակագործության մեջ, որը դուրս է մոնումենտալ գործի մտածողությունից:

 

Եթե Հայաստանում քանդակագործությունը նվիրված է որոշ անձի, երեւույթի, եթե դնում ենք մոնումենտ, ինչ-որ մեկինն է, ինչ-որ երևույթինը, հուշարձանային է, ապա այստեղ Կանադայում կամ արևմուտքում, ավելի ազատ է

 

«Եթե Հայաստանում քանդակագործությունը նվիրված է որոշ անձի, երեւույթի, եթե դնում ենք մոնումենտ, ինչ-որ մեկինն է, ինչ-որ երևույթինը, հուշարձանային է, ապա այստեղ Կանադայում կամ արևմուտքում, ավելի ազատ է: Քանադակագործությունը արվեստի միջոց է, որը կարող է հաճույք, էսթետիկա պատճառել, և այն արժեքները, որը ժամանակակից արվեստը ունի, որի շուրջ շատ վեճեր են լինում, մեկը հավանում է,մյուսը՝ ոչ, այն արվեստը, որը հեռացած է իրականությունից, բայց գալիս է մտքի թռիչքի հետևանքով»,-մանրամասնում է արվեստագետը:

 

Vahe_ToqmajyanԻսկ այլ երկրների համեմատությամբ ո՞րն էր Կանադայի առավելությունը, որ տարբեր երկրներում ապրել-ստեղծագործելուց հետո քանդակագործը հաստատվեց Կանադայում. Առանձնանում է նրանով, որ ստեղծագործելու լայն դաշտ է տալիս, իսկ ընդհանրապես արվեստը նաև տվյալ երկրի ընտրած ուղղության արտացոլումն է:

 

Երբ որ երեխաները գալիս են, ես տալիս եմ հիմնական գրագիտություն, որ կարողանան նկարել կամ քանդակել, հետո իրենք ինչ կանեն, դա արդեն իմ ֆունկցիայի մեջ չի մտնում

 

«Երբ որ երկիրը կոնկրետ ունի ուղղություն, ասենք՝ սոցիալիստական երկիր է, որն ունի իր գաղափարախոսությունը, արվեստն էլ ծառայում է այդ գաղափարախոսությանը: Դա շատ կոնկրետ նպատակ է, իսկ երբ դու ապրում ես կապիտալիստական երկրում, կոնկրետ ոչ մի շրջանակի մեջ չի մտնում արվեստը: Հիմա Կալգարիի համալսարանում ես գծանկար եմ դասավանդում և քանդակագործություն, երբ որ երեխաները գալիս են, ես տալիս եմ հիմնական գրագիտություն, որ կարողանան նկարել կամ քանդակել, հետո իրենք ինչ կանեն, դա արդեն իմ ֆունկցիայի մեջ չի մտնում, այստեղ գալիս է երկրի գաղափարախոսության հարցը, արվեստը ի՞նչ արժեքներ ունի այդ երկրում»,-պարզաբանում է Կալգարիի համալսարանի դասախոսը:

 

ՄԻԱՅՆ ԱՐՎԵՍՏՈՎ

Կանադայում ապրելը հնարավորություն է տվել արվեստագետին՝ հասկանալու, թե ինչպես են մտածում արվեստագետները, ինչպիսին են արևմուտքի զարգացումները, նորագույն մոտեցումները, որոնք նաև նոր որակ են բերում:

 

Իսկ այն, որ այստեղ ապրելով՝ արվեստագետը հնարավորություն է ունեցել լիովին նվիրվել իր սիրելի գործին, արդեն իսկ մեծ առավելություն է, ստիպված չի եղել այլ աշխատանքով զբաղվել, միայն արվեստի միջոցով կարողացել է սոցիալական խնդիրները լուծել:

 

«Դասավանդելն էլ ինձ օգնում է, կինս է աշխատում, դժվար է, երբ որ ընտրում ես մի ուղղություն, պիտի զոհողության գնալ, նման երկրում դժվար է մի գործով ապրել, որը կոնկրետ եկամուտ չի բերում, և պետք է թեկուզ դասավանդելով, թեկուզ կողմնակի պատվերներով ապրել»,-ամեն դեպքում չի դժգոհում կալգարիաբնակ հայ քանդակագործը, ուրախ է, որ խնդիր չի ունեցել նժարի վրա դնել սիրելի աշխատանքն այլ գործով փոխարինելու հարցը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments